նում կուլտուրականացված է (ձիթենի, պիստակենի են), ավելի բարձր՝ խցանածառի, մշտականաչ կաղնու և տերևաթափ ծառատեսակների անտառներն են։ Սահարայում աղուտաբույսեր են, հացազգիներ, պատահում են նան թփեր։
Կենդանական աշխարհն աղքատ է։ Առյուծները, ընձառյուծները, վիթերը, ջայլամները համարյա ոչնչացված են։ Հյուսիսային Ա–ում պահպանվել է բերբերական մակական (մագո), Ալժիրյան Սահարայի հյուսիսում՝ բորենին, շնագայլը, աղվեսը։
IV. Բնակչությունը
Ա–ի հիմնական բնակիչներն ալժիրցիներն են (11,9 մլն. մարդ կամ բնակչության 98,4%-ը, 1966)՝ բաղկացած արաբներից ու բերբերներից։ Ա–ում ապրում են նաև ֆրանսիացիներ (68,4 հզ. մարդ)։ Արմատական բնակչության 81,5%-ը խոսում է արաբերենի ալժիրյան բարբառով, 17,9%-ը՝ բերբերերեն։ Քաղաքային բնակչության շրջանում տարածված է ֆրանսերենը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 5 մարդ է։ Հյուսիսային Ա–ում ապրում է բնակչության 95%-ը։ Ալժիրյան Սահարայում խտությունը 1 կմ² վրա 1 մարդուց պակաս է։ Խոշոր քաղաքներն են՝ Ալժիրը, Օրանը, Կոնստանտինան, Աննաբան, Բլիդան, Սեթիֆը, Սիդի–Բել–Աբբեսը։
V. Պատմական ակնարկ
Ա–ի տերիտորիայում մարդը բնակվել է 300–400 հզ. տարի առաջ։ Սակայն, Ա–ի հայտնի ամենահին բնակիչները համարվում են նումիդիական ցեղերը (ժամանակակից բերբերների նախնիները), որոնց փյունիկեցիները հանդիպեցին մ. թ. ա. XII դ., երբ այդտեղ հիմնում էին իրենց գաղութները։ Մ. թ. ա. III դ. առաջացան մազեզիլների և մասսիլների միջցեղային միությունները, որոնք մ. թ. ա. 202-ին մասսիլների առաջնորդ Մասինիսսայի գլխավորությամբ միավորվեցին Նումիդիայի պետության մեջ։ Մ. թ. ա. 46-ին Ա. գրավեցին հռոմեացիները։ Հռոմեական տիրապետության շրջանում Ա–ի քաղաքներում տարածվեց լատիներենը, իսկ մ. թ. II դ. քրիստոնեությունը։ IV–V դդ. այստեղ առաջ եկավ դոնատականների ժողովրդական շարժումը, որն ընդունեց քրիստոնեական աղանդի ձև։ V դ. ծովեզրյա մասը նվաճեցին վանդալները, իսկ VI դ. բյուզանդացիները։ VII դ. Ա. նվաճեցին արաբները։ Սկսվեց բերբերական ցեղերի արաբացումն ու իսլամացումը, որը տևեց մի քանի դար (որոշ շրջաններում այն շարունակվում է մինչև այժմ)։ VIII–XV դդ. Ա. զանազան պետական կազմավորումների (Թահերտի իմամություն, Ֆաթիմյաններ, Համմադյաններ, Ալմորավյաններ, Ալմոհադներ, Զայյանյաններ) մեջ էր, 1519-ին իշխանությունն անցավ ծովահեն Խայրադդին Բարբարոսային, որը, դուրս քշելով ծովեզրյա քաղաքներում հաստատված իսպանացիներին, իրեն հայտարարեց թուրքական սուլթանի վասալ։ Նրա հաջորդների օրոք որոշվեցին Ա–ի ներկա սահմանները։ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանության թուլացման հետևանքով Ա. XVIII դ. սկզբին փաստորեն դարձավ անկախ ռազմա–ֆեոդալական պետություն՝ տեղական վերնախավի կողմից ընտրվող դեյի գլխավորությամբ։ Ա. Հյուսիսային Աֆրիկայում գաղութային էքսպանսիայի առաջին զոհը դարձավ։ 1830-ին ֆրանսիական զորքերը գրավեցին մայրաքաղաք Ալժիրն ու երկրից վտարեցին դեյին։ Ա–ի ժողովուրդը էմիր Աբդ Էլ–Կադիրի ղեկավարությամբ համառ դիմադրություն ցույց տվեց նվաճողներին։ Ֆրանսիական գաղութարարներն Ա. վերածեցին ագրարային–հումքային կցորդի։ Լավագույն հողերն անցան եվրոպացի վերաբնակիչներին, որոնք ստեղծեցին խոշոր տնտեսություններ՝ վարձու աշխատանքի կիրառումով։ Սակավահող գյուղացիները քայքայվեցին, իսկ ֆեոդալներն աստիճանաբար մերվեցին գաղութարարների հետ՝ պահպանելով իրենց հողերն ու արտոնությունները։
Հոկտեմբերյան հեղափոխությունը մեծ ազդեցություն գործեց Ա–ի ազգային–ազատագրական շարժման վրա։ 1920-ին սոցիալիստական սեկցիաների մեծամասնությունը հարեց ֆրանսիական կոմկուսին, ստեղծվեցին կոմունիստական սեկցիաներ: Ֆրանսիայում ժողովրդական ճակատի հաղթանակից (1936) հետո Ա–ում դեմոկրատական ուժերի համախմբման շարժում սկսվեց։ 1936-ի հոկտեմբերին կազմակերպչորեն ձևավորվեց Ալժիրի կոմունիստական կուսակցությունը (ԱԿԿ)։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո (1940-ի հունիս) Ա–ում տնօրինում էին գերմանա–իտալական ֆաշիստները։ 1942-ի նոյեմբերին անգլո–ամերիկյան զորքերն ափ ելան Ա–ում։ Երկրի անկախության համար շարժումը նոր թափ ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1954-ի մարտին ստեղծվեց «Միասնության և գործողության հեղափոխական կոմիտե», որը շուտով վերակազմվեց որպես Ազգային ազատագրության ճակատ (ԱԱՃ)։ 1954-ի նոյեմբ. 1-ին ԱԱՃ–ի ղեկավարությամբ հակաիմպերիալիստական ապստամբություն սկսվեց։ 1958-ի սեպտ. 19-ին կազմվեց Ալժիրի Հանրապետության ժամանակավոր կառավարություն (ԱՀԺԿ)։ ԱՀԺԿ–ը ճանաչեցին շատ երկրներ, այդ թվում՝ ՍՍՀՄ–ը (դե–ֆակտո՝ 1960-ի հոկտեմբերին, դե–յուրե՝ 1962-ի մարտին)։ Ազգային–ազատագրական շարժման ճնշման տակ ի վերջո Ֆրանսիան ճանաչեց Ա–ի ինքնորոշման իրավունքը։ 1962-ի մարտի 18-ին ստորագրվեցին Էվիանի համաձայնագրերը՝ կրակի դադարեցման, հանրաքվեի միջոցով Ա–ի ինքնորոշման և Ա–ի ու Ֆրանսիայի միջև տնտեսական ու կուլտուրական համագործակցության վերաբերյալ։ 1962-ի հուլիսի 1-ին անցկացված հանրաքվեի ժամանակ բնակչության 99%-ն արտահայտվեց հօգուտ անկախության, որն անմիջապես ճանաչվեց ֆրանսիական կառավարության կողմից։ Հուլիսի 5-ը հայտարարվեց անկախության օր։ 1962-ի սեպտեմբերի 25-ին նորընտիր Սահմանադիր ժողովը Ա. հռչակեց ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ Կառավարության ղեկավար նշանակվեց Ա. Բեն Բելլան։ 1962-ի հոկտ. 8-ին Ա. ՄԱԿ–ի անդամ ընդունվեց: 1962-ի օգոստ. 28-ին Սահմանադիր ժողովն ընդունեց Ա–ի առաջին սահմանադրությունը, որը հավանության արժանացավ սեպտ. 8-ի հանրաքվեի ժամանակ։ Ըստ սահմանադրության, երկրի կառավարող և միակ քաղաքական կուսակցությունը ԱԱՃ–ն է։ 1964-ի ապրիլին կայացած ԱԱՃ կուսակցության համագումարը ընդունեց ծրագրային նոր փաստաթուղթ՝ Ալժիրյան խարտիան, որն ինքնակառավարումը հռչակեց «ազգային ժողովրդական հեղափոխությանը սոցիալիստական հեղափոխության վերաճելու» հիմ–