Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ, բառարաններ, դասագրքեր, հայ մատենագիրների երկեր, տոնացույցներ, սաղմոսարաններ, ժամագրքեր ևն։ Այնտեղ է տպագրվել «Սուրհանդակ Բիւզանդեան» պարբերականը։ Ռ. Իշխանյան

ԱՐԱՍԼԻ Համիդ Մամեդթաղի օղլի (ծն. 1909), ադրբեջանցի սովետական գրականագետ, Ադրբեջանական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։ ՍՍԿԿ անդամ 1963-ից։ Ծնվել է Գանձակ (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Կիրովաբադ) քաղաքում։ Զբաղվել է Արևելքի մի շարք ժողովուրդների գրական կապերի ուսումնասիրությամբ։ Տպագրվել են Ա–ի «Ադրբեջանական գրականությունը XVII–XVIII դարերում» (1956) ուսումնական ձեռնարկը և մենագրություններ Ֆիգուլու (1958), Նիզամու (1967) մասին։ Քննել է Սայաթ–Նովայի ադրբեջաներեն խաղերը, խմբագրել և ընդարձակ առաջաբանով լույս ընծայել նրա ադրբեջաներեն և ադրբեջաներեն թարգմանությամբ հայերեն ընտիր խաղերի ժողովածուն (1963)։

Երկ. XVII–XVIII ɘср Азербаjчан ɘдɘбиjjаты тарихи, Бакы, 1956.


ԱՐԱՍԽ («Աշխարհացոյց»–ում՝ աղճատված Արիսի), գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում։ Միջին դարերում կոչել են Շնոհ (Շնաւհ)՝ գավառի նույնանուն (այժմ՝ Ուշնուե) քաղաքի անունով։ Ա–ի հվ. սահմանով անցնում է Արասխ (այժմ՝ Գետառ–սու) գետը։ Ա. անվանել են նաև Ովեա գավառ։


ԱՐԱՍԽԱՆՅԱՆ Ավետիք Մկրտումի (1857–1912), հայ տնտեսագետ, հրապարակախոս, գրականագետ, հասարակական գործիչ, լիբերալ–բուրժուական գաղափարախոս։ Ծնվել է փետրվարի 13-ին, Ագուլիսում, վաճառականի ընտանիքում։ Սովորել է ծննդավայրում, ապա՝ Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ 1876-ին մեկնել է արտասահման (Փարիզ, Լայպցիգ, Ստրասբուրգ), շարունակեք ուսումը։ 1882-ին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում։ 1875–1887-ին աշխատակցել է «Մշսւկ»–ին։ Զբաղվել է տնտեսագիտական բնույթի հետազոտություններով։ Ա. հասարակական–հրապարակախոսական բուռն գործունեություն է ծավալել «Մուրճ» ամսագիրը հրատարակելու և խմբագրելու տարիներին (1889–1900)։ Ձեռնամուխ է եղել Կ. Մարքսի «Կապիտալ»–ի I հատորի և Կ. Մարքսի ու Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»–ի հայերեն թարգմանությանը։ Կյանքի վերջին տարիներին քաղաքատնտեսություն է դասավանդել էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1901–1911), ապա եղել է Ախալքալաքի հայկական դպրոցների տեսուչ։ Ա. կրել է բուրժուական տնտեսագիտության պատմական դպրոցի ազդեցությունը։ Քաղաքատնտեսությունը համարել է ինքնուրույն գիտություն, բայց հասարակական–արտադրական հարաբերությունների փոխարեն ուսումնասիրության առարկան է համարել արտադրության գործոնների (հոդ, կապիտալ, աշխատանք) հարաբերությունները։ Ընդ որում, Ա. վերանում էր կոնկրետ արտադրաեղանակից։ Ա. գնահատել է ֆիզիոկրատներին, բայց չի թափանցել նրանց ուսմունքի դասակարգային էության մեջ։ Արժեքավորելով անգլիական դասական քաղաքատնտեսության դպրոցը՝ նա նշել է, որ Ա. Սմիթը «ստեղծեց քաղաքատնտեսության մի սիստեմ, որը յուր լայնածավալությամբ ըմբռնում է բոլոր տնտեսական երևույթները…» («Հողի արդյունաբերությունը և հասարակությունը», Թ., 1884, էջ 14)։ Դ. Ռիկարդոյի հողային ռենտայի տեսության վերլուծության կապակցությամբ Ա. ուշադրություն է դարձրել արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր ձևի խնդիրներին, սակայն չի ըմբռնել հավելյալ արժեքի էությունը։ Միաժամանակ Ա. ցույց է տվել Ռիկարդոյի «վերին աստիճանի աբստրակտ» մտածողությունը։ Ա. շոշափել է սեփականության բաշխման և դասակարգային փոխհարաբերության խնդիրներ։ Հասարակական հարստության մեջ նա գնահատում էր այն, «ինչը կարողանում է վերականգնել մսխվածը և մի բան էլ ավելացնել»։ Ա. տարբերում էր արժեքն ու գինը, բայց արժեքը գնահատում էր զուտ սպառողական արժեքի տեսակետից և չէր բացատրում, թե ինչով է որոշվում գինը։ Արժեքի աշխատանքային տեսությունը Ա. տարածում էր միայն արդյունաբերական ապրանքների վրա։ Ելնելով լիբերալ–բուրժուական մտածողության դիրքերից՝ Ա. պաշտպանում էր 1861-ի ագրարային ռեֆորմը։ «Մուրճ»–ը խմբագրելու տարիներին Ա. բեղմնավոր գործունեություն է ծավալել գրականության ու լեզվի ասպարեզում և որոշել ամսագրի դիրքը գրականության հարցերում։ Ըմբռնել է դարավերջին հայ գրականության մեջ կատարված բեկումը հօգուտ ռեալիզմի և իր հոդվածներում պաշտպանել այդ ուղղությունը։ Ազգային գրականության զարգացումը խթանելու նպատակով ամսագրի էջերում Ա. հյուրընկալել և խրախուսել է գրողների մի ամբողջ սերունդ (Լ. Շանթ, Դ. Դեմիրճյան, Մ. Մանվելյան, Հ. Հակոբյան), արժեքավորել հայ հին ու նոր գրական դեմքերին (Փավստոս Բուզանդ, Սայաթ–Նովա, Րաֆֆի), հայ մամուլն ու հրապարակախոսներին։ Գրականության և արվեստի մեջ Ա. տեսնում էր հասարակայնորեն ներգործուն ուժ։ Հայ թատրոնի խաղացանկը հարստացնելու համար նա առաջարկում էր դրամաների վերածել արձակի լավագույն նմուշները և պաշտպանում մշտապես գործող դերասանական խումբ ստեղծելու գաղափարը։ Գրական լեզուն հարստացնելու աղբյուր էր դիտում գրաբարն ու բարբառները, ինչպես և օտար լեզուներից առնված փոխառությունները։ Մահացել է դեկտ. 3-ին, Ախալքալաքում, թաղվել է Թիֆլիսում։

Երկ. Ազգաբնակությունը և ազգաբնակչական շարժումները, Թ., 1883։ Հողի արդյունաբերությունը և հասարակությունը, Թ., 1884։ Ինքնակենսագրություն, Թ., 1912։ Закавказские шелкомотальные заводы, Тифлис, 1888. Ս. Զուրաբյան, Գ. Անանյան


ԱՐԱՎՈՒՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևելք: 193 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, կինո։


ԱՐԱՎՈՒՍ, Արևիս գյուղի նախկին (մինչև 1968) անվանումը։


ԱՐԱՏԱՆՇՈՒՄ, դեֆեկտոսկպիա, նյութերի և իրերի (գլխավորապես մետաղե) արատների (ճաքեր, ներքին խոռոչներ ևն) չքայքայող վերահսկման ֆիզիկական մեթոդների և միջոցների ամբողջություն։ Տարածված են ռենտգենյան, գամմա, ռադիո, ինֆրակարմիր, էլեկտրա–ինդուկտիվ, ուլտրաձայնային և մազանոթային Ա–ները։

(նկ.) Նկ. 1. Ռենտգենյան ճառագայթման սխեմա. 1 – ռենտգենյան ճառագայթման աղբյուր, 2 – ռենտգենյան ճառագայթների փունջ», 3 – իր, 4 – իրի ներքին արատ, 5 – աչքով անտեսանելի ռենտգենյան պատկերը իրի ետևում, 6–ռենտգենյան պատկերի գրանցիչ։

Ռենտգենյան Ա. հիմնված է նյութի կամ իրի տարբեր խտությամբ տեղամասերով անցնող ռենտգենյան Ճառագայթների ինտենսիվության թուլացման տարբերակման վրա (նկ. 1)։ Գրանցելով անցնող ճառագայթների, ինտենսիվության բաշխումը (լուսանկարչական, վիզուալ, իոնացման և այլ մեթոդներով)՝ կարելի է որոշել նյութի տարբեր անհամասեռությունների առկայությունը և դասավորությունը։ Ռենտգենյան Ա. առավել արդյունավետությամբ է կիրառվում ոչ մեծ հաստությամբ իրերի (ձուլած և եռակցած պողպատից՝ մինչև 80 մմ, թեթև համաձուլվածքներից՝ մինչև 250 մմ), ներքին խոռոչների, կոպիտ ճաքերի, ներառուկների հետազոտման համար։ Գամմա Ա. ունի նույն ֆիզիկական հիմունքները, ինչ որ ռենտգենյանը, սակայն թափանցող ճառագայթումը ստեղծվում է գամմա–ճառագայթներով։ Օգտագործվում է տասնյակ կէվ–ից մինչև 1–2 Մէվ ճառագայթման էներգիա՝ մեծ հաստության իրերը հետազոտելու համար։ Ռենտգենյանի համեմատ գամմա Ա. ունի էական առավելություններ՝ սարքավորման պարզություն, ճառագայթման աղբյուրի կոմպակտություն, որը հնարավորություն է տալիս հետազոտելու իրերի դժվար հասանելի տեղամասերը։ Ռադիո Ա. հիմնված է սանտիմետրային և միլիմետրային դիապազոնի ռադիոալիքների թափանցող հատկության վրա։ Հնարավորու–