Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

(նկ․) Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը։

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ», շքանշան (ՀՍՍՀ), սահմանվել է ՀՍՍՀ Կենտգործկոմի 1923-ի հուլիսի 2-ի որոշմամբ՝ պետական, հասարակական, աշխատանքային բացառիկ գործունեություն ցուցաբերած և գիտության, արվեստի, գրականության բնագավառում աչքի ընկած գործիչներին և կազմակերպություններին պարգևատրելու համար։ Պարգևատրելու միջնորդությունը հարուցում էին ժողովրդական կոմիսարիատները և Արհեստակցական միությունների խորհուրդը։ «Ա. կ. դ.» շքանշանով պարգևատրումները դադարեցվել են 1933-ին։ 1928-ի սեպտ. 7-ին ՍՍՀՄ Կենտգործկոմը և ժողկոմխորհը հիմնեցին միասնական «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանը։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ձեռնարկություններում, հիմնարկություններում, տնտեսություններում աշխատանքը կարգավորող կանոններ։ Նպատակն է՝ նպաստել աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի դաստիարակմանը, ապահովել աշխատանքի սոցիալիստական կարգապահությունը և ճիշտ կազմակերպումը, աշխատաժամանակի լրիվ և արդյունավետ օգտագործումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը և բարձրորակ արտադրանքի թողարկումը։ Կանոններով սահմանվում են նաև ադմինիստրացիայի և աշխատողների պարտականությունները։ Գործող տիպային կանոնները հաստատվել են ՍՍՀՄ Մինիստրների սովետի աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի 1957-ի հունվ. 12-ի որոշմամբ, ՀԱՄԿԽ–ի համաձայնությամբ։ Կանոնների հիմնական բաժիներն են. 1. Ընդհանուր դրույթներ, 2. Բանվորների ու ծառայողների ընդունման և ազատման կարգը, 3. Ադմինիստրացիայի, բանվորների և ծառայողների հիմնական պարտականությունները, 4. Աշխատանքի ժամանակը և նրա օգտագործումը, 5. Խրախուսման միջոցները, 6. Ներգործության միջոցները աշխատանքային կարգապահության խախտման դեպքերում։ Կանոները պարտադիր են բոլոր բանվորների և ծառայողների համար։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, քաղաքացու և ձեռնարկության (հիմնարկի) միջև կամովին կնքվող համաձայնագիր, որի մի կողմը (աշխատավորը) պարտավորվում է կատարել որոշակի աշխատանքային ֆունկցիա՝ ենթարկվելով տվյալ ձեռնարկության (հիմնարկի) աշխատանքային ներքին կարգ ու կանոնին, իսկ մյուս կողմը (ձեռնարկությունը, հիմնարկը)՝ կազմակերպել նրա աշխատանքն ըստ աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ ու աշխատանքային պայմանագրերի և վարձատրել նրան ըստ աշխատանքի քանակի և որակի։ Ա. պ. կնքվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր. 1. անորոշ ժամկետով, 2. որոշակի ժամկետով, բայց 3 տարուց ոչ ավելի, 3. որոշակի աշխատանքի կատարման ժամկետով։

Բանվորին կամ ծառայողին նույն ձեռնարկությունում (հիմնարկում) այլ աշխատանքի փոխադրելը, ինչպես նաև այլ ձեռնարկություն (հիմնարկ) կամ այլ վայր՝ թեկուզև ձեռնարկության (հիմնարկի) հետ, աշխատանքի փոխադրելը թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ արտադրական անհրաժեշտության, պարապուրդի և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրման դեպքերի։ Աշխատանքային օրենսդրության համաձայն, Ա. պ. դադարում է. 1. կողմերի համաձայնությամբ, 2. ժամկետի լրացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային հարաբերությունները փաստորեն շարունակվում են և կողմերից ոչ մեկը չի պահանջել դրանց դադարեցումը, 3. աշխատավորի զորակոչվելու կամ զինվորական ծառայության ընդունվելու կապակցությամբ, 4. կողմերի նախաձեռնությամբ կամ արհմիութենական մարմնի պահանջով Ա. պ–ի լուծման դեպքում, 5. աշխատողի համաձայնությամբ նրան այլ աշխատանքի փոխադրելու կամ ընտրովի պաշտոնի անցնելու պատճառով, 6. աշխատողի՝ ձեռնարկության (հիմնարկի) հետ այլ վայր աշխատանքի փոխադրվելուց հրաժարվելու հետևանքով, 7. դատարանի օրինական ուժ ստացած դատավճռով, որով աշխատավորը դատապարտված է (բացի պայմանական դատապարտման դեպքերի) ազատազրկման, ուղղիչ աշխատանքների (ոչ ըստ աշխատանքի վայրի) կամ տվյալ աշխատանքը շարունակելու հնարավորությանը բացառող այլ պատժի։

Ձեռնարկության (հիմնարկի) ադմինիստրացիայի նախաձեռնությամբ Ա. պ–ի լուծում չի թույլատրվում առանց արհմիության ֆաբգործտեղկոմի նախնական համաձայնության, բացառությամբ ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՀԱԿ, ըստ սովետական իրավունքի, աշխատանքային հատուկ պարտականություն, որը դրվում է աշխատունակ քաղաքացիների վրա բացառիկ դեպքերում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական պետությունը կիրառեց Ա. պ. երկրի պաշտպանունակությունը ապահովելու համար։ Խաղաղ պայմաններում Ա. պ. կիրառվում է միայն տարերային աղետների դեմ պայքարելու համար։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ցուցանիշների համակարգ, որ բնութագրում է աշխատուժի առկայությունը և զբաղվածությունը, ըստ գործունեության տեսակների, ինչպես նաև բացահայտում ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի աշխատուժի լրացուցիչ ապահովման աղբյուրները՝ տեղական ռեսուրսների հաշվին, և աշխատանքային ռեսուրսների անհրաժեշտ տեղաբաշխումը շրջանների միջև։ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշռի բաղկացուցիչ մասն է։ Աշխատանքային ռեսուրսների մեջ ընդգրկվում է ամբողջ աշխատունակ բնակչությունը (տղամարդիկ՝ 16–59, կանայք՝ 16–54 տարեկան), բացի I և II խմբի չաշխատող հաշմանդամներից և աշխատունակ տարիքի թոշակառուներից։ Աշխատանքային ռեսուրսների մեջ են ընդգրկվում նաև աշխատունակ տարիքից բարձր տարիք ունեցող և մինչև 16 տարեկան աշխատողները։ Տարբերում են հաշվետվական և պլանային Ա. ռ. հ–ներ։ Հաշվետվական հաշվեկշիռները կազմում են ՍՍՀՄ կենտվիճվարչությունը և նրա տեղական օրգանները՝ հաշվետու տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ։ Դրանցում բնութագրվում են ժողովրդական տնտեսության ճյուղերում զբաղված աշխատողների թվի բաշխման առկա համամասնությունները։ Հաշվետվական հաշվեկշիռները կազմվում են միութենական և ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, վարչական շրջանների, տնտեսական շրջանների, ճյուղերի, ինչպես նաև առանձին պետական ձեռնարկությունների և կոլտնտեսությունների մասշտաբով։ Աշխատանքային ռեսուրսների պլանային հաշվեկշիռն արտացոլում է աշխատուժի սոցիալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսը։. Այն նախատեսում է աշխատուժի անհրաժեշտ բաշխումը ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի, երկրի շրջանների, քաղաքի ու գյուղի միջև և նյութական ու ոչ նյութական արտադրության ոլորտների աշխատուժի պահանջարկի ապահովումը։ Այդ հաշվեկշիռներում աշխատողների թիվը, ըստ ժողովրդական տնտեսության ճյուղերի, հաստատվում է աշխատանքների պլանավորված ծավալին, աշխատանքի արտադրողականության մակարդակին և ոչ նյութական արտադրության ոլորտի ճյուղերի զարգացմանը համապատասխան։ Պլանային հաշվեկշիռները բացահայտում են ժողովրդական տնտեսության ճյուղերի լրացուցիչ աշխատուժի պահանջարկը և այն բավարարելու աղբյուրները։ Դրանց հիման վրա մշակվում է լրացուցիչ աշխատուժի պահանջարկը բավարարելու պլան։ Ի տարբերություն ամբողջ երկրի աշխատանքային ռեսուրսների ամփոփ հաշվեկշռի, որի երկու մասերը ՍՍՀՄ–ում գործազրկության բացակայության պատճառով հավասար են, տարածական կտրվածքով կազմված հաշվեկշիռներում այդպիսի հավասարակշռություն կարող է չլինել։ Այդ կապակցությամբ ժողովրդական տնտեսության զարգացման պլաններում նախատեսվում է աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում երկրի շրջանների միջև։ Աճող երիտասարդության հետ միասին, ժողովրդական տնտեսության պահանջմունքները բավարարելու կարևորագույն աղբյուր է նաև տնային և անձնական օժանդակ տնտեսություններում զբաղված աշխատունակ բնակչության ներգրավումը հասարակական արտադրության մեջ։ Ամփոփ հաշվեկշռի հետ մեկտեղ կազմվում