ռուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-21-ին (շին-ը ավարտել է նրա որդին՝ Քուրդը)։ Այն ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է (գմբեթը և հվ․ պատը քանդվել են 1918-ի երկրաշարժից, վերականգնըվել՝ 1990-ական թթ․)։ Արմ․ դուռն ունի հեռանկարային դասավորություն ունեցող կիսասյունիկներով ճոխ մշակված շքամուտք և զարդարված է բուս․ նուրբ քանդակներով ծածկված ութանկյուն աստղերով։ Տիմպանի վրա Իմաստուն և հիմար կույսերի ավետարանական առակը պատկերող հարթաքանդակն է։ Գլխ․ եկեղեցուն և բազիլիկին արմ-ից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով ժամատունը (կառուցել է իշխան Քուրդ Վաչուտյանը՝ 1250-ին)։ Բազմազան են ծածկի հատվածների իրականացման ձևերը՝ ստալակտիտներ, խաչվող թաղեր, քարե հարթ առաստաղներ։ Ուշագրավ է կենտր․ հատվածի ծածկը զանգակատան 12-սյունանի ռոտոնդայով, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի նույնատիպ կառույցների շարքում և ունի նրանցից ամենամեծ երդիկը (տրամագիծը՝ 6,5 մ )։ Ռոտոնդան հավանաբար կառուցվել է 1274-ին, ժամատան նորոգման ընթացքում։ Վանքը շրջապատված է բուրգերով ուժեղացված պարսպով (XII դ․ վերջին կառուցել է Նանա թագուհին)։ Արձանագրություններում և պատմ․ աղբյուրներում հիշատակվող հյուրատունը, գրչատունը, դպրոցը, ինչպես նաև բնակելի ու տնտ․ շենքերը չեն պահպանվել։
Համալիրի տարածքում կանգուն է վաղ միջնադարի հուշակոթող (վերականգնվել է XIV դ․)՝ բազմաստիճան հիմքի վրա բարձրացող 4 կիսագլաններից կազմված սյան ձևով։ Հ․ եղել է նաև գրչության կենտրոն (տես Հովհաննավանքի գրչության կենտրոն)։
Գրկ․ Ղաֆադարյան Կ․Գ․, Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1948։ Халпахчьян О․Х․, Архитектурные ансамбли Армении 8 в․ до н․э․ – 19 в․ н.э․, М․, 1980; Jakobson A․, Ghafadarian K․, Curatola G․, Kasakhi vanker, Milano, 1986, “Documenty di architettura armena”, № 15․
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, Արարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից (ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում)։ Ըստ ավանդության, Ղազար Փարպեցին այստեղ է գրել իր Պատմությունը։ VI դ․ կեսին հիշվում է ոմն Գևորգ Մանկիկ, որը եկել է Դվինից և ձեռագրեր ընդօրինակել։ XII դ-ից մեզ են հասել Ճառընտիրներ՝ ընդօրինակված և նկարազարդված հաստ թղթի վրա։ Հ․գ․կ․ բեղմնավոր գործունեություն է ծավալել Համազասպ Մամիկոնյանի առաջնորդության օրոք․ ընդօրինակվել են հայոց պատմագրքերը, որոնց մի մասը մեզ հասած այդ երկերի հնագույն օրինակներն են։ Մամիկոնյանի գործը շարունակել է նրա ազգական Ներսեսը։ XV դ․ գրչության հովանավոր է եղել Գաբրիել վարժապետը։ XVI դ․ վերջից Հ․գ․կ-ում ուսումնասիրել են նաև տոմար․ արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։
Գրկ․ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։
ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XII դարի ճարտարապետ։ Ըստ շին․ արձանագրության, 1152-ին կառուցել է Սրվեղի վանքի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) գմբեթավոր դահլիճ տիպի Ս․Նշան եկեղեցին, որը հայ ճարտ-յան սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XII դարի վերջի - XIII դարի սկզբի ճարտարապետ։ Եղել է Մխիթար Հյուսնի աշակերտն ու գործակիցը՝ Գոշավանքի եկեղեցիներն ու գավիթը կառուցելիս։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծ․ և մ․ թթ․․ անհտ․), մանրանկարիչ և գրիչ, Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Աշխատել է Հռոմկլայում։ Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսի պատվերով ընդօրինակել և պատկերազարդել է 1235-ի (Մխիթարյանների մատենադարան, Վիեննա, ձեռ․ № 833) և 1253-ի (Ֆրիր պատկերասրահ, Վաշինգտոն, ձեռ․ № 44․17) Ավետարանները։ Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիր պատկերասրահի Ավետարանն է (ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ)։ Զարդապատումը կատարված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գունագծային մեծ վարպետությունը։ Ընդհանրություններ ունի նույն ժամանակ Հռոմկլայում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ։ Վերջինս և Հ․ Թորոս Ռոսլինի անմիջական նախորդներն են։
Գրկ․ Der-Nersessian S․, Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, W․, 1963, p․ 18-25․
ՀՈՎՀԱՆՆԵՍ, Հաննա էլ Արմանի, Հովհաննես Երուսաղեմցի (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVIII դարի հայազգի նկարիչ։ Ստեղծագործել է Եգիպտոսում, հիմնականում Կահիրեում, ուր ղպտ․ եկեղեցիներում և արվեստի թանգարաններում պահպանվել են 1721-84-ին թվագրված՝ Հ-ի մոտ 320 աշխատանք։ Նկարիչն ստորագրել է Յուհաննա, Հաննա, Հաննա էլ Արմանի էլ քուտսի (Հաննա հայազգի Երուսաղեմցի), Հաննա էլ Արմանի (Հաննա հայազգի), նկարներից մեկի տակ՝ Հաննա Կարապետ (ենթադրվում է, թե Կարապետը հայրն է), Հին Կահիրեի Ս․Կույսի եկեղեցում՝ «գործ նվաստ հայ Հովհաննեսի»։ Նշանակալի են Հիսուսի, Ս․Հովհաննեսի, Ս․Գևորգի կյանքի դրվագները պատկերող նկարները, որոնք կրում են բյուզ․ արվ․ ազդեցությունը, իսկ թեմաների մեկնաբանումով մոտ են հայկ․ միջնադարյան մանրանկարչությանը։ Սրբապատկերներին բնորոշ են կառուցվածքի պարզությունն ու գեղանկարչ․ որոշակի կուլտուրան։ 1740-ական թթ․ որոշ