Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. շ–ի արևմտյան մասով հոսում է Ախուրյան գետը (Ջաջուռ և Քառանգու վտակներով)՝ շրջանի ոռոգման հիմնական աղբյուրը։ Գերակշռում են լեռնատափաստանային սևահողերը։ Տիրապետող են տարախոտա–հացազգի բույսերը։ Գրեթե անտառազուրկ է։ Կենդանական աշխարհը ներկայացված է լեռնատափաստանային տեսակներով՝ աղվես, գայլ, նապաստակ, խայտաքիս, կզաքիս, զանազան կրծողներ, թռչուններ ևն։ Գտնվում է 7–8 բալանոց սեյսմիկ գոտում։ Հարուստ է ոչ մետաղային օգտակար հանածոներով, հատկապես՝ շինանյութերով (տուֆ, պեմզա, բազալտ, դիսւտոմիտ, կրաքարեր, հրաբխային խարամ)։ Կա նաև արդյունաբերական նշանակություն չունեցող գորշ ածուխ (Ջաջուռ)։

Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում է 33605 մարդ (1972), հիմնականում՝ հայեր։ Ապրում են նաև ռուսներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 57,7 մարդ է։ Խտությունը շրջանի բոլոր մասերում համաչափ է։ Ունի 36 բնակավայր։

Քարտեզը տես 145 էջից առաջ՝ ներդիրում։

Պատմական ակնարկ։ Ա. շ–ի տարածքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակի գավառի կենտրոնական մասն էր։ Հնում Ա. շ. պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ VIII–XI դդ. այնտեղ իշխել է Բագրատունիների Անի–Շիրակի ճյուղը։ Անի–Շիրակի թագավորության անկումից հետո (1045) այստեղ որոշ ժամանակ տնօրինում էին սելջուկ թուրքերը, իսկ XII դ. վերջերին և XIII դ. սկզբներին՝ Զաքարյան իշխանները։ XVI–XVIII դդ. Ա. շ. հարևան տերիտորիաների հետ միասին մերթ մտնում էր Կարսի փաշայության, մերթ՝ Երևանի խանության, մերթ էլ՝ Արևելա–վրացական կիսանկախ պետության (Քարթլի) մեջ։ Ա. շ. Ռուսաստանին է միացել 1805-ին։ XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբներին Ախուրյանի շրջանն Արթիկի, Սպիտակի, Ամասիայի և Ղուկասյանի շրջանների հետ միասին կազմում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը, որը 1920–24-ին դարձյալ կրում էր նույն անունը, իսկ 1924–29-ին՝ Լենինականի գավառի Դուզքենդի գավառակ (մինչև 1937՝ նորից Լենինականի շրջան)։ Ա. շ. երկրագործական հնագույն կենտրոններից է։ Բնակչության հիմնական զբաղմունքն է եղել երկրագործությունն ու անասնապահությունը: Նախասովետական տարիներին Ա. շ–ի հիմնական կենտրոնն Ալեքսանդրապոլն էր (այժմ՝ Լենինական)։

Ա. շ–ում մինչ հեղափոխությունը մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում աշխատող ախուրյանցիները։ Սովետական կարգերի հաստատումից հետո շրջանում կազմավորվում են կուսակցական բջիջներ՝ Դուզքենդում (Ախուրյան), Ղոնախղռանում (Շիրակ), Ջաջուռում, Թափադոլակում (Արևիկ), Դիրաքլարում (Կառնուտ) և այլ գյուղերում։ Առաջին գավառամասային կոնֆերանսը տեղի է ունեցել 1921-ի հուլիսի 27-ին։ Դուզքենդի գավառակում այդ ժամանակ կար 21 կուսանդամ և 3 թեկնածու։ Կարճ ժամանակ անց ձևավորվում է նաև գավառամասային կոմերիտական կազմակերպությունը։

Աստիճանաբար ամրապնդվելով՝ գավառակի կուսկազմակերպությունը դառնում է նախ Լենինականի շրջանային, ապա՝ Դուզքենդի (1937) շրջանային, իսկ 1945-ից՝ Ա. շ–ի կուսակցական կազմակերպությունը։ Տեղի է ունեցել 26 կուսկոնֆերանս։ 1973-ի հունվ. 1-ի դրությամբ Ա. շ–ում կար 81 սկզբնական կազմակերպություն՝ 1791 կոմունիստներով, 81 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 4300 կոմերիտականներով։

Ա–ում հայտնաբերվել են մարդկության վաղ շրջանի նյութական մշակույթի մնացորդներ։ Այստեղ են գտնվում Վահրամաբերդի ուրարտական ամրոցը՝ Ռուսա Ա–ի (մ. թ. ա. 730–714) սեպագիր արձանագրությամբ, Կառնուտի բազիլիկ եկեղեցին (IV–V դդ.), Ջրառատի եկեղեցին (VII դ.), Մարմաշենի վանքը (X–XIII դդ.), ինչպես նաև տարբեր ժամանակաշրջանների ամրոցների, բերդերի ավերակներ, դամբարաններ, խաչքարեր։

Նկարում` Ախուրյան գյուղի ճակնդեղի դաշտերը։

Նկարում` Ճակնդեղի մթերման կայան Ախուրյանում։

Տնտեսությունը։ Առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է։ Նախկինում հետամնաց գյուղատնտեսական շրջան էր՝ մի քանի հարյուր հա ոռոգվող հողատարածություններով։ Մշակում էին հացահատիկային և չնչին քանակությամբ բանջարանոցային բույսեր։ Շիրակի ջրանցքի կառուցման շնորհիվ (1925) հնարավոր եղավ Ա. շ–ամ ոռոգել շուրջ 12 հզ. հա հող, իսկ Ախուրյան գետի վրա կառուցված ջրհան կայանների (Ոսկեհասկի, Ախուրիկի, Դետքի, Կապսի, Բայանդուրի) շահագործումով ոռոգվող հողատարածությունները հասան 14,7 հզ. հա։ Կառնուտի ջրամբարի (22 մլն. մ³, կոռոգի 7 հզ. հա Ախուրյանի, Արթիկի և Անիի շրջաններում) և Ախուրյանի աջափնյա ջրանցքի կառուցումով ոռոգովի հողատարածությունները կավելանան ևս մի քանի հզ. հա–ով։ Ոռոգման շինարարության շնորհիվ ծրջանում սկսեցին մշակել շաքարի ճակնդեղ, ընդարձակվեցին հացահատիկի, բանջարանոցային ու կերային բույսերի ցանքատարածությունները։ Հողային ֆոնդը 57600 հա է, որից 44,2 հզ. հա (70%) օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար, այդ թվում վարելահողեր՝ 26,1 հզ. հա, խոտհարքներ՝ 3 հզ. հա, արոտավայրեր՝ 14,5 հզ. հա և բազմամյա տնկարկներ՝ 368 հա։ Վարելահողերի տարածությամբ և հացահատիկային բույսերի ցանքատարածություններով Ա. շ. ՀՍՍՀ–ում միայն Վարդենիսի շրջանին է զիջում։ Գերակշռում են հացահատիկային (ցորեն) և տեխնիկական (շաքարի ճակնդեղ և մասամբ՝ կտավատ) բույսերը։ Շաքարի ճակնդեղի ցանքատարածություններով (2200 հա) և համախառն բերքով Ա. շ. ՀՍՍՀ–ում գրավում է առաջին տեղը։ Շաքարի ճակնդեղի մշակությունը շրջանում սկսվել է 1930–ական թթ.։ Ա. շ. մտնում է Լենինականի քաղաքամերձ գոտու մեջ և քաղաքի բնակչությանը թարմ կաթի ու բանջարեղենի հիմնական մատակարարողն է։ Բանջարեղենի և կարտոֆիլի ցանքերը ներկայումս զբաղեցնում են 524 հա։ Ա. շ. մուտք է գործում պտղաբուծությունը՝ տանձ, խնձոր (1940-ին՝ 67 հա, 1972-ին՝ 368 հա)։ Ինտենսիվ անասնապահական շրջան է, ունի 32,3 հզ. գլուխ խոշոր և 67,5 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն (1972)։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով երրորդ տեղում է ՀՍՍՀ–ում (Սիսիանի և Մարտունու շրջաններից հետո)։ Կերային բույսերի ցանքերն զբաղեցնում են 10000 հա (ընդհանուր ցանքատարածությունների 38%-ը)։ Զարգանում է թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, խոզաբուծությունը:

Արդյունաբերությունը։ Ներկայացված է շինանյութերի արդյունահանման ու վերամշակման ձեռնարկություններով (տարեկան համախառն արտադրանքը՝ մոտ մեկ մլն. ռուբլի)։ Ամենամեծ ձեռնարկությունը Ջաջուոի կրի գործարանն է՝ տարեկան 60 հզ. ա կարողությամբ։ Ա. շ–ում տարեկան արդյունահանվում է 180–200 հզ. մ³ տուֆ (Մայիսյան, Մարմաշեն, Կապս), մոտ 50 հզ. մ³ բազալտ (Կառնուտ, Ազատան, Այգաբաց)։ Մուսայելյան գյուղում գործում է յուղի–պանրի գործարան։ 1929-ից գործում է Լենինականի ՀԷԿ–ը՝ 5,8 հզ. կվտ կարողությամբ։ Ա. շ–ի տերիտորիայով անցնում են Թբիլիսի–Լենինական–Երևան, Լենինական–Արթիկ–Մարալիկ և Լենինական–Կարս (Թուրքիա) երկաթուղիները։ Շրջանի երկաթուղային տրանսպորտով իրականացվող բեռնաշրջանառությունը հիմնականում կատարվում է Լենինական կայարանի միջոցով։ Լենինականից ճառագայթաձև դուրս եկող բարեկարգ խճուղիների վրա տեղաբաշխված է բնակավայրերի մեծ մասը։ Կա նաև տեղական ճանապարհների խիտ ցանց (202 կմ, որից 150 կմ՝ կոշտ ծածկով)։ Բոլոր բնակավայրերը Լենինականի հետ կապված են մշտապես գործող ավտոբուսային տրանսպորտով։ 17 բնակավայրերում գործում են կապի բաժանմունքներ։

Վերակառուցվել ու բարեկարգվել են բնակավայրերը։ 1920–66-ին Ա. շ–ում կառուցվել է 6530 տուն՝ մոտ 334 հզ. մ² բնակելի տարածությամբ։ 1967-ին շրջկենտրոնը ստացավ բնական գազ։ Բնակավայրերի