մորֆիզմը վատ է արտահայտված։ Հանգստանում են փորի վրա պառկելով։ Տարածված են արևադարձային երկրների բարեխառն գոտում։ Ա–ի կարգն ունի 3 ընտանիք (գուախարո, սպիտակոտներ ու իսկական Ա.) և 92 տեսակ, որոնցից սովորական Ա. (Caprimulgus europeaus) հանդիպում են նաև ՀՍՍՀ–ում։ Վարում են գիշերային և մթնշաղային կյանք։ Ցերեկը թաքնվում են ծառերի վրա, քարայրներում։ Մոնոգամ են, բույն չեն հյուսում։ Մեծ մասը ձու է դնում գետնին (1–4 ձու)։ Օգտակար են. ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասատու միջատներ։
ԱՅԾՅԱՄ (Capreolus capreolus), եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի։ Արուի մարմնի երկարությունը մինչև 140 սմ է, բարձրությունը՝ 90 սմ, քաշը՝ 55 կգ, եղջյուրները մանր են, թույլ, քիչ ճյուղավորված, ոտքերը՝ բարակ և երկար։ Էգը փոքր է, անեղջյուր։ Ա. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Հայտնի է Ա–ի 3 ենթատեսակ։ Անդրկովկասում հանդիպում է եվրոպական Ա. (C. c. capreolus)։ Ա. ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է նաև ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրություն ունեցող լեռները։ Ունենում է 1–2 ձագ։ Սնվում է ծառերի տերևներով, խոտաբույսերով, քարաքոսերով, պտուղներով։ Ա–ի միսը և մորթին օգտագործվում են։
(նկ․) Այծյամ։
ԱՅԾՊՏԿՈՒՆՔ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Փալանթոքյանի (Թուրքիա) արևմտյան հատվածը։ Ձգվում է զուգահեռականի ուղղությամբ, Արաքս գետից մինչև Մեղեդուղխ հրաբխային զանգվածը։ Երկ. 60 կմ, առավելագույն բարձր. 3174 մ (Այծպտկունք գագաթը)։ Հս. լանջերն իջնում են դեպի Կարնո և Բասենի դաշտերը, հվ–ինը՝ Վերինարաքսյան (Տակոսի) գոգավորությունը։ Ա. խոշոր կամարածալք լեռ է՝ կազմված մեզոզոյան նստվածքային և նրանցում ներդրված օֆիոլիտային ապարներից, եզրերում՝ միո–պլիոցենի և չորրորդականի հրաբխային գոյացումներից։ Կտրտված է Արաքսի և Եփրատի վտակների հովիտներով։ Բուսականությունը տափաստանային և լեռնամարգագետնային է։
ԱՅԾՔԱՂՆԵՐ, Սնամեջ եղջերավորների ընտանիքի որոճող, երկկճղակավոր կաթնասուն կենդանիներ։ Սարմնի երկարությունը 0,6–3 մ է, բարձրությունը՝ 0,3–1,5 մ։ Եղջյուրներ ունեն արուները և որոշ տեսակների էգերը։ Ապրում են հոտերով, պոլիգամ են։ Տարածված են, հիմնականում, Աֆրիկայում, ավելի քիչ՝ Հարավային և Կենտրոնական Ասիայում, 3 տեսակ՝ Եվրոպայում, 1 տեսակ՝ Հյուսիսային Ամերիկայում։ Ապրում են անապատներում, տափաստաններում, անտառային և ալպյան գոտիներում։ Անդրկովկասում տարածված է ջեյրանը։ Ա. ունեն արդյունագործական նշանակություն (օգտագործում են միսը, մորթին, եղջյուրները)։
(նկ․) Այծքաղներ։ 1. Բեյզա։ 2. Սայգա։ 3. Ջեյրան։ 4. Գնու։
ԱՅՂՐ ԼԻՃ (պատմ. Մեծամոր լիճ), լիճ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, Արարատյան դաշտում, բարձրությունը՝ 860 մ։ Պատմ. Մեծամոր անունը ծագում է մեծ + մոր (ճահճուտ) բառերից (մեծ մոր–մեծ ճահճուտ)։ Մակերեսը 0,07 կմ է, ավազանը՝ 5 կմ, խորությունը՝ մինչև 9,4 մ, ջրի ծավալը՝ 310 հզ. մ, սնումը՝ ստորերկրյա ջրերից և աղբյուրներից։ Մակարդակը հաստատուն է։ Ունի հոսք (Սևջուր գետ)։ Ափերը ցածրադիր են (բացի հս–ից) և ծառածածկ։ Կենդանական աշխարհը հարուստ չէ. ձկներից կան Կուրի սպիտակաձուկ, թռչուններից՝ շամբահավ, կերկեր, մոխրագույն բադ ևն։
Այծյամ։
(նկ․) Այղր լիճ։