Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաոլինիտը, մոնտմորիլոնիտը։ Գույնը՝ գորշ կամ դեղնա–կարմիր։ Ըստ ծագման, Ա–երը լինում են ծովային, լճային, ալյուվիալ, պրոլյավիսւլ, դելյուվիալ, մորենային, ֆլյավոգլացիալ։ Օգտագործվում են շինարարական աղյուս, կղմինդր պատրաստելու համար և հիդրոտեխնիկական կաոուցվածքներում:

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ, պետական, հանրային կամ քաղաքացիների անձնական գույքին տիրանալու նպատակով կատարվող հարձակում՝ զուգորդված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր ֆիզիկական կամ հոգեկան բռնությամբ կամ այդպիսին գործադրելու սպառնալիքով։ Ա. ավարտված է համարվում հարձակման պահին՝ անկախ հանցագործի նպատակի իրականացումից։ Ա–յան օբյեկտ կարող է լինել ինչպես գույքը, այնպես էլ անձը։ ՀՍՍՀ քրեական օրենսգիրքը խիստ պատիժներ է սահմանում Ա–յան համար։


ԱՎԱԶԱՂԲՅՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ քաղաքից մոտ 15 կմ հյուսիս–արևմուտք, Մեղրագետի հովտում։ XIX դ. վերջին ուներ մոտ 570 բնակիչ, որոնցից ավելի քան 440՝ հայ, մոտ 120՝ քարդ։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անպսնսւպահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և հայկ. նախակրթական ուսումնարան։ Ա. տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։ Հայ բնակչության մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը տարագրվել տարբեր երկրներ։


ԱՎԱԶԱՄԿՆԵՐ (Gerbillinae), կաթնասունների տիպի կրծողների կարգի ենթաընտանիք։ Արտաքինից նման են առնետներին, սակայն Ա–ի պոչը ծածկված է խիտ մազերով, որոնք ծայրում ավելի երկարելով կազմում են վրձին։ Մարմինը մեջքից և կողքերց դեղնա–ավազագույն կամ դարչնագույն է, փորը՝ սպիտակ։ Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևինները։ Որոշ Ա. շարժվում են ցատկելով։ Տարածված են Հարավ–արևելյան Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է Ա–ի 12 տեսակ, որից 4-ը (պարսկական, վինոգրադովի, կեսօրյա և փոքր ասիական) ՀՍՍՀ–ում (Արարատյան հարթավայրում, Մեղրիի, Ազիզբեկովի, Ղափանի, Իջևանի շրջաններում)։ Ապրում են անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում։ Սնվում են հիմնականում բուսական կերերով։ Վնասատու են, փչացնում են ցանքերը, երկաթուղիների և ոռոգիչ ջրամբարների հողաթմբերը, տարածում որոշ վարակիչ հիվանդություններ։


ԱՎԱԶԱՅԻՆ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ (Great Sandy Desert), Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև։ Տարած. 360 հզ. կմ² է, միջին բարձր․ հվ–ում՝ 700–500 մ, հս–ում՝ 300 մ։ Գերակշռող կավա–աղուտային հարթավայրերը բաժանված են 10–12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտ.–փետր.) միջին ջերմաստիճանը 35°C է. ձմռանը՝ 20°C–ից 15°C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյն է։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ–տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն։


ԱՎԱԶԱՆ ճարտարապետության մեջ, արհեստական ջրամբար, արհեստական լճակ, գուռ, սովորաբար պարտեզի կամ պուրակի ճարտարապետական կոմպլեքսի մաս։ Հին Արևելքի երկրների, ավելի ուշ՝ Հին Հունաստանի և Հին Հռոմի հայտնի առաջին Ա–ները ուղղանկյուն էին և գլխավորապես ծառայում էին լվացվելու, լողանալու համար։ XVI դ. երկրորդ կեսից Իտալիայում ի հայտ են գալիս դեկորատիվ Ա–ներ, իսկ XVIII դ. շատրվաններով կամ ջրի հայելու տեսքով ուղղանկյուն կամ բարդ ձևի Ա–ները դառնում են պուրակների (գլխավորապես կանոնավոր) ճարտարապետության կարևոր կոմպոզիցիոն տարր (Պետերհոֆի, այժմ՝ Պետրոդվորեց, Վերսալի և այլ Ա–ներ)։ Ժամանակակից ճարտարապետության մեջ Ա–ները մեծ տեղ են գրավում։ Երևանում վերջին տասնամյակում կառուցվել են բազմաթիվ դեկորատիվ Ա–ներ («Կարապի լիճ», «Արևիկ», «Էրեբունի» ևն), որոնք ճարտարապետական անսամբլները լրացնելուց զատ նպաստում են քաղաքի կլիմայի բարելավմանը։ Արհեստական Ա–ներ են կառուցվել նաև Լենինականում և Կիրովականում։ Ա–ներ են կոչվում նաև լողալու համար կառուցված բաց և ծածկված շինությունները՝ լողավազան ները, եկեղեցու ներսում, հյուսիսային պատի մեջ զտնվող կամ առանձին մկրտարանների փոքրիկ գուռերը, որտեղ կատարվում է մկրտությունը։


ԱՎԱԶԱՇԻԹԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, առարկաների մակերևույթների և շենքերի մասերի մեխանիկական մշակում՝ արագ թռչող ավազի շիթի հարվածով։ Ա. մ. կիրառվում է թուջե ձուլվածքները, կռվածքները, դրոշմվածքները մաքրելու, գալվանական ու լաքաներկային ծածկույթներից առաջ առարկաների մակերևույթները նախապատրաստելու, շենքերի արտաքին երեսապատումը մաքրելու, քարազարդման աշխատանքների համար ևն։ Ա. մ. կատարվում է պնևմատիկ գործողության ավազաշիթային ապարատներով, որոնք լինում են ներծծող և մղող (նկ.)։

(նկ.) Մղող համակարգի ավազաշիթային ապարատի սխեմա. 1 – ավազի ձագար, 2 – կափույր, 5 – բաք, 4 – սեղմված օդի մատուցում, 5 – խառնման խուց, 6 – ավազի ելքի անցք, 7 – կողմնատար կարճախողովակ։


ԱՎԱԶԱՔԱՐ, մանրաբեկոր նստվածքային ապար, կազմված է կրով, կավով և այլ նյութերով ցեմենտացված ավազից։ Ըստ բեկորների տրամաչափերի, Ա–երը լինում են՝ խոշորահատիկ (> 0,5 մմ), միջահատիկ (0,25–0,5 մմ) և մանրահատիկ (0,1–0,25 մմ), ըստ միներալային կազմի՝ քվարցային, արկոզային և գրաուվակային։ Ա–երի ֆիզիկական հատկությունները, կապված նրանց միներալային կազմի, ցեմենտացման աստիճանի և բեկորների սեղմվածության հետ, փոփոխական են, խտությունը՝ 2500–2900 կգ/մ³, ծավալային կշիռը՝ 2,1–2,8, ծակոտկենությունը՝ 2,3–30%-ի սահմաններում։ Ա. ունի լայն տարածում, այդ թվում՝ ՀՍՍՀ–ում։ Օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (շինարարական, քիմիական, թղթի, հղկող նյութերի ևն)։


ԱՎԱԶԻ ԼՈԳԱՆՔՆԵՐ, ջերմային բուժիչ պրոցեդուրա տաք ավազի կիրառմամբ։ Ծովափնյա առողջարաններում օգտագործվում է արևի ճառագայթներով տաքացած ավազը։ Ոչ ծովափնյա վայրերում ավազը տաքացվում է արհեստականորեն։ Առավոտյան ժամը 11–12-ին հիվանդը մերկ պառկում է և մարմինը ծածկում տաք (45–55°) ավազով՝ գլուխը պաշտպանելով արևից։ Տևողությունը՝ 25–60 րոպե։ Բուժման կուրսը՝ 10–15 լոգանք։ Ա. լ. ունեն ցավազրկող ազդեցություն, բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ուժեղացնում քրտնարտադրությունը։ Ա. լ. ցուցված են նյութափոխանակության խանգարումների, նյարդաբորբերի, հոդերի, փոքր կոնքի օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունների, ռախիտի և այլնի ժամանակ։ Մ. Ն. Ավալյան


ԱՎԱԼՅԱՆ (Մելիք–Ավալյան) Մկրտիչ Ներսեսի (1850–1909), հայ դերասան։ Ծնվել է Բերդ գյուղում (այժմ՝ Հայկ. ՍՍՀ Շամշադինի շրջանի շրջկենտրոն)։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1870-ին, Թիֆլիսի հայկական թատերախմբում, դարձել է 1870–80-ական թթ. հայ թատրոնի ակտիվ գործիչներից։ Խաղացել է բնութագրային և դրամատիկ դերեր, առավելապես աչքի ընկել կատակերգություններում։ Լավագույն դերերից են՝ Զամբախով, Զիմզիմով, Բրիլիանտով, Փարսիղ (Սունդուկյանի «Խաթաբալա», 1874, «Պեպո», 1879, «Էլի մեկ զոհ», 1881, «Քանդած օջախ», 1895), Սևադա (Մուրացանի «Ռուզան», 1882), Շվայցեր (Շիլլերի