Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ը, ա, օ, ու, ի, ըէ։ Գրաբարի ձայնեղ բաղաձայնները վերածվել են խուլերի, առկա են գյ, կյ, քյ քմայինները։ Շեշտակիր ո և ու սովորաբար դարձել են ա, անշեշտ դիրքում՝ ու։ Բառասկզբի ո շեշտի տակ դարձել է վըէ (ոսկի > վըէսկէ)։ Ի հիմնականում դարձել է է, ըէ։ Հոգնակիակերտ մասնիկներն են էր, նէ, քյ, օր։ Գոյականների մեծ մասը ենթարկվում է ու (որոշյալում՝ էն), ինչպես նաև ա, ան, օ, ց հոլովումներին։ Էական բայի ձևերն են ըմ, ըս, ա, ըքյ, ըք, ըն, ի, իր, ար, իքյ, իք, ին։ Հարկադրականի մասնիկն է բիդի։ Պարզ ձևերի ժխտականը կազմվում է վէչ մասնիկով։ Լայն կիրառություն ունեն երկրորդ․ բաղադրյալ ժամանակները։

Գրկ․ Պողոսյան Ա․ Մ․, Հադրութի բարբառը, Ե․, 1965։ Դավթյան Կ․, Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե․, 1966։


ՀԱԶԱՐ (Lactuca), մառոլ, կաթնուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հանդիպում է 100 տեսակ, ՀՀ-ում՝ 4-5։ Աճում է Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և այլուր։ Մշակվում է ամենուրեք։

Ցողունի բարձր․ 10-120 սմ։ Տերևները նշտարանման են, ամբողջական կամ փետրաձև բաժան, ծաղկաբույլը՝ հուրանանման կամ ողկույզանման զամբյուղ, ծաղիկը՝ դեղին, երբեմն՝ երկնագույն կամ վարդագույն, պտուղը՝ թռչող սերմիկ։

Դեղաբույս է։ Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր։ Օգտագործվում է սննդի մեջ։


«ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ ԳԻՇԵՐ», արաբական միջնադարյան գրական հուշարձան։ Ամփոփում է շուրջ 300 հեքիաթ ու զրույց։

Արդյունք է ասացողների (մեդլախներ) և ընդօրինակող գրիչների բազմաթիվ սերունդների աստիճանական, համատեղ ստեղծագործության։ Ժանրային առումով բազմաբնույթ է՝ հրաշապատում, իրապատում, արկածային հեքիաթներ, իմաստասիր․, առակավոր զրույցներ։ Կառուցվածքային հենքը մահապատժից խուսափելու նպատակով Շահարազադեի՝ խալիֆ Շահրեարին պատմած գիշերային հեքիաթաշարն է։ Ամեն առավոտ հեքիաթն ընդհատվում է ամենահետաքրքիր մասում՝ թագավորին հարկադրելով մահապատիժը հետաձգել հաջորդ օրվան։ Եվ այսպես՝ հազար գիշեր, մինչև ներում ստանալը։ «Հ․ ու մ․ գ․» իր ակունքներով կապվում է հին հնդկ․ գրակ-յան հետ, որից և մոտ IX դ․ թարգմանվել է պահլավ․՝ կազմելով «Հեզար աֆսանե» ժող․, ապա՝ արաբ․։ Հեքիաթների այս վերջին խմբագրությունը (հայտնի՝ «Եգիպտական խմբագրություն» անունով) ընկած է եվրոպ․ լեզուներով մի շարք հրատ-ների հիմքում։ Հայազգի Ժոզեֆ-Շառլ Մարդրյոսը 1898 1904-ին ֆրանս․ լույս է ընծայել «Հ․ ու մ․ գ․»՝ 16 հատորով, որը բազմիցս վերահրատարակվել է։ Զրույցներից երկուսը՝ Պղնձե քաղաքի պատմությունը և Մանկան ու աղջկա պատմությունը, հայ․ են թարգմանվել X դ․ Դավիթ Կյուրապաղատի պատվերով։ Հետագայում դրանք խմբագրվել, հարստացվել են հանելուկներով, կաֆաներով, իսկ XVIII-XIX դդ․՝ բազմիցս հրատարակվել։ Ընդ որում, Պղնձե քաղաքի պատմության X դ․ հայ․ թարգմանությունն ավելի հին է, քան զրույցի «Եգիպտական խմբագրությունը»։

«Հ․ ու մ․ գ․» մեծ ազդեցություն է գործել աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության, գրակ-յան, արվեստի վրա, այդ հեքիաթների սյուժեներով ստեղծվել են կինոնկարներ՝ «Բաղդադի գողը» (1924, ԱՄՆ), «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» (1958, ԱՄՆ), «Ալադինի կախարդական լամպը» (1967, ԽՍՀՄ)։ Ժող․ ունեցել է մի շարք հայ․ հրատ-ներ (1870, Զմյուռնիա, 1910, Կ․Պոլիս, 1924, Բոստոն, 1934, Ալեքսանդրիա, 1935, Բուխարեստ, 1959, Երևան)։

Գրկ․ Ակինյան Ն․, Զրույց Պղնձե քաղաքի, ՀԱ, 1958, № 1-4։


ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ, առասպելական թռչուն, հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական կերպարներից։ Հանդիպում է նաև Հազարաբիլբուլ, Զաղի բլբուլ, Պյուլպյուլ ձևերով, համապատասխանում է ռուս․ жар-птица, գերմ․ der Golden Vogel կերպարներին։

Հ․ բ․ ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ։ Նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատուհասված բուս․ ու կենդ․ աշխարհը։ Հ․ բ․ պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղ․ նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ։ Հ․ բ-ի սյուժեն տարածված է մի շարք տարբերակներով և ընդգրկում է ազգագր․ լայն շրջաններ։

Գրկ․ Սրվանձտյանց Գ․, Մանանա, ԿՊ, 1876, էջ 221-228։ Հայկունի Ս․, Ժողովրդական հեքիաթ, Մ․ _ Վաղ-պատ, 1902 (Էմինյան ազգագրական ժողովածու, հ․ 4)։


ՀԱԶԱՐԱՇԵՆ, սողոմաքաշ, ժողովրդական տան գերանակապ (հազվադեպ՝ քարե սալերից), բրգաձև երդիկավոր ծածկի կառուցվածք։ Հ-ի կառուցվածք․ սկզբունքը հայկ․ ճարտ-յան մեջ կիրառվել է գլխատներում, աշխարհիկ և պաշտամունքային բազմապիսի կառույցներում։ Հայաստանի տարբեր ազգագր․ շրջաններում Հ-ի բազմաթիվ տարբերակներ են եղել, որոնք ըստ գերանների կամ չորսուների դասավորության ստորաբաժանվում են զուգահեռ կամ անկյունադիր տիպերի։ Հ․ կառուցվածքը հնարավորություն է տվել կարճ գերաններով կամ չորսուներով համեմատաբար մեծ թռիչքներ ծածկել։ Հ․ դրվել է սյուների (մինչև 12) կամ ուղղակի որմերի (նաև առորմիների) վրա։

Գրկ․ Վարդանյան Ս․ Վ․, Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետությունը, Ե․, 1959։ Պապուխյան Ն․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972։ Агабабян Р. Я., Композиция купольных сооружений Грузии и Армении, Е., 1950.


ՀԱԶԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արքունի գործակալություն միջնադարյան Հայաստանում։ Հայոց Արշակունիների ժամանակ (I-V դդ․) հիմնականում