Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

34 ԱԲՈՎՅԱՆ

քաղաք, երկաթուղային կայարան ՀՍՍՀ֊ում, Երևանի հայկ. մանկավարժ․ ինստիտուտը և այլ հաստատություններ, պուրակներ, փողոցներ ևն։ Ա֊ի հուշարձանները կանգնեցված են Երևանում, Քանաքեռում, որտեղ և գտնվում է Աբովյանի տուն֊թանգարանը։

Երկ. Երկ. լիակտ. ժող., հ. 1 – 10, Ե., 1947–1961։ Երկ., Մ., 1897։ Դիվան Խաչատուր Աբովյանի, հ. 1 – 2, Ե., 1940–48։ Նախաշավիղ, Ե., 1940։ Վերք Հայաստանի, Ե., 1959։

Գրկ. Տեր֊Կարապետյան Ն., Խաչատուր Աբովյան, Թ., 1897։ Ավդալբեգյան Թ., Խաչատուր Աբովյան, Վաղ֊պատ, 1910։ Բակունց Ա., Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Ե., 1932։ Հովհաննիսյան Ա., Աբովյան, Ե., 1933։ Մուրադյան Հ., Խաչատուր Աբովյան, Ե., 1939։ Զարյան Ռ., Աբովյանի կյանքը, Ե., 1939։ Տերտերյան Ա., Աբովյանի ստեղծագործությունը, Ե., 1941։ Ղանալանյան Ա., Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Ե., 1941։ Շահազիզ Ե., Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Ե., 1945։ Ղանալանյան Հ., Խաչատուր Աբովյան, Ե., 1948։ Պարտիզունի Վ., Խաչատուր Աբովյան, Ե., 1952։ Սանթրոսյան Մ., Հայ մեծ լուսավորիչ֊մանկավարժ Խաչատուր Աբովյան, Ե., 1953։ Մարգարյան Ա., Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Ե., 1958։ Սարինյան Ա., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966։ Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809—1836), Ե., 1967։ Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Ե., 1955։ «ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», Ե., 1941։ Абов Г., Хачатур Абовян, 1948; Parrot F., Reise zum Ararat, B., 1834; Wagner M., Reise nach dem Ararat und dem Hochland Armenien, Stuttgart und Tubingem, 1848; Bodenstedt F., Tausend und ein Tag im Orient, B. 1 — 2 , B., 1850; Haxthaushen A., Transkaukasia, B. 1, Lpz., 1856; Abich H., Aus kaukasisichen landern, B. 1–2, Wien, 1896. Պ. Հակոբյան


ԱԲՈՎՅԱՆ Սարգիս Եսայու (1869–1942), հայ գյուղատնտես. կաթի մշակման տեխնոլոգիայի և կաթնամթերքների արտադրության մասնագետ։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ Ծնվել է հունվ. 2-ին, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բարձրագույնը՝ Լայպցիգի համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետում (մեկ տարի սովորել է նաև Հալեյի համալսարանում)։ Կաթի մշակման տեխնոլոգիայի գծով մասնագիտացել է Շվեյցարիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի համապատասխան ձեռնարկություններում։ 1898-ին Լոռիում և Ախալքալաքում ստեղծել է կաթնատնտեսական ֆերմաներ, Անդրկովկասում հիմնադրել եվրոպական տեսակի պանիրների արտադրություն։ 1906–21-ին Թիֆլիսում պաշտոնավարել է որպես ուսուցիչ, Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ։ 1921–23-ին աշխատել է Երևանում որպես Հայաստանի հողժողկոմի տեղակալ։ 1923–30-ին եղել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակ֊ի դասախոս, ամբիոնի վարիչ, դեկան։ Համալսարանի վերակառուցումից հետո Ա. դառնում է նորաստեղծ գյուղատնտեսական ինստիտուտի առաջին դիրեկտորը (1930–37)։ Ա֊ի գիտական աշխատությունները նվիրված են կաթի վերամշակման հարցերին։ Մահացել է հունիսի 21-ին։


ԱԲՈՎՅԱՆ, քաղաք Հայկական ՍՍՀ֊ում, Աբովյանի շրջանի կենտրոնը (մինչև 1961՝ գյուղ Էլար, 1961–63-ին՝ գյուղ Աբովյան, 1963-ից՝ քաղաք, 1970-ից՝ հանրապետական ենթակայության)։ Երևանից՝ 10 կմ հս֊արլ.։ Տրանսպորտային հանգույց՝ Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները, շրջանի գյուղերը տանող խճուղիների և Երևան–Սևան երկաթուղու հատման վայրում, Երևանի հյուսիսային դարպասը։ 28,5 հզ. բն. (1973), հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։ Ա. հանրապետության ամենաարագ աճող քաղաքն է (1963–73-ին բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդ. կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում է էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ են նաև երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում են միութենական նշանակության արդ. ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։ Ա. սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք֊արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հս֊արլ. մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա֊կաթնային և բանջարաբուծական սովետական տնտեսություն)։ Ունի մշակույթի տուն, կինոթատրոն, 6 հանրակրթական, 1 երաժշտական, 1 մարզական, 1 հեռակա և 1 երեկոյան հերթափոխային դպրոցներ, պիոներական տուն, պատանի տեխնիկի կայան, 10 մսուր֊մանկապարտեզ, քաղաքային գրադարան։ Գործում են էլեկտրոնային սարքաշինության տեխնիկումը, շինարարական և արհեստագործական ուսումնարաններ։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ² էր։

Քաղաքի հս֊արմ. հարթ մասում արդյունաբերական շրջանն է, որը խճուղով բաժանվում է դեպի արևելք ընկած կենտրոնից։ Հվ֊ում բնակելի շրջանը կազմված է երկու, արևելքում՝ երեք, հս֊ում՝ մեկ միկրոշրջանից։ Կառուցվում են 14–18 հարկանի շենքեր, որոնք հնարավորություն կտան կրճատել կառուցապատման մակերեսը՝ տրամադրելով այն կանաչապատմանը և ջրավազաններին։ Բնակելի գոտու շուրջն ստեղծվում են հանգստի, որոշ մասերում՝ անտառապատ գոտիներ։ Ա. կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ֊կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։ Քաղաքի գլխավոր հատակագծով (1963) նախատեսվում է բնակչության ավելացում մինչև 60 հզ. (1980)։ Ա֊ում հայտնաբերված են մ. թ. ա. III–II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ (տես ԷլարՍ. Դուլյան


ԱԲՈՎՅԱՆ (մինչև 1949՝ Վերին Աղբաշ), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի աջ ափին։ Շրջկենտրոնից՝ 18 կմ հս֊արլ.։ 873 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսության հիմնական զբաղմունքն է այգեգործությունը, պտղաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Գյուղը ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։


ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է Երևանում, 1832-ի հունվարի 14-ին, որպես գավառական դպրոց (3 դասարան), 1868-ին դարձել է պրոգիմնազիա (4 դասարան), 1881-ին՝ գիմնազիա (8 դասարան և 2 նախապատրաստական)։ 1843–48-ին դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը։ Նրա տեսչության երկրորդ տարում աշակերտների թիվը 90-ից հասնում է 190-ի։ Մեծամասնությունը հայեր էին, կային նաև ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ։