ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՀԿ), հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1990-ի ապրիլին, Երևանում։ Հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյան։ Գաղափարական ժառանգորդն է ազգային միացյալ կուսակցության, որը գործել է ընդհատակյա, 1966_87-ին։ ՀՀԿ գաղափարախոսության հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի և նրա գաղափարակիցների մշակած ուսմունքը, որը խարսխված է ազգի և հայրենիքի հավիտենականության գաղափարի վրա։ Հայ իրականության մեջ գործող բոլոր հաս․, քաղ․ ուժերի հետ ՀՀԿ իր հարաբերությունները կառուցում է ազգ․ և պետ․ շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում կուսակց․, սոցիալ․, կրոնական և այլ հատվածական շահերից։ ՀՀԿ տնտեսության մեջ ընդունում է սեփականության բազմաձևությունը և բնականոն զարգացման երաշխիք է համարում շուկայական տնտ․ հարաբերությունները։
ՀՀԿ բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է, որը հրավիրվում է 2 տարին մեկ անգամ։ Մինչև 1998-ը կուս-յան համագումարների միջև ընկած ժամանակահատվածում կուս-յան ղեկավար մարմիններն էին ՀՀԿ նախագահը և ՀՀԿ խորհուրդը։ 1998-ից վերացվել է նախագահի պաշտոնը, խորհուրդը (1998-ից՝ նախագահ Անդրանիկ Մարգարյան) ընտրվում է համագումարում։ Կուս-յան կառուցվածքային հիմքը սկզբնական և տարածքային կազմակերպություններն են (1998-ին՝ 67)։ Մինչև 1992-ը, երբ դեռ չէր կազմավորվել ՀՀ ազգ․ բանակը, ՀՀԿ իր կազմում ուներ ռազմ․ միավորումներ («Անկախության բանակ»), որոնք գործունորեն մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու Արցախի ազատագր․ պայքարին։
ՀՀԿ հրավիրել է 5 համագումար (1992, 1995, 1996, 1997, 1999), բոլորն էլ տեղի են ունեցել Երևանում։ Հաշվի առնելով գաղափարախոսության և քաղ․ դիրքորոշումների ընդհանրությունը, 1998-ին երկրապահ կամավորականների միության՝ քաղ․ գործունեությամբ զբաղվող հատվածը ընդգրկվել է ՀՀԿ շարքերում, ինչը զգալիորեն մեծացրել է կուս-յան անդամների թիվը (մինչև 1998-ը՝ 1500, 1999-ին՝ շուրջ 7000) և քաղ․ ազդեցությունը։
1990_95-ին ՀՀ ԳԽ-ում ՀՀԿ ներկայացված էր 1 պատգամավորով։ 1995-ի հուլիսին ընտրված ՀՀ Ազգ․ ժողովում՝ 5 պատգամավորով, որոնք ընդգրկված էին «Հանրապետություն» խմբակցությունում։ 1999-ին ընտրված Ազգ․ ժողովում ՀՀԿ ունի 36 պատգամավոր, որոնք ընդգրկված են «Միասնություն» խմբակցության մեջ։
1991-ից հրատարակվում է ՀՀԿ «Հանրապետական» պաշտոնաթերթը, 1996-ից՝ «Ազգայնական մատենաշարը» (մինչև 1998-ը լույս է տեսել 9 գրքույկ)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՀՀԲՈՀ), ստեղծվել է 1992-ին, Երևանում։ Շնորհում է գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտ․ աստիճաններ։ Հիմն․ խնդիրներն են գիտ․ որակավորման պետ․ չափանիշների մշակումը և դրանց կիրառման ապահովումը, գիտ․ որակավորման համակարգի, աստիճանաշնորհող մասնագիտ․ խորհուրդների (ընդգրկում է հանրապետության գիտ․ ողջ ներուժը) աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։ Ունի հաս․, բնական, տեխ․ գիտությունների, արտաքին կապերի և տեղեկատվության, ֆինանսատնտ․ և արձանագրային բաժիններ։ ՀՀԲՈՀ-ի ստեղծման և գործունեության շնորհիվ Հայաստանում ատենախոսություններ պաշտպանած գիտնականները ստանում են պետ․ նմուշի հայկ․ վկայագրեր։ ՀՀԲՈՀ-ի նախագահներ են եղել Ա․ Գրիգորյանը (1992_99), Գ․ Բաղդասարյանը (1999-ից)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ԱԳՎ), ստեղծվել է ՀԽՍՀ ԿԳԿ 1931-ի հոկտեմբերի 24-ի որոշմամբ, Երևանում, 1923-ից գործող ՀԽՍՀ պետական կենտրոնական արխիվը ՀԽՍՀ արխիվային վարչության վերակազմելով՝ ՀԽՍՀ ԿԳԿ իրավասության ներքո։ 1942-ի փետր․ 13-ից՝ ՀԽՍՀ ՆԳՆ պետ․ արխիվների բաժին, 1946_58-ին՝ ՀԽՍՀ ՆԳՆ արխիվային բաժին, 1958-ի հունվարից՝ ՀԽՍՀ ՆԳՆ արխիվային վարչություն, 1962-ի հուլիսի 22-ի որոշմամբ՝ ՀԽՍՀ կառավարությանն առընթեր արխիվային վարչություն, 1978_91-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր արխիվային գլխ․ վարչություն, 1991-ից՝ ՀՀ ԱԳՎ։ Իրականացնում է Հայաստանի ազգ․ արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման ու հրապարակման աշխատանքների պետ․ կառավարումը, ղեկավարում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվների աշխատանքը։ ՀՀ ԱԳՎ ունի փաստաթղթերի պահպանության ապահովման ու կազմմեթոդ․ աշխատանքների, փաստաթղթերի համալրման, գերատեսչական արխիվների ու գործավարության, գիտ․ լրատվության կազմակերպման ու հրատարակչական, արտաքին կապերի և ֆինանսատնտ․ բաժիններ։ Գործում են կոլեգիա և գիտ․ խորհուրդ, 1956_62-ին լույս է ընծայել «Գիտա-ինֆորմացիոն բյուլետեն» (21 համար), 1960-ից տպագրում է «Բանբեր Հայաստանի արխիվների» պատմաարխիվային հանդեսը, փաստաթղթերի և նյութերի թեմատիկ ժող-ներ, ուղեցույցներ, տեղեկատուներ, մեթոդ․ ձեռնարկներ։ 1996-ից ՀՀ ԱԳՎ-ում գործում է արտաքին կապերի բաժինը, որը համագործակցելու պայմանագրեր է կնքել ՌԴ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի արխիվային ծառայություն