Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

334 ԱՄՐՈՑ

րությունների գոտուց։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում պետությունները հրաժարվեցին ներփակ ֆորտային Ա–ից և սկսեցին կառուցել ամրացված շրջաններ և գոտիներ (Մաժինոյի գիծը Ֆրանսիայում, Զիգֆրիդի գիծը Գերմանիայում, Մաններհայմի գիծը Ֆինլանդիայում ևն)։

Հայաստանը հարուստ է նախնադարյան, ուրարտ., անտիկ և միջնադարյան Ա–ներով, որոնք կառուցվում էին ժայռոտ հրվանդանների, անառիկ քարափների վրա, ոռոգման ցանցի ակունքներում, ռազմական ու առևտրական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Ա. պարսպապատում էին միայն խոցելի մասերում։ Բրոնզի դարաշրջանում Հայաստանը պատված էր կիկլոպյան Ա–ների խիտ ցանցով (գլխավորապես՝ Սևանի ավազանում, Շիրակում, Արագածի լանջերին ևն)։ Ուրարտ. ճարտարապետությունը մշակեց ամրոցաշինության որոշակի սկզբունքներ։ Ուրարտական հայտնի բերդերից ու քաղաք–ամրոցներից են եղել Արգիշտիխինիլին, Էրեբունին, Թեյշեբաինին, Էջմիածնի շրջանի Արագած գյուղի մոտ գտնվող ամրոցը։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակ է Գառնին։ Միջին դարերում քաղաքներն ու բնակավայրերը պաշտպանվում էին փոքր Ա–ների օղակով։ Անիի մատույցները պաշտպանում էին Տիգնիսը և Մաղասբերդը, Դվինինը՝ Տիկնունին, Սյունիքի Կապան քաղաքինը՝ Բաղաբերդը և Բաղակուքարը ևն։ Ստրատեգիական տեսակետից կարևոր վայրերում կառուցվում էին հզոր ամրոցներ (Ամբերդ, Սմբատաբերդ, Որոտնաբերդ, Ներքին Թալին, Լամբրոն, Գուգլակ, Պապերոն ևն)։ Կիլիկիայում եղել են նաև ծովային հզոր ամրոցներ (Այաս, Կոռիկոս)։ Հայկ. ամրոցները գերազանցապես կառուցվում էին քարով, ունեին պաշտպանական հզոր աշտարակներ, ամրակուռ դռներ, հրակնատներ, դիտակետեր, գետնուղիներ, զինապահեստներ, տնտ., բնակելի և այլ շինություններ։

Պատկերազարդումը տես աղ. XVI, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Սամվելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941։ Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942։ Վ. Հարությունյան

«ԱՄՐՈՑ», քաղաքական–հասարակական և գրական շաբաթաթերթ, ապա՝ օրաթերթ։ Լույս է տեսել Փարիզում, 1934-ին։ Արևմտահայ ազատագրական ուխտի օրգանն էր. անմիջական շարունակությունը «Մարտկոց»–ի (Փարիզ, 1932–33)։ «Ա.»–ի խմբագրական կազմի մեջ էին՝ Մ. Երիցանցը, Լ. Մոզյանը, Վ. Շուշանյանը և ուրիշներ, որոնք հեռացել էին դաշնակցական կուսակցության շարքերից։ «Ա.»–ի շուրջ համախմբված «բողոքական» դաշնակցականները (մարտկոցականները) դատափետում էին դաշնակցական բյուրոյի քաղաքականությունը՝ մեղադրելով նրան արևմտահայերի պատմական իրավունքներից ու հողային պահանջներից հրաժարվելու, Եվրոպա անցած կովկասյան հակահեղափոխական պարագլուխների հետ համագործակցելու, թուրքանպաստ վերաբերմունքի և հակառուս, ու հակասովետական վարքագծի համար։ Լուսաբանել է Ֆրանսիայի և այլ երկրների հայ գաղթավայրերի կյանքը։ Զգալի տեղ է տվել նաև Սովետական Հայաստանի շինարարությանն ու մշակույթին։


ԱՄՐՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐ, կառուցվածքի կամ նրա մասերի ամրության բնութագիրը։ Ա. պ–ի թվային արժեքը որոշվում է ամրության պաշարի գործակցով (կամ անվտանգության գործակցով), որը ցույց է տալիս, թե տրվող լարումը քանի անգամ պետք է փոքր լինի անթույլատրելի առաձգական դեֆորմացիաներ կամ քայքայում առաջացնող լարումից։ Կառուցվածքի աշխատանքի անվտանգությունն ապահովվում է Ա. պ–ի գործակցի համապատասխան մեծության ընտրությամբ՝ հաշվի առնելով կառուցվածքի և նյութի տեսակը, որակը, աշխատանքային պայմանները, բեռնավորման եղանակը։


ԱՄՐՈՒԹՅՈՒՆ, պինդ նյութերի՝ տարբեր ուժերի ներգործությունից չքայքայվելու հատկություն։ Հաճախ Ա. է համարվում նաև նյութերի՝ բեռնվածքների ազդեցությանը դիմադրելու հատկությունը (առանց զգալի մնացորդային դեֆորմացիաների առաջացման)։ Պինդ մարմինների Ա. պայմանավորված է նյութը կազմող ատոմների (մոլեկուլների, իոնների) փոխազդեցությամբ։ Այդ պատճառով Ա. որոշվում է նյութի կառուցվածքով (բազմաբյուրեղ նյութերի համար՝ ատոմների քիմիական կապի ուժի բնույթով, բյուրեղային ցանցի տիպով, բյուրեղների չափերով, փոխդասավորությամբ ու փոխադարձ կապերով, իսկ ամորֆ նյութերի համար՝ ատոմների ու մոլեկուլների փոխդասավորությամբ և փոխազդեցության բնույթով)։ Ա. կախված է ևաև ջերմաստիճանից, բեռնավորման արագությունից, բեռնավորումը և բեռնաթափումը կրկնելու հաճախականությունից և տևողությունից, լարված վիճակի բնույթից, շրջապատող միջավայրի ազդեցությունից ևն։ Ա–յան քանակական բնութագրերը մեխանիկական այն լարումներն են, որոնց ազդեցությունից սկսում է նյութի քայքայումը կամ երևան են գալիս նկատելի մնացորդային դեֆորմացիաներ, այսինքն՝ Ա. քանակապես բնութագրվում է ամրության սահմանով (քայքայմանը նախորդող առավելագույն լարման հարաբերությունը նմուշի սկզբնական կտրվածքին), հոսունության սահմանով (տես Հոսունություն), հոգնածության սահմանով (տես Հոգնածություն մետաղների), սողքի սահմանով (տես Սողք)։ Քանի որ Ա. կախված է բեռնավորման տևողությունից, այս սահմանները տվյալ պինդ նյութի համար հաստատուն չեն։ Լարումների մեծացմանը զուգընթաց արագանում է նյութի քայքայումը։

Պինդ մարմինների Ա–յան տեսական արժեքի հաշվարկը հիմնված է միջատոմային բոլոր կապերի միաժամանակյա խզման վրա և զգալիորեն տարբերվում է Ա–յան իրական արժեքից։

Պինդ մարմինների Ա–յան տեսական արժեքը E կարգի մեծություն է (E Յունգի մոդուլն է)։ Օր. պողպատի Ա. 350 կգ/մմ2 է կամ E, երկաթի շատ բարակ թելերի Ա. մինչև 1000 կգ/մմ2 կարգի մեծություն է կամ E։ Ա–յան տեսական և տեխնիկական արժեքների տարբերությունը կախված է նյութում եղած արատների քանակից, բաշխումից, մակերևույթի վիճակից, դիսլոկացիաներից ևն։ Կիրառական մեխանիկայի կարևոր հարցերից է պինդ նյութերի Ա. մեծացնելու խնդիրը։ Տեխնիկական նյութերի, հատկապես պողպատի, Ա. զգալիորեն մեծացվում է ջերմային, ջերմամեխանիկական մշակմամբ, լեգիրմամբ, ամրանավորմամբ ևն։ Պոլիմերային նյութերի Ա. մեծացվում է միջմոլեկուլսւյին ուժեղ փոխազդեցության և որոշակի բյուրեղացման (կապրոն ևն) աստիճան ունեցող նոր նյութերի սինթեզմամբ, ինչպես նաև ամրանավորող նյութերի ներմուծմամբ։ Կ. Չոբանյան


ԱՄՈՒԴԱՐՅԱ (լատ. Օքսուս, արաբ. Զեյհուն), գետ Միջին Ասիայում։ Հոսում է Տաջիկական, Թուրքմենական, Ուզբեկական ՍՍՀ–ների տերիտորիաներով, մասամբ՝ ՍՍՀՄ և Աֆղանստանի պետ. սահմանով։ Կազմավորվում է Փյանջ և Վախշ գետերի միախառնումից, թափվում է Արալյան ծովը։ Երկ. 1415 կմ է։ Գլխ. վտակներից են՝ Սուրխաբը (Կունդուզ), Կաֆիրնիգանը և Սուրխանդարյան։ Ա. առաջացնում է բազմաբազուկ եղեգնուտային դելտա (10 հզ. կմ)։ Հնում Ա. այժմ չորացած Կունյադարյա (Դարյալիկ) բազուկով կապված էր Կասպից ծովին (Ուզբոյի միջոցով)։ Սնումը ձնասառցադաշտային է, հորդացումը՝ գարնանը և ամռաևը։ Ա. և նրա վտակներն ունեն ոռոգիչ մեծ նշանակություն (տես Կարակումի ջրանցք)։ Ա–ի ավազանումն էին Միջին Ասիայի հնագույն պետություններ Խորեզմը (գետաբերանի մոտ), Սոգդիանան և Բակտրիան (ավազանի միջին և վերին մասերում)։


ԱՄՈՒԼՍԱՐ, գագաթ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սիսիանի և Ազիզբեկովի շրջանների սահմանագլխին։ Բարձր. 2987 մ է։ Կազմված է օլիգոցենի և միոցենի հրաբխային ապարներից։ Ա–ի ստորոտում լեռնային տափաստաններ են, բարձրադիր մասերում՝ մերձալպյան մարգագետիններ։ Ա–ում կա ալունիտի հանքավայր։


ԱՄՈՒՆԴՍԵՆ (Amundsen) Ռուալ (1872–1928), նորվեգացի բևեռախույզ։ Ծնվել է հուլիսի 16-ին։ Առաջինն է անցել (1903–1906) Գրենլանդիայից Ալյասկա՝ Հյուսիս–արևմտյան ծովանցքով։ «Ֆրամ» նավով ճանապարհորդել է դեպի Անտարկտիկա