Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գորիից, Կարսից, Վլադիկավկազից, Բաքվից։ Կազմակերպել է հանդիսավոր երեկոներ, ցերեկույթներ, ներկայացումներ, պարահանդեսներ, հրապարակային դասախոսություններ։ Սերտ կապեր է ունեցել Կովկասի հայկ․ մյուս բարեգործ․ ընկերությունների հետ։ Հ․բ․ը-յան միջոցներով Թիֆլիսում գործել են 10 ծխական-եկեղեց․ դպրոց, մեկ մանկապարտեզ։ Ընկերությունը բացել է կարուձևի, ձեռագործի, խոհարար․ դասընթացներ, լվացքատուն, կազմակերպել անվճար ուսուցչական դասընթացներ, օգնել բնական աղետներից տուժածներին, աղքատներին և կարիքավորներին։

1907-ից Հ․բ․ը․ կոչվել է Կովկասյան հայուհյաց բարեգործ․ ընկերություն և իրավունք ստացել մասնաճյուղեր ունենալ Կովկասի հայաբնակ քաղաքներում։ Առաջին համաշխ․ պատերազմի ժամանակ նյութ․ օգնություն է ցույց տվել ռուս․ կովկասյան բանակին և հայ կամավոր․ ջոկատներին, Մեծ եղեռնից փրկված և Այսրկովկաս ու Կովկաս գաղթած արևմտահայերին։

Լուծարվել է 1921-ի գարնանը։


«ՀԱՅՔ», ազգային, գրական և քաղաքական ամսաթերթ (1891-ին՝ կիսամսյա)։ «Հայկական միություն» հրատ․։ Լույս է տեսել 1891-98-ին, Նյու Յորքում։ Խմբագիր՝ Մ․ Սմբատ Գաբրիելյան։ Ազգ-ազատագր․ պայքարի հարցերում որդեգրել է լիբերալ դիրքորոշում։ Լուսաբանել է արևմտահայության վիճակը, հանդես եկել նրանց նկատմամբ կիրառվող հալածանքների դեմ, արտատպել արտասահմ․ մամուլի արձագանքները հայկ․ կոտորածների մասին։ Մեծ տեղ է հատկացրել ամերիկահայերի առօրյային։ Տպագրել է հայ և օտար անվանի մարդկանց կենսագրություններ, եվրոպ․ և ամերիկ․ գրողների գործերից։ Ունեցել է առողջապահ․, բարոյախոս․, գրակ-քննադատ․, լուրերի բաժիններ։ Որոշ նյութեր հրատարակել է անգլ․։


«ՀԱՅՔ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ (1995-98-ին՝ օրաթերթ)։ Լույս է տեսնում 1989-ից, Երևանում։ Հիմնադիր՝ Հայոց համազգային շարժման վարչություն։ Խմբագիրներ՝ Ս․ Գևորգյան, Ա․ Հակոբյան, Վ․ Դարբինյան, Ա․ Պեպանյան, Հ․ Պոդոսյան, Վ․ Դավթյան, Տ․ Հակոբյան, Ա․ Բաղդասարյան (1999-ից)։ 1980-ական թթ․ վերջերին - 90-ական թթ․ սկզբներին էական դեր է կատարել անկախ պետականության գաղափարախոսության մշակման և արմատավորման գործում։ Լուսաբանում է Հայաստանի հաս-քաղ․, տնտ․, մշակութային կյանքը, միջազգային հարաբերությունները։


«ՀԱՅՔ» ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ (ԱՄՆ-Հայաստան), գիտահետազոտական-ծրագրային կազմակերպություն։ ԱՄՆ-ում (Վաշինգտոն) գրանցվել է 1989-ին, Երևանի կենտրոնը՝ 1992-ին։ Հայաստանում նման հաստատություն ստեղծելու որոշումը կայացվել է դեռևս 1962-ին և ոչ պաշտոնական գործել մինչև 1970-ական թթ․ կեսը։ Հայության և ՀՀ զարգացման համար կենս․ նշանակություն ունեցող գաղափարների, կարիքների և խնդիրների բարձրացման ու վերլուծման հիման վրա մշակում է տարբեր բնագավառների հայեցակարգեր։ Դրանք և դրանցից բխող ծրագրեր է առաջարկում կառավար․, հաս․ և այլ բնույթի կառույցների։ Գործակցում է ԳՀ և բուհական, ինչպես նաև անհատ փորձագետների հետ՝ Հայաստանում և արտերկրում։ Հիմնական 10 ծրագրերի շրջանակներում կազմակերպում է գիտաժողովներ և հրատարակում դրանց նյութերը (1990-ից լույս է տեսնում «Հ․» հ-յան «Տեղեկագիրը»՝ առ 1-ը հունվ․ 1999-ի հրատարակվել են 1-16 համարները), նաև մենագրություններ ու թեմատիկ ժող-ներ։ Հիմնադիր-նախագահն է Բաբկեն Վարդանյանը։


ՀԱՅՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ պետական, երաժշտական համերգային կազմակերպություն։ Գործել է 1932-91-ին և 1996-ից, Երևանում։ 1976-89-ին՝ Հայհամերգ։ Նպատակն է ազգ․ և համաշխ․ դասական ու ժամանակակից երաժշտ․ ստեղծագործության և կատարող․ արվ․ պրոպագանդումը։

Սկզբում կազմակերպել է դրսից հրավիրված անվանի երաժիշտների ու երաժշտ․ կոլեկտիվների համերգները (հանդես են եկել դաշնակահարներ Գ․ Նեյգաուզը, Յա․ Ֆլիերը, Լ․ Օբորինը, Ս․ Ռիխտերը, երգչուհի Վ․ Բարսովան, թավջութակահար Մ․ Ռոստրոպովիչը, ջութակահար Դ․ Օյստրախը, ասմունքի վարպետ Ս․ Քոչարյանը և ուր․)։ 1930-ական թթ․ սկսած ստեղծվել են Հ-ի կատարող․ կոլեկտիվները՝ Թ․ Ալթունյանի ղեկավարած երգեցիկ խումբը (Հայաստանի պետական երգչախումբ), Հայկական ժող․ գործիքների նվագախումբը, Հայկական ժողովրդական երգի-պարի համույթը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ), Հայաստանի ջազ նվագախումբը (1938-91-ին՝ Հայաստանի էստրադային նվագախումբ), Կոմիտասի անվան քառյակը, Սպենդիարյանի անվան լարային քառյակը, Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը, նաև ժող․ երաժշտության փոքր համույթներ՝ Շ․ Մկրտչյանի, Ա․ Բաղդասարյանի, Ս․ Կաջարի ղեկավարությամբ։ Նշված կոլեկտիվները հանդես են եկել հիմնականում ազգ․ երաժշտության կատարմամբ ու տարածմամբ։ Համերգները կազմակերպվել են Հ-ի փոքր դահլիճում (հիմն․ 1921-ին, Երևանի մշակույթի տուն)։ Երաժշտ․ կոլեկտիվների՝ Հայաստանից դուրս առաջին նշանավոր ելույթները տեղի են ունեցել 1939-ին, Մոսկվայում, Հայաստանի արվ․ և գրակ-յան առաջին տասնօրյակի օրերին։ Պատերազմի տարիներին ռազմաճակատում ելույթներ են ունեցել Հ-ի երաժշտ․ խմբեր (երգի-պարի համույթը, ջազ նվագախումբը), մենակատարներ (Շ․ Տալյան, Ա․ Բաղդասարյան, Ա․ Ավդալբեկյան, Հ․ Ասլանյան և ուր․)։ Հետպատերազմյան տարիներին Հ-ի երաժշտ․ կոլեկտիվները վերակազմա