Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորերը՝ կայսրության արլ-ում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզ․ տիրապետությունն ամրապնդելու նպատակով։

Գրկ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 5։ Բյուզանդական աղբյուրներ, 1)։ Ադոնց Ն․, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե․, 1987։


ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍ II Ռինոտմետոս (Քթատ) (մոտ 669-711), բյուզանդական կայսր 685-695-ին և 705-ից։ Հերակլիոսների դինաստիայից։ Պատերազմ է սկսել Արաբ․ խալիֆայության դեմ՝ նպատակ ունենալով նվաճել Հայաստանը, Այսրկովկասը, Կիպրոսը, Ասորիքը։ 689-ին ներխուժել է Հայաստան, Վրաստան և Աղվանք․ Հայոց իշխան կարգել Ներսեհ Կամսարականին։ Նույն թվականին խալիֆայության հետ կնքել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյուզանդիային։ Գահընկեց է արվել և մահապատժի ենթարկվել հայազգի զորավար Վարդանի (հռչակվել է կայսր՝ Փիլիպպիկոս-Վարդան անունով) կազմակերպած դավադրությամբ։


«ՀՈՒՐ», գրական, գիտական և հասարակական ամսագիր։ Լույս է տեսել 1971-1974-ին, Թեհրանում (հայ․ և պարսկ․)։ Խմբագիր՝ Գ․ Հովակիմյան։ Տպագրել է հայ և պարսիկ ժողովուրդների պատմ․ ու մշակութ․ կապերն ու փոխհարաբերությունները լուսաբանող հոդվածներ, ուսումնասիրություններ, բանասիր․ գործեր։ Ծանոթացրել է իրանահայ կյանքին, տպագրել հայ գրողների գործեր, մանկավարժությանը վերաբերող ուսումնասիրություններ, մատենագիտ․ նյութեր, ճանապարհորդ․ հուշագրություններ։


ՀՈՒՐՅԱՆ (Խաչատրյան) Թաթուլ Սամսոնի [1912, գ․ Թաջրլու (Սուրմալու գավառում) - 21․6․1942, զոհվել է Սևաստոպոլի համար մղված մարտում], բանաստեղծ։ Ավարտել է Մոսկվայի խմբագր-հրատարակչ․ ինստ-ի գրակ․ ֆակ-ը (1931)։ Բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիր․ պաթոսով («Հասակ», 1934, «Աստղ», 1943, «Բանաստեղծություններ և պոեմներ», 1949, «Հուշարձան», 1970 և այլ ժող-ներ)։

Երկ․ Լուսապսակ, Ե․, 1982։


ՀՈՒՐՈՒՆՑ (Ավանեսով) Լեոնիդ Կարախանի [7․1․1913, գ․ Նոր շեն (ԼՂՀ Մարտունու շրջանում) - 21․11․1982, Երևան, 1999-ին նրա աճյունը Երևանից փոխադրվել և թաղվել է հայրենի Նոր շեն գյուղում], գրող։ Գրել է ռուս․։ Ավարտել է Բաքվի համալսարանի պատմության ֆակ-ը (1941)։ 1941-45-ին եղել է ռազմաճակատային թղթակից։ 1949-ից ապրել է Երևանում։ Գրել է ժամանակակից իրականությունն արտացոլող արձակ երկեր՝ պատմվածք, վեպ, վիպակ, նովել («Ղարաբաղյան պոեմ», 1954, «Ես զինվորական փոստատար եմ», 1957, «Կարապներ», 1962, «Աղմկում է Որոտանը», 1965, «Հայրեր», 1970, «Ծեր կաղնու հեքիաթները», 1980)։