Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարք դեղանյութերից (անտիբիոտիկներից), արյան փոխներարկումներից են։ Շատ հաճախ շիճուկի և վակցինայի ներարկումներից առաջանում է շիճուկային հիվանդություն։ Եթե օրգանիզմը հեշտությամբ է տանում անաֆիլաքտիկ շոկը, ուրեմն զարգանում է դեսենսիբիլացիա կամ հակաանաֆիլաքսիա։ Դեսենսիբիլացիայի կարելի է հասնել գերզզայություն առաջացնող սպիտակուցի ոչ մեծ քանակությունը օրգանիզմ ներարկելով։ Ռուս գիտնական Ա. Մ. Բեզրեդկայի այս մեթոդը (1928) կիրառվում է անաֆիլաքտիկ շոկի կանխարգելման համար։ Բուժիչ շիճուկով բուժելիս նախատեսված շիճուկից 0,5–1,0 մլ/սմ³–ը ներարկում են (միջմկանային) նախապես, իսկ մնացած մասը՝ 1–2 ժամ հետո։ Ա–ի բուժման ժամանակ օգտագործում են ադրենալին, Էֆեդրին, հորմոնային պատրաստուկներ, հակահիստամինային դեղամիջոցներ։ Ա. Սարգսյան

ԱՆԱՖՈՐԱ (հուն. άναφορά), ոճական ձև։ Տես Հարակրկնություն։


ԱՆԲԱՑԱՀԱՅՏ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, կախյալ փոփոխականի նկատմամբ չլուծված առնչություններ։ Պարզագույն դեպքերում տվյալ առնչությունից կարելի է ֆունկցիան (միարժեք կամ բազմարժեք) բացահայտորեն արտահայտել տարրական ֆունկցիաների միջոցով։ Օրինակ, առնչությունից գտնում ենք , իսկ առնչությունից՝ (k = 1, 2, …): Ընդհանուր դեպքում հնարավոր չէ ֆունկցիան գրել բացահայտ տեսքով։ Ավելին, միշտ չէ, որ տվյալ առնչությունը որոշում է ֆունկցիան։ Օր. գոյություն չունի իրական ֆունկցիա, որը բավարարի առնչությանը, իսկ առնչությանը չի բավարարում և ոչ մի կոմպլեքս ֆունկցիա։ Կան պայմաններ, որոնք ապահովում են Ա. ֆ–ի գոյությունը, ինչպես նաև անընդհատությունը և դիֆերենցելիությունը։

Գրկ. Ֆիխտենգոլց Գ. Մ., Մաթեմատիկական անալիզի հիմունքներ, հ. 1, թրգմ. ռուս. 4 հրտ–ից, Ե., 1970։


ԱՆԲԵԿ, Անպեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճից հյուսիս–արևելք, Մեծ Զաբ գետի վերին հոսանքում, Աղբակի (Բաշ–կալե) գավառում։ 1851-ին ուներ շուրջ 90 հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի։ Ա–ի շրջակայքում պահպանվել էին հին եկեղեցու ավերակներ և գերեզմանոց։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՆԳ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից 6 կմ հարավ–արևելք, Խոշաբ գետի աջ ափին՝ շրջապատված մրգատու այգիներով։ XIX դ. վերջերին ուներ 80 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Ա–ի բնակիչները մասնակցել են Վանի 1915-ի հերոսական պաշտպանությանը։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասն ապաստանել Արևելյան Հայաստանում։


ԱՆԳԱՆԳՆԵՐ (Acrania), ստորին քորդավորների ենթատիպ։ Մարմնի գլխային մասն առանձնացած չէ, գանգ չունեն (որտեղից՝ անունը)։ Մարմինը, ներառյալ ներքին որոշ օրգաններ, հատվածավոր է։ Ա–ի զգայարանները թույլ են զարգացած, սիրտ չունեն (ֆունկցիան կատարում է փորային բաբախող անոթը)։ Հայտնի է Ա–ի 22 տեսակ (առավել հայտնին նշտարիկն է)։


ԱՆԳԱՐ, միգրեն (ֆրանս. migraine), հիվանդություն, ընթանում է գլխի մի կեսում պարբերաբար առաջացող նոպայաձև ուժեղ ցավերով։ Պատճառներն են՝ գերհոգնածությունը, սեռական կյանքի չարաշահումը, ալկոհոլամոլությունը, անկայուն վեգետատիվ համակարգը, երբեմն՝ լյարդի, ներզատիչ գեղձերի հիվանդությունները։ Ա–ի նոպայի նախանշաններն են՝ տեսողության, զգացողության, շարժողության ֆունկցիաների անկումը, ընդհանուր թուլությունը, գրգռվածությունը։ Նոպան ուղեկցվում է սրտխառնոցով, երբեմն՝ փսխումով։ Տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Բուժումը՝ ցավը հանգըստացնող դեղորայք և հիմնական հիվանդության բուժում։


ԱՆԳԱՐ (ֆրանս. hangar), կառույց՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ պահելու, դրանց տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար։ Լինում են մշտական, ժամանակավոր և հավաքովի Ա–ներ։


ԱՆԳԱՐԱ, գետ ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում և Կրասնոյարսկի երկրամասում, Ենիսեյի աջ վտակը։ Երկ. 1779 կմ է (նախքան Իրկուտսկի և Բրատսկի ջրամբարների ստեղծումը՝ 1826 կմ), ավազանը՝ 1039 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Բայկալ լճից։ Խոշոր վտակներն են. աջից՝ Իլիմը, Չադոբեցը, ձախից՝ Իրկուտը, Օկան, Տասեևան։ Սառցակալում է վերին հոսանքում՝ հունվարից մինչև ապրիլ, ստորին հոսանքում՝ նոյեմբերից մինչև մայիս։ Տարեկան միջին ծախսը (գետաբերանում) 4500 մ³/վրկ է։ Ա–ի վրա կառուցվել են Իրկուտսկի և Բրատսկի ՀԷԿ–երը։ Նավարկելի է ակունքից մինչև Բրատսկ քաղաքը, ապա Բոգուչանի գյուղից մինչև գետաբերան։ Հարուստ է ձկներով (ստերլետ, թառափ, զամբռիկ ևն)։ Խոշոր նավահանգիստներն են՝ Իրկուտսկը, Անգարսկը, Բրատսկը։


ԱՆԳԱՐՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում, Անգարա գետի ափին, Իրկուտսկից 50 կմ հյուսիս–արևմուտք։ Երկաթուղային կայարան։ 213 հզ. բն. (1972)։ Կան նավթաքիմիական խոշոր կոմբինատ, էլեկտրամեխանիկական գործարան, շինանյութերի արտադրության և փայտամշակման ձեռնարկություններ, կարի ֆաբրիկա, մսի կոմբինատ։ Ա–ում գործում են Իրկուտսկի պոլիտեխնիկական ինստ–ի մասնաճյուղը, պոլիտեխնիկում, բժշկական ուսումնարան։


ԱՆԳԵԼՆՅԱՆ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնատու ցեղ։ Ստացվել է Անգելն (Angeln, Գերմանիա) թերակղզում, տեղական գորշ–կարմիր տավարից։ Գույնը կարմիր է (բաց սպիտակ և մուգ երանգներով), կովերի միջին կենդանի քաշը 440–460 կգ է, ցուլերինը՝ 650–750 կգ։ Կաթնատվությունը՝ 3000–3500 կգ, բարձրակիթներինը՝ մինչև 4500 կգ։ Կաթի յուղայնությունը՝ 4%: ԱՍՀՄ–ում ցեղը մաքուր պահպանվել է Ուկր. ՍՍՀ և Ուդմ. ԻՍՍՀ առանձին տնտեսություններում։


ԱՆԳԵԼՈՍՆԵՐ (Άνγελος), բյուգանդական կայսերական հարստություն (1185–1204)։ Առաջին ներկայացուցիչն էր Իսահակ II (առաջին անգամ իշխեց 1185–95-ին), որն իշխանության գլուխ անցավ Անդրոնիկոս I Կոմնենոս կայսրին տապալելով։ Ա–ի օրոք կայսրության ներքին և արտաքին վիճակը վատթարացավ։ Իսահակ II թեպետ ետ մղեց Սիցիլիայի նորմանների հարձակումները, սակայն մի քանի պարտություններ կրեց Իկոնիայի սելջուկյան սուլթան Խլիճ Արսլանից և հարկադրված եղավ նրան հարկ վճարել։ Իսահակ II հարկային քաղաքականությունը և այլազգիների դեմ հալածանքը ուժեղացրին ներքին դժգոհությունները։ 1186-ին ապստամբեցին բուլղարներն ու վալաքները և Բուլղարիան անկախ դարձավ։ Կայսրության սահմաններում բնակվող հայերին քաղկեդոնություն պարտադրելու փորձերը և նրանց նկատմամբ կիրառվող հալածանքները Կիլիկիայի հայկ. իշխանությանը կողմնորոշեցին դեպի լատինական պետությունները։ 1195-ին Ալեքսիս III, տապալելով և կուրացնելով եղբորը՝ Իսահակ II, իրեն կայսր հռչակեց (իշխեց մինչև 1203)։ Սրա օրոք թուլացած կայսրությունը հրաժարվեց կրոնական բացահայտ հալածանքների քաղաքականությունից։ Բյուզանդիայի ազդեցությունը Կիլիկիայում վերջնականապես չկորցնելու հույսերով Ալեքսիս III շտապեց ճանաչել Լևոն Բ–ին՝ նրան ուղարկելով թագ և հանդերձանք։ Նա միաժամանակ Լևոն Բ–ին դրդեց վերստին քննարկել հայկ. և բյուզանդ. եկեղեցիների միացման հարցը։ 1197-ին Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ հայկ. նոր դեսպանություն ուղարկվեց Կոստանդնապոլիս՝ բանակցելու կայսեր առաջարկությունների շուրջ։ Բանակցություններն ապարդյուն անցան, քանի որ Բյուզանդիան նպատակ ուներ Կիլիկյան Հայաստանը վասալական կախման մեջ դնել։ 1203-ին Ալեքսիոս III, չկարողանալով դիմադրել կայսրություն խուժած խաչակիրների զորամասերին (IV արշավանք), կողոպտեց պետական գանձարանը և փախավ։ Կրկին կայսր հռչակվեց Իսահակ II (երկրորդ անգամ իշխեց 1203–04-ին), որը կուրության պատճառով կառավարում էր որդու՝ Ալեքսիոս IV հետ։ 1204-ի փետր. 5-ի ապստամբությամբ Ա–ի հարստությանը վերջ տրվեց։ Հ. Բարթիկյան


ԱՆԳԵՂԱԿՈԹ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արևմուտք։ 1779 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

Ա. միջին դարերում Սյունիքի հոգևոր և մշակութային, ապա նաև վարչական կենտրոններից էր։ XV դ. հիշատակվում է որպես գյուղաքաղաք։ 1699-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ այստեղ, Մելիք Մաֆրազի դղյակում, հրավիրվեց Անգեղա–