Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 113

ամենասերտ միավորումը կապիտալի դեմ մղվող պայքարում։ Վ. Ի. Լենինը ցույց տվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի ժխտումը, նրա նենգափոխումը նացիոնալ֊լիբերալ ֆրազներով, «կուլտուր֊ազգային ավտոնոմիայի» պահանջով, իրականում հրաժարումն է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» լոզունգից և զիջում վելիկոռուսական շովինիզմին ու բուրժուական նացիոնալիզմին։ «Ազգերի լիակատար իրավահավասարություն, ազգերի ինքնորոշման իրավունք, բոլոր ազգերի բանվորների միաձուլում, — ազգային այս ծրագիրն է ուսուցանում բանվորներին մարքսիզմը, ուսուցանում ամբողջ աշխարհի փորձը և Ռուսաստանի փորձը» (նույն տեղում, էջ 569)։ «Ա. ի. ի. մ.» աշխատությունը մեծ դեր խաղաց ազգային հարցի մարքսիստական տեսության զարգացման և ազգերի ինտերնացիոնալ համերաշխության կազմակերպման գործում։

ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ, միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1919-ին, Փարիզի հաշտության կոնֆերանսում։ Սկսել է գործել 1920-ի հունվարի 10-ից։ Ըստ կանոնադրության, Ա. լ֊ի ղեկավար մարմիններն էին՝ ասամբլեան, խորհուրդը և քարտուղարությունը՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Ուներ մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, ինքնավար մարմիններ (Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Արդարադատության միջազգային մշտական պալատ ևն)։ Աշխատատեղին Ժնևն էր, պաշտոնական լեզուները՝ անգլերենն ու ֆրանսերենը։ Կանոնադրության համաձայն Ա. լ. կոչված էր առաջին համաշխարհային պատերազմից հետո պահպանել միջազգային խաղաղությունը։ Գործնականում ջանում էր ամրապնդել հաղթանակած տերությունների տիրապետությունը նվաճված տերիտորիաներում։ Ա. լ. իմպերիալիստական հակամարտությունների ասպարեզ էր հատկապես Անգլիայի և Ֆրանսիայի միջև։ Արևմտյան կիսագնդի գործերին մյուս պետությունների միջամտությունը կանխելու նպատակով ԱՄՆ֊ը չմտավ Ա. լ֊ի մեջ և չվավերացրեց վերսալյան սիստեմի պայմանագրերը։ Ա. լ. թշնամական դիրք գրավեց Սովետական Ռուսաստանի նկատմամբ՝ աջակցելով Անտանտի ինտերվենցիային։

1930-ական թթ. միջազգային լարված իրադրության մեջ Ա. լ. անկարող գտնվեց պահպանել խաղաղությունը։ Ագրեսիա սկսելու դիտավորությամբ 1933-ի մարտին Ճապոնիան, իսկ հոկտեմբերին Գերմանիան դուրս եկան լիգայից։ Ա. լ. հանուն խաղաղության օգտագործելու նպատակով՝ ՍՍՀՄ֊ը 34 անդամ֊պետությունների հրավերով մտավ լիգա (1934)։ Սակայն իմպերիալիստական շրջանները ձախողեցին ՍՍՀՄ֊ի ջանքերը։ Ա. լ. «չմիջամտելու» դիրք բռնեց, երբ Իտալիան զավթեց Եթովպիան (1935–36), Գերմանիան օկուպացրեց Հռենոսի ապառազմականացած գոտին (1936), Իտալիան և Գերմանիան ինտերվենցիա կազմակերպեցին Իսպանիայի դեմ (1936–39)։ Ա. լ֊ի թողտվությամբ ճապոնական զորքերը ներխուժեցին Չինաստան (1937), Գերմանիան զավթեց Ավստրիան (1938) և Չեխոսլովակիան (1939)։ Քանի որ ՍՍՀՄ֊ը Ա. լ֊ում մերկացնում էր ագրեսորների նկատմամբ արևմտյան տերությունների թողտվության քաղաքականությունը, նրանց համար Սովետական Միության մասնակցությունը դարձավ անցանկալի։ 1939-ի դեկտեմբերին Ֆինլանդիայի դեմ ագրեսիայի կեղծ մեղադրանքով նրանք ՍՍՀՄ֊ին հեռացրին Ա. լ֊ից։ Ա. լ. փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, թեև ձևականորեն մնաց մինչև 1946-ի ապրիլի 18-ը, երբ պաշտոնապես լուծարքի ենթարկվեց։

Ա. լ. բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ Հայաստանը Ա. լ֊ի մեջ ընդունելու, մանդատ սահմանելու, 1920-ի հայ֊թուրքական պատերազմի, Թուրքիայի կազմում «Հայկական օջախ» ստեղծելու և հայերին «օգնելու» կապակցությամբ։ Հայաստանը Ա. լ֊ի անդամ ընդունելու հարցը առաջ քաշվեց 1920-ի մայիսին, քննարկվեց մի քանի ամիս և մերժվեց այն պատճառաբանությամբ, թե նա որպես «պետություն դեռևս լեգալ գոյություն չունի և չի կարող միջազգային պարտավորություններ ստանձնել»։ Իրականում պատճառն այլ էր։ Ըստ Ա. լ֊ի կանոնադրության 10-րդ հոդվածի, նրա անդամները պարտավոր էին հարգել ու պահպանել լիգայի բոլոր անդամների տերիտորիալ ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։ Պաշտպանելով Թուրքիային՝ Անտանտի տերությունները չէին ցանկանում երաշխավորել Հայաստանի գոյությունը։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ֊ի մանդատի (տես Հայաստանի մանդատ) հարցը Ա. լ֊ում բարձրացվել է 1919-ին։ Սակայն իրադարձությունների ընթացքը Մերձավոր Արևելքում, ապա Հայաստանում սովետական կարգերի հաստատումը խափանեցին Հայաստանը գաղութացնելու ամերիկյան պլանները։ 1920-ի հոկտեմբերին, երբ քեմալական ագրեսիան սպառնում էր Հայաստանի գոյությանը, Հայաստանի Հանրապետությունը օգնության խնդրանքով դիմեց Ա. լ֊ին։ Երկար ու ձիգ քննարկումներից հետո Ա. լ֊ի խորհուրդը նոյեմբերի 25-ին իր հերթին որոշեց դիմել անդամ֊պետություններին և ԱՄՆ֊ին, որպեսզի իմանա, թե ով է համաձայն առանձին կամ մյուսների հետ միասին հարկ եղած միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի և քեմալականների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ ԱՄՆ֊ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը խոստացավ միայն «բարի միջնորդության ծառայություն», այն էլ՝ «մեծ տերությունների բարոյական ու դիվանագիտական աջակցության» դեպքում։ Քննարկելով հարցը՝ Ա. լ֊ի ասամբլեան դեկտեմբերի 16-ի բանաձևում հայտնեց իր հավաստիացումը, թե իբր Միացյալ Նահանգների ջանքերը «հայ ժողովրդին փրկություն կբերեն և Հայաստանը կապահովեն կայուն կառավարությամբ, որը և իշխանություն կիրականացնի պետության ամբողջ տերիտորիայում ու սահմաններում, որոնք կորոշվեն Սևրի պայմանագրով»։ Այս բանաձևը ևս ոչինչ չտվեց հայ ժողովրդին։ Ա. լ. Հայկական հարցին նորից անդրադարձավ 1922-ին, իբր նրա համար, որպեսզի Թուրքիայի հետ բանակցությունների դեպքում ուշադրությունից չվրիպի հայերի «ազգային օջախ» ստեղծելու խնդիրը։ Ա. լ. խոստացավ օգնել Հայաստանին՝ ոռոգելու հողերը և տեղավորելու հայ տարագիրներին։ Սակայն դրա փոխարեն ստեղծեց գաղթականական հանձնաժողովներ, սահմանեց նանսենյան անձնագիր և տարագիրներին «հայրենազուրկ» հայտարարեց։ Գաղթականական գործերի կոմիսար Ֆ. Նանսենը վերջնականապես համոզվելով, որ Ա. լ. անընդունակ է լուծել հայ տարագիրների հարցը, 1929-ին առաջարկեց դադարեցնել նրա քննարկումը․ սեպտեմբերի 21-ին ասամբլեան այն հանեց օրակարգից։ Ա. Եսայան


ԱԶԳՈՒԹՅՈՒՆ, մարդկանց էթնիկական ընդհանրության պատմական զարգացման ձև։ Հաջորդում է ցեղային ընդհանրությանը (տես Ցեղ) և բնութագրվում հավաքական անվանումով (օրինակ՝ հայեր)։ Ա. ունի նույն հատկանիշները, ինչ ազգը, սակայն գտնվում է սոցիալ֊տնտեսական զարգացման ավելի ստորին աստիճանում։ Ա. սկիզբ է առնում արդեն իսկ ցեղերի միությունից, սակայն տոհմացեղային կապերի ուղղակի շարունակությունը չէ, այլ մի նոր հանրություն, որի մեջ ձուլվում են ոչ միայն ազգակից, այլև օտար ցեղերի հատվածներ։ Հին աշխարհի ազգությունները ծագել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման ու ստրկատիրական հարաբերությունների կազմավորման շրջանում (հին հույներ, հին եգիպտացիներ, հնդիկներ, չինացիներ, հայեր ևն)։ Մի շարք Ա֊ներ (հին ֆրանսիական, հին ռուսական ևն) առաջացել են նախնադարյան կարգերից ֆեոդալականին անցնելու հիմքի վրա։ Կապիտալիստական հարաբերությունների ձևավորմամբ քիչ թե շատ խոշոր Ա֊ները վերածվել են բուրժուական ազգերի։ Ընդ որում, առանձին Ա֊ներ հիմք են ծառայել մի քանի ազգերի կազմավորման համար, երբեմն էլ նոր ազգ է կազմավորվել մի քանի Ա֊ների հատվածների համախմբումից։ Նոր Ա֊ներ կազմավորվում են նաև մեր օրերում։ Այդ պրոցեսը շարունակվում է նաև սոցիալիզմի պայմաններում, սակայն շատ փոքրաթիվ (մի քանի հազար մարդ միավորող) Ա֊ներն ազգի չեն վերածվում և աստիճանաբար ձուլվում են համեմատաբար խոշոր ազգերին։ Գրականության մեջ հաճախ Ա. հիշատակվում է «ժողովուրդ» տերմինով։ Ա. երբեմն օգտագործվում է մարդկանց բոլոր սոցիալ֊էթնիկական ընդհանրությունների (ազգություն, ազգ և նույնիսկ ցեղերի միություն) իմաստով։

Գրկ․ Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965։ Մելիքյան Մ. Ա., Ցեղը, ազգությունը, ազգը որպես մարդկանց ընդհանրության պատմական ձևեր, Ե., 1960։ Алексеев В. В., Род, племя, народность, нация, М., 1962.


ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, ստեղծվել է ՌՍՖՍՀ կառավարության կազմում, Սովետների Համառուսաստանյան 2-րդ համագումարի որոշմամբ, 1917-ի հոկտ. 26-ին (նոյեմբ. 8-ին), Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ։ Իր աշխատանքում առաջնորդվում էր կոմունիստական կուսակցության