Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։ Եղել է միջնադարյան Հայաստանի կրոն․ ու մշակութ․ կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Ս․Ամենափրկիչ եկեղեցին։ Հ․թ․ վերելք է ապրել XII-XIV դդ․, ավերվել 1679-ի երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արմ․ հուշարձանախմբի գլխ․ եկեղեցին (XIII դ․) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հվ-ից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արլ․ հուշարձանախումբը XVIII դ․ 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հս․ մասի վրա 1721-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Ս․Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հս-ից կից են բնակելի սենյակներ, հվ-արմ-ից՝ թաղածածկ հյուրատունը։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Հավուց թառ Ամենափրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի մեջ, տես նրա Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․2, Ե․, 1987։


ՀԱՎՈՒՑ ԹԱՌԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, միջնադարյան հայ հոգևոր և մշակութային կենտրոն։ Հայտնի առաջին ձեռագիրը (Ավետարան) ընդօրինակել է Իգնատիոս գրիչը 1214-ին՝ Թադևոս և Հայրապետ կրոնավորների պատվերով (Վնտ․, Մխիթարյան մատենադարան, ձեռ․ № 137)։ Պետրոս քահանան վանքի գրչատանը ընդօրինակել է Ավետարան (1236), Գրիգոր գրիչը՝ Ավետարան (1297) ու Սաղմոսարան (1298) (Մատենադարան, ձեռ․ դդ 2838, 4160, 6473), գրիչ և ծաղկող Ստեփանոսը՝ Շարակնոց (1458), երկու Ավետարան (1471) (Մատենադարան, ձեռ․ №№ 215, 3759, 10154, որոնցից մեկի պատվիրատուն իր մայրն է եղել)։

Ձեռագրեր են ընդօրինակվել նաև XVI-XVII դդ․։

Հավուց թառի վանքին են նվիրվել մի շարք ձեռագրեր՝ Ավետարաններ (1321, 1657), Մաշտոց (1423), Շարակնոց (1482)։ Մինչև 1294-ը այս գրչության կենտրոնում է պահվել հայ ձեռագր․ մշակույթի հնագույն հուշարձաններից մեկը՝ VII դ․ վերագրվող «Վեհամոր Ավետարանը», որն այնուհետև տեղափոխվել է Արցախ (այժմ Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում է, ձեռ․ դ 10668)։ Վանքը գործել է մինչև XVIII դ․ 2-րդ կեսը։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Հավուց թառի Ամենափրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի մեջ, տես նրա Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․2, Ե․, 1987։


ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, վայրի և մշակովի բազմամյա բույսեր (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ։ ՀՀ-ում մշակվում են ելակը, գետնաելակը, հաղարջենին, մոշենին, մորենին, կոկռոշենին։ ՀՀ Վանաձորի, Լոռու, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Կապանի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու տարբեր տեսակներ։ Բազմանում են վեգետատիվ ճանապարհով։ Հատապտուղները պարունակում են օրգ․ թթուներ, հանք․ աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված (կոմպոտ, հյութ, ժելե, մարմելադ, մուրաբա, պաստեղ, աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։


ՀԱՏԲԵԿԻՉ (Coccothraustes coccothraustes), սերինոսների ընտանիքի թռչուն։ ՀՀ-ում տարածված է հիմնականում հս․ շրջանների խառը և սաղարթավոր անտառներում։ Ունի լայն ու հաստ կտուց, կարճ պոչ։ Զանգվածը՝ 49-57 գ, թևի երկար․ 9,5-10,6 սմ։ Արուների գլուխը և մեջքը շագանակագույն են, թևերը և պոչը՝ սև։ Հ․ փոքրաքանակ և թաքնվող թռչուն է, բնադրում է ծառերին։ Ձվադրում է ապրիլ-մայիսին, դնում 3-7 կանաչավուն, մուգ պտերով ձու։ Սնվում է թխկենու, հացենու սերմերով, հատապտուղներով։


ՀԱՏԻՍ, Հադիս, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված ՀՀ Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձր․ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հվ․ ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։


«ՀԱՏԻՍ», կանանց բասկետբոլի թիմ։ Կազմակերպվել է Աբովյան ք-ում (1983), Երևանի «Սպարտակ» և Գյումրու «Բուրեվեստնիկ» թիմերի հիմքի վրա։ 1985_ 1991-ին մասնակցել է բասկետբոլի բարձրագույն խմբի ԽՍՀՄ առաջնություններին։ 1987-ին և 1989-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ «Հ․»-ի խաղացողներ, սպորտի վաստ․ վարպետ Ե․ Բունիաթյանցը (1992-ին եղել է օլիմպ․ չեմպիոն), միջազգ․ կարգի սպորտի վարպետներ Ա․Սարգսյանը, Լ․Քոչարյանը, սպորտի վարպետներ Լ․Ծաղիկյանը, Ա․Հակոբյանը, Ռ․Վահրադյանը տարբեր տարիների եղել են ԽՍՀՄ հավաքականի թեկնածուներ։ 1988-ին ստեղծվել էր «Հ․» մարզ․ ակումբ։ 1992-ին թիմը լուծարվել է։



ՀԱՏՏԵՃՅԱՆ Ռոպեր Ավետիսի (ծ․ 20․1․ 1926, Կ․Պոլիս), գրող, հրապարակագիր։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի գրակ-փիլ․ ֆակ-ը (1950)։ 1967-ից «Մարմարա» թերթի խմբագիրն է։ Հրատարակվել