Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայումը շարունակվում է մինչև այժմ։ Վենետիկի տարբեր տպարաններում լույս են տեսել միաբանության անդամների մի շարք աշխատություններ․ Մ․ Չամչյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի»-ն (1779) և եոահատոր «Պաամութիւն Հայոց»-ը (1784–86), Խ․ Սյուրմելյանի «Համառօտ թուաբանութիւն» աշխարհաբար դասագիրքը (1788) ևն։ 1789-ին Ս․ Ղազարում Մխիթարյանները հիմնել են տպարան։ Առաջին տպարանապետը եղել է Հովհաննես Զոհրապը, երկրորդը՝ Խ․ Սյուրմելյանը (1790–1814), հետագայում՝ Հովհ․ Սորղուճյանը, Անտոն Քաջունին։ Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքին։ Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները («Առակք և ոտանաւորք խրատականք», 1790), Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը (1793), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը (1796) ևն։ Մինչև դարավերջ տպագրվել են նաև միաբանության անդամների գործերից՝ Ղ․ Ինճիճյանի «Տեսութիւն համառօտ հին և նոր աշխարհագրութեան»-ը (1791), Ս․ Պրոնյանի «Երկրաչափութիւն»-ը ևն։ 1800-ին այստեղ տպագրվել է Մխիթարյանների առաջին (հայոց երկրորդ) պարբերականը՝ «Տարեգրութիւն»։ Վենետիկի Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը գագաթնակետին է հասել XIX դ․ 2-րդ կեսին։ Դարի 1-ին կեսին արդեն Ս․ Ղազարում տպագրվել էր 600 անուն հայերեն գիրք (ավելի շատ, քան որևէ այլ վայրում)։ Մինչև 1920-ը այս տպարանը լույս է ընծայել հայ հին ու միջնադարյան հեղինակների, այդ թվում Ագաթանգեղոսի, Կորյունի, Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Գավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Արիստակես Լաստիվերտցու, Գրիգոր Տղայի, Մխիթար Հերացու և այլոց երկերը՝ «Մատենագիրք նախնեաց», «Ընտիր մատենագիրք», «Մոփերք հայկականք» մատենաշարերով։ «Մատենադարան մանկանց» մատենաշարով լույս են տեսել մանկական գրքեր։ Տպագրվել են շատ դասագրքեր՝ Մխիթարյան դպրոցների համար։ Մխիթարյանների հրատարակչական–տպագրական գործունեությունը նկատելիորեն պայմանավորվել է միաբանության ղեկավարների (աբբահայրերի)նախասիրություններով։ Մ․ Ագոնցի օրոք (1799–1824) նկատելի տեղ է հատկացվել աստվածաբանական գրքերի հրատարակությանը։ Կարևորներից է Աստվածաշնչի մխիթարյան երկրորդ (1805, առաջինը՝ 1733) հրատարակությունը՝ Հովհաննես Զոհրապի աշխատասիրությամբ։ Ս․ Մոմալյանի օրոք (1824–46) ուշադրության կենտրոնում են եղել միջնադարյան հայ հեղինակները և բանասիրությունը։ Այդ ժամանակ լույս են տեսել Գ․ Ավետիքյանի, Խ․ Սյուրմելյանի, Մ․ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը (1836–37), որ դարձավ հետագա հայ բառարանագրության հիմքը, Մ․ Զախջախյանի Հայ–իտալ․ բառարանը (1837), որ նպաստեց հայերեն նոր բառեր ու գիտական եզրեր ստեղծելուն։ Գ․ Հյուրմյուզյանի աբբահայր լինելու տարիներին (1846–76) ավելի մեծ տեղ է տրվել գեղարվեստական գրականությանը։ Հրատարակվել են Հոմերոսի, Միլտոնի, Ռասինի, Կոռնելի և եվրոպ․ ուրիշ հեղինակների երկերի մի շարքթարգմանություններ (գրաբար), Ա․ Բագրատունու «Հայկ դիւցազն»-ը (1858) ևն։ 1850-ական թթ–ից սկսած հրատարակվել են Ղ․ Ալիշանի գործերը, այդ թվում՝ «Նուագք» բանաստեղծությունների ժողովածուները (1857–58), «Շիրակ» (1881), «Աիսուան» (1885), «Սիսական» (1893), «Այրարատ» (1890), «Հայապատում» (1901), մեծածավալ հայագիտական հիմնակազմ աշխատությունները։ 1860–1880-ական թթ․ հրատարակվել են Գ․ Զարբհանալյանի ուղենշող աշխատությունները գրականության պատմության վերաբերյալ, 1891–93-ին՝ Ա․ Քաջունու «Բառգիրք արուեստից, գիտությանց, և գեղեցիկ դպրությանց»-ը, 1902–07-ին՝ Ս․ Էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան»-ը 1909–12-ին՝ Ա․ Ղազիկյանի «Հայկական նոր մատենագիտություն»–ը, որոնք հանրագիտական բնույթի գործեր են։ Լույս են տեսել միաբանության մյուս անդամների արժեքավոր գիտական, գեղարվեստական ու թարգմանական շատ գործեր։ Հրատարակվել են Մխիթարյանների մեկ տասնյակից ավելի պարբերականներ, որոնցից են՝ «Եղանակ բյուզանդյան» (1803–20), «Հիշատակարան» (1807–08), «Դիտակ բյուզանդյան» (1812–16), 1843-ից՝ *Բազմավեպ»-ը։ 1914–20-ին Մխիթարյան տպարանի աշխատանքի թափը նվազեց, ապա կրկին աշխուժացավ, բայց այլևս չհասավ նախկին մակարդակին։ Հիմնադրման օրից տպարանը անընդհատ կատարելագործվել է, նրա հրատարակությունները մեծ մասամբ առաջնակարգ են՝ տպագրական արվեստով և օրինակելի՝ սրբագրությամբ։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Մխիթարյան հոբելյան․ 1701 – 1901, Վնտ․, 1901։ Լtե ո, Հայկական տպագրություն, հ․ 1, Թ․, 1901, հ․ 2, Թ․, 1902։ Սարգիսյան Բ․, Երկհարյուրամյա գրական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարյան միաբանության, Վնտ․, 1905։ Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Լևոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1958։ Ճեմճեմյան Ս․, Մխիթար աբբահոր հրատարակչական առաքելությունը, Վնտ․, 1980։ Իշխանյան Ռ․, Հայ գիրքը, Ե․, 1981։ Գրացուցակ Մխիթարյան տպարանին․ 1700–1978, Վնտ․, 1978։

Ռ․ Իշխանյան

ՎԵՆԵՏԻԿԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, հիմնադրվել է Ս․ Ղազար կղզում, Մխիթար Մեբաստացու ջանքերով, նրա անձնական գրադարանի հիմքի վրա։ Սկզբնական շրջանում համալրվել է նվիրատվություններով, հետագայում նաև գնումներով։ XIX դ․ կեսին կառուցվել է գրադարանի նոր շենք, երկու մասնագիտացված գրապահոցով, ուր հավաքել են ձեռագիր մատյաններ, պարբերականներ ու տպագիր հրատարակություններ՝ հայերեն և այլ լեզուներով։ XX դ․ կեսին տպագիր ֆոնդը 35 հզ․ միավոր էր (հազվագյուտ հրատարակություններ հայերեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, չիներեն, հնդկերեն և այլ լեզուներով), ձեռագիր ֆոնդը՝ 2000։ Սփյուռքի հայաշատ կենտրոններում միաբանության գործակալները կազմակերպել և Վենետիկ են առաքել (գնումների, փոխանակումների, նվիրատվությունների միջոցով, ուսման վարձի փոխարեն ևն) բազմաթիվ հայկական ձեռագրեր, այդ թվում Մովսես Խորենացու, Եղիշեի, Ներսես Լամբրոնացու, Անանիա Շիրակացու, Եզնիկ Կողբացու, Մխիթար Հերացու և այլոց աշխատությունները։ Վենետիկի Մատենադարանի հավաքածուներից օգտվում են նաև այլազգի հայագետներ։

Գրկ․ Մխիթարյան հոբելյան (1701 – 1901), Վնտ․, 1901։ Թորոսյան Հ․, Վարք Մխիթար աբբայի Սեբաստացվո, Վնտ․, 1932։

Ս․ Շտիկյան

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՍՏԱՏՈՒՏՆԵՐ, Վենետիկի հանրապետությունում քաղաքացիական–առևտրական և ծովային սովորույթների ժողովածուներ, կազմված XIII դ․։ Արտահայտել են առևտրի զարգացման պահանջներն ու վաճառականության շահերը։

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ, XV դ․ վերջին – XVI դ․ սկզբին Լվովում հայատառ ղփչաղերենով գրված պատմական ժամանակագրություն։ Բաղկացած է մոտ 200 գրառությունից, որոնք ընդգրկում են բավականին ընդարձակ ժամանակահատված (մ․ թ․ ա․ I դ․ կեսից մինչև 1536-ը)։ 1495-ից գրառումները կատարված են ականատեսի ձեռքով։ Անհայտ հեղինակը տեղեկություններ է հաղորդում Ուկրաինայի և Լեհաստանի հայկական գաղթավայրերի, ինչպես նաև այդ և հարևան երկրներում (Լիտվա, Մոլդովա, Թուրքիա) տեղի ունեցած ռազմական ընդհարումների, տարերային աղետների և այլ իրադարձությունների վերաբերյալ։ Պատմական և լեզվագիտական կարևոր աղբյուր է։ Պահպանվել է երկու խմբագրությամբ (մեկը գտնվում է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում, մյուսը՝ Փարիզի Ազգային գրադարանում)։ Առաջին անգամ հրատարակել է Ղ․ Ալիշանը, 1896-ին, «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ» գրքում։ Թարգմանվել է հայերեն և ֆրանսերեն։

Գրկ․ Գրիգորյան Ա․, Վենետիկյան տարեգրությունը, «ԼՀԳ», 1980, № 5։

Յա․ Դաշկևիչ

ՎԵՆԵՏՆԵՐ (լատ․ Veneti), 1․ հնագույն ցեղեր։ Բնակվել են Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերին, Պո գետից հյուսիս–արևելք։ Ըստ հնագիտական տվյալների, վենետներն այստեղ հայտնվել են մ․ թ․ ա․ XII –XI դդ․։ Սկգբում զբաղեցրել են մերձալպյան հովիտները, այնուհետև տարածվել հարավ–արևելք։ Հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ (առավելապես՝ ձիաբուծությամբ)։ Վենետների գլխավոր քաղաքները եղել են Ատեստեն (այժմ՝ Էստե) և Պատավիումը (այժմ՝ Պադուա)։ Վենետները դաշնակցել են հռոմեացիներին՝ կելտ․ ցեղերի դեմ պայքարում (մ․ թ․ ա․ IV դ․)։ Պունիկյան 2-րդ պատերազմի ժամանակ (մ․ թ․ ա․ 218– 201) պաշտպանել են Հռոմին՝ ընդդեմ Կարթագենի։ Մ․ թ․ ա․ 183-ից վենետների բնակության տարածքները մտել են Հռոմի Ցիզալպիական Գալիա պրովինցիայի