Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրվեց Հայկական համաշխարհային կոնգրեսը:

ԱՄՆ–ում առաջին հայ պարբերականը՝ «Արեգակ»–ը, լույս է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիում։ Մինչև 1972-ը գաղութում հրատարակվել է 300-ից ավելի պարբերական (թերթ, ամսագիր, տարեգիրք)։ 1972-ին լույս էր տեսնում 69 անուն հայկ. պարբերական, որոնցից 17-ը անգլերենով։ Գրեթե բոլոր խոշոր հայրենակցական միությունները հրատարակում են իրենց օրգանը։ 1970-ին հաստատված Երևան–Մոսկվա–Նյու Յորք հեռատիպային գիծը ՍՍՀՄ և Սովետական Հայաստանի կյանքին վերաբերող թարմ նյութեր է մատակարարում ԱՍՆ–ում լույս տեսնող հայ պարբերականներին։

Ամերիկահայ գրականությունը սկզբնավորվել է XIX դ. 80-ական թթ. վերջին։ Ամերիկահայ միջավայրը, իր տասնյակ հազարավոր հայրենակարոտ պանդուխտներով, նպաստավոր հող է եղել պանդխտական պոեզիայի համար։ 1890-ական թթ. հայկ. կոտորածների և ազգային–ազատագրական շարժման ուժեղացման ազդեցությամբ ամերիկահայ պոեզիայում գերիշխող դարձան պայքարի և հայրենասիրության մոտիվները (Շահան Նաթալի, Արշակ Տեր–Մահտեսյան, Տիգրան Ս. Լևոնյան և ուրիշներ)։ Մեծ եղեռնի ծանր տպավորության տակ, երբ փլուզվել էր ազգային, գրական ու մշակութային կյանքը Կ. Պոլսում ու գավառներում, ամերիկահայ գաղութում սկսեց աշխուժանալ գրական կյանքը։ «Փյունիկ» գրական հանդեսը (1918–20, Բոստոն) իր շուրջը համախմբեց նոր սերնդի գրողներին՝ նպատակ ունենալով շարունակել «անհետացած գրական սերունդի» գործը (Համաստեղ, Կարապետ Սիտալ, Վահե Հայկ, Հովհաննես Ավագյան, Նշան Տեստեկյուլ և ուրիշներ)։ 1920–30-ական թթ. ամերիկահայ բանաստեղծության վրա տակավին զորեղ էր XX դ. սկզբի արեւմտահայ պոեզիայի եւ առանձնապես Դանիել Վարուժանի ու Սիսաք Մեծարենցի ազդեցությունը։ Նրա հիմնական թեմաներն էին հայրենիքի սերն ու կարոտը. հին երազների ու հիշատակների ոգեկոչումը, գեղջկական հովվերգությունը։

1920-ական թթ. սկզբից ամերիկահայ բանվորական մամուլին աշխատակցող բանաստեղծների (Կարապետ Սիտալ, Հակոբ Գույումճյան, Հակոբ Երվանդունի–Գասպարյան, Ա. Նորայր և ուրիշներ) վրա մեծ է եղել Եղիշե Չարենցի ազդեցությունը։ Բանաստեղծությունների ժողովածուներ հրատարակեցին Նվարդ Կեորկիզյանը («Կարոտի երգեր», 1924), պրոֆ. Կ. Հ. Պեշկեթյուրյանը («Բարոյաշունչ քերթվածներ», 1926), Վահրամ Սոֆյանը («Քիչ մը երկինք», 1931, «Լույս և ստվեր», 1939), Ա. Գ. Կյուլպենկյանը («Վերջալույսի խոհեր», 1935), Հակոբ Գույումճյանը («Լենինյան երգեր», 1935, «Փոթորիկ», 1936), Ալեքսանդր Գլըճյանը («Երգեր ուրացման և զղջումի», 1938), Խաչիկ Մարկոսյանը («Տրոփումներ», 1938); Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրատարակվեցին Եղ. Եբվ. Մելեքյանի «Մոխիրներ և կայծեր» (1945), Միհրան Սիրանի «Բարակ լարեր» (1946), Հակոբ Գույումճյանի «Ճեղքված սիրտ» (1947), «Ոսկեղեն հունձք» (1948), «Երևանյան երգեր» (1957), «Արարատյան ծաղիկներ» (1960), Վահան Չուգասզյանի (Ոսկի Պլպուլ) «Հոգեհատորիկ» (1951), Նուրի Մինասի (Արևորդի) «Փունջ մը հին և նոր բանաստեղծություններ» (1958) ժողովածուները։ 1920-ական թթ. վերջերից ԱՍՆ–ում է ստեղծագործել արևմտահայ բանաստեղծուհի Զարուհի Գալեմքյարյանը։ Արձակի ասպարեզում ստեղծագործել են՝ Վահան Քյարքճյանը, Մուշեղ Շահինյանը (Սարորդի), Ն. Ազգունին, Ա. Ասլանը, Նազարեթ Մանկունին, Բենիամին Նուրիկյանը, Գրիգոր Սխալյանը, Արամ Հայկազը, Վահրամ Տատրյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Սուրեն Մանվելյանը, Հակոբ Ասատուրյանը և ուրիշներ։ ԱՄՆ–ի գրական շրջանակներում լայնորեն հայտնի են հայազգի անգլիագիր գրողներ Վիլյամ Սարոյանը, Լևոն Զ. Սյուրմելյանը, Ռիչարդ Հակոբյանը, Փիթեր Սուրյանը, Մարջըրի Հովսեփյանը։

Նկարում` Նյու Յորքի Ս. Վարդան մայր տաճարը Ա «Կյուլլապի՝ Կյուլպենկյան» մշակութային կենտրոնի շենքը։

Ամերիկահայ գաղութում դեռևս անցյալ դարի 90-ական թթ. կազմակերպվել են սիրողական թատերախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, պարախմբեր։ XX դ. սկզբին ստեղծվեցին «Րաֆֆի» (հիմն. 1903-ին), «Ադամյան» (1908, Նյու Յորք), «Ազատամարտ» (1908, Փրովիդենս), «Դուրյսւն» (1913, Ֆրեզնո), «Փարոս» (1917, Հարթֆորդ), «Շանթ» (1922, Չիկագո) թատերախմբերը, Նյու Յորքի «Հայ դրամատիկ խումբ»–ը (1916), Բոստոնի «Հայ դրամատիկ խումբ»–ը (1921), 1923-ից գործում է «Անդրանիկ» պրոֆեսիոնալ դրամատիկական թատերախումբը, 1954-ից՝ «Նորք» թատերախումբը (Լոս Անջելես)։ 1972-ին ԱՄՆ–ում գործում էին 30-ից ավելի գեղարվեստական խմբեր։ Լավագույն երգչախմբերից են «Կոմիտաս»–ը, «Պրո–Կոմիտաս»–ը, «Երևան»–ը, «Քնար»–ը, «Բոստոնի հայ ազգային երգչախումբ»–ը, «Գուսան»–ը, «Ֆրեզնոյի հայկական երգչախումբ»–ը, «Սայաթ–Նովա»–ն, պարախմբերից՝ «Նաիրի»–ն, «Վահագն»–ը, «Արարատ»–ը, «Սևան»–ը, «Նյու Յորքի երկսեռ պարախումբ»–ը: ՀԲԸՄ նախաձեռնությամբ 1969-ին ստեղծվեց «Անդրանիկ» երգի–պարի խումբը՝ կոմպոզիտոր և խմբավար Համբարձում Պերպերյանի և պարուսույց Սարգիս Փասքալյանի ղեկավարությամբ։ Տարբեր տարիներին ամերիկահայ երգչախմբերի հետ աշխատել են հայտնի խմբավարներ ու երաժիշտներ՝ Գրիգոր Սյունին, Հարություն Մեհրապը (Մեհրապյան), Կոմիտասի աշակերտներ Վաղարշակ Սրվանձտյանն ու Միհրան Թումաճանը և ուրիշներ։ Ամերիկյան սիմֆոնիկ նվագախմբեր են ղեկավարել դիրիժորներ Ալեքսանդր Ասլանյանը, Կարլ Կարապետյանը, Հայկ Յաղճյանը և ուրիշներ։ Ներկայումս ստեղծագործող կոմպոզիտորներից են Ալան Հովհաննեսը (Չագմագճյան), Ռիչարդ Յարտըմյանը, Ռոս Պաղտասարյանը և ուրիշներ։ Ամերիկահայ գաղութը տվել է բազմաթիվ երգիչ–երգչուհիների, որոնք, երաժշտական կրթություն ստանալով եվրոպական ու ամերիկյան հաստատություններում, հանրածանոթ են դարձել հայ և օտար շրջանակներին։ Ամերիկյան բեմերի վրա երգել են նաև արտասահմանյան գաղութներից եկած հայ երգիչներ։ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»–ում անցյալում երգել են Արմենակ Շահ–Մուրադյանը, Արման Թոքատյանը, Պողոս Անանյանը, Շաքե Վարդենիսյանը, ներկայումս՝ Լիլի Չուգասզյանը, Լուսին Ամարան (Արմաղանյան)։ Ամերիկյան օպերաների, երաժշտական խմբերի կազմերում կամ որպես մենակատարողներ ներկայումս հանդես են գալիս Քեյ Արմենը, Միքայել (Գեղամ) Քրմոյանը, Նորմա Գագանճյանը, Արա Պերպերյանը և ուրիշներ։ Հայտնի երաժիշտներ են ջութակահար–մանկավարժ Իվան Կալամյանը, Լեո Սարգիսյանը, ջութակահարներ՝ Հերրի Զառացյանը, Զավեն Մելիքյանը, դաշնակահարուհիներ՝ Լուիզ Ոսկերչյանը, Լյուսի Իշխանյանը, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը, քանոնահար Արա Սևանյանը, ուդ նվագող Գևորգ (Ջորջ) Մկրտիչյանը։ Վարուժան Գոճյանը, 1972-ին մասնակցելով Սորենտոյի (Իտալիա) դիրիժորների միջազգային մրցույթին, շահել է առաջին մրցանակ։ Ամերիկյան բեմերում հանդես են եկել ռուսական բալետային դպրոցն անցած արվեստագետներ Լևոն Դանիելյանը, Թամար Թումանովան (Թումանյան), Միշել Քոչարովը (Քոչարյան):

ԱՄՆ–ի կինոարվեստի հայ գործիչներից համաշխարհային համբավի է արժանացել ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։ Հայտնի են նաև ռեժիսորներ Մեսրոպ Քեստեքյանի, Ռիչարդ Սարաֆյանի, Արմեն Մոմճյանի, կինոդերասաններ Ակիմ Թամիրովի, Մայք Քանըրզի (Գրիգոր Օհանյան), Ջոն Կարապետյանի, Ռիչարդ Պաքալյանի, հեռուստատեսության դերասանուհի Առլին Ֆրենսիսի (Գազանճյան), կինոտեսաբան պրոֆ. Հայկ Մանուկյանի անունները։ Կինոյում նկարահանվել են նաև Եղիշե, Մագդա և Աստա Հարութները։

Գեղանկարչության ասպարեզում ճանաչված են՝ Հովսեփ Փուշմանը (Փուշմանյան), Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), Արշակ Ֆեթվաճյանը,, Սարգիս Խաչատուրյանը, Եղիա Գասպարյանը, Հարություն (Արիել) Աճեմյանը, Մանվել Թոլիկյանը, Քերո Անթոյանը, թատերական նկարիչ Ռուբեն Տեր–Հարությունյանը, ծաղրանկարիչ Վահան Շիրվանյանը, գծանկարիչներ Մինաս Մինասյանն ու Սուրեն Էրմոյանը, գեղանկարիչ պրոֆ. Էդմոն Յաղճյանը, լուսանկարիչ Մկրտիչ Հովհաննես Կարոյանը (Ջոն Կարո, որի արվեստն իր անունով լուսանկարչության պատմության մեջ կոչեցին՝ «կարոգրաֆիա»)։ Հանրա–