Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջմիածնի կաթողիկոսության, Կ․Պոլսի պատրիարքարանի դեմ և, միջոցների մեջ խտրություն չդնելով, դավանափոխել բազմաթիվ հայերի, ինչը զայրույթ է առաջացրել նույնիսկ կաթոլիկ հայերի մեջ, որոնք աջակցել են հակահասունյան խմբակցությանը, պայքարել մայրենի լեզվի և ազգ․ ավանդույթների պահպանման համար։ Հակահասունյանների ճնշման տակ՝ Հ․ հարկադրված հեռացել է Հռոմ, դիմել պապի օգնությանը։ Կարդինալների օգնությամբ Հ․ վերադարձել է Կ․Պոլիս․ պայքարն ավելի է սրվել։ Հռոմի պապը, գիտակցելով, որ Հ-ի ներկայությունը վնասում է Վատիկանի արլ․ քաղաքականությանը, հետ է կանչել նրան։

ՀԱՎԱԶԳԻՆԵՐ, հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։ Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Կտուցը կարճ է, ամուր, ոտքերը՝ ուժեղ, հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն։ Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Սնվում են բուս․, երբեմն կենդ․ կերով։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ․ կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Քարակաքավը (Alectoris graeca), Վայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում։ Մոխրագույն կաքավը (Perdix perdix)՝ Կոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում։ Կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspius), Կապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Լորը (Coturnix coturnix) հանդիպում է ամենուրեք։ Կովկասյան փասիանը (Phasianus colchicus) գրեթե անհետացել է։ Մարզական որսորդության օբյեկտ են։


ՀԱՎԱԿԱՏԱՐ (Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։

Տերևները հերթադիր են, ամբողջական, ծաղիկները՝ մանր, միասեռ (հազվադեպ՝ երկսեռ), կանաչ, դեղնավուն, վառ կարմրավուն՝ խմբված հասկանման ծաղկաբույլերում։

ՀՀ-ում հայտնի է 4 տեսակ․ հուրանավոր, սպիտակ, դիմակավորված, սովորական՝ տարածված Ստեփանավանի, Մասիսի, Եղեգնաձորի, Սևանի աղբոտ վայրերում, ցանքատարածություններում։


ՀԱՎԱՍԱՐԱԹԵՎԵՐ, միակերպաթեվեր (Homoptera), միջատների կարգ։ Երկար․ 1-16 մմ։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է, ունեն հատվածավոր կնճիթ, միանման ջղավորված 2 զույգ թևեր (երբեմն թևերը բացակայում են)։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Սնվում են բույսերի տարբեր օրգանների հյութերով՝ առաջացնելով ուռուցքներ կամ գալեր։ ՀՀ-ում հանդիպում է Հ-ի 450 տեսակ, առավել տարածվածներից են՝ խնձորենու տերեվալվիկը (հս․ անտառներում, Զանգեզուրում), բամբակենու ցիկադը (Գյումրիում, Արզնիում), դեղձենու ցողունային լվիճը, կեղծ վահանակիրը (Սյունիքում), ջերմատնային սպիտակաթեվը (ջերմոցներում)։ Հիմնականում վնասատուներ են։ Որոշ Հ․ արտազատում են քաղցր, կպչող նյութ՝ մեղրացող, որի վրա զարգանում են մրրկասնկերը։ Շատ տեսակներ բույսերի վիրուսային հիվանդություններ տարածողներ են։


ՀԱՎԱՍԻ [Մարկոսյան Արմենակ Պարսամի, 6․1․1896, գ․ Այազմա (այժմ՝ ՎՀ Ծալկայի շրջանում) - 24․2․1978, Երևան], գուսան։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1967)։ Աշակերտել է աշուղ Թիֆիլիին։ Ստեղծագործ․ կյանքն սկսել է 1914-ից, Ախալքալաքում։ 1946-ից բնակվել է Երևանում։ Իր երկերի կատարումներով հանդես է եկել Այսրկովկասում, Մոսկվայում։ Հ․ ժամանակակից գուսան․ արվ-ի դասական ներկայացուցիչներից է․ ժող․ բանաստեղծ, երգահան, երգիչ, նվագող (թառ, սազ), ասմունքող։ Գրել է սիրային, բարոյախոս․, վիպ․ և հայրենասիր․ թեմաներով մոտ 3600 աշուղ․ բանաստեղծություն, մոտ 2000 քառյակ, շուրջ 150 եղանակավոր երգ, երգախառն հեքիաթներ։ Կիրառել է աշուղ․ դասական տաղաչափության ավելի քան 40 ձև, ստեղծել դրանց նոր տարբերակներ, գեղջկ․ ելևէջային ոճը վերաիմաստավորելով, զգալիորեն հարստացրել ազգ․ աշուղ․ մեղեդիական արվ-ը։ Լավագույն երգերից են «Ինչ ասեմ յարիս», «Զուր կերթաս», «Եղնիկի պես», «Ինչո՞ւ սիրեցիր», «Հյուսիսային արև» հեքիաթի երգերը ևն։ Հրատարակվել է Հ-ու ստեղծագործության փոքրագույն մասը՝ «Բուրմունք» (1950), «Երգեր» (1958), «Իմ քնարը» (նոտագրված, 1961), «Քառյակներ» (1966), «Հասմիկ» (1975), «Երգեր առանց նվագակցության» (1983)։

Գրկ․ Աթայան Ռ․, Գուսան Հավասի, Ե․, 1963։


ՀԱՎԱՔՉՈՒԹՅՈՒՆ, մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից՝ սննդի ու դեղամիջոցների (վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչունների ձվեր, մեղր, երբեմն՝ միջատներ, զեռուններ ևն) հավաքելը։ Նախնադարյան հասարակարգում (հատկապես՝ քարի դարում) որսորդության ու ձկնորսության հետ եղել է բնության պատրաստի արդյունքների յուրացման տնտեսաձև և, նախորդելով անասնապահ․, երկրագործ․ տնտեսությանը, հիմք է ծառայել մարդու արտադր․ գործունեության առաջացմանը։ Հ-յամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ երեխաները։ Օգտագործել են սկզբում քարե, փայտե,