Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յան)]։ Պատվանդանը ներսում եռահարկ է, 1970_95-ին ամփոփել է «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941_1945 թթ․» թանգարանի, 1995-ից՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի սրահները։ Հ․մ-ի ճարտ․ և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգ․ արվ․ լավագույն նմուշներին։ Մոնումենտը կառուցված է սև տուֆով։


«ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր մագաղաթե Ավետարան։

Ընդօրինակել են երկու գրիչներ Հաղպատում։ Առաջինը, որի անունը հայտնի չէ, գրել է 2_10-րդ պրակները, երկրորդը՝ Հակոբ գրիչը՝ 11-ից մինչև վերջ, ինչպես և ձեռագիրը զարդարել կիսախորաններով, զարդագրերով և լուսանցազարդերով, որոնք չի գունավորել։ Ձեռագիրը տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն գունազարդել է այն, փոխել երկու կիսախորանները, սկզբից ավելացրել տասը նկարազարդ խորան, գրել համաբարբառը, ապա նկարել տերուն․ պատկերներ, որոնցից պահպանվել են երկուսը։ Այնուհետև ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, որի առաջնորդ Աբրահամը կազմել է և հանձնել պատվիրատու Սահակ կրոնավորին, որը 1211-ին նվիրել է Արջո Առիճի եկեղեցուն։ 1223-ին Անիի գավառում այն գնել է արցախցի Սարգիսը և նվիրել Խաչենի եպիսկոպոսարանին։ 1920-ական թթ․ Գ․ Հովսեփյանը Արցախի Գետաշեն գյուղի եկեղեցուց «Հ․Ա․» բերել է Էջմիածնի վանքի մատենադարան։ Այժմ այն գտնվում է Երեվանի Մատենադարանում (ձեռ․ դ 6288)։ Ձեռագիրը հանրահայտ է Մարգարեի բարձրարվեստ ու անչափ ինքնատիպ նկարներով, որտեղ պատկերվել են կենցաղ․ տեսարաններ, ժամանակի աշխարհիկ կյանքը, պատմ․ դեմքեր ևն։

Գրկ․ Հովսեփյան Գ․, Հաղբատի դպրոցի մի գլուխգործոց (Գետաշենի Ավետարանը), տես նրա Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․ 1, Ե․, 1983։


ՀԱՂՊԱՏԻ ԴՊՐՈՑ, միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական և գրչության կենտրոն։ Հիմնել է Հաղպատի վանքի հիմնադիր և առաջին վանահայր, նշանավոր գրիչ Սիմեոն վարդապետը՝ վանքի կառուցումից անմիջապես հետո (X դ․)։ Հ․ դ-ում հիմնականում ծաղկել է գրչության արվեստը։ Ձեռագրեր են ընդօրինակվել ոչ միայն ուսումնագիտ․ նպատակով, այլև պատվերներ են ընդունվել (տես «Հաղպատի Ավետարան»), խմբագրվել աղավաղված ձեռագրեր (Սաղմոսարան, Կյուրեղ Երուսաղեմցու «Կոչումն ընծայութեան»)։ Հովհաննես Սարկավագի րաբունապետության օրոք Հ․դ-ի համբավը տարածվել է Հայաստանում։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Հիշվում է 951-ին թարգմանիչների ընդօրինակած Աստվածաշնչից մի ձեռագիր։ Նշանավոր էին գրիչներ Դավիթ Քոբայրեցին, որից մեզ է հասել 1178-ին և 1198-ին ընդօրինակած երկու ձեռագիր (Մատենադարան, ձեռ․ դ դ 5602, 2606) և Մխիթար Քոբայրեցին։ XV դ․ Հաղպատում գրչության ուսուցիչներ էին Իգնատիոսը և Կարապետը։ Հ․դ․ գոյատևել է մի քանի դար։ Ընդօրինակվել են մեզ հայտնի մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, որոնցից Մատենադարանում են պահվում դ 194 (ընդօրինակված է 1207-ին), դ 1747 (1218-ին), դ 4334 (1243-ին), դ 4139 (1265-ին)։


ՀԱՂՊԱՏԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, միջնադարի ամենահարուստ ձեռագրատունը։ Հիմնվել է XI դ․։ Պահվել են գրչագիր և երկաթագիր հնագույն արժեքավոր մատյաններ։ Հարստացել է նվիրատվություններով և տեղում կատարված ընդօրինակություններով։ Հետագայում տեղափոխվել է վանքի մոտակա քարայրը, որը ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր է կատարել։ Մի քանի հարյուր տարի այստեղ է պահվել «Մողնու Ավետարանը»։ Կորած ձեռագրերից արժեքավոր էր Հաղպատի «Քոթուկը» (ավանդամատյանը), որտեղ արձանագրվել էր վանքի անցուդարձը։


ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ, հայկական ճարտարապետական անսամբլ, խոշոր վանքային համալիր ՀՀ Լոռիի մարզի Հաղպատ գյուղում։ Հիմնադրվել է X դ․ 2-րդ կեսին։ X_XIII դդ․ Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութ․ կենտրոններից էր։ Տնտ․, մշակութ․ և շին․ վերելք է ապրել հատկապես XII դ․ 2-րդ կեսից _ XIV դ․, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ XI_XIII դդ․ լայնորեն հայտնի էին Հ․վ-ի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն,