Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոդվածներում ծննդյան և մահվան թվականները տրվում են հին և նոր տոմարով։ Եթե գործիչը մահացել է նոր տոմարի ընդունումից հետո, ապա նրա ծննդյան թվականը տրվում է հին և նոր տոմարով։ Երբ տարեթիվը մեկ տոմարով է տրվում, նշանակում է աղբյուրներում տեղեկություն է տրված միայն այդ տոմարով։ Ներտեքստային պատկերներից և քարտեզներից բացի տրվում են նաև ներդիրներ։ Սև-սպիտակ պատկերներով ներդիրները (աղյուսակները) ունեն ընդհանուր համարակալում։ Հոդվածի համապատասխան տեղում հղվում է անհրաժեշտ աղյուսակը, օրինակ, Պատկերազարդումը տես՝ աղյուսակ VII։ Գունավոր պատկերներով և քարտեզներով ներդիրները, որպես կանոն, տեղադրված են համապատասխան հոդվածների մոտ։ Եթե գունավոր նկարները և քարտեզները տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել տեղադրել հոդվածի մոտ, ապա նշվում է նրանց տեղը, օրինակ, Պատկերազարդումը (կամ քարտեզը) տես… էջից հետո (կամ առաջ) տրված ներդիրում։

Անհրաժեշտ տեղեկություններ գտնելու համար ընթերցողին օգնելու նպատակով հանրագիտարանում տրվում են հղումներ։ Հղվող հոդվածի անվանումը տրվում է շեղատառ։ Անհրաժեշտության դեպքում հղվում են նաև պատկերները, դիմանկարները, քարտեզները։

Հանրագիտարանում կիրառվում են նաև կրճատումներ և հապավումներ (ՀՍՀ-ում ընդունված հիմնական կրճատումների ցուցակը տես հատորի վերջում)։ Եթե հոդվածի անվանումը կազմող բառերը կրկնվում են տեքստում, ապա դրանք նշանակվում են սկզբնատառերով, օրինակ, «Ատոմ» հոդվածում՝ Ա. տառով, «Արևելյան հարց» հոդվածում՝ Ա. հ., իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայր» հոդվածում՝ Ա. պ. հ. տառերով։ Տարեթվերը տրվում են հոլովական վերջավորությամբ, առանց «թվական» բառի։ Ստեղծագործության (գրական, գիտական, երաժշտական ևն) անվանումից հետո փակագծերում տրված թիվը ցույց է տալիս դրա հրապարակման, ստեղծման կամ կատարման (բեմադրման) առաջին տարին, իսկ մրցանակների, գիտական կոչման և այլնի անվանումից հետո փակագծերում տրված թիվը ցույց է տալիս մրցանակը, գիտական կոչումը շնորհելու տարին։

Հանրագիտարանում օգտագործվող մեծությունների, մեծությունների միավորների անվանումները և դրանց նշանակումները համապատասխանում են միավորների միջազգային համակարգին (ՍԻ), որը ՍՍՀՄ-ում կիրառվում է 1963 թ. հունվարի 1-ից։

Բազմաթիվ հոդվածներում մատենագիտությունը տրվում է ինչպես հոդվածի մեջ, այնպես էլ վերջում։ Այն ստեղծագործությունները, որոնք ցույց են տրված կենսագրական հոդվածի հիմնական տեքստում, հոդվածին կից մատենագիտության մեջ, որպես կանոն, չեն կրկնվում։