Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խառնուրդներ, վառոդ ևն։ Ալքիմիկոսներն օգտվում էին միայն իրենց հայտնի ծածկագրերից, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն։ Ոսկին նույնացվում էր արևի, արծաթը՝ լուսնի, իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ մոլորակների հետ։

Ա. չստեղծեց «փիլիսոփայական քար», հասարակ մետաղներից ոսկի և արծաթ չստացավ, սակայն նախադրյալներ ստեղծեց քիմիայի՝ որպես նոր գիտության առաջացման համար։ Ա–ի պատմությունը սովորաբար բաժանում են ենթաշրջանների։ Ալեքսանդրիայում, ուր հանդիպեցին հունական և արևելյան մշակույթները, սկիզբ առավ հունա–եգիպտական Ա., որը Միջագետքի աստղագուշակության, եգիպտական գործնական վարպետության և հունական փիլիսոփայության միաձուլման արդյունքն էր։ Ըստ հունա–եգիպտական Ա–ի, մետաղներն էլ բույսերի ու կենդանիների նման կարող են ծնվել, աճել և հիվանդանալ կամ անկատար ձևից անցնել կատարյալին։ Ալքիմիկոսները փորձում էին իրականացնել տեսության այդ դրույթները՝ մասնավորապես արագացնել «հողը ոսկի դարձնելու դանդաղ ընթացող» երևույթը։ Ալքիմիկոսների մի մասը Ա. համարում էր զուտ փիլիսոփայություն և, արհամարհելով նրա գործնական նշանակությունը, զբաղվում էր միայն «տեսությամբ»։ Նրանց ձեռագրերը լի են կրոնական փիլիսոփայական մտքերով։ Գործնական Ա–ով զբաղվողները գրավոր տեղեկություններ քիչ են թողել։

Չինական Ա. ծագեց հունա–եգիպտական Ա–ի հետ միաժամանակ, սակայն նրանից անկախ։ Ըստ չին ալքիմիկոսների, նյութերի ցանկալի փոխարկումը հնարավոր է միայն նյութական սկզբնապատճառի՝ փոխակերպման կատալիզատորի («փիլիսոփայական քար») ավելացման միջոցով։ Երբ արաբները գրավեցին Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Իսպանիան, սկիզբ առավ արաբական Ա.։ Շփման մեջ լինելով հույների, պարսիկների, հայերի, չինացիների և այլ ժողովուրդների հետ՝ արաբները վերցրին նրանց գիտելիքները և կիրառեցին իրենց աշխատանոցներում։ Մեզ են հասել նրանց գրած (IX–XII դդ.) բազմաթիվ գրքեր, որոնք հարուստ են առեղծվածային մտքերով և աստղագուշակություններով։ Արաբ ալքիմիկոսներից ամենահայտնին Ջաբիր իբն Հայյանն է (VIII–IX դդ.)։ Արաբական Ա–ի կենտրոններն էին Բաղդադը և Կորդովան։

Արաբներից ալքիմիական գիտելիքները փոխանցվեցին Արևմտյան Եվրոպա։ Եվրոպական Ա-ի ծաղկումը սկսեց IX դ.։ Թարգմանվեցին արաբական ձեռագրերը։ Եվրոպական Ա. տվեց բազմաթիվ խոշոր մտածողներ, որոնք նկատելի հետք թողեցին մշակույթի պատմության մեջ։ Դրանցից են Ռ. Լուլին (1236–1316), Առնալդո դա Վիլլանովան (1250–1313), Ալբերտ Մեծը (1193–1280), Ֆրա Բոնավենտուրը (1221-74), Ռ. Բեկոնը (1214-94), Վ. Վալենտինիուսը (XV–XVI դդ.) և ուրիշներ։

Միաժամանակ հանդես եկան բազմաթիվ խաբեբա «ալքիմիկոսներ»՝ դրամանենգներ, որոնք հարստանալու տենչով տարված դիմում էին ամեն տեսակ խաբեությունների և աստիճանաբար մթագնեցին ալքիմիկոսների համբավը։ Իտալացի Ջ. Բալսոմոն (1743–95) իրեն ներկայացնում էր որպես Քրիստոսի ժամանակակիցը, որը տիրում է «կյանքի էլիքսիր»–ին և «փիլիսոփայական քար»–ին։ Նրա և նմանների արկածները բազմիցս տեղ են գտել գեղարվեստական գրականության մեջ (Գյոթե, «Մեծ ղպտին», Ա. Դյումա (հայր), «Ժոզեֆ Բալզամո», «Թագուհու մանյակը», Դանթե, «Աստվածային կատակերգություն», «Դժոխք», երգ XXIX, տող 73-139 ևն)։

Ա. Ռուսաստանում մեծ տարածում չունեցավ։ Ակադ. Ն. Ա. Ֆիգուրովսկու կարծիքով քիմ. գիտելիքները Ռուսաստանում տարածվեցին նախ և առաջ հայ բժիշկների քիմիկոսների և արհեստավորների միջոցով, որտեղից էլ այդ գիտելիքները փոխանցվեցին Արևելյան Եվրոպայի երկրներ։

Ալքիմիական աշխատանքներ Հայաստանում տարվել են դեռևս Ա–ի ծագման շրջանում։ Ինչպես վկայում են մեզ հասած ձեռագրերը, հայկական Ա. կանգնած էր ավելի ռեալիստական հիմքերի վրա և շատ դեպքերում զերծ էր Ա–ին հատուկ խորհրդամոլությունից։ Հայ ալքիմիկոսներից շատերը նույնիսկ օտար աղբյուրներից օգտվելիս վերցնում էին գործնական նշանակություն ունեցող փաստերը։ Նրանք չկտրվեցին գործնական արվեստից և գնացին իրենց վարպետությունը կատարելագործելու ուղիով։ Մետաղագործության, ոսկերչության, ապակու հալման, խեցեգործության, գինեգործության, ներկերի և դեղանյութերի ստացման ասպարեզում հայ ալքիմիկոսները հաճախ հասել են հիանալի արդյունքների։ Հայտնի են հայկական բարձրորակ մագաղաթները, ներկերը, թանաքները, հոտավետ յուղերը, օճառները ևն։ Գործնական Ա. Հայաստանում հենվում էր բնափիլիսոփայական տեսական ուսմունքի վրա։ Հայկական Ա. ոչ միայն կրել է հարևան երկրների Ա–ի ազդեցությունը, այլև իր ազդեցությունն է թողել նրանց վրա։ Ժամանակի առաջադեմ երկրների հետ հայերի տնտեսական և մշակութային կապերը պայմաններ էին ստեղծել նման փոխազդեցության համար։ Ոսկերչական իրերի, գորգերի, ներկերի, աղերի և ալքիմիական սարքերի ու հարմարանքների արտահանման հետ միասին Հայաստանից արևելյան և արևմտյան երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Այդ մասին են վկայում բազմայլալեզու և հայերեն ձեռագրեր, որտեղ «փիլիսոփայական քար», «փիլիսոփայական ձու» արտահայտությունների կողքին հանդիպում ենք նաև «հայկական քար», «հայկական ձու» արտահայտություններին։ Ջաբիրի, Վ. Վալենտինիուսի, Ի. Հոլանդի և այլոց աշխատություններում և հայկական ձեռագրերում կա «հայկական աղ» արտահայտությունը, որը համարվում էր «փիլիսոփաների արևը», այն նուրբ ոգին, առանց որի անհնար է «էլիքսիր» պատրաստել։ «Հայկական աղ» ասելով հաճախ հասկանում էին նաև որևէ իրական նյութ։ Տարբեր հեղինակներ այդպես են անվանել մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, անուշադրը ևն, որոնք հավանորեն արտահանվում էին Հայաստանից։ Հայկական ալքիմիական ձեռագրերը դեռևս վատ են ուսումնասիրված։ Այդ է պատճառը, որ մեծաթիվ չեն մեզ հայտնի հայ ալքիմիկոսների անունները։ Չի վերծանված նրանց թողած դեղագրերի մեծ մասը։ Միայն մասամբ են ուսումնասիրված Ստեփանոս Իմաստասերի, Դանել Աբեղայի, Օհան Թոխաթցու, Ղազար Եպիսկոպոսի, Տեր–Հարություն Էրզրումցու և այլոց գործերը։ Հայկական Ա–ի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ամիրդովլաթ Ամասիացա դեղագիտական աշխատությունները։

Գրկ. Ղաֆադարյան Կ., Ալքիմիան պատմական Հայաստանում, Ե., 1940։ Казанджян Т. Т., Очерки по истории химии в Армении, 1955; Джуа М., История химии, пер. с итал., М., 1966. Ա. Հարությունյան, Լ. Գրիգորյան