ՍՇՈՒՇ օդի մթագնում նրանում կախված վիճակում գտնվող պինդ մասնիկների (ծուխ, այրուք, փոշի) առկայությունից։ Մ․ նվազեցնում է տեսանելիությունը մինչև 1 կմ, իսկ մեծ ինտենսիվության ժամանակ՝ մինչև հարյուրավոր ու տասնյակ մետրեր։ Մ․ նկատվում է տափաստաններում, անապատներում և այն շրջաններում, որտեղ տափաստաններից ու․ անապատներից թափանցում են օդային զանգվածներ։ Ուժեղ Մ․ ուղեկցում է խորշակին։ Մեծ քաղաքների վրա Մ․ է դիտվում օդը ծխով ու փոշով աղտոտվելիս։
«ՄՈԲԻԼ 0ՅԼ», ամերիկյան նավթային ընկերություն։ Տես Մոնոպոլիա կապիտալիստական հոդվածի Արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը։
ՄՈԲԻԼԻԶՄ (< լատ․ mobilis – շարժուն), հիպոթեզ, որը ենթադրում է երկրակեղևի (լիթոսֆերայի) մայրցամաքային խոշոր բեկորների հորիզոնական զգալի (մինչև մի քանի հզ․ կմ) տեղաշարժերը միմյանց և բևեռների նկատմամբ՝ երկրաբանական ժամանակի ընթացքում։ Մ․ հակադրվում է ֆիքսիզմին (հիպոթեզ, որը ժխտում է այդպիսի տեղաշարժերը և երկրակեղևի զարգացումը հիմնականում պայմանավորում ուղղաձիգ շարժումներով)։ Մայր ցամաքների տեղաշարժման մասին ենթադրություններ արվել են տակավին XIX դ․, սակայն Մ–ի գիտականորեն մշակված հիպոթեզը առաջին անգամ ձևակերպել է գերմանացի երկրաֆիզիկոս Ա․ Վեգեները (մայր ցամաքների դրեյֆի տեսություն)։ Մ–ի ժամանակակից տարբերակը՝ «նոր գլոբալ տեկտոնիկան» (կամ սալերի տեկտոնիկան), գլխավորապես հիմնված է օվկիանոսների հատակի ռելիեֆի և մագնիսական դաշտերի ուսումնասիրության, ինչպես նաև հնէամագնիսականության տվյալների վրա։
ՄՈԲՈՒՏՈՒ ՍԵՍԵ ՍԵԿՈ, լիճ Արևելյան Աֆրիկայում, մինչև 1973-ը՝ Ալբերտ լիճ։
ՄՈԳԱԴԻՇՈ, Մոգադիշու (Mogadiscio, Mogadishu), Սոմալիի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, Բենադիր մարզի վարչական կենտրոնը։ 600 հզ․ բն․ (1979)։ Գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին։ Երկրի գլխավոր նավահանգիստն է, ավտոճանապարհների հանգույցը։ Ունի օդանավակայան։ Կա սննդի, կաշվի–կոշիկի, փայտամշակման արդյունաբերություն։ ՍՍՀՄ օգնությամբ կառուցվել է կաթի վերամշակման գործարան։ Մ–ում կան Ազգային համալսարան, կոլեջներ, Ազգային գրադարան, թանգարան։ Հիմնադրել են արաբ. գաղութարարները՝ IX–X դդ․։
ՄՈԳԱՐ (Setaria italica subssp․ mocharicum Al), իտալական կորեկախոտ, չումիզա, դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա բույս։ Արմատային համակարգը փնջաձև է, թափանցում է մինչև 1,0 մ: Ցողունի բարձրությունը 50–150 սմ է, ծաղկաբույլը՝ հասկանման հուրան, սև, դեղին, սպիտակ։ 1000 հատիկի կշիռը՝ 1,5– 3,0 գ։ Մ․ օգտագործվում է կերի և պարենի համար։ Մշակվում է մերձարևադարձային և բարեխառն գոտու երկրներում։ Վայրի վիճակում աճում է Ասիայում։ ՍՍՀՄ–ում՝ Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Մոլդավիայում, Ղազախստանում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում մշակվում է խոտի, կանաչ կերի և որպես արոտավայրային բույս։ Մ–ի հատիկները ծլում են 8–10°C-ում, ծիլերը տուժում են ––2°–3°C սառնամանիքներից։ Չորադիմացկուն է։ Նպաստավոր պայմաններում հնձվում է երկու անգամ։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 17, խոտը՝ 55 կերային միավորի։ Բերքատվությունը՝ 200–250 ց/հա։ Տարածված սորտերն են՝ Դնեպրոպետրովսկի 11, Օմսկի 10 ևն։
ՄՈԳԻԼՅՈՎ, քաղաք, Բելոռուսական ՍՍՀ Մոգիլյովի մարզի կենտրոնը։ 300 հզ․ բն․ (1980)։ Խճուղային և երկաթուղային ճանապարհների հանգույց է, գետային նավահանգիստ։ Տալիս է մարզի արդ․ արտադրանքի մոտ կեսը։ Կարևոր ճյուղերն են մետաղամշակումը և մեքենաշինությունը, քիմ․ արդյունաբերությունը։ Զարգացած է սննդի, թեթև արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, փայտամշակությունը։ Ունի 2 ՋԷԿ, մեքենաշինական, տեխնոլոգիական, մանկավարժական ինստ–ներ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Առաջին անգամ հիշատակվել է 1267-ին։
ՄՈԳԻԼՅՈՎԻ ՄԱՐԶ, Բելոռուսական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1938-ի հունվարի 15-ին։ Տարածությունը 29 հզ․ կմ² է, բն․ 1254 հզ․ (1980)։ Բաժանվում է 20 շրջանի։ Ունի 13 քաղաք, 11 քտա։ Վարչական կենտրոնը՝ Մոգիլյով։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Քարտեզը տես 563-րդ էջում։
Բնությունը։ Ռելիեֆը գերազանցա պես հարթավայրային է, բարձրությունը՝ 150–200 մ։ Մարզի հս–արլ–ում Օրշանսկ–Մոգիլյովի հարթավայրն է, հվ–արմ–ում՝ Կենտրոնաբերեզինյան հարթավայրը։ Տարածված են ոչ բարձր մորենային թմբերը։
Կլիման չափավոր ցամաքային է, մեղմ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –6,6°C–ից մինչև –8,2°C է, հուլիսինը՝ 17,8-ից 18°C, տարեկան տեղումները՝ 550–650 մմ։ Խոշոր գետը Դնեպրն է՝ Սոժ, Բերեզինա և այլ վտակներով։ Լճերն են Վիգոդան, Չորնոյեն, Ներոպլյան։ Հողերը ճմապոդզոլային և տորֆաճահճային են։ Անտառները գրավում են տարածքի 31, ճահիճները՝ 7% –ը։ Կենդանիներից կան աղվես, սկյուռ, կզաքիս, խլուրդ, նապաստակ, գորշուկ, որմզդեղն, այծյամ, վայրի խոզ, գայլ, լուսան, բազմատեսակ թռչուններ, լճերում՝ ձկներ։
Բնակչության 85,6% –ը բելոռուսներ են (1970)։ Բնակվում են նաև ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ, լեհեր և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 46 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 57% (1980)։ Կարևոր քաղաքներն են Մոգիլյովը, Բոբրույսկը, Կրիչևը, Դորկին, Օսիպովիչին։
Տնտեսությունը։ Մ․ մ․ արտադրում է հանրապետության արդ․ արտադրանքի 10% –ը։ էներգետիկայի հիմքն են կազմում Մոգիլյովի, Բոբրույսկի, Կրիչևի ՋԷԿ–երը, Օսիպովիչիի ՀԷԿ–ը և տեղական տորֆը։ Տորֆի ձեռնարկություններ կան Դնեպրովսկում, Ռեդկի ռոգում, Տատարկայում։ Տնտեսության մեջ կարևոր տեղ են գրավում մեքենաշինությունը և մետաղամշակումը։ Գործում են Ա․ Մ․ Կիրովի անվ․ ավտոգործարանը, «Էլեկտրոդվիգատել», «Ստրոմմաշինա», Մյասնիկյանի անվ․ մետալուրգիական, ավտոմատ վերելակների գործարանները։ Զարգանում է քիմ․ արդյունաբերությունը, որը ներկայացված է արհեստական և սինթետիկ մանրաթելերի (տալիս է ՍՍՀՄ–ում արտադրվող լավսանի 2/3-ը), ռետինի գործարաններով ու ավտոդողերի կոմբինատով։ Մ․ մ–ին բաժին է ընկնում հանրապետությունից բնափայտի արտահանման 16%–ը։ Զարգացած են փայտամշակման (Բոբրույսկ), շինանյութերի (Կրիչև, Կլիմովիչի) և սննդի (Բոբրույսկ, Մոգիլյով, Կրիչև) արդյունաբերությունը։ Մոգիլյովում գործում է մսի կոմբինատ։ Թեթև արդյունաբերությունը ներկայացված է կարի, կաշվի–կոշիկի, թաղիքե կոշիկների և 2 կաշվի գործարաններով։ Մ․ մ–ում մշակում են տարեկան, գարի, վարսակ, ցորեն, երկարաթել վուշ, կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։
Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 806 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7,7 հզ․ կմ (1972)։ Նավարկելի են Դնեպր, Բերեզինա, Սոժ գետերը։ Մ․ մ–ով է անցնում Ունեչա–Պոլոցկ նավթամուղը։
Լուսավորությունը և առողջապահությունը։ 1972–73-ուս․ տարում Մ․ մ–ում կար 1605 հանրակրթական դպրոց, 26 պրոֆտեխնիկական ուսումնարան, 17 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ Մոգիլյովում են գտնվում Բելոռուսական ՍՍՀ ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստ–ը և ֆիզիկայի ինստ–ի մասնաճյուղը։ 1973-ին մարզում գործում էր 969 գրադարան, 6 թանգարան, 2 թատրոն, 993 ակումբ, 771 կինոսարք։ Լույս է․ տեսնում մարզային «Մոգիլյովսկայա պրավդա» թերթը։ 1973-ին մարզում կար 142 հիվանդանոց (14,1 հզ․ մահճակալով), 2,8 հզ․ բժիշկ։
ՄՈԳԻԼՅՈՎ–ՊՈԴՈԼՍԿ, Մոգիլյով–Պոդոլսկի, մարզային ենթակայության քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Վիննիցայի մարզի Մոգիլյով–Պոդոլսկի շրջանի կենտրոնը։ Երկաթուղային կայարան է, գետային նավահանգիստ Դնեստրի ափին։ Բնակչությունը՝ 29,7 հզ․ (1973)։ Հիմնադրել է Բրացլավի վոյեվոդա Ստեփան Պոտոցկին, XVI դ․ վերջին։ XVII դ․ դարձել է առևտրական կենտրոն։ Լեհաստանի երկրորդ բաժանման (1793) ժամանակ միացվել է Ռուսաստանին, սովետական իշխանություն հաստատվել է 1918-ի հունվարին։ XVIII դ․ 1-ին տասնամյակներին Մ–Պ–ում հաստատվել են գլխավորապես լեհահայ և մոլդովահայ կենտրոններից եկած հայեր։ Հայկ․ թաղամասը հիմնվել է քաղաքի կենտրոնում, Դնեստրի ափին։ Մ–Պ–ի գլխավոր փողոցը կոչվել է «Հայկական»։ Կիևի վոյեվոդա Ս․ Պոտոցկու 1743-ի հրովարտակով Մ–Պ–ի հայերը ստացան ինքնավարություն։ Դատական իշխանությունը իրականացնում էին հայ վոյթը և հայերից ընտրված երդվյալ դատավորները, որոնք ղեկավարվում էին «Լեհահայոց դատաստանագրքով»։ Հայկ․ դատարանը տեղավորված էր քաղաքապետարանի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/661
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ