Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պանությանը, Ուկրաինայի, Բելոռուսիայի ազատագրմանը, Բեռլինի համար մղված մարտերին։ Եղել է գումարտակի կոմերիտական կազմակերպիչ։ Սովետական Միության հերոսի կոչմանն արժանացել է Օդեր գետի շրջանում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պատերազմից հետո ավարտել է Վ. Ի. Լենինի անվ. ռազմաքաղաքական ակադեմիան (1953)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի (2), Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։ Ա. այժմ սովետական բանակում քաղաքական աշխատող է։

ԱՎԱԳՅԱՆ Հրանտ Միհրանի (ծն. 1900), հայ նկարիչ, ռեստավրատոր։ Ծնվել է մարտի 29-ին, Հալեպում (Սիրիա)։ Ուսումը ստացել է Հալեպի Ներսեսյան վարժարանում և գերմանական լիցեյում։ 1920-ին տեղափոխվել է Ռումինիա, մշտական բնակություն հաստատել Բուխարեստում։ Ա. աշակերտել է ռումինական հայտնի նկարիչ, ակադեմիկոս ժ. Ա. Ստերիադիին։ Հեղինակ է հիմնականում փոքրադիր բնանկարների, նատյուրմորտների, դիմսւնըկարների, որոնք կատարված են նուրբ զգացողությամբ և անմիջականությամբ։ Շուրջ 40 տարի զբաղվում է ռումինական հին նկարների նորոգման աշխատանքով։ Այցելել է Սովետական Հայաստան, նկարել հայրենի բնությունն ու հուշարձանները, տվել 2 անհատական ցուցահանդես։ Աշխատանքներից երկուսը՝ «Աշնանային բնանկար» և «Առագաստանավը ափին» նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։

(նկ․) Հ. Մ. Ավագյան։ «Աշնանային բնանկար»։ 1958։ Հայաստանի պետական պատկերասրահ։ Երևան։


ԱՎԱԳՅԱՆ Ղազարոս Ավետիսի (1918–1945), Սովետական Միության հերոս (ետմահու, 24.3.1945), լեյտենանտ։ Ծնվել է սեպտեմբերի 12-ին, Գանձակի գավառի (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Խանլարի շրջան) Գետաշեն գյուղում։ Ավարտել է Կիրովաբադի բանֆակը։ 1940-ին զորակոչվել է սովետական բանակ և սովորել ռազմական դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից գտնվել է գործող բանակում։ Բելոռասիայի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած քաջության համար արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Զոհվել է 1945-ի հունվ. 22-ին, թաղված է Մինսկ քաղաքի մոտ։


ԱՎԱԳՅԱՆ Նորայր Մկրտչի (ծն. 1920), հայ սովետ, բժիշկ, դատաբժշկ. փորձագետ։ Բժշկ. գիտ. դ–ր (1963), պրոֆեսոր (1963)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է հունվարի 14-ին, Երևանում։ 1942-ին ավար տել է Երևանի բժշկական ինստ–ը։ 1953-ից բժշկական ինստ–ի դատական բժշկության ամբիոնի վարիչն է, ՀՍՍՀ դատաբժշկական գլխավոր փորձագետը։ Ա–ի հետազոտությունները նվիրված են դատաբժշկական փորձաքննության կազմակերպման, դատաբժշկական թունաբանության և հանկարծամահության հարցերին։ Նրա գրչին են պատկանում «Հանկարծահաս մահը վաղ մանկական հասակում» (1964) և «Հայաստանի դատական բժշկության պատմության ուրվագծեր» (1970) մենագրու թյունները։ 1953-ից ՀՍՍՀ դատաբժշկական փորձագետների գիտական ընկերության նախագահն է։


ԱՎԱԳՅԱՆ Ռոզա Վահանի (ծն. 1926), հայ բանջարաբույծ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ Ծնվել է սեպտեմբերի 9–ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ 1957-ից աշխատում է Էջմիածնի շրջանի Աղավնատան կոլտնտեսությունում որպես բրիգադավար։ Սոցիայիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացել է տարիներ շարունակ բանջարանոցային բույսերի բարձր բերք ստանալու համար։ Ա. եղել է ՀԿԿ XXIII–XXV համագումարների և կոլտնտեսականների համամիութենական III համագումարի պատգամավոր, ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀԿԿ XXIV համագումարում ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումի անդամության թեկնածու։ 1959-ին պարգևատրվել է ՍՍՀՄ ԺՏՆՑ–ի արծաթե մեդալով։


ԱՎԱԳՅԱՆ Սարգիս Նազարի (ծն. 1918), հայ սովետական քիմիկոս։ Քիմիական գիտ. դ–ր (1970), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է մարտի 16-ին, Դարպաս գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Գուգարքի շրջանում)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1941), ապա մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ Զբաղվում է կոմպլեքսային միացությունների սինթեզով և նրանց ֆիզիկա–քիմիական հատկությունների հետազոտությամբ։ Ստացել և ուսումնասիրել է չհագեցած կապ, հալոգենի ատոմ և ամինային ազոտ պարունակող մի շարք π և խելատային կոմպլեքսներ, որոնք ունեն տեսական և գործնական նշանակություն։


ԱՎԱԳՅԱՆՑ Գեդեոն Մովսեսի (ծն. 1919), հայ սովետական ֆիզիկոս։ Հայկ. ՍՍՀ ԳԱ թղթակից–անդամ (1965)։ Ծնվել է ապրիլի 12-ին, Սամարղանդում։ 1942-ին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956–65-ին ղեկավարել է Տաշքենդի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը։ 1965-ից ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ի էլեկտրոնիկայի բաժանմունքի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկային։ Ա. ընդհանրացրել է կիսահաղորդիչների տեսությունը հոսանքակիր մասնիկների և ցանցի անհավասար ջերմաստիճանների դեպքում, զարգացրել կիսահաղորդիչներում ջերմության և էլեկտրականության տեղափոխության տեսությունը ուժեղ դաշտերի և հոսանքների առկայությամբ, դիտարկել անհավասարակշռված պայմաններում տեղափոխման երևույթը կիսահաղորդիչների մակերևույթին մոտ շերտերում։


ԱՎԱԳՅԱՆՑ Խաչատուր (1825–1865), հայ բանաստեղծ, բժիշկ։ Ծնվել է Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար), ուսանել Դորպատի համալսարանում։ Ա. գրել է երգեր, որոնցից «Ուրախասցուք ուրեմն»–ը ուսանողական հայտնի երգերից մեկի՝ «Gaudeamus igitur»–ի հայացված տարբերակն է (1849)։ Վերջինս, «Երգ ուխտի», «Հայոց գինին» և այլ երգերի հետ, ուսանողական տարիներին ճանաչում է բերել հեղինակին։ Ա–ի երգերին բնորոշ են հայրենասիրությունն ու կենսասիրու թյունը։

Երկ. Քնար հայկական, ԱՊԲ, 1868, 15 355–356, 361–63, 389–90։


ԱՎԱԴ, մինչև 1967՝ գյուղ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում։ Բնակիչները փոխադրվել են Ջրաբեր գյուղը։


ԱՎԱԶ, մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0,1–1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դա սակարգումով՝ 0,05–2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ Ա. լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային ևն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են կավի (ոչ ավելի, քան 3%) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ–կարմիր, սև։ Խտությունը՝ 2500–2900 կգ/մ³, ծավալային կշիռը՝ 1,5–1,7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ա–ները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20%: Բնական և արհեստական Ա–ները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկա նյութ), մետաղաձուլական արտադրությունում։ Վ. Հասրաթյան


ԱՎԱԶԱԲԵՐԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, Բալա քաղաքից մոտ 66 կմ հյուսիս–արևելք, Քղի գետի ակունքի մոտ։ XX դ. սկզբին ուներ մոտ 120 ընտանիք հայեր, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհներով կապված էր Քղի և Բալու քաղաքների հետ։ Ա–ում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է, մյուսը տարագրվել օտար երկրներ։


ԱՎԱԶԱԿԱՎ, նստվածքային ապար, մինչև 40% ավազ պարունակող կավ, խառնուրդներից սովորաբար առկա են կալցիումի կարբոնատը և երկաթի օքսիդը։ Գլխավոր միներալներն են՝ քվարցը, կալցիտը,