Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրների հետ հասցրին նվազագույնի՝ ստրատեգիական նկատառումների պատրվակով արգելելով շատ թե քիչ տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների արտահանությունը այդ երկրները:Սակայն մրցակցության սրումը համաշխարհային կապիտալիստական շուկայում, իրացման դժվարությունները, վալյուտային ճգնաժամը, էներգետիկ ճգնաժամը ԱՄՆ–ում կապիտալիստական երկրներին հարկադրեցին վերանայել արտաքին առևնտրում սոցիալիստական պետությունների նկատմամբ խտրականության քաղաքականությունը։ Դրան որոշակիորեն նպաստեց ՍՄԿԿ XXIV համագումարում ընդունված Խաղաղության ծրագրի իրագործման շնորհիվ միջազգային լարվածության մեղմացումը, հարաբերությունների բարելավումը Եվրոպայում ԳՖՀ–ի և սոցիալիստական երկրների միջև, պատերազմի դադարեցումը և խաղաղության վերահաստատումը Վիետնամում, արմատական շրջադարձը սովետա–ամերիկյան հարաբերություններում:

ՍՍՀՄ արտաքին առևտրի ապրանքաշրջանառությունը զարգացած կապիտալիստական երկրների հետ 1972-ին կազմել է 5,9 մլրդ. ռ. (1962-ին՝ 2,2 մլրդ. ռ.), ընդ որում ԳՖՀ հետ՝ 827 մլն., Ճապոնիայի հետ՝ 816 մլն., Ֆինլանդիայի հետ՝ 602 մլն., Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի հետ՝ ավելի քան 500-ական մլն.ռ.։ Վ. Ներկարարյան, Ռ. Շախկուչյան ԱՌԵՐԵՍՈՒՄ դատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողություն, հարցաքննության ձև նախօրոք հարցաքննված այն անձանց միջև, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում միաժամանակ երկուսից ավել անձանց Ա.։ Առերես կարող են հարցաքննվել՝ վկան, տուժողը, կասկածյալը, մեղադրյալը։ Ա. հիմնականում տեղի է ունենում հետաքննաթյան և նախաքննության ընթացքում, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական ու քաղաքացիական գործերի դատաքննության ժամանակ։ Ա. կատարվում է միութենական հանրապետությունների քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգին համապատասխան։


ԱՌԵՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 150 տուն՝ 1050 բնակիչներով, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ։ Նրա մոտակայքում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ, ինչպես նաև մի մեծ գերեզմանոց։ Ա. ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Հ. Բարսեղյան


ԱՌԷՋՔ, ծաղկի մաս, որի շնորհիվ կատարվում են փոշոտումն ու բեղմնավորումը։ Բաղկացած է առէջաթելից և փոշանոթից։ Վերջինս կազմված է երկու փոշեպարկերից, որոնք միացած են հատուկ հյուսվածքով՝ կապով։ Յուրաքանչյուր փոշեպարկի ներսում գտնվում են զույգ փոշեբները, որտեղ առաջանում են փոշեհատիկները։ Երբեմն առէջաթելը բացակայում է, և փոշանոթը լինում է նստադիր։ Ա–ների թիվը յուրաքանչյուր ընտանիքի համար հաստատուն է, օրինակ՝ ձիթենազգիների ներկայացուցիչներին բնորոշ են 2, մորմազգիներին՝ 5, խաչազգիներին՝ 6, կակաչազգիներին՝ բազմաթիվ ևն։ Ա–ի խմբավորումը ծաղկի մեջ կոչվում է անդրոցեյ։ Ա–ները կարող են ձուլվել ծաղկի մասերի (վարսանդ, ծաղկապատ) կամ միմյանց հետ։ Ծաղկի ներսում նրանք տեղադրված են օղակաձև կամ պտուտակաձև։ Նրանց թիվը, դիրքը, ձևը և ձուլվածությունը կարզաբանական կարևոր հատկանիշներ են:


ԱՌԻԹՄԻԱ (<հուն. ά ժխտ. մասնիկ + ριθμός - ռիթմ), սրտի գործունեության խանգարում, որի դեպքում փոխվում է սրտի կծկումների հաճախականությունը (հաճախասրտություն, դանդաղասրտություն) կամ հերթականությունը։ Ա–ի խմբին է պատկանում նաև սրտի առանձին բաժինների կծկման միջև եղած բնականոն հերթականության խախտումը։ Ամենից հաճախ պատահում են էքստրասիստոլային, շողացող Ա–ները և սրտի պաշարման (բլոկադա) տարբեր ձևերը։ Ա–ի ժամանակ խանգարվում են սրտի էլեկտրական ֆունկցիաները (հաղորդականություն, գրգռողականություն), ավտոմատիզմը։ Ա. զարգանում է սրտային, արտասրտային հիվանդությունների և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։ Բուժումը՝ հիմնական հիվանդության վերացում և սրտի բնականոն ռիթմի վերականգնում։


ԱՌԻՆՁ, Առինջ, Առուզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Քղի գետի հովտում։ XIX դ. սկզբին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ա. հայտնի էր ընկույզով, տանձով ու սնկով։ Ճանապարհներով կապված էր Միլիքան և Քղի գյուղաքաղաքների հետ։ Ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։


ԱՌԻՆՋ, Առինք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոնում, Մուշ քաղաքից 2–3 կմ հյուսիս։ 1909-ին ուներ 150 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Ա. ուներ եկեղեցի և ուսումնարան։ Շրջակայքում պահպանվել էին երկու հին բնակավայրերի մնացորդներ և գերեզմանոց։ Գյուղը բաժանված էր վերին և ներքին թաղերի՝ իրարից սահմանազատված մրգատու այգիներով։ Բնակչության մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Հ. Բարսեղյան


ԱՌԻՆՋ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ։ 2981 բն. (1970), հայեր։ Պտղատնկարանային սովետական տնտեսությունն զբաղվում է նաև թռչնաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք։ Գյուղի մոտ պանպահպանվել են բերդի մնացորդները։ Բերդապարսպի ստորին շարքերը մեծ