ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծ․թ․ անհտ․ - 1830, Սեբաստիա), պատմիչ, բանաստեղծ, եկեղեցական գործիչ։ 1797-ին ձեռնադրվել է վարդապետ, 1812-ին՝ եպիսկոպոս։ 1809-30-ին՝ Սեբաստիայի հոգևոր առաջնորդ։ Հ․Ս-ու ջանքերով Սեբաստիայի թեմում բացվել են դպրոցներ, վերակառուցվել վանքերն ու եկեղեցիները։ Գրել է ոտանավորներ, չափածո տապանագրեր, որոնց մի մասը («Ներբողական նուագերգութիւնք․․․») հրատարակվել է Թիֆլիսում, 1825-ին։ Գրել է նաև քարոզներ (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 10185)։ Նրա «Պատմութիւն Մեբաստիոյ» երկն ընդգրկում է 1021-ից մինչև 1830-ական թթ․ կարևոր իրադարձությունները։
Երկ․ Պատմութիւն Սեբաստիոյ, աշխատասիր․ Բ․ Լ․ Չուգասզյանի, Ե․, 1974։
Գրկ․ Նաթանյան Պ․, Տեղեկագրութիւն ընդհանուր վիճակին Սեբաստիոյ․․․,ԿՊ, 1877։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԿԻԼԻՑԵՍ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XI դարի 2-րդ կեսի բյուզանդական ժամանակագիր։ Գրել է «Համառոտություն պատմությանց» աշխատությունը (շարադրված են 811-1057-ի իրադարձությունները), որտեղ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաև հայ-բյուզ․ հարաբերությունների, Բյուզանդիայում հայերի դերի, բյուզ․ հայազգի կայսրերի (Նիկեփորոս II Փոկաս, Հովհաննես I Չմշկիկ, Վասիլ II ևն), Մակեդոնական (հայկ․) դինաստիայի, Հայաստանում կայսրության նվաճող․ քաղաքականության, Արծրունիների և Բագրատունիների թագավորությունների անկման, բյուզ․ տիրապետության հաստատման, սելջուկյան թուրքերի նվաճումների վերաբերյալ։
Երկ․ Համառոտություն պատմությանց, Ե․, 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 10։ Բյուզանդական աղբյուրներ, 3)։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ (ծ․ թ․ անհտ․ - 1041), Հայոց թագավոր 1020-ից։ Բագրատունիների արքայատոհմից։ Գագիկ Ա-ի ավագ որդին։ 1000-ին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հ․Ս-ի կրտսեր եղբայր Աշոտը, գահին տիրելու նպատակով, Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և Աբխազաց ու Վրաց թագավորի միջամտությամբ Հ․Ս-ի և եղբոր միջև կայացած համաձայնությամբ, Հ․Ս․ մնացել է Հայոց թագավոր, որի իրավասության տակ էին Անի-Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդը, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով։ Աշոտը (եղբոր մահից հետո փոխարինելու էր նրան) ռազմ․ օգնություն է ստացել Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ից և շարունակել գահակալ․ պայքարը։ Բյուզ․ զորքի հարձակումը կանխելու նպատակով Հ․Ս․ Վասիլ II-ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկել կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձին։ 1022-ի հունվ․ կնքված պայմանագրով, համաձայն Հ․Ս-ի կտակի, Հայոց թագավորի մահից հետո Բագրատունիների թագավորության հողերը տրվելու էին Բյուզանդիային։ Պայմանագրից դժգոհ Հ․Ս․ կաթողիկոս․ աթոռը շնորհել է Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնել է շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032-ին ամուսնացել է բյուզ․ կայսր Ռոմանոս Արգիրոսի եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հ․Ս-ի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։
Գրկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե․, 1973։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐԶՆՑԻ (1540-ական թթ․, հավանաբար՝ Բաղեշի Սալնաձոր գավառում - մ․թ․ անհտ․), տպագրիչ, մատենագիր, քահանա։ Մինչև 1570-ական թթ․ վերջը բնակվել է Ամիդ քաղաքում, ապա որդու՝ Խաչատուրի հետ մեկնել Հռոմ։ Այստեղ թարգմանել է Գրիգոր XIII պապի մշակած նոր տոմարի ուղեցույցը, 1584-ին տպագրել այն (որդու և Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու օգնությամբ) «Տօմար Գրիգորեան յաւիտենական» վերնագրով։ 1586-87-ին Վենետիկում պատվիրել է հայ․ նոր տպատառեր և Ջուան Ալբերտիի տպարանում լույս ընծայել Սաղմոսարան, որը հայ հին տպագրության կարևոր նմուշներից է (պատմ․ արժեքավոր աղբյուրներ են գրքի հիշատակարանները)։ 1587-ին Մարսելում հայերենի է փոխադրել միջնադարյան Եվրոպայում տարածված «Պատմութիւն Փարէզի և Վիեննայի» (հրտ․ 1966) ասպետական սիրավեպը։ Ենթադրվում է, որ Հ․Տ․ կաթոլիկ գործիչ Ղոփուզենց Հովհաննես Տերզնո եպիսկոպոսն է (մ․ 1630)։
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԻՐԱՑՈՒ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), նկարիչ։ Ապրել և ստեղծագործել է XVIII դ․ 1-ին կեսին Երուսաղեմում։ Տեղի Ս․Հակոբյանց տաճարում պահպանվել են նրա 23 նկարները։ Լավագույններից են «Անառակ որդու վերադարձը», «Մոգերի երկրպագությունը», «Հարսանիք Կանայում», «Համբարձում», «Հոգեգալուստ» ևն։ Կատարել է սյուժեների ազատ ընտրություն, հեռացել սրբապատկերային կանոններից, ձգտել կերպարների ազգ․ գծերի շեշտադրման, շարժումների միջոցով որոշակի հոգեբանության արտահայտման։ Որպես ֆոն օգտագործել է եվրոպ․ փորագրությունից վերցված բնանկարներ, երբեմն նույն կտավի վրա տեղադրել կրկնակի սյուժեներ («Ղազարոսի հարությունը» և «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Գեղանկարչ․ մեջ առկա է ժամանակի իտալ․ արվ․ ազդեցությունը։