Նկարում` «Գոլդըն գեյթ» կամուրջը Սան Ֆրսւնցիսկոյում։
Ավտոմեքենան կենսական անհրաժեշտություն է դարձել արվարձանների բնակիչների և առանձին ֆերմերների համար, որոնք անհրաժեշտ ապրանքների գնումները և տեղափոխումները կատարում են սեփական մեքենաներով։
Ներքին ջրային ուղիներից կարևոր նշանակություն ունեն Մեծ լճերը, որոնք ջրանցքներով կապված են Միսսիսիպի (Իլինոյս գետով) և Նյու Յորք նավահանգըստի հետ (Հուդզոն գետով)։ Մեծ լճերին բաժին է ընկնում ներքին բեռների փոխադրման 2/3-ից ավելին։ Սուրբ Լավրենտիոս գետով խոր ջրային ուղի բացելուց հետո (1959) Մեծ լճերն ընդունում են նաև ծովային նավեր։ Մեծ լճերով փոխադրում են գլխավորապես երկաթահանք, ածուխ, կրաքար, անտառանյութ, շինանյութ, ցորեն։ Նավարկելի գետերի և ջրանցքների երկարությունը 50 հզ. կմ է։ Գետային գլխավոր ուղին Միսսիսիպին է՝ Օհայո վտակով։
ԱՄՆ–ում ամենահին տրանսպորտը ծովայինն է։ Նավերի քանակով և նրանց տոննաժով ԱՄՆ անցել է բոլոր կապիտալիստական երկրներից, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փոխադրումների ծավալը խիստ կրճատվելու հետևանքով, նավատորմի կեսից ավելին կանգնած է։ 1970-ի հունիսի 30-ին ծովային առևտրական նավատորմի լրիվ բեռնատարողությունը 23280 հզ. տ էր (դեդվեյթ՝ մեռյալ քաշ)։ Գործող ծովային առևտրական նավատորմը բաղկացած էր 631 նավից, որոնցից 412-ը՝ չոր բեռնափոխադրման և 207-ը՝ տանկեր։ Մեծ կաբոտաժի և արտաքին առևտրի փոխադրումների մեջ կարևոր դեր է խաղում Պանամայի ջրանցքը։ Ծովային խոշոր նավահանգիստներն են՝ Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բսւլթիմորը, Սան Ֆրանցիսկոն, Բոստոնը, Մեծ լճերի շրջանում՝ Չիկագոն, Դուլութը, Բուֆալոն, Քլիվլենդը, Դետրոյտը, Թոլիդոն ևն։
Ներքին օդային գծերի ընդհանուր երկարությունը 1969-ի սկզբին 221 հզ. կմ էր։ Օդային տրանսպորտին բաժին էր ընկնում երկրի ուղևորների փոխադրման 45%-ը։ Զարգացած է նաև խողովակաշարային տրանսպորտը։ 272 հզ. կմ երկարությամբ նավթամուղները և ավելի քան 300 հզ. կմ գազամուղները Հարավն ու Արևմուտքը կապում են Հյուսիսի, վերամշակման կենտրոնների և արտահանող նավահանգիստների հետ։
Արտաքին առևտուրը։ ԱՄՆ կապիտալիստական աշխարհում առաջին տեղն է գրավում արտաքին առևտրական գործարքների ծավալով։ Կապիտալիստական երկրների արտահանության ավելի քան 15,5%-ը և ներմուծման գրեթե 13,9%-ը (1970) բաժին է ընկնում նրան։ Սակայն շուկայում մի շարք կապիտալիստական երկրների՝ առաջին հերթին ԳՖՀ–ի, ճապոնիայի, Կանադայի խիստ ակտիվացման և ազգային անկախության ուղին բռնած երկրների արդյունաբերության աճի հետևանքով կապիտալիստական աշխարհի երկրների արտաքին առևտրական շրջանառության և հատկապես արտահանության մեջ ԱՄՆ–ի բաժինը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդհանուր առմամբ նվազել է։
ԱՄՆ–ի արտաքին առևտրի կառուցվածքը բնորոշվում է արտահանության մեջ պատրաստի արդյունաբերական ապրանքների, իսկ ներմուծման մեջ՝ հումքի և պարենամթերքի գերակշռությամբ։ Արտահանվում են դազգահներ, ավտոմոբիլներ, էլեկտրատեխնիկական, տրանսպորտային սարքավորումներ, քիմիական արդյունաբերության արտադրանք, տեքստիլ ապրանքներ, ծխախոտ, մետաղներ, բամբակ, ցորեն, ալյուր ևն։ Ներմուծվում են գունավոր և սև մետաղներ, նավթ, թուղթ, սուրճ, շաքար ևն։ Ապրանքային արտահանության 70%-ը գնում է զարգացած կապիտալիզմի երկրները։ ԱՄՆ–ի արտաքին առևտրի մեջ առաջին տեղը գրավում են Արևմտյան Եվրոպայի երկրները, երկրորդը՝ Լատինական Ամերիկան. ԱՄՆ այդ երկրներն է արտահանում արդյունաբերական ապրանքներ և այնտեղից ներմուծում հումք ու պարենամթերք։ Ասիական երկրներից ԱՄՆ–ի արտաքին առևտրի շրջանառության մեջ առաջին տեղը պատկանում է Ճապոնիային (միայն 1970-ին արտահանությունը ճապոնիա ավելացել է 33%-ով)։ Լատինա–ամերիկյան, աֆրիկյան, ասիական երկրներից ԱՄՆ ներմուծում է հանքանյութեր և գյուղատնտեսական ապրանքներ։ Փոխարենը մատակարարում է լայն սպառման ապրանքներ։
Սոցիալիստական երկրների հետ առևտուրը սահմանափակ է։ ԱՄՆ այս հարցում երկար ժամանակ վարում էր խտրականության քաղաքականություն՝ արգելելով այսպես կոչված «ստրատեգիական ապրանքների» վաճառքը սոցիալիստական երկրներին, դրանց ցուցակի մեջ մտցնելով տարբեր ապրանքների բազմաթիվ տեսակները, որոնք ռազմական նշանակություն չունեն։ ԱՄՆ–ի ե ՍՍՀՄ–ի հարաբերությունների նորմալացման կարևոր արդյունքներից էր երկու երկրների առևտրա–տնտեսական կապերի ընդլայնումը։ 1969–73-ին վերացվեց ավելի քան 1700 անուն ապրանքներ սոցիալիստական երկրներին վաճառելու արգելքը։ 1972-ին ԱՍՆ–ի արտահանությունը ՍՍՀՄ կազմել է 547 մլն. դոլար, ներմուծումը՝ 96 մլն. դոլար, 1971-ի համապատասխանաբար 162 մլն. և 57 մլն. դոլարի դիմաց։
ԱՄՆ նոր զարգացող երկրներին մեքենաներ և գործարանային սարքավորումներ ավելի քիչ է վաճառում, քան սպառողական ապրանքներ ու պարենամթերք։ Ամերիկյան մոնոպոլիաները գերադասում են այնտեղ կառուցել իրենց սեփական արդյունաբերական ձեռնարկությունները՝ շահագործելով տեղի բնակչության էժան աշխատանքը։
Ֆինանսները։ 1970-ական թթ. ԱՄՆ թևակոխեց ֆինանսական լուրջ դժվարություններով, որի գլխավոր պատճառը ամերիկյան իմպերիալիզմի արտաքին ագրեսիվ քաղաքականությունն է։ Միացյալ Նահանգները վիթխարի գումարներ են ծախսում ստրատեգիական հումքի պաշարներ գնելու, սպառազինությունների նոր տեսակներ ստեղծելու և կուտակելու, օտար երկրներին ցույց տրվող ռազմական օգնության, աշխարհով մեկ սփռված ռազմական բազաների և զինված ուժերի պահպանման համար։ Միայն Հնդկաչինում մղվող ագրեսիվ պատերազմը 1965–70-ին կլանել է մոտ 200 մլրդ. դոլար։ Այս ամենի հետևանքով ԱՄՆ–ի վճարման հաշվեկշռի դեֆիցիտը դարձել է քրոնիկական։ Պետության եկամուտները չեն ծածկում ծախսերը, այսպես, 1969/70 ֆին. տարում բյուջեն կատարվել է եկամուտների գծով 193,7 մլրդ. դոլարի, իսկ ծախսերի գծով՝ 196,6 մլրդ. դոլարի չափով (այդ թվում ռազմական ծախսերը 80,3 մլրդ. դոլար)։ Պետական պարտքը 1969/70 ֆին. տարվա վերջին կազմեց 382,6 մլրդ. դոլար (նախորդ տարվա 367,1 մլրդ. փոխարեն)։ Ուժեղացող ինֆլյացիայի հետևանքով շրջանառության մեջ եղած թղթադրամի քանակությունն աճեց 5,4% և 1970-ի դեկտեմբերի վերջին հասավ 214,6 մլրդ. դոլարի։ Վճարման հաշվեկշռի դեֆիցիտը 1972-ին կազմեց մոտ 13,8 դոլար։ Վճարման հաշվեկշռում եղած դեֆիցիտը ԱՄՆ շարունակ ծածկել է արտահանության՝ ներմուծման նկատմամբ ունեցած գերակշռությունից ստացած գումարներով և փոքր քանակությամբ պետական ոսկու պաշարի հաշվին։ Սակայն տարեցտարի այդ գերակշռությունը նվազել է, և 1971-ին ԱՄՆ–ի առևտրի հաշվեկշիռը առաջին անգամ XX դարում դարձավ դեֆիցիտային։ 1972-ին արտաքին առևտրի դեֆիցիտը հասավ 6,4 մլրդ. դոլարի, որից 4,1 մլրդ. Ճապոնիայի հետ ունեցած առևտրում։ Կրճատվել է նաև պետական ոսկու պաշարը. 1949-ին այն 25 մլրդ. դոլար էր, իսկ 1971-ին՝ 10 մլրդ. դոլարից մի քիչ ավելի։ Բացի այդ, մյուս երկրների բանկերում կուտակված դոլարի պաշարները 1971-ին հասնում էին 25 մլրդ. դոլարի (ըստ Բրետոն Վուդսի 1944-ի կոնֆերանսի որոշման ԱՄՆ պարտավոր է փոխանակել դրանք ոսկով՝ 35 դոլարին 1 ունցիա՝ 31,1 գ զուտ ոսկու հարաբերությամբ), իսկ ԱՄՆ–ից դուրս գտնվող, այսպես կոչված, սեվրո-դոլարների պաշարը 1973-ի սկզբին 80 մլրդ. դոլար էր, որից 19 մլրդ. Ճապոնիայում։ Այսպիսով ամերիկյան թղթադրամի ինֆլյացիան դարձել է միջազգային երևույթ, դոլարն ընկել է ճգնաժամի մեջ, միջազգային վալյուտային շուկաներում իջել է նրա արժեքը։ Դոլարը կայունացնելու նպատակով Ռ. Նիքսոնի կառավարությունը 1971-ի օգոստոսի 15-ին որոշեց ժամանակավորապես դադարեցնել ամերիկյան վալյուտայի փոխանակումը