Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծառայողներ էին, առևտրականներ ու գործարարներ։

1991-ին համայնքում հայերի թիվը 170 էր, 1997-ին՝ 300։ Համայնքը համալրվել է 1993-95-ին, Հայաստանից և Բուլղարիայից տեղափոխված 25-30 ընտանիքներով։ Հայերի հոսքը կրճատվել է, երբ ՀԱՀ կառավարությունը խստացրել է ներգաղթային քաղաքականությունը։

Հայերը կենտրոնացած են հիմնականում Յոհաննեսբուրգում, կան նաև Պրետորիայում, Քեյփթաունում, Դուրբանում։ Համայնքը ղեկավարում է վարչությունը։ Մշտապես գործող հայկ․ եկեղեցի չունենալու պատճառով՝ համայնքը հովվում է այցելու հովիվը։

1970-ին ստեղծվել է Հարավ-Աֆրիկյան հայկական ընկերությունը՝ ազգ-մշակութ․ ավանդույթները պահպանելու և զարգացնելու նպատակով։ Ընկերությանը կից գործում է կիրակնօրյա դպրոց, ազգ․ պարերի և այլ խմբակներ։ Ընկերությունը կազմակերպում է հայոց պատմության և մշակույթի հիշարժան տարեթվերին նվիրված հանդիպումներ, հրավիրում է հայ ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչների, պատմ․ և կրոն․ գործիչների։ Գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը։ Բնիկ հարավաֆրիկացիներին հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու նպատակով 1980-ական թթ․ համայնքը հրատարակել է հայ ժողովրդի ծագման, պատմության և մշակույթի վերաբերյալ աշխատություններ։ 1990-ի ապրիլի 24-ին ամբողջ հայ համայնքը ցույցի է դուրս եկել Յոհաննեսբուրգում՝ ՀԱՀ կառավարությունից պահանջելով դատապարտել 1915-ի հայերի ցեղասպանությունը Թուրքիայում։ Հայկ․ համայնքն ակտիվորեն մասնակցել է 1990-ական թթ․ Յոհաննեսբուրգում անցկացվող՝ Հվ․ Աֆրիկայում բնակվող ազգությունների փառատոներին, և 1992-ի փառատոնում հայկ․ ցուցափեղկը ճանաչվել է լավագույնը։



ՀԱՐԲՈՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 1919, ամերիկյան զինվորական առաքելություն, որը Փարիզի հաշտության կոնֆերանսի 1919-ի մարտի 20-ի որոշմամբ ԱՄՆ-ի կառավարությունն ուղարկել է Հայաստան և Մերձավոր Արևելք։ Առաքելությունը պետք է ուսումնասիրեր Մերձ․ Արլ-ի իրադրությունը՝ Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ։ Առաքելությունը, որի կազմում կար ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 2 բրիգադային գեներալ, զինվոր․ դատախազ ևն, գլխավորել է ամերիկ․ բանակի գեն․ Ջ․Հարբորդը։ Նրա առաջ խնդիր է դրվել «Հետազոտել և զեկուցագիր ներկայացնել այն շրջանների քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական և այլ պայմանների մասին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել Ամերիկայի համար․․․»։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարությանն ու այլ գերատեսչություններին հետաքրքրել է ավելի քան 1000 հարց։

Հ․ա․ այցելել է Թուրքիա (Կիլիկիա, Դիարբեքիր, Սեբաստիայի, Խարբերդի, Էրզրումի նահանգներ), Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Թիֆլիս, Բաքու, Բաթում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը դեմ չէր Հայաստանի մանդատն ԱՄՆ-ին հանձնելուն, Հ․ա-յանը տրամադրել է բոլոր անհրաժեշտ տվյալները։ Առաքելության գործունեության արդյունքներն ամփոփվել են «Մերձավոր Արևելքի իրավիճակը» զեկուցագրում, որը ներկայացվել է ԱՄՆ-ի պրեզիդենտին 1919-ի հոկտ․ և հանձնվել է կոնգրեսին քննարկման համար 1920-ի ապրիլին։ Զեկուցագրում առաջ է քաշվել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի, Անդրկովկասի, Անատոլիայի, Կիլիկիայի, Կ․Պոլսի՝ նեղուցներով հանդերձ և Փոքր Ասիայի սահմանակից տարածքների «միասնական մանդատի» ստանձնման գաղափարը։ Առանց բոլոր այդ տարածքների, նշվել է զեկուցագրում, Հայաստանի մանդատի ստանձնումն անիմաստ կլիներ ԱՄՆ-ի համար, քանի որ ծախսերն իրենց չէին արդարացնի, իսկ օրենքն ու կարգապահությունը չէին ապահովվի։ «Թուրքիայի անցկացրած բոլոր բարեփոխությունների ժամանակ,_ ասված էր զեկուցագրում,_ չի եղել որևէ դեպք ո՛չ Եվրոպայում, ո՛չ Ասիայում, ո՛չ Աֆրիկայում, որ Թուրքիայի տիրապետությունը հանգեցրած չլիներ տվյալ երկրի ազգերի բարգավաճման կասեցմանը․․․»։ Հ․ա․ գտել է, որ «Հայկական հարցը չի կարող լուծվել․․․ առանց լուծելու հետևյալ հարցերը․ 1․ Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ, 2․ Ի՞նչ է մտադիր անել Ռուսաստանը»։ Զեկուցագրում մատնանշվել է, որ «ռուսական Հայաստանը» կքվեարկեր մանդատը Ռուսաստանին հանձնելու օգտին, եթե «այդ տերությունը ոտքի կանգներ»։ Առաքելությունն առաջարկել է մինչև տեղական ուժեղ իշխանություն ու ժանդարմերիա ստեղծելը՝ ենթամանդատային տարածք մտցնել ամերիկ․ զորքերը, որոնց թիվը հասներ 200 հզ․ մարդու, իսկ 1919-ի համար՝ մոտ 2 դիվիզիա (59 հզ․ մարդ)։

Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ ԱՄՆ հենց այն պետությունն է, որը կարող էր ընդունել մանդատը։

Զեկուցագիրը կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել 1920-ի մայիսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ դեֆակտո ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը (1920-ի ապրիլի 23)։ Այդ ընթացքում, սակայն, միջազգ․ իրադրության նշանակալի փոփոխությունը (Խորհրդ․ Ռուսաստանի հաղթանակը սպիտակգվարդիականների նկատմամբ, Ադրբեջանում խորհրդ․ իշխանության հաստատումը, Խորհրդ․ Ռուսաստանի դիրքերի ուժեղացումն Անդրկովկասում, Խորհրդ․ Ռուսաստանի և քեմալ․ Թուրքիայի մերձեցումը, հակասությունների սրումը Անտանտի տերությունների միջև՝ Մերձ․ Արլ-ում ազդեցության ոլորտները բաժանելու հարցում) դրդեց ԱՄՆ-ի կոնգրեսին՝ մերժել Հայաստանի մանդատը ընդունելու պրեզիդենտ Վ․Վիլսոնի առաջարկը։

Գրկ․ Congressional Record, vul LIX, part 8, p․ 7881․



ՀԱՐԹՈՒՆ ՕՂԼԻ [Հովհաննես, մոտ 1760, գ․ Ասդաբադ (Իրանի Չհարմահալ գավառում) _ 1840, գ․ Մամուռան (Չհարմահալ գավառում)], աշուղ։ Աշակերտել է աշուղ Ղուլ Հովհաննեսին (մոտ 1740-1834)։ Կատարելագործվելու նպատակով