Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարգավորվում են մաքսային հիմնարկների կազմակերպման և գործունեության իրավահարաբերությունները: Հաստատվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1964-ի մայիսի 5-ի հրամանագրով: Բաղկացած է երեք հատվածից՝ «մաքսային կառավարման կազմակերպումը», «մաքսային գործառնություններ» (մաքսային վերահսկողության ընդհանուր դրույթներ, բեռների ջրային, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային փոխադրումների, միջազգային փոստային առաքումների սահմանով անցնող քաղաքացիների ուղեբեռների մաքսային վերահսկողության կանոններ, մաքսային գանձույթներ ևն), «մաքսային կանոնների խախտման ու մաքսանենգության համար պատասխանատվություն»:Ս. Հովհաննիսյան ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ, ապրանքների և այլ արժեքների ապօրինի անցկացումը պետական սահմանից: ՍՍՀՄ–ում Մ–յան համար նախատեսվում է քրեական և վարչական պատասխանատվություն: Քրեական օրենսգրքով Մ–յան համար սահմանվում է ազատազրկում՝ 3-10 տարի ժամկետով, գույքի բռնագրավումով, և աքսորով՝ 2-5 տարի ժամկետով, կամ առանց աքսորի (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 73): Վարչական պատասխանատվություն նախատեսող Մ–յան դեպքում բռնագրավվում են մաքսանենգային առարկաները, փոխադրման և այլ միջոցները, գանձվում է մաքսանենգային առարկաների մոտավոր արժեքը, սահմանվում է տուգանք:
ՄԱՔՍԱՊԵՏՅԱՆ Համլետ Վարդանի (ծն. 12.7.1920, Երևան), հայ սովետական ինժեներ–մեխանիկ: Պահեստի ինժեներ–գնդապետ: Տեխ. գիտ. դ-ր (1966), պրոֆեսոր (1966): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել է Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան (1951): 1961-65-ին եղել է ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահի տեղակալ: 1966-ից Հայկ. գյուղատնտեսական ինստ–ի ավտոմոբիլների ամբիոնի վարիչն է: Հիմնական աշխատությունները վերաբերում են ավտոմոբիլների դինամիկայի, հուսալիության և անվտանգության հարցերին:
Երկ. Ավտոմոբիլի տեսություն, Ե., 1963: Ավտոմոբիլ, Ե., 1973: Надежность тормозных механизмов автомобилей, Е., 1965.Հ. Ադոնց ՄՍՔՍԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում: Գործակալը կոչվել է պռոքսիմոս, ղեկավարել պետ. եկամուտների, մաքսերի ու տուրքերի գանձումը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումները, շուկաների չափ ու կշիռները հսկող մանր պաշտոնյաները՝ դուկերը, ձեռներեցները, «հարկևոր տանուտերերը» ևն:
ՄԱՔՍԱՏՈՒՆ, ՍՍՀՄ արտաքին առևտրի մինիստրության համակարգում գործող պետական հատուկ մարմին, որն ապահովում է պետական սահմանով բեռների փոխադրումն ու մաքսատուրքերի գանձումը: Սովորաբար Մ–եր (կամ մաքսակետեր) կազմակերպվում են սահմանամերձ գոտիներում՝ նավահանգիստներում (ծովային, գետային), երկաթուղային կայարաններում, ավտոերթուղային հանգուցակետերում և պետության խոշոր քաղաքներում: ՀՍՍՀ–ում գործում են երկու Մ–եր՝ Լենինականում (առաջինը՝ Հայաստանում) և Երևանում: Մ–երը վերահսկում են մաքսային կանոնների կատարումը, հաշվառում են ներմուծվող և արտահանվող ապրանքը, բեռն ընդունում են ի պահ, ստուգում են բովանդակությունը, գանձում տուրքերը, պայքարում մաքսային կանոնների խախտումների ու մաքսանենգության դեմ: ՍՍՀՄ–ում, ինչպես նաև սոցիալիստական մյուս երկրներում, Մ–երի հիմնական նպատակը պետության արտաքին առևտրի մենաշնորհի ապահովումն է:Ս. Հովհաննիսյան ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ, պետական դրամական տուրքեր, որ գանձվում են տվյալ երկիր ներմուծվող ապրանքներից, ունեցվածքից և այլ արժեքներից: Մ–ի դրույքները սահմանվում են մաքսային տարիֆով: Առաջացել են որպես վաճառականներին մատուցվող ծառայությունների վարձ՝ նավահանգստային շինություններից, պահեստներից, ինչպես նաև կշեռքներից օգտվելու համար: Կապիտալիզմի ժամանակ Մ. փոխարկվել են ներքին առևտրի և ազգային տնտեսության որոշ ճյուղեր արտասահմանյան ապրանքների մրցակցությունից պաշտպանելու միջոցի: Ըստ հարկման օբյեկտի Մ. լինում են ներմուծման, արտահանման և տրանզիտային: Վերջին երկուսը ժամանակակից կապիտալիստական երկրներում գրեթե չեն օգտագործվում: Տիրապետող են ներմուծման Մ., որոնք մոնոպոլիաների համար առևտրական պատերազմների, դեմպինգի, տնտեսապես կախյալ երկրների կողոպուտի, ազգային արտադրությունն արտասահմանյան մրցակցությունից պաշտպանելու միջոց են: Զարգացող երկրները Մ. օգտագործում են ազգային տնտեսության ամրապնդման, զարգացման և պետ. բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակով: Ըստ գանձման եղանակի լինում են առանձնահատուկ Մ., որի դեպքում գանձումը կատարվում է կայուն դրույքներով՝ ներմուծվող ապրանքների հատից, միավորից, չափից, կշռից ևն, և գնային Մ., երբ գանձումը կատարվում է տոկոսներով՝ ապրանքների գներից: Երբեմն օգտագործվում են խառը (առանձնահատուկ–գնային) և նույն ապրանքի նկատմամբ տարբեր Մ.: Ըստ մաքսային տարիֆի կառուցվածքի Մ. լինում են տարբերական, հովանավորական, արտոնյալ, հակադեմպինգային ևն: Առաջին դեպքում նույն ապրանքի համար սահմանվում են Մ–ի մի քանի դրույքներ (անվանական, արտոնյալ, նվազագույն, միջին, առավելագույն): Օգտագործվում է որպես տնտեսության պետ. մոնոպոլիստական կարգավորման, ինչպես նաև արտաքին առևտրում տարբեր երկրների միջև խտրականություն դնելու միջոց: Հովանավորական Մ. կիրառվում են արտասահմանից որոշ ապրանքների ներմուծումը, ինչպես նաև սեփական հումքի ու կիսաֆաբրիկատների արտահանումը խոչընդոտելու, հայրենական արդյունաբերության համար լավագույն պայմաններ ստեղծելու, մենաշնորհային բարձր գներ սահմանելու և այլ նպատակներով: Արտոնյալ Մ. սահմանվում են մեկ կամ մի քանի երկրների համար հատուկ բարենպաստ մաքսային կարգ ստեղծելու նպատակով: Հակադեմպինգային Մ., որպես լրացուցիչ, սովորականից բարձր տուրքեր, ներմուծող երկրներում կիրառում են այն դեպքում, երբ արտահանողներն արտաքին շուկաներում ապրանքները վաճառում են ներքին շուկայի գներից ցածր գներով. ներքին շուկայի և արտասահմանյան գների տարբերությունն է:
ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում Մ. արտաքին առևտուրը կարգավորելու, կապիտալիստական և զարգացող երկրների հետ տնտ. փոխշահավետ հարաբերություններ ստեղծելու և ընդլայնելու, սոցիալիստական էկոնոմիկան համաշխարհային կապիտալիստական շուկայի տարերային ներգործությունից պաշտպանելու միջոց են: ՍՍՀՄ–ում սահմանվում են ներմուծվող ապրանքներից գանձվող Մ–ի նվազագույն և առավելագույն դրույքներ: Նվազագույնը կիրառվում է այն երկրների նկատմամբ, որոնք ներմուծվող սովետական ապրանքների համար ապահովում են աոավել բարենպաստ կարգ, առավելագույնը՝ այն պետությունների նկատմամբ, որոնք այդպիսի կարգ չեն ապահովում կամ խախտում են առևտրական պայմանագրերը: Արտահանման տուրքեր ՍՍՀՄ–ում սովորաբար չեն կիրառվում, բացառությամբ հնարժեք և արվեստի այն գործերից, որոնք կարող են արտահանվել ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության հատուկ թույլտվությամբ: Ներմուծման Մ. են գանձվում միջազգային փոստով ՍՍՀՄ առաքվող, ինչպես նաև ուղեբեռների և ձեռնածանրոցների իրերից, եթե դրանք ենթակա են Մ–ով հարկման:
Հայաստանում Մ. գանձվել են անցահարկի, մաքսի նաև բաժի ձևով: Միջին դարերում Մ–ին համապատասխանել է անցահարկը կամ մաքսը, որ սկզբում գանձվում էր վաճառականներից՝ որոշակի տերիտորիայի սահմանագլխին, կամուրջների, գետանցների մոտ ևն, հետագայում՝ իրացված ապրանքից (վաճառավայրերում): Կիլիկիայի հայկ. պետությունում օտարերկրյա առևտրականները Մ. էին վճարում տեղափոխվող կամ վաճառվող ապրանքներից՝ որոշակի տոկոսներով (սովորաբար՝ 4, արտոնությունների դեպքում՝ 1-2% կամ առանց տուրքի): Բացի տոկոսային հաստատուն Մ–ից կիրառվում էին մասնակի Մ., որոնք գանձվում էին որոշ ապրանքներից (գինի, յուղ, անասուններ, ոսկի, թանկարժեք քարեր, պղինձ, երկաթ, բամբակ, կտորեղեն ևն): Մ. էին գանձվում նաև կիրճերով, լեռնանցքներով, կամուրջներով, գետանցներով, ֆեոդալների կամ ամբողջ Կիլիկիայի տերիտորիայի վրայով կատարվող փոխադրումների, շուկայում վաճառասեղան ունենալու համար, նավահանգիստներում խարսխվող նավերից, օտարերկրյա վաճառականների անձնական իրերից: XIV-