Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցել են հասարակ Ա–ներից և քիչ՝ առանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից։ Ըստ Հ. Աճառյանի, Ա–ների մեջ արմատական բառեր չկան, և դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են։ Զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող ժողովուրդների մոտ Ա–ները հաճախ ունեն տոտեմիստական ծագում։ Աամոա կղզու բնակիչները ծննդաբերության ժամանակ կոչում են զանազան տոտեմների անվանումներ,և երեխայի ծննդյան պահին արտասանած անվանումը դառնում է նրա Ա.։ Տոտեմիստական շրջանից մնացած առանձին Ա–ներ կարելի է հանդիպել այժմ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, ինչպես հրեաների մոտ՝ Ռաշել (գառնուկ), Լեա (կով)։ Հին Արևելքում սովորություն կար աստվածների Ա–ներից կազմված անձնանուններ ստեղծել, օրինակ՝ Նիշուբուր Ամամու («Նիշուբուր աստվածուհին մայրս է»)։ Սեմիտական ժողովուրդները երեխային անվանակոչում էին կապելով աստծո հետ, ինչպես Հովհաննես, որ ծագել է «Եհովան ողորմած է» բառերից։ Հին Հռոմում հանրապետության ժամանակներից ի վեր քաղաքացիների Ա–ները կազմում էին անձնանունից (Մարկոս), տոհմի կամ զարմի անվանումից (Տուլիուս) և մականունից, որը հաճախ նշում էր ընտանիքի ճյուղը (ինչպես «Ցիցերոն», որ նշանակում է «սիսեռ»)։ Այս երեք բաղադրյալները (tria nomina – երեք անուն) երբեմն լրացվում էին երկրորդ մականունով, որը զանազանում էր պատրիկներին մյուս քաղաքացիներից։ Գոյություն ուներ ավանդույթ՝ անձնանունով անվանակոչել ընտանիքի առաջին չորս արու զավակներին։ Սևացածներին անվանակոչում էին ըստ թվական կարգի (Քինտոս՝ հինգերորդ, Սեքստոս՝ վեցերորդ ևն)։ Սեմիտական անձնանուններում գործածվում էին և արաբների մոտ այժմ էլ գործածվում են հոր որդու Ա–ները, ինչպես՝ Հասան իբն-Հյուսեին (Հասան որդի Հյուսեինի) կամ Հասան իբն–Հյուսեին աբու–Ալի (Հասան որդի Հյուսեինի հայր Ալիի)։

Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ Լենկ Թեմուր (կաղ Թեմուր), Իվան Ահեղ, Աշոտ Մսակեր, Աշոտ Ողորմած։ Ա–ները մի լեզվից մյուսին անցնելով և ենթարկվելով հնչյունափոխության կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ Ներկայումս ոչ ոք չի խորհում այն մասին, որ Թովմաս նշանակում է «երկվորյակ» և սկզբնապես տրվել է երկվորյակներից մեկին, Պողոս անվանելիս ամենևին նկատի չեն ունենում, որ դա նշանակում է «փոքրիկ»։ Ա. ստեղծել են նաև կապված զանազան դեպքերի հետ։

Քրիստոնեության տարածումը լայն շրջանառության մեջ դրեց Հին և Նոր կտակարաններում հիշատակված եբր. Ա–ները, թեև դրանք բարձր քաղաքակրթության հասած ժողովուրդների մոտ ամբողջությամբ չարտամղեցին հին Ա–ները։ Անվանակոչման հարցում ավանդույթների բազմազանության փոխարեն առաջ եկան ընդհանուր տենդենցներ։ Միջնադարում գլխավորը դարձավ մկրտության Ա., որն առավելապես որևէ սրբի Ա. էր՝ փոխառված այլ լեզուներից և հաճախ հնչյունափոխված։ Վերածննդի շրջանում լայն տարածում ստացան անտիկ քաղաքակրթությունից եկած Ա–ները։ Բուրժուական հեղափոխությունների շրջանում անձնանուններ դարձան շատ հասարակ Ա–ներ։

Մահմեդականության տարածման հետևանքով Ասիայի և Աֆրիկայի շատ ժողովուրդներ, ընդունելով արաբների կրոնը, փոխ առան նաև նրանց Ա–ները։ Բուդդայական կրոնին հետևող ժողովուրդների մոտ փոխառությունները գրեթե բացակայում են։ Համեմատաբար քիչ են և հիմնականում շատ ավելի ուշ շրջանի արդյունք նշանակությունից զուրկ հնչյուններից, վանկերից և բառերից հորինված Ա–ները։ Ա–ները ապրել են երկարատև էվոլյուցիա՝ կորցնելով իրենց նախնական ստուգաբանական կամ կրոնական նշանակությունը։ Դրանք հետագայում սկսել են տրվել բարեհնչունության համար, տվյալ Ա. կրած գործչի, գրողի, արվեստագետի հանդեպ ունեցած սիրուց կամ հարգանքից դրդված, ծնողի կամ նախնիի հիշատակը հավերժացնելու նկատառումով, զավակի մոտ ֆիզիկական և հոգեկան լավ հատկանիշներ տեսնելու ակնկալությամբ, նորաձևության մոլուցքից դրդված։ Ա–ների փոխառությունները հետևանք են ոչ միայն կրոնական մշակութային շփումների ու փոխազդեցությունների, այլև ռազմական արշավանքների, զավթումների, նվաճված ժողովուրդների նկատմամբ կիրառած բռնությունների և ճնշման։ Այդ պատճառով Ա–ների փոխառության երևույթի մեջ միշտ տեսել են ուծացման վտանգ և, բնականաբար, ազգային զարթոնքի հետ մեկտեղ վերածնվել և մեծ տարածում են ստացել բուն ազգային կամ տվյալ ազգի ու ժողովըրդի պատմության և մշակույթի կարևոր իրադարձությունների հետ կապված Ա–ները։

Մի շարք ժամանակակից անթրոպոնիմիկական համակարգերում (հայկ., ռուս. ևն) ամեն ոք անի անձնանուն (ընտրված սահմանափակ ցուցակից), հայրանուն և ազգանուն (վերջինների հնարավոր թիվը գործնականորեն անսահմանափակ է)։ Եղել են և կան տարբեր անթրոպոնիմիկական համակարգեր։ Իսպանիայում և Պորտուգսւլիայամ, օրինակ, անձը սովորաբար անի մի քանի Ա. (կաթոլիկ եկեղեցական ցուցակից), հայրական և մայրական ազգանունները, Իռլանդիայում՝ անձնանուն (սահմանափակ ցուցակից) և ազգանվան փոխարեն՝ հոր Ա–ից ածանցված անուն։ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում Ա. կազմվում է միավանկ ազգանունից (տարբեր ժամանակաշրջաններում դրանք հաշվվում էին 100–400) և անձնանունից, որը սովորաբար կազմված է լինում երկու միավանկ բառերից, ընդ որում անձնանունների թիվը սահմանափակ է։

Հայկական Ա–ների ուսումնասիրությամբ զբաղվել է Հ. Աճառյանը, որի «Հայոց անձնանունների բառարան» հինգհատորյա աշխատությունը եզակի երևույթ է իր տեսակի մեջ։ Հայկ. անձնանունները նա բաժանում է 15 խմբի. 1. Նախահայկական Ա–ներ (Արամ, որ ծագում է խալդյան Արամե թագավորի Ա–ից)։ 2. Անծանոթ Ա–ներ (Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, Արա, Դարդոս ևն), որոնք հիշատակվում են Մովսես Խորենացու Պատմության Ա գրքում, և որոնց հայկ. ծագումը հաստաւոված չէ։ 3. Բուն հայկ. Ա–ներ (Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գյուտ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Զարմայր, Առնակ ևն)։ Բուն հայկ. Ա–ներում հանդիպող կենդանիների և թռչունների անվանումները միայն հեռավոր կապ կարող են ունենալ տոտեմիզմի հետ և հիմնականում ուժի, գեղեցկության և քնքշության արտահայտություն են (Այծեմնիկ, Առյուծ, Արտույտ, Գառնիկ, Եզնիկ, Աղավնի, Արծվիկ ևն)։ 4. Պահլավական Ա–ներ, որոնք պարթևական ազդեցության արդյունք են (Վարդան, Բագրատ, Ատրներսեհ, Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Գիսակ, Գուրգեն, Անուշ, Աշխեն, Արշակ, Սանատրուկ, Տրդատ, Վռամշապուհ ևն)։ Դրանց մեծ մասը ստուգաբանված է որպես հասարակ Ա–ներ, ինչպես Աշխեն՝ «թուխ», Անուշ՝ «անմահ», Դարզեն՝ «գայլի ձագ», Տրդատ՝ «Տիր աստծո տվածը»։ 5. Ասորական Ա–ներ, որոնք Հայաստանում տարածում գտան քրիստոնեություն ընդունելուց հետո (Աբգար, Եղիշե, Գադիշո ևն)։ Ասորական ազդեցությունը եղավ կարճատև, և նրա հետ եկած Ա–ներից պահպանվեցին մեկ–երկուսը (Աբգար, Եղիշե)։ 6. Եբր. Ա–ներ, որոնք եկել են քրիստոնեության հետ (Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Դավիթ, Եսայի, Հակոբ, Զաքարիա, Սողոմոն ևն)։ Եբր. Ա–ները հայերին անցել են Աստվածաշնչի թարգմանության միջոցով, որը կատարվել է հունարենից և այդ պատճառով հայկ. տառադարձման մեջ դրանք կրում են հուն․ ազդեցությունը։ 7. Հուն. Ա–ներ, որոնք արդյունք են հայ–հունական դարավոր կապերի և հելլենական քաղաքակրթության ազդեցության։ Առավել տարածված հուն. Ա–ներ են՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գեորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ) ևն։ 8. Արաբական Ա–ներ։ Հայերը արաբներից վերցրել են քիչ թվով Ա–ներ արաբ․ տիրապետության շրջանում, ինչպես՝ Աբլխարիպ (հայր Ղարիբի), Աբուսահլ (հայր Սահլի), Մլեհ (սիրուն, գեղեցիկ) են։ Այդ Ա–ները երկար կյանք չեն ունեցել և այժմ հայերի շրջանում գործածական չեն։ 9. Լատինական Ա–ները հայերի մոտ տարածում գտան Կիլիկիսւյի Հայկական թագավորության շրջանում։ Դրանցից են Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Հ. Աճառյանի ենթադրության, ծագում է Օտոն Ա–ից), Ալիս, Զաբել ևն։ 10. Հայ կրոնական Ա–ներ, որոնք սկզբում քրիստոնեական օտար Ա–ների թարգմանություն էին, ինչպես՝ Հարություն, Առաքել, Աստվածատուր, Խաչիկ (հուն. Անաստաս, Ապոստոլ, Թեոդորոս, Ստավրի), Մխրթար (եբր. Սեթ)։ Դրան զուգընթաց ստեղծվել են նաև նոր նմանակերտ Ա–ներ, ինչպես՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Կարապետ, Մկրտիչ, Ավետիս, Ավազ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի ևն։