ազգագրական ընկերություն, ապա՝ Երևան։ Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ № 7729)։
ՄՇՈ Ս․ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ, Մշո սուլթան Ս․ Կարապետ, Գլակա վանք, Իննակնյան վանք, հայկական ճարտարապետական հուշարձան, վանքային համալիր Հայաստանի Տարոն գավառում, Մուշ քաղաքի հս–արմ․ կողմում, Աշտիշատ ավանից ոչ հեռու (արմ․ կողմում), Քարքե լեռան հվ–արլ․ լանջին։ Նախապես եղել է Գիսանե և Դեմետր հեթանոսական կուռքերի մեհենատեղին, որն ըստ ավանդության, կործանել է Գրիգոր Լուսավորիչը, տեղում հիմնել վանք, այնտեղ զետեղելով Ս․ Կարապետի և Աթանագինես եպիսկոպոսի նշխարները, առաջին վանահայր նշանակել Զենոբ Գլակին, որի անունով և հետագայում կոչվել է վանքը։ Այն անվանվել է նաև Իննակնյան՝ ինը աղբյուրների մոտ կառուցված լինելու պատճառով։ Զենոբ Գլակը հավաստում է, որ Գրիգոր Լուսավորիչը վանքին է նվիրել նախկին մեհյանի տիրույթները։ VII դ․ վանքի կալվածներն ընդարձակվել են։ Նույն դ․ վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից, ապա վերաշինվել, կառուցվել է նրա գլխավոր (Ս․ Ստեփանոս) եկեղեցին։ XI դ․ կեսին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին վանքում կառուցել է տվել ապարանք, որը սակայն այրվել է 1058-ին, վանքի Ս․ Գրիգոր փայտակերտ եկեղեցու հետ։ XVI դ․ կեսին կառուցվել է վանքի Ա․ Կարապետ եկեղեցին։ XVI–XVII դդ․ թուրք–պարսկակաև պատերազմների ժամանակ վանքը դարձել է կոտորածից խույս տված բազմաթիվ հայերի ապաստան։ 1750-ական թթ․ հիշյալ եկեղեցին այրվել է պարսից զինվորների ձեռքով։ 1763–1764-ին վանքի վանահայր Հովնանը մտահղացել է ազատագրական պայքար կազմակերպել Արևմտյան Հայաստանում և այղ նպատակով կապեր է հաստատել Վրաստանի Հերակլ II թագավորի և Հովսեփ Էմինի հետ։ XVIII դ․ վանքը խիստ տուժել է երկրաշարժերից։ Հատկապես ավերիչ էր 1784-ի երկրաշարժը, որից փլվեցին վանքի կաթողիկե եկեղեցին, սեղանատունը՝ միաբանների խցերով հանդերձ, զանգակատան մի մասը, հվ․ կողմի պարիսպները ևն։ 1788-ին վանքը հիմնովին վերակառուցվել է, ավելի է ընդարձակվել (գավթի հաշվին), նորոգվել են զանգակատունը, խորանը ևն։ Համալիրը բաղկացած է եղել մենաստանից և եկեղեցուց։ Առաջինը հատակագծում ուղղանկյուն կառույց էր, պարսպապատ, ուներ միաբանների երկհարկ բնակարաններ և բարձր պատով անջատված ուխտավորների սենյակախումբ։ Եկեղեցին քառակուսի հատակագծով էր, ուներ 16 սյունանի դաս, արմ–ից՝ 1787-ին կառուցված նախամուտք–զանգակատուն։ Արլ․ հատվածը բաղկացած էր չորս, իրար հաջորդող տարբեր տիպերի (կենտրոնի երկուսը հատակագծում խաչաթև, գմբեթածածկ կառույցներ էին, ծայրամասերինը՝ միանավ, թաղածածկ բազիլիկներ) եկեղեցի–վկայարաններից։ Հնագույնը (IV դ․ սկիզբ) Ա․ Կարապետի վկայարանն էր։
1827-ին վաչկատուն քրդերի մի հրոսախումբ գրավել է վանքը, թալանել ու ոչնչացրել կահ-կարասին, շատ ձեռագիր հուշարձաններ։ Սակայն վանքի ազդեցությունը գնալով աճել է (հատկապես 1860–1880-ական թթ․, երբ այնտեղ վանահայր են եղել Խրիմյան Հայրիկը և Գարեգին Սրվանձտյանցը)։ 1896-ից վանքին կից բացվել է որբանոց և դպրոց՝ 45 աշակերտով, գրադարան։ XIX դ․ և XX դ․ սկզբին վանքն ունեցել է ընդարձակ եկեղեցաթեմ, որն ընդգրկում էր Տարոն, Վարդո, Ճապաղջուր, Խնուս, Բուլանըխ, Կեղի և այլ գավառների հայաբնակ բնակավայրերը։ Վանքը ստանում էր ընդարձակ հասույթներ, գյուղացիներից գանձում էր պտղի հարկ, հարստանում զանազան նվիրատվությունների հաշվին։ Վանքը եղել է հայկ․ գրչության կենտրոն, ուր ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։ Հայաստանի հոգևոր կենտրոնների մեջ իր դերով ու նշանակությամբ եղել է երկրորդը (էջմիածնից հետո)։ Հնուց կոչվել է մենաստանների «մայրաքաղաք»։ Այն նշանավոր ուխտատեղի էր (նաև արևելահայերի համար)։ Մեծ տոնախմբություններ էին կատարվում հատկապես Վարդավառի և Աստվածածնի վերափոխման տոներին, երբ տեղի էին ունենում նաև աշխարհիկ հանդեսներ (ձիամրցումներ, լարախաղացություններ, գուսանների մրցույթներ ևն)։ Մշո սուլթան Ս․ Կարապետը համարվել է ամենակարող, «մուրազատու», «բուժել» է մարդկանց ֆիզիկական արատները, ամեն տեսակի, ներառյալ նաև արվեստի՝ շնորհ պարգևել։ Ժող․ բանահյուսության մեջ պահպանվել են Ս․ Կարապետին նվիրված, երգվող ամբողջական «դաստաններ» (տես Ուխտագնացության երգեր)։ Տոնահանդեսների օրերին վանքի բակում կազմակերպվել են նաև տոնավաճառներ։ Վանքի պարսպի աջ կողմում կար մի աղբյուր՝ Ս․ Լուսավորիչ անունով։ Ջուրը լցվում էր քարակոփ ավազանի մեջ, որը ըստ ավանդության, կառուցել է տվել Հայոց թագավոր Տրդատ Մեծը, իսկ Գրիգոր Լուսավորիչը այնտեղ մկրտել է բազում քրիստոնյաների։ Վանքը մեծ արհավիրքների է ենթարկվել 1915-ին և 1918-ին։ Մեծ եղեռնի օրերին Տարոնի հայության մի զգալի մասը ապաստանել է վանքում և մոտակայքի անտառում, երկու ամիս դիմադրել թշնամու գերակշիռ ուժերին։ Հաջողվել է պահպանել վանքում եղած արժեքավոր հուշարձանները, այդ թվում և 1750 ձեռագիր, որոնք 1916-ին, երբ ռուս. զորքը և հայ կամավորական ջոկատները գրավել են Տարոնը, հաջողվել է տեղափոխել Էջմիածին։ Վանքըն այժմ ավերված է։
Գրկ․ Հովհան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։ Սարգիսյան Ն․, Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ․, 1864, էջ 228–230։ Լուսարարյան Կ․, Գաւազանագիրք յաջորդութիւնք վանահարց ուխտիս Ս․ Կարապետի Տարօնոյ, Երուսաղեմ, 1912։ Ոսկյան Հ․, Տարոն–Տուրուբերանի վանքերը, Վնն․, 1953։
ՄՇՈԳԵՏ, գետ Արևմտյան Հայաստանում։ Տես Մեղրագետ։
ՄՇՎԵԼԻՁԵ Շալվա Միքայելի [ծն․ 15(28)․5․1904, Թիֆլիս], վրացի սովետական կոմպոզիտոր։ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիստ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1930-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան (Մ․ Մ․ Բագրինովսկու կոմպոզիցիայի դասարան), որտեղ և դասավանդում է 1929-ից (1942-ից՝ պրոֆեսոր)։ 1942–52-ին եղել է Վրաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Գրել է «Ասք Տարիելի մասին» (1946), «Մեծ վարպետի աջը» (1961) օպերաները, 5 սիմֆոնիա, օրատորիաներ, սիմֆոնիկ պոեմներ, սյուիտներ երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների ու ֆիլմերի համար։
Հավաքել է վրաց․ ժող․ երգեր։ ՍՍՀՄ (1942, 1947) և Վրաց․ ՍՍՀ (1971) պետ․ մրցանակներ, 1973-ին՝ Ջ․ Ներուի անվ․ հնդ․ պետ․ մրցանակ։
ՄՇՏԱԴԱԼԱՐ ԲՈՒՅՍԵՐ, ամբողջ տարին կանաչ տերևներով պատված բույսեր։ Մ․ բ–ի տերևաթափը, ինչպես նաև նոր տերևների առաջացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ պարբերաբար (յուրաքանչյուր տերև կարող է ապրել մինչև մի քանի տարի)։ Կազմում են արևադարձային երկրների բույսերի մեծամասնությունը, շատ են նաև մերձարևադարձային շրջաններում (դափնի, նվենի, դափնեվարդ, ձիթենի, մագնոլիա, թզենի, նոճի, ցիտրուսներ, որոշ կաղնիներ ևն)։ Բարեխառն և ցուրտ գոտիներում Մ․ բ․ են փշատերև ծառերը (սոճի, եղևնի, եղևին ևն), մի շարք կիսաթփեր (ցաքի, հապալասենի, լոռամրգի) և որոշ խոտաբույսեր։ Արևադարձային և մերձարևադարձային շրջաններում Մ․ բ–ի ֆոտոսինթեզն ընթանում է ամբողջ տարին, իսկ բարեխառն գոտում ձմռանն ընդհատվում է, նվազագույնի է հասնում գոլորշիացումը, տերևներում օսլայի փոխարեն գոյանում են շաքարներ կամ յուղ, որոնք կանխում՝ են բջիջների սառեցումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը։ Մ․ բ․ պետք է տարբերել ձմռականաչ բույսերից, որոնց տերևները ձմեռելուց հետո չորանում են և փոխարինվում նորերով։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/660
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ