Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րանանման գահույքներ»։ Ամրոցի մի ծայրում, հաստահեղույս պատերին կից, կառուցվել են մեծամեծ շտեմարաններ, համբարանոցներ, զինանոցներ և այլ օժանդակ շենքեր։ Ամբարտակի կառուցումով լճի մի հատվածը արհեստականորեն առանձնացվել է իբրև ծովածոց, որով և, ըստ պատմիչի, «բազում նաւաց յօրինեալ խաղաղ և անփոյթ նաւահանգիստ…» (Պատմութիւն…, ՍՊԲ, 1887, էջ 294)։Պարիսպը և նավահանգիստը ներկայումս ջրի տակ են։

Զուգահեռաբար իրագործվել է կղզու ճարտ. համակառույցի մյուս մասերի շինարարությունը, ստեղծվել դեպի քաղաքային հրապարակները, պարտեզներն ու այգիները տանող Փողոցների որոշակի ցանց։ Ըստ հատակագծային հորինվածքի, կղզու բարձրադիր մասում կառուցվել են արքունական և իշխանական ապարանքներ, զբոսատեղիներ, փողոցներ ու ծառուղիներ, որոնք կրկին պարսպապատվել ևն կազմել են միջնաբերդը։ Շինարարության պսակն են դարձել երկու հուշարձան կոթողներ՝ Գագիկ Արծրունու պալատը և Սուրբ Խաչ եկեղեցին, որոնց կառուցումը հանձնարարվել է հանճարեղ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելին։

Քաղաքի ճարտ. համակառույցում գերիշխող պալատն ունեցել է կենար, գմբեթածածկ դահլիճ՝ 40 կանգուն (20,8 մ) լայնությամբ, 40 կանգուն երկարությամբ և նույնքան էլ բարձրությամբ։ Պատերի հաստությունը եղել է մոտ 3,1 մ։ Դահլիճի որմնանկարներում պատկերվել են «ոսկե զարդ գահոյք, յորս բազմեալ երևի արքայնազելի ճոխութեամբ, շուրջ զիւրեաւ անելով պատանեակս լուսատեսակս, սպասաւորս ուրախութեան, ընդ նմին և դասս գուսանաց և խաղս աղջկանց զարմանալոյ արժանիս. անդէն և սուսերամերկաց հոյլք և ըմբշամարտաց պատերազմանք. անդ և դասք առիւծուց և այլոց գազանաց…, երամք հաւուց զարդարեալք ի պէսպէս պաճուճանս…» (նույն տեղում, էջ 295–96)։

Ա–ի շինություններից կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին (915–921)՝ հայկական ճարտարապետության գոհարներից մեկը։ Դա խաչաձև հատակագծով, քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկ. 17 մ, լայն.14 մ, բարձր, գմբեթով՝ 24 մ)` արևելակողմի զույգ ավանդատներով։ Հատակագծային հորինվածքը մոտենում է Ավանի և Հռիփսիմեի տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև տաճարների տարածական սկզբունքներին համապատասխան։ Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ: Եկեղեցին պսակվում է լայնանիստ, ներսից շրջանաձև, դրսից 16 նիստանի թմբուկի վրա բարձրացող գմբեթով։ Նախկինում թմբուկի ծածկը հավանաբար եղել է ութանիստ, որը բնորոշ էր VI-VII դդ. հուշարձաններին։ Տաճարի հվ. աբսիդում մուտքից վերև, գմբեթարդից ցած տեղադրված է եղել թագավորական օթյակը, ուր բարձրացել են արտաքին քարե սանդուղքներով։ Օթյակն առանձնացված էր քարե կամարակապ բազրիքով և արտաքուստ հարդարված ճոխ քանդակներով։

Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ, այլաբանորեն փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին ու նրանց քաջագործությունները, ինչպես և ներկայացնում հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքներն ու պատկերացումները։ Ստորին գոտին (որմնախարսխից հաշված 6-րդ շարքի վրա) ներկայացնում է ոճավորված տերևներով բուսական ալիքաձև զարդի նեղ ժապավեն։ Երկրորդ գոտին (7–9-րդ շարքերի քարերի վրա) Հին և Նոր կտակարանների, մասամբ էլ աշխարհիկ սյուժեներով կատարված մեծադիր հարթաքանդակների շարք է, որն ընդգրկում է տաճարի հվ., արլ. և հս. ճակատները։ Նույն բարձրության վրա, արմ. ճակատում, Գագիկ Արծրունի թագավորի դիմաքանդակն է։ Նրա կողքին, ամբողջ հասակով, պատկերված է Քրիստոսը, որին Գագիկ արքան պարզել է եկեղեցու մոդելը։ Գոտու սյուժեները բազմազան են. Հին կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, մենամարտի պատրաստ Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը՝ առյուծների գբի մեջ, երեք մանկունքը՝ հնոցում։ Նոր կտակարանից վերցված են գահույքների վրա նստած Քրիստոսն ու Աստվածամայրը, չար ուժերի դեմ մաքառող սուրբ զինվորները ևն։ Այստեղ պատկերված են նաև VIII դ. արաբների դեմ մղած կռիվներում զոհված և սրբերի շարքը դասված Համազասպ ու Սահակ Արծրունի

Նկարում` Ս. Խաչ եկեղեցի։ Վերևում՝ հատակագիծը։ Կենտրոնում՝ բարձրաքանդակներ։ Ներքևում՝ որմնանկարներ։