ԱՌԱՔԵԼՅԱՆ 535
1881 թ.-ին Շուշիում հիմնադրել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության առաջին մասնաճյուղը։ 1892 թ.-ից բնակություն է հաստատել Թիֆլիսում, ուր վարել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության քարտուղարի (6 տարի), այնուհետև ազգային հոգաբարձության նախագահի պաշտոնը։ Եղել է 1-ին (1906 թ.) և 2-րդ (1907 թ.) Պետական դումաների ընտրող՝ կադետական կուսակցությունից։ 1915 թ.-ին ստեղծել ու գլխավորել է հայ գաղթականներին օգնող հանձնաժողովը։ 1917 թ.-ին հիմնադրել է «Հայ ազգաբնակչության մեջ գրագիտություն տարածելու ընկերություն»–ը։ Առաքելյանը Հայ ժողովրդական կուսակցության (1917 թ.) կազմակերպիչներից էր։ 1872 թ.-ից թղթակցել է «Մշակ»–ին, 1892 թ.-ից դարձել է խմբագրության մշտական անդամ, 1908 թ.-ից՝ հրատարակիչներից ու խմբագիրներից մեկը, 1913 թ.-ից մինչև մահը եղել է թերթի հրատարակիչ–խմբագիրը։ 1910–1913 թթ.-ին հրատարակել է «Արոր» ամսագիրը։ Միաժամանակ թղթակցել է հայկական ու ռուսական պարբերականներին՝ շոշափելով հայ գյուղին, կրթական գործին, մտավորականության վիճակին, ինչպես նաև արևմտահայերի ազգային–ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։ Առաքելյանը ողջունել է ցարիզմի տապալումը Ռուսաստանում, սակայն ճիշտ չի ընկալել Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Առաքելյանը եղել է ռեֆորմների կողմնակից։
1904 թ.-ին հայ պատվիրակության կազմում մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնգրեսին՝ Հայկական հարցը դիվանագիտական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու նպատակով։ Սակայն եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ, նա Արևմտյան Հայաստանի ազատագրումն ի վերջո կապել է ռուսական զենքի հաղթանակի հետ։ Առաքելյանը Շահրիար կեղծանունով պատմվածքներ ու վեպեր է տպագրել մամուլում։ «Ջհուդ Քուշան» (1902 թ.) վեպը վերցված է պարսկական կյանքից։ Առաքելյանը թարգմանություններ է կատարել ֆրանսերենից (Մոպասանի «Քսան վեպիկներ և զրույցներ», 1897 թ., Ֆլամարիոնի «Ուրանիա»–ն, 1900 թ. և այլն)։ «Հանրամատչելի Մեսրոպյան գրադարան» խորագրով լույս է ընծայել գիտա–մասսայական և գեղարվեստական գրքեր, կազմել է «Հանրագիտական բառարան» (հատոր 1-ին, 1915 թ., 2-րդ հատորի ձեռագիրը պահվում է Երևանում, Ե. Չարենցի անվան Արվեստի և գրականության թանգարանում)։ Առաքելյանը եղել է Ռուսական աշխարհագրական, Փարիզի «Société Asiatique» և միջազգային այլ ընկերությունների անդամ։ Սպանվել է 1918 թ.-ի հուլիսի 6-ին, Թիֆլիսում։
Երկեր՝ Պարսկաստանի հայերը, Վիեննա, 1911։
ԱՌԱՔԵԼՅԱՆ Միքայել Արշակի (ծն. 1905), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1957 թ.), պրոֆեսոր (1959 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1944 թ.-ից։ Ծնվել է հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)–ին, Բաքվում։ 1933 թ.-ին ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտը։ Եղել է ՀԽՍՀ հողժողկոմատի ձիաբուծական վարչության պետ (1942–1944 թթ.), Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ գիտնական–քարտուղար և գյուղատնտեսական կենդանիների բուծման ու սելեկցիայի բաժնի վարիչ (1944–1953 թթ.)։ 1953 թ.-ից դասախոսում է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտում, 1965 թ.-ից գենետիկայի և կենդանաբանության ամբիոնի վարիչն է եղել։ Առաքելյանի գիտական աշխատությունները նվիրված են ինբրեդային դեպրեսիայի և հետերոզիսի կենսաբանական էությանը, անասնապահության մեջ դրանց արդյունավետ օգտագործմանը, միապտուղ կենդանիների պտղատվության և հատկապես բազմապտղության ժառանգման օրինաչափություններին, պոպուլյացիայի գենետիկայի, իմունոգենետիկայի առանձին հարցերին։
Երկեր՝ Условия воспитания при родственном разведении животных, «Агробиология», 1950, № 2; О биологической роли семени как ментора у животных, «Советская зоотехника», 1950, № 9; О наследовании обретенных животными свойств двух отцовских форм, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, բիոլոգիական և կենսաբանական գիտություններ», 1952, հ. 5, № 3։
ԱՌԱՔԵԼՅԱՆ Մնացական Խաչատուրի (ծն. 1925 թ.), գյուղատնտեսական արտադրության առաջավոր, անասնապահ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966 թ.), ԽՄԿԿ անդամ 1964 թ.-ից։ Ծնվել է հունիսի 10-ին, Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանի Փոքր Մանթաշ գյուղում։ Աշխատել է Թալինի շրջանի Ալագյազի ոչխարաբուծական–տոհմաբուծական խորհրդային տնտեսությունում որպես ֆերմայի բրիգադավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է ոչխարաբուծության բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար։ Առաքելյանը եղել է ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատգամավոր։
ԱՌԱՔԵԼՅԱՆ Նորայր Հունանի (ծն. 1936 թ.), հայ խորհրդային մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.)։ Ծնվել է հուլիսի 17-ին, Ղազանչի (ՀԽՍՀ Արթիկի շրջանի Մեղրաշեն) գյուղում։ 1958 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ Առաքելյանի աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը։ Առաքելյանը լուծել է ամբողջ (կամ տվյալ տիրույթում անալիտիկ) ֆունկցիաներով հավասարաչափ մոտավորության խնդիրը, որով նրբացվել են և ավարտվել այդ հարցում Մ. Կելդիշի, Մ. Լավրենտևի, Ս. Մերգելյանի և այլ հեղինակների արդյունքները։ Առաքելյանն առաջինն էր, որ մոտավորությունների տեսության մեթոդները և արդյունքները կիրառել է մերոմորֆ ֆունկցիաների, այսպես կոչված, դեֆեկտների տեսության մեջ։ Դեֆեկտների վերաբերյալ Առաքելյանի ստացած արդյունքները հերքում են ֆինն մաթեմատիկոս Ռ. Նևանլինայի հայտնի վարկածը, ըստ որի, վերջավոր կարգ ունեցող ամբողջ ֆունկցիաների դեֆեկտների բազմությունը վերջավոր է։ ՀամԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է (1970 թ.)։
ԱՌԱՔԵԼՅԱՆ Սեդրակ Առաքելի (1884–1942 թթ.), հայ նկարիչ։ Հայ խորհրդային գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1935 թ.)։ Ծնվել է դեկտեմբերի 17(29)–ին, Նախիջևանի գավառի Ջահուկ (Ջահրի) գյուղում։ 1904–1908 թթ.-ին սովորել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (Թիֆլիս)՝ Ե. Մ. Թադևոսյանի, 1908–1916 թթ.-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ Ա. Վ. Իվանովի, Կ. Ա. Կորովինի և Ա. Ե. Արխիպովի մոտ։ 1919 թ.-ին տեղափոխվել է Երևան։ Եղել է Երևանի Գեղանկարչության և քանդակագործության դպրոցի (այժմ՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան) հիմնադիրներից (1921 թ.), դասատուներից (1921–1937 թթ.) և վարիչը (1921–1925 թթ.)։ Առաքելյանի արվեստը ձևավորվել է Ե. Մ. Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության ստեղծագործական յուրացումով և հայրենի բնաշխարհի տիպական հատկանիշների անմիջական ազդեցությամբ։
Առաքելյանի ստեղծագործության առաջին շրջանի (1908–1918 թթ.) աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ, երբեմն ռոմանտիկ շնչով համակված արտացոլումը։ Ստեղծագործության երկրորդ շրջանը (1918–1924 թթ.) նկարչի արվեստի խորացման, արտահայտչական նոր միջոցների որոնման տարիներ են։ Այդ փուլի առաջին գործերի կոլորիտի վրա անդրադարձել է նախախորհրդային Հայաստանի քաղաքական–հասարակական ծանր մթնոլորտը, գեղանկարները համակված են թախծոտ տրամադրությամբ:
Ստեղծագործության երրորդ շրջանում (1925–1942 թթ.) Առաքելյանը վերջնականապես ազատագրվել է մելամաղձոտ տրամադրություններից և անցել պայծառ ու արևաշատ գեղանկարների։ Նա շարունակել է ստեղծել կենցաղային բնանկարներ՝ հայկական գյուղը պատկերելով պարզ, նախնական վիճակում՝ հողի մշակի ու բնության հանդեպ ունեցած անվերապահ հիացումով։ Այդպիսին է «Կալը Սևանի ափին» (1928 թ., ՀՊՊ) կոմպոզիցիան։ «Գյուղական բակ» (1927 թ., ՀՊՊ), «Աղբյուրի մոտ» (1928 թ., ՀՊՊ) կենցաղային նկարներին հատուկ է մեծ ընդհանրացումը։ Նրա «Կոլխոզի կալը» (1928 թ., ՀՊՊ) կոմպոզիցիան նվիրված է կոլեկտիվացման անցնող գյուղի համայնական աշխատանքին։ 1928–1929 թթ.-ին Առաքելյանը ստեղծել է պիոներական կյանքից նկարաշար։ Բազմաբնույթ են Առաքելյանի կտավների թեմաները։ Նրա «Գարունը Երևանում» (1926 թ., ՀՊՊ), «Կորչի չադրան» (չորս տարբերակով, 1928–1934 թթ.), «Բամբակահավաք» (1930 թ., ՀՊՊ), «Սևանի ձկնորսները» (1935 թ., ՀՊՊ), «Կոլտնտեսային դաշտերում» (1936 թ., ՀՊՊ), «Կուլտուրան լեռներին» (հինգ տարբերակով, 1936–1941 թթ.), «Վ. Ի. Լենինը քոլիկում» (1940 թ.) նոր բովանդակությամբ իմաստավորված և նոր ձևով կատարված գործեր են, որոնք վկայում են արվեստագետ քաղաքացու ջերմ համակրանքը վերափոխվող հասարակարգի նկատմամաբ: