նեցուն (1931) ևն։ Ժողովրդ․ բանահյուսությունը համարելով հայոց պատմության կարևոր աղբյուր՝ հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից», 1892), այդ թվում և «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նոր տարբերակներ (1892)։ Արևմտահայ գաղթականության տարազի, նիստուկացի, սովորույթների հիման վրա կազմել է ազգագր․ նյութերի ժող․ ևն։ Հետազոտել է հայ հնագրությունն ու գրչության արվեստը («Գրչության արվեստը հին հայոց մեջ», 1913), տվել գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը V-XV դդ․՝ ընդգրկելով հայ-ի բոլոր տառաձևերն իրենց անցման եղանակներով։ Հավաքել, կազմել է մինչև 1250-ը գրված հայկ․ ձեռագրերի 459 հիշատակարան՝ հնագր․, մանրանկարչական, կազմարար․, բնագր․ և այլ բնույթի կարևոր ծանոթագրություններով («Յիշատակարանք ձեռագրաց», 1951)։ Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, վաղեմությանն ու ինքնատիպությանը, ոճերի, ուղղությունների ու դպրոցների առանձնահատկություններին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները, որոնցում, արժեքավորելով հայկ․ մանրանկարչությունը, բացահայտել է այլ ժողովուրդների նմանատիպ արվեստի հետ ունեցած նրա աղերսներն ու փոխհարաբերությունները («Մանրանկարչության արվեստը հայոց մեջ», 1902, «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պր․ 1-4, 1935-51, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» ևն)։ Երկար տարիների իր աշխատանքն ամփոփել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ)։ Զբաղվել է նաև կերպարվեստի պատմությամբ («Էջմիածնի տաճարի նկարազարդումն ու ծաղկազարդումը ԺԷ-ԺԸ դարերում», «Տիրացու Հովհաննես տաղանդավոր նկարիչ»), մանրարվեստով («Մանր արվեստի օրինակներ Երուսաղեմի վանքից») ևն։ Մասնակցել է հնագիտ․ պեղումների (Անի, Գառնի, Արագած), ուշագրավ գործ կատարել պատմահնագիտ․ և ճարտ․ հուշարձանների ուսումնասիրման բնագավառում («Պտղեվանքը և գմբեթավորումը նախնական հայ տաճարների», «Գերեզմանական կոթողներ և նրանց հնագիտական արժեքը հայ արվեստի պատմության համար»)։ Հայտնաբերել, վերծանել և հրատարակել է մի շարք արձանագրություններ։ Բազմաթիվ հոդվածներ ու մենագրություններ է նվիրել հայ միջնադարյան մատենագիրների, XX դ․ մշակույթի գործիչների կյանքին ու գործունեությանը։ Հ․ թողել է նաև անտիպ ժառանգություն։ Նրա աշխատությունները լույս են տեսել ռուս․, գերմ․, անգլ․, ռում․ ևն։
Երկ․ Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղ-պատ, 1914։ Հավուց թառի Ամենափրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի պատմության մեջ, Երուսաղեմ, 1937։ Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․ 1-2, Ե․, 1983-87։
Գրկ․ Օշական Հ․, Արևելահայ բանասիրությունը և Էջմիածին, Գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Անթիլիաս, [1948]։ Աճառյան Հ․, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն իբրև հայ հնագրության մեծ վարպետ, «Էջմիածին», 1952, դ 8։ Քոլանջյան Ս․, Հայ ձեռագրագիտության մեծանուն վաստակավորը, «Էջմիածին», 1962, դ 6-8։ Հարությունյան Ս․Բ․, Գարեգին Հովսեփյանը որպես բանագետ, ՊԲՀ, 1968, դ 1։ Ղազարյան Մ․, Հայ արվեստի երախտավոր Գարեգին արք․ Հովսեփյան, «Էջմիածին», 1979, № 5։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Դավիթ Արամայիսի (1․7․ 1971, Երևան - 30․7․1989, Երևան), բանաստեղծ։ Ավարտել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվ․ հայագիտ․ թեքումով միջն․ դպրոցը (1987)։ Նրա առաջին բանաստեղծությունները՝ «Ինչ փույթ թե ունես շուրթեր գեղեցիկ» և «Սևակի շիրմաքարի առաջ», տպագրվել են «Գարուն» ամսագրի 1988-ի № 1-ում։ Գրել է մարդկային հոգին գովերգող քնարաշունչ երգերի մի փունջ։ 1986-ին իր տան սենյակներից մեկը վերածել է «Հովհաննես Շիրազի թանգարանի»։ 1988-ին սկսած Ղարաբաղյան շարժման գործուն մասնակից։ 1988-ին ստեղծել է «Զորավար Անդրանիկ» ընկերությունը և դարձել նրա նախագահը։ 1991-ին «Արևիկ» հրատարակչությունը լույս է ընծայել Հ-ի բանաստեղծությունների ժող․՝ «Եթե արցունքը խոսել գիտենար» խորագրով։ Գնահատելով վաղամեռիկ բանաստեղծի եռանդուն գործունեությունը՝ ՀԳՄ նախագահությունը 1992-ին նրան ընդունել է (հետմահու) ՀԳՄ անդամ։
Հ-ի անունով է կոչվում Երևանի 191-րդ հանրակրթական դպրոցը։
ՀՈՎՍԵՓՅԱՆ Էդգար (ծ․ 18․3․1928, Նյու Յորք), նյարդավիրաբույժ։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) բժշկ․ քոլեջի նյարդավիրաբուժության բաժնի պրոֆ․։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը (1949), նույն համալսարանի բժիշկների ու վիրաբույժների բաժինը (1953)։
Երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հ․ արժանացել է «Էլիս կղզու» պատվո շքանշանի (1986)։
1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հ․ Հս․ Ամերիկայի Արլ․ թեմի Առաջնորդարանի հետ ստանձնել է ՀՀ բժշկ․ օգնության ծրագրերի համակարգումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ամերիկ․ մի խումբ անվանի բժիշկներ ստեղծեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բժշկ․ հանձնախումբը, որի բժշկ․ ծրագրերի մեջ հատկանշական են հայ մասնագետների վերապատրաստման և Հանրապետ․ գիտաբժշկ․ գրադարանի զարգացման հարցերը։ 1998-ին գրադարանը միացավ Ինտերնետ համակարգչային ցանցին, որի ֆինանսավորումն իրագործեց ՀՕՖ-ը՝ Հ-ի նախաձեռնությամբ։ Հայ ժողովրդին