Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանությունը, ինչպես և այդ անուններով հայտնի անձանց մասին համառոտ տեղեկություններ։

Հայերենի սոցիալական (արտաքին) պատմությանն է նվիրված «Հայոց լեզվի պատմությունը» (հ. 1–2, 1940–51)։ Այդտեղ Ա. ուսումնասիրել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը, քննել բառամթերքի հարստացման պատմությունը, սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը զանազան լեզուներից կատարած փոխառությունների հիման վրա նկարագրել հայերենի տարբեր գրական արտահայտությունները (գրաբար, միջին հայերեն, արևելահայ և արևմտահայ աշխարհաբար), հայերենի բարբառային ճյուղերը և դրանց մեջ մտնող գլխավոր բարբառները։ Հատուկ քննության առարկա դարձնելով հայերենի առնչությունները հնդեվրոպական լեզվաընտանիքի տարբեր ճյուղերի հետ՝ Ա. վիճակագրական տվյալներով ճշտորոշել է հայոց լեզվի դիրքը ցեղակից լեզուների շարքում և գտել, որ այն միջին տեղն է գրավում իրանական, սլավոնական ու հունական ճյուղերի միջև։ Գրաբարի ուսումնասիրությանը նվիրված բաժիններում Ա. առանձին–առանձին բնութագրել է վիպասանական, «մեսրոպյան» (դասական), «հետմեսրոպյան», հունաբան և լատինաիան հայերենի հիմնական առանձնահատկությունները, լուծել հայերենի պատմության բազմաթիվ հարցեր։

Հայերենի պատմա–համեմատական ուսումնասիրությանն է նվիրված Ա–ի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» բազմահատոր աշխատությունը (լույս են տեսել 1–6 հ., 1952–71, Ներածություն, 1955)։ Ուսումնասիրությունն այդտեղ ընթանում է երեք բաժնով. ա. ընդհանուր լեզվաբանական, որ աշխարհի բազմաթիվ լեզուների զուգադրական նկարագրությունն է. բ. համեմատական, որ հնդեվրոպական լեզուների և, մասնավորապես, հայերենի համեմատական քերականությունն է դասական հնդեվրոպաբանության մակարդակին ու մեթոդին համապատասխան, և գ. պատմական, որ հայերենի քերականական կառուցվածքի ներքին զարգացման ու փոփոխությունների պատմությունն է (V դ. մինչև աշխարհաբարն ու բարբառները)։ Աշխատությունը իր կառուցվածքով և ընդգրկած նյութով եզակի երևույթ է լեզվբ. գրականության մեջ և ունի հանրագիտական բնույթ։ Նրա մեջ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն աշխարհի բազմաթիվ լեզուների և, մանավանդ, հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու փոփոխությունների ողջ պատմական ընթացքի մասին։ Ի մի բերելով XIX–XX դդ. հայերենի պատմ. ու համեմատական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումները (դրանց մեջ առանձնապես կարևոր են Հ. Հյուբշմանի, Ա. Մեյյեի, Ա. Այտընյանի, Մ. Աբեղյանի, ինչպես նաև իր հետազոտությունները), հանգամանալից ու գիտական խստագույն քննության ենթարկելով զանազան հարցերի վերաբերյալ հայագետների արտահայտած կարծիքները՝ Ա. գիտականորեն հիմնավորված խոսք է ասել քննարկվող հարցերի մասին և տվել դրանցից շատերի սպառիչ լուծումը։ Հայագիտության համար առանձնապես կարևոր է հին հայերենի հոլովման ու խոնարհման համակարգերի պատմական զարգացման ու փոփոխությունների լուսաբանությունը, որ հիմնված է հայ մատենագրության տվյալների խոր վերլուծության վրա։ Ուշագրավ է հատկապես հայերենի բաղաձայնական համակարգի տեսությունը, ելնելովայնփաստից, որ հնդեվրոպական պարզ ձայնեղ և պարզ խուլ պայթականները տեղաշարժի են ենթարկվում, առաջինները վերածվելով խուլերի, երկրորդները՝ շնչեղ խուլերի կամ շփականների, իսկ շնչեղ խուլերն անփոփոխ են մնում, Ա. գտնում է, որ հնդեվրոպական շնչեղացած ձայնեղներն էլ անփոփոխ են մնացել գրաբարում, որով և բացատրվում է շնչեղացած ձայնեղ պայթականների առկայությունն արդի բարբառների մի մասում։

Ա. հաճախ է անդրադարձել ընդհանուր լեզվաբանական, տեսական խնդիրների քննությանը։ «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատության ներածական հատորում ամբողջական արտահայտություն են գտել Ա–ի լեզվաբանական տեսական հայացքները։ Ա. անցել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին Եվրոպայում իշխող սոցիոլոգիական ուղղության Փարիզյան դպրոցի բովով՝ իր վրա կրելով նրա խիստ ազդեցությունը և շատ հարցերում մինչև վերջ կանգնած մնացել նույն դիրքերում։ Սակայն, մի կողմից լեզվաբանական հայացքների աստիճանական զարգացումը, մյուս կողմից լեզվական իրողությունների բազմակողմանի ուսումնասիրությունը նրան հնարավորություն են տվել ազատագրվելու սոցիոլոգիական ուղղության սահմանափակվածությունից և բազմաթիվ հարցերի լուսաբանության մեջ հասնելու իմացաբանական ու պատմական ավելի ճիշտ դիրքորոշման։

Ա. երեք մասից բաղկացած մենագրություն է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործունեության, հայ գրերի ստեղծման պատմության և Մեսրոպին ու հայ գրերին վերաբերող աղբյուրների մասին («Մ. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը», 1907, «Հայոց գրերը», 1928, 1968)։

Բացառիկ բարեխղճությամբ Ա. քննել է հայոց հին ձեռագրերը, կազմել տարբեր վայրերում պահվող ձեռագրերի ցուցակները («Ցուցակ հայերեն ձեռագրաց Թավրիզի», 1910, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր–Բայազետի», 1924, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Թեհրանի», 1936 ևն)։ Բանասիրական տեսակետից կարևոր է Եզնիկի՝ պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննություն և համեմատություն Եզնկա նորագյուտ ձեռագրին», 1904, Գ. Մկրտչյանի հեղինակակցությամբ)։ Ա. զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության հարցերով ու նվիրել ղրանց մի շարք ուսումնասիրություններ («Պատմություն հայոց նոր գրականության», 3 պրակ, 1906–12, «Տաճկահայոց հարցի պատմությունը», 1915, «Երվանդ Շահազիզ», 1917, «Տիկին Սրբուհի Տյուսաբ», 1951 ևն)։ Ա. թողել է ձեռագիր մեծարժեք աշխատություններ («Հայ գաղթականության պատմություն», «Հայ լեզվաբանական մատենագիտություն», «Հավաքածո պոլսահայ ֆոլկլորի», «Կարապետ Արևելցի», «Քննություն Սվեդիո բարբառի», «Քննություն Կիլիկիո բարբառի» ևն)։ Ա–ի անվամբ կոչված են ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտը (1964) և Երևանի № 72 միջնակարգ դպրոցը։ Մահացել է ապրիլի 16-ին, Երևանում։

Երկ. Քննություն Սուչավայի բարբառի, «Բազմավեպ», 1899։ Քննություն Ղարաբաղի բարբառի, Վաղ–պատ, 1901։ Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ, Մ. Վաղ–պատ, 1902։ Քննություն Նոր–Նախիջևանի (Խրիմի) բարբառի, Ե., 1925։ Քննություն Մարաղայի բարբառի, Ե., 1926։ Քննություն Ագուլիսի բարբառի, Ե., 1935։ Քննություն Նոր–Ջուղայի բարբառի, Ե., 1940։ Քննություն պոլսահայ բարբառի, Ե., 1941։ Քննություն Համշենի բարբառի, Ե., 1947։. Քննություն Վանի բարբառի, Ե, 1952։ Քննություն Առտիալի բարբառի, Ե., 1953։ Կյանքիս հուշերից, Ե., 1967։

Գրկ. Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Ե., 1962։ Ղարիբյան Ա. Ս., Հայ լեզվաբանության խոշորագույն ներկայացուցիչը, «ՊԲՀ», 1966, № 2; Ստեփանյան Գ. Խ., Հրաչյա Աճառյան, «ՊԲՀ», 1959, № 2–3։ Հրաչյա Հակոբի Աճառյան [կենսա–մատենագիտություն], Ե., 1956։ Է. Աղայան

ԱՃԱՐԿՈՒՏ (մինչև 1968՝ Սևքարի անտառատնտեսությանը կից ավան), ավան Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, Կարխան գետի ափին, անտառաշատ վայրում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս։ 364 բն. (1970), հայեր, ադրբեջանցիներ և ռուսներ։ Զբաղվում են անտառատնտեսությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հիվանդանոց։ Հիմնադրվել է 1930-ին։


ԱՃԵՄՅԱՆ Ալեքսանդր Վարդանի (ծն. 1925), հայ սովետ, կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Ծնվել է օգոստ. 25-ին, Թբիլիսիում։ 1955-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիան։ Գրել է՝ 3 սիմֆոնիա (1955, 1964, 1967), Պոեմ–ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957), Բալետային սյուիտ (1961), Կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար (1949), Կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար (1951), վոկալ–նվագարանային շարք Թլկուրանցու խոսքերով (1969), երգեր, երաժշտություն թատերական ներկայացումների և կինոնկարների համար։


ԱՃԵՄՅԱՆ Գևորգ Վարդանի (ծն. 1932), սփյուռքահայ գրող։ Ծնվել է փետրվարի 18-ին, Սիրիայի Մումբուջ գյուղաքաղաքում։ Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, ապա