Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին, 2–4 հարկանի։ Քաղաքը մաքուր էր, բարեկարգ, սալահատակված փողոցներով։ Ակնցիք վարպետ արհեստավորներ և առևտրականներ էին։ XIX դ. վերջերի Ա–ում գործում էին երկսեռ դպրոցներ (Նարեկյան և Ներսեսյան), եկեղեցիներ (Ս. Աստվածածին և Ս. Գևորգ), ազգային ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870-ից Ա–ում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873-ին այստեղ ներկայացվել է «Ս. Մեծն Ներսես» պիեսը։

1896-ի սեպտ. 3–4-ին թուրք հրոսակները հարձակվեցին Ա–ի, իսկ քրդերը՝ շրջակա հայ գյուղերի (Լիճք, Բինկյան, Զմարա, Կասմա, Ապուչեխ, Կամարակապ ևն) վրա, կոտորեցին բնակիչներին, կողոպտեցին ու հրդեհեցին տները։ Ականատեսի վկայությամբ, զոհերի թիվը հասավ 3000-ի։ Հետագա երկու տասնամյակում հայերը վերաշինեցին քաղաքը, Ա–ում նորից կյանքն աշխուժացավ։ Մեծ եղեռնին Ա. և շրջակա գյուղերը դատարկվեցին հայերից, որոնց մեծ մասը շուտով զոհ գնաց գաղթի ճանապարհին։

Ակնցիները տվել են գրչի ու մտքի բազմաթիվ ականավոր մշակներ՝ բժիշկներ և ուսուցիչներ, արվեստագետներ, իրավաբաններ, ազգային և հոգևոր գործիչներ։ Ա–ից են սերում Ա. Արփիարյանը, Մ. Մեծարենցը, Գ. Զոհրապը, Սիամանթոն, Ա. Չոպանյանը, Մինաս Չերազը, Ն. Գալանտերյանը։ Ա. մոտ 200 տարի ամիրայական նշանավոր գերդաստաններ է տվել Կ. Պոլսին և Զմյուռնիային (Տատյան, Ճեգայիրլյան և ուրիշներ)։

Գրկ. Սրվանձտյանց Գ., Թորոս աղբար, հ. 1, ԿՊ [1879]։ Քեչյան Ա., Ակն և ակնցիք, Փարիզ, 1952։ Ագատյան Թ., Ակն և ակնցիք, Իսթանբուլ, 1943։

ԱԿՆԱ ԲԱՐԲԱՌ, խոսվել է Ակն քաղաքում և շրջակա գյուղերում, պատկանում է կը ճյուղին, ունի եռաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ (բհ, բ,–,փ), օ, ու առաջնալեզվային–շրթնայնացած ձայնավորներ (չօրս, ութ)։ Ռնգայիններից առաջ ա դառնում է օօնջ<ճանճ), բառավերջի հ-ից առաջ ավելանում է յ (մայհ< մահ, գհօյհ < գոհ), բայական վերջավորությունների ե-ն ռնգայիններից առաջ վերածվում է ի-ի), երկբարբառները պարզված են (հար<հայր, լուս<լոյս, արուն <արիւն)։ Ընթացական ներկան կազմվում է ա մասնիկ–բառով (հմմտ. գու բհէրիմ - գու բհէրիմ ա), հարկադրականը՝ դի>դ եղանակիչով ձայնավորից առաջ (դի բհէրիմ, դհուդէանք), բայերի հոգնակի առաջին դեմքը՝ անք (<ինք) վերջավորությամբ։

Գրկ. Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911։ Գաբրիելյան Մ. Ս., Ակնա գավառաբարբառը և արդի հայերեն լեզու, Վնն., 1912։ Maxudianz M., Le parler arménien d'Akn, P., 1912. Ա. Ղարիբյան

ԱԿՆԱ ԳԱՎԱՌԱԿ (թուրք. Էգին կազասը), գտնվում է Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Երզնկայի վիլայեթում։ Ա. գ–ի հյուսիս–արևմուտքից դեպի հարավ–արևելք հոսում է Արևմտյան Եփրատ (Կարասու) գետը։ Կլիման բարեխառն է, առողջարար, օդը՝ մաքուր լեռնային դիրքի (բարձր. 2000–2300 մ), առատ ջրի և փարթամ բուսականության շնորհիվ։ Ձմեռը (հատկապես հունվարը) ցուրտ է, ամառը՝ տաք։ Աճում են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, թութ ևն։ Վարչական տեսակետից Ա. գ. բաժանված էր 8 գյուղախմբերի (ընդամենը՝ 102 գյուղ)։ Գավառակը կառավարվում էր կայմակամի, իսկ գյուղախումբը՝ մյուդիրի կողմից։ Համաձայն 1885-ի մարդահամարի, Ա. գ–ում հայերը կենտրոնացած էին հետևյալ բնակավայրերում՝ Ակն (5442 բնակիչ), Կամարակապ (1133), Ապուչեխ (1066), Բենկա կամ Բինկյան (874), Լիճք (507), Կարուշլա (204), Նարվեր (191), Վանք (180), Ձորակ (170), Շրզու (138) և Մուշեղկան (62)։ Այս գյուղերում բնակվում էին նաև թուրքեր։ Բացի այդ կային թուրքացած հայ գյուղեր (Խաչուկիլ, Վարդանկիլ, Կնքահայրկիլ ևն), որոնց թիվն անցնում էր 40-ից։ Դրանց բնակիչները թուրքերից հալածվելով հարկադրաբար իսլամացել էին XVI–XVII դդ.։ Իսլամացած հայերի լեզվում, որ թուրքերենն էր, օգտագործվում էին ոչ քիչ թվով հայերեն բառեր։ Հայաբնակ բոլոր գյուղերում հայերն ունեին դպրոց, եկեղեցի, զանազան մշակութային միություններ։ Ապուչեխում կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միությունները, թատրոն և գրադարան, հրատարակվում էր «Մտրակ» թերթը, Կամարակապում՝ «Ազգանազյան», «Դպրոցասիրաց» և «Հույս ի պսակ» ընկերությունները ևն։ Հայերն զբաղվում էին արհեստներով (հյուսնություն, կոշկակարություն, դերձակություն ևն), առևտրով, գյուղատնտեսությամբ։ Ապուչեխում հյուսում էին նրբաթել յազմաներ և դիմացկուն կերպասներ։ Հռչակված էին Կամարակապի ոսկերիչները, երկաթագործները և շերամապահները։ Ա. գ–ի հայկական գյուղերը, կառուցված լինելով սարալանջերին, ունեին ամֆիթատրոնի տեսք։ Առհասարակ տները երկհարկ էին, բայց կային 3–4 հարկանի ևս։ Վանք գյուղից 1 կմ դեպի հյուսիս–արևելք եղած ուրարտական ավերակները վկայում են, որ ուրարտական շրջանում որոշ բնակավայրեր են եղել Ա. գ–ում։

Ա. գ–ի հայերը տեղահան արվեցին Մեծ եղեռնի ժամանակ (տես նաև Ակն

ԱԿՆԱ ԼԻՃ, Հայկական ՍՍՀ Աբովյանի և Կամոյի շրջանների սահմանագլխին։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի 3032 մ բարձրության կատարային սարավանղի վրա։ Մակերեսը 0,8 կմ² է։ խորությունը՝ մինչև 15 մ։ Առաջացել է լավաների արգելակումից։ Սնումը՝ ձնհալքից և աղբյուրներից։ Ձմռանը սառցակալում է։ Ջուրն անուշահամ է, հանքացումը՝ մինչև 100 մգ/լ։ Կառուցված է ջրարբիացման համակարգ, լճի ջուրը խողովակաշարերով փոխադրվում է արոտավայրերը և ոռոգում 11 հզ. հա տարածություն՝ միաժամանակ ջուր տալով խոտհարքներին։

ԱԿՆԱ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1945-ի հունվարի 20-իև, Նյու Յորքում, ԱՄՆ գաղթած ակնցիների կողմից՝ նպատակ ունենալով նյութապես օժանդակել երկրորդ համաշխարհային պատերազմից տուժած, զանազան երկրներում գտնվող ակնցիներին, կապ հաստատել սփյուռքի հայրենակիցների միջև, Սովետական Հայաստանում հավերժացնել Ակնի անունը։ Միությունը նյութական օգնություն է ցույց տվել Սովետական Հայաստան ներգաղթող ակնցիներին, Նոր Ակն թաղամասի (Սովետաշենում) կառուցապատմանը, նպաստավորել ակնցի ուսանողներին։ Ա. հ. մ. ունի իր մասնաճյուղերն ԱՄՆ–ի զանազան քաղաքներում, ինչպես նաև Հալեպում, Փարիզում, և Ալեքսանդրիայում։

ԱԿՆԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնել են ԱՄՆ գաղթած ակնցիները Բոստոնում, 1898-ին։ Ընկերությունն ունեցել է գործունեության երեք հիմնանան շրջան՝ 1898–1910 (Բոստոնում), 1911–1913 և 1919–26 (Նյու Յորքում ու Նյու Ջերսիում)։ Առաջին երկու շրջաններում ընկերության նպատակն է եղել նյութապես օգնել Ակնի դպրոցներին և կարիքավոր աշակերտներին, իսկ երրորդ շրջանում՝ տարագրության հետևանքով Սիրիա ապաստանած հայրենակիցներին։

ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, օֆթալմոլոգիա (<հուն. ὀφθαλμὸς – աչք + … լոգիա), գիտություն աչքի հիվանդությունների մասին։ Ընդգրկում է աչքի թերապիան, վիրահատությունը և ֆիզիոլոգիական օպտիկան (լուսազգացողություն, կենտրոնական և ծայրամասային տեսողություն, գունազգացողության, աչքի բեկունակություն, ակնոցային օպտիկա)։