Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԳԱՅԻՆ 105

(լադային կառուցվածք, մելոդիկա, ռիթմիկա, բազմաձայնություն, երգչախմբային և գործիքային ֆակտուրա ևն) վերլուծում, ժողովրդական֊րաժշտական համակարգերի և ժողովրդական գործիքների լարվածքի որոշում (ձայնագիտական սարքի օգնությամբ)։ Ա. ե֊ի խնդիրներն են՝ հայտնաբերել տարբեր դարաշրջանների ժողովրդական երաժշտական ստեղծագործությունները, պարզաբանել երաժշտության ազգային֊ոճական հատկանիշները, երաժշտության դերը ժողովրդի հոգևոր մշակույթի պատմության մեջ և ժամանակակից հասարակական կյանքում ու կենցաղում։ Բացահայտում է ժողովրդական երաժշտության, բանաստեղծության և պարերի փոխադարձ կապը, ժողովրդական երաժշտության և կոմպոզիտորների ստեղծագործության փոխազդեցությունը, տարբեր ժողովուրդների երաժշտական առնչությունները (վերջինը Ա. ե֊ի մի առաևձին ենթաճյուղի՝ համեմատական երաժշտագիտության խնդիրն է)։ Այս հարցերի պարզաբանմամբ Ա. ե. լրացնում է ընդհանուր երաժշտագիտությունը և ազգագրությունը։ Դեռևս հնում ժողովրդական երաժշտության նմուշներն այս կամ այն չափով գրի են առնվել և ուսումնասիրվել, իսկ XVIII դ. ընդհանուր ազգագրական նկարագրություններում և աշխատություններում գրավել ավելի մեծ տեղ։ Որպես գիտության ինքնուրույն ճյուղ Ա. ե. ձևավորվել է XIX դ. երկրորդ կեսին։ Հայ ժողովրդի երաժշտական արվեստը հնագույն ժամանակներից արժանացել է պատմագիրների, բանաստեղծների, կոմպոզիտորների և գեղագետների ուշադրությանը։ Միջնադարում գրառվել և մշակվել են բազմաթիվ ժողովրդական երգերի խոսքեր, եղանակները խազերով ձայնագրվել և առատորեն օգտագործվել են հոգևոր երաժշտության մեջ։ Մանրանկարներում պահպանվել եև ժողովրդական պարերի, գործիքների, հանդեսների բազմաթիվ պատկերներ։ Նոր ժամանակներում հայ ժողովրդական երգերը ձայնագրել են՝ Ն. Տիգրանյանը, Ք. Կարա֊Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ս. Մելիքյանը և ուրիշներ։ Հայ ժողովրդական երաժշտության առանձին նմուշներ ձայնագրել են նաև ռուս երաժիշտներ Ի. Դոբրովոլսկին, Մ. Ա. Բալակիրևը, Մ. Պ. Մուսորգսկին, Մ. Մ. Իպպոլիտով֊Իվանովը և այլք։ Հայ Ա. ե֊ի հիմնադիրը, գիտական առումով, Կոմիտասն է։

Գրկ. Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941։ Շահվերդյան Ա., Հայ երաժշտության պատմության ակնարկներ. XIX–XX դդ., Ե., 1959։ Кушнарев Х. С., Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958; Атаян Р., Комитас—собиратель армянской народной песни, в кн.։ VII Международный конгресс антропологических и этнографических наук, Москва, 1964, т. 7, М., 1970. Tiersot J., Notes d'ethnographie musicale, v. 1—2, P., 1905—10; Sachs C., Vergleichende Musikwissenschaft, Lpz., 1930; Nettl B., Theory and Method of Ethnomusicology, [N. Y.], 1964. Ռ. Աթայան


ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ. մարդկանց արյունակցական կապ։ Լինում է ուղղակի (հոր և որդու, պապի և թոռան) և կողային (եղբոր և քրոջ) Ա.։ Հետնորդ-նախնի (թոռ, որդի, հայր, պապ) ազգակցական գիծը կոչվում է վերընթաց, նախնի֊հետնորդը (պապ, հայր, որդի, թոռ)՝ վայրընթաց։ Ա֊յան մոտիկությունը որոշվում է «որքան ծնունդ, այնքան աստիճան» սկզբունքով, հայրն ու որդին ուղղակի գծով առաջին աստիճանի ազգակիցներ են, պապն ու թոռը՝ երկրորդ։ Ա. իրավական նշանակություն ունի ընտանեկան, աշխատանքային, ժառանգության, բնակարանային, դատավարական հարաբերություններում։ ՍՍՀՄ֊ում Ա., որպես կանոն, հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագս) մարմիններում։ Ա֊յան փաստը կարող է հաստատել նաև դատարանը։


ԱԶԳԱՅԻՆ֊ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ծնունդ է առնում ագգային֊ազատագրական շարժումներից և ուղղված է օտարերկրյա տիրապետության վերացման, ազգային անկախության նվաճման, ազգային֊գաղութային ճնշման ու շահագործման ոչնչացման, ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման և ազգային պետության ստեղծման նպատակին։ Ժողովրդա֊ազատագրական շարժումներ այս կամ այն ձևով տեղի են ունեցել դեռևս նախակապիտալիստական դարաշրջանում, երբ ճնշված ազգությունները պայքարել են ինքնուրույն գոյության պահպանման, սեփական պետականության վերականգնման համար (օրինակ, հայերի պայքարը պարսկական, արաբական կամ օսմանյան, բալկանյան ժողովուրդների պայքարը թուրքական, լեհերի, չեխերի, հարավային սլավոնների պայքարը գերմանական և ավստրիական տիրապետության դեմ)։

Կապիտալիզմի ժամանակաշրջանում, երբ ձևավորվեցին ազգերը, նկատելիորեն բարձրացավ նրանց ազգային ինքնագիտակցությունը և պետականությունից զրկված ազգերը ավելի լայն պայքար ծավալեցին օտարերկրյա նվաճողների դեմ։ Նոր պայմաններում օտարերկրյա հարստահարիչների դեմ պայքարի մեջ ընդգրկվեցին գյուղացիության և քաղաքային բնակչության ամենալայն խավերը։ Այդ շարժումները, որոնց տնտեսական հիմքը կապիտալիստական հարաբերությունների զարգացումը և համազգային շուկայի ստեղծումն էր, իրենց բնույթով հակաֆեոդալական, բուրժուական և բուրժուա֊դեմոկրատական էին։ Ազգային֊ազատագրական շարժումների հետևանքով ծնունդ առած նոր պետություններում իշխանության գլուխ էր կանգնում բուրժուազիան։

XVI-XVIII դդ. և XIX դ. առաջին կեսը հանդիսացան ազգերի ձևավորման, ազգային շարժումների ծավալման և ազգային պետությունների առաջացման դարաշրջան Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ռուսաստանի համար։ Տեղի ունեցան բազմաթիվ ժողովուրդների ազատագրական ու միավորման շարժումներ՝ XVII դ. Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը, XVIII դ. Անկախության պատերազմը Հյուսիսային Ամերիկայում, XIX դ. Գերմանիայի, Իտալիայի միավորումը, բուլղարների, ռումինների, սերբերի ազգային պետությունների ստեղծումը։ Վ. Ի. Լենինն այդ շարժումները համարել է «բուրժուական֊պրոգրեսիվ, ազգային֊ազատագրական», որոնց նպատակն էր ֆեոդալիզմի, աբսոլյուտիզմի, օտարերկրյա կեղեքման խորտակումը։ Իմպերիալիզմի դարաշրջանում ազգային֊ազատագրական շարժումները նոր թափ ստացան։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ դրանք վերաճեցին Ա֊ա. հ֊ների, որոնք գլխավորապես զարգանում են Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Սոցիալիզմի համաշխարհային սիստեմ դառնալը և կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացումը հասցրին հաղթական Ա֊ա. հ֊ների գաղութային ու կախյալ երկրներում։ Ա֊ա. հ֊ում կիրառվում են պայքարի բազմազան ձևեր ու մեթոդներ, մասսայական ելույթներ, միտինգներ, պարտիզանական պայքար, զինված ապստամբություն, ազգային֊ազատագրական պատերազմներ ևն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հուժկու հարվածներ են հասցվել գաղութատիրությանը, քայքայվել են գաղութային կայսրությունները, կազմավորվել են 70-ից ավելի անկախ պետություններ։ 1972-ին գաղութակալության լուծը թոթափած երկրներում ապրում էր 1,5 մլրդ. մարդ։ Ա֊ա. հ֊ները արդի դարաշրջանում տեղի են ունենում սոցիալիզմի համաշխարհային սիստեմի առկայության պայմաններում և տարբերվում են անցյալի ազգային֊ազատագրական շարժումներից։ Դրանք ոչ միայն հակաֆեոդալական, այլև հակաիմպերիալիստական հեղափոխություններ են, համաշխարհային հեղափոխական պրոցեսի բաղկացուցիչ մասը, կարևոր գործոն իմպերիալիզմի կործանման խնդրում։ Ա֊ա. հ֊ները սերտորեն կապված են սոցիալիստական ուժերի պայքարի հետ և դրանց դաշնակիցն են։ Այնտեղ, ուր պայքարը գլխավորում են բանվոր դասակարգը և նրա մարքսիստական֊լենինյան կուսակցությունները, Ա֊ա. հ֊ները ունենում են արմատական հետևանքներ (օտարերկրյա կապիտալի, արդ. ձեռնարկությունների, բանկերի ազգայնացում, ագրարային ռեֆորմ, աշխատավորական լայն խավերի շահերն արտահայտող ներքին և արտաքին քաղաքականություն), որոնք հող են պատրաստում սոցիալիստական հասարակարգ կառուցելու համար (ՄԺՀ, ԿԺԴՀ, ՎԴՀ)։ Գաղութային լուծը թոթափած այն երկրները, որոնք չեն մտնում սոցիալիստական սիստեմի մեջ, կազմում են այսպես կոչված «երրորդ աշխարհը»։ Այդ երիտասարդ պետությունների առջև ծառացած են սոցիալ֊տնտեսական և քաղաքական բարդ խնդիրներ։ Սոցիալ֊քաղաքական երկու հակադիր սիստեմների առկայության պայմաններում նրանց առջև կանգնած է զարգացման երկու ուղի՝ կապիտալիստական և ոչ կապիտալիստական։ Առաջադեմ ուժերը պայքարում են զարգացման ոչ կապիտալիստական ուղու համար։ Մինչդեռ ներքին հետադիմական ուժերն ամեն կերպ փորձում են զարգացումը տանել կապիտալիզմի հունով։ Իմպերիալիզմն ամեն կերպ աջակցում է զարգացող երկրների հետադիմական շրջաններին։ ժամանակակից գաղութարարները երիտասարդ պետություններին պարտադրում են ինքնուրույնությունը