Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, աշխատանքային, ֆիզիկական, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, սովորողների ինքնագործունեությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Ա. փոխել է մեր դպրոցներում երգեցողության կրոնական բովանդակությունը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ՝ «Խորհրդածություն դաստիարակության վերա» (1869), «Պատժի մասին», «Ուսումն մայրենի լեզվի» (1875), «Գրագիտություն ուսուցանելու ուղիղ ճանապարհը և նորանից խոտորվելը» (1883), «Մեր ուսուցիչներին ընկերական նվեր» (1892) ևն։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875–1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Երկ. Երկ., հ. 1–4, Ե., 1962 – 63։

Գրկ. Ասատրյան Ա., Ղազարոս Աղայան. կյանքն ու գործունեությունը, Ե., 1940։ Մուրադյան Հ., Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Ե., 1941։ Ղ. Աղայանը մանկավարժ, կազմ․ և խմբ. Շավարշյան Ա. Ե., 1941։ Իսահակյան Ա., Իմ հուշերից, Ե., 1946։ Աստվածատրյան Վ., Աղայանը մանկավարժ, Ե., 1957։ Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում, կազմ․ և ծանոթ. Ասատրյան Ա. Ե., 1967։

ԱՂԱՅԱՆ Մուշեղ Ղազարոսի (1883– 1966), հայ երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1939)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ղ. Աղայանի որդին։ Ծնվել է նոյեմբերի 17-ին, Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել Մ. Եկմալյանին։ Երաժշտական կրթությունն ստացել է Պետերբուրգի (1907–11) և Մոսկվայի (1925–30) կոնսերվատորիաներում։ Աշխատել է որպես երաժիշտ–մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն)։ Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում։ 1930-ին տեղափոխվել է Երևան, Շ. Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ–Նովայի (1946) և Ջիվանու (1955) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»–ի 2-րդ գիրքը (1950), խմբագրել Սպ. Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին և, 2-րդ հատորները (1949, 1952), Շերամի երգերի ժողովածուն (1959): Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել ժող. և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» ևն)։ 1934–1939-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Մահացել է սեպտ. 11-ին, Երևանում։

Երկ. Երաժշտական ակնարկներ, Մ., 1927։ Հայ գուսանները և գուսանա–աշուղական արվեստը, Ե., 1959։

Նկարում` Ղ. Աղայանի տուն–թանգարանը։


ԱՂԱՅԱՆԻ ՏՈՒՆ–ԹԱՆԳԱՐԱՆ, գործում է 1965-ից, Ղազարոս Աղայանի ծննդավայրում (ՎՍՍՀ Խաչեն գյուղ)։ Տեղավորված է երկհարկանի շենքում, ուր անցել է գրողի մանկությունը։ Երկրորդ հարկի երեք սենյակներում ցուցադրված են գրողի անձնական և տնային գործածության իրերը, երկերի հրատարակությունները, ժամանակակիցների ու հարազատների լուսանկարները։

Նկարում` Ի. Ի. Աղայանց։


ԱՂԱՅԱՆՑ Իվան Իվանի (1911-1968), սովետական հետախույզ, գեներալ–մայոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1936-ից։ Ծնվել է օգոստոսի 28-ին, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ) քաղաքում, քահանայի ընտանիքում։ Ավարտել է (1955) ՍՍԿԿ Կենտկոմին կից Բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1930-ից աշխատել է ՍՍՀՄ անվտանգության մարմիններում, ղեկավար պաշտոններ է վարել ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր Պետական անվտանգության կոմիտեում։ Ա. 1930-ական թթ. զգալի աշխատանք է կատարել գերմ. ֆաշիզմի հակասովետական պլանների բացահայտման գործում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գլխավորել է գերմ. հետախուզության դեմ ուղղված մի շարք գործողություններ։ Ետպատերազմյան տարիներին կազմակերպել ու ղեկավարել է Սովետական Միության ու սոցիալիստական մյուս երկրների դեմ իմպերիալիստական պետությունների հետախուզությունների քայքայիչ գործունեությունը մերկացնող միջոցառումներ։ Գործնական աշխատանքին զուգընթաց մշակել է հակահետախուզության հատուկ տեսական պրոբլեմներ։ Պարգևատրվել է Լենինի ու սովետական հինգ այլ շքանշաններով, մեդալներով և բուլղարական «1944 թ. սեպտեմբերի 9» I աստիճանի շքանշանով։ Մահացել է մայիսի 12-ին, Մոսկվայում։ Գ. Բադամյանց


ԱՂԱՅԻՆ ՏԵԿՏՈՆԻԿԱ, աղային զանգվածների և դրանք ծածկող շերտախմբերի ծալքավոր դեֆորմացիաներ, որոնք սովորաբար ուղեկցվում են աղային գմբեթների առաջացմամբ, աղերի մածուցիկ հոսքով և շրջապատի շերտերի ուժեղ ճմլումներով։ Ծածկող հզոր շերտախմբի ճնշման տակ աղը պինդ վիճակից անցնում է պլաստիկ վիճակի և բարձր ճնշման տիրույթից հոսում դեպի ցածր ճնշման տիրույթներն առավելապես այն ժամանակ, երբ աղաբեր ավազանը կազմող շերտախմբերը տեկտոնական ուժերի ազդեցության տակ ծռվում են և խզվում։ Այս դեպքում աղի պլաստիկ զանգվածները վերաբաշխվում են՝ առաջացնելով վահանաձև կուտակումներ, պատնեշներ և սյուներ։ Աղային զանգվածները մակերես են բարձրանում 5–8 կմ խորություններում տեղակայված առաջնային աղաբեր ֆորմացիաներից և կազմում մինչև 100 կմ² կտրվածք ունեցող, այսպես կոչված՝ աղային գմբեթներ։ Աղի բարձրացումը գմբեթներում կրում է անմիջական բնույթ և մի շարք շրջաններում շարունակվում է նաև այժմ։ Աղային գմբեթի միջուկը կազմված է խիստ ճմլված, դեֆորմացված աղային զանգվածներից, առաստաղը՝ կավերի, գիպսի և կարծր ապարների խառը կուտակներից, իսկ կողային ապարները՝ աղային միջուկի լանջերին տեղակայված զառիթափ կամ հորիզոնական շերտախմբերից։ Ա. տ–ի դասական շրջաններն են՝ Նախաուրալյան իջվածքը (Սոլիկամսկ), Մերձկասպյան սինեկլիզը, Գերմանա–Լեհական իջվածքը, Հարավային Իրանը, Լենայի, Մեքսիկական և Երևանյան ավազանները։ Աղային գմբեթները ներփակում են քարաղի, անհիդրիտի, գիպսի, երբեմն էլ կալիումական աղերի ու բորատների արդյունաբերական կուտակներ։ Աղային սյուների լանջերի ծակոտկեն շերտերը և փակուղիները հաճախ պարունակում են նավթ և գազ։ Տես նաև Դիապիրայինն ծալք։ Ա. Ասլանյան


ԱՂԱՅԻ–ՇԵՆԼԻԿ, Աղային–Շենլիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, լեռնային վայրում։ Մեծ եղեռնի նախօրյակին ունեցել է 140 հայ բն., որոնք զբաղվել են երկրազործությամբ ու անասնապահությամբ։ Ա. Շ–ում կար նախակրթական վարժարան։ 1915-ին գյուղի բնակչության մի մասը զոհվել է, մյուս մասը գաղթել տարբեր վայրեր։


ԱՂԱՆԲԵԳՅԱՆ Աբել Գյոզի (ծն. 1932), սովետական տնտեսագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Սովետական տնտեսագիտա–մաթ. դպրոցի հիմնադիրներից։ Ծնվել է հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիում։ 1955-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1955–61-ին աշխատել է ՍՍՀՍ Սինիստրների սովետի աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետ. կոմիտեում։ 1961–66-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի արդ. արտադրության էկոնոմիկայի ու կազմա–

Նկարում` Ա. Գ. Աղանբեգյան