Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՍԵԱՑ ՓՈՐ, Արսեաց փոր, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգում։ Գտնվում էր Ճորոխ գետի անտառապատ հովտում՝ նրա վտակ Պարխար գետի կիրճում։ Ա. փ. ընդգրկում էր հետագայի Կիսկիմ–Խոտորջուր և Բերդագրակ–Արսիս վիճակները։ Ա. փ–ում էր գտնվում Հայաստանի ոսկու մշակման հիմնական վայրը՝ հռչակավոր Փառանդիոնը, հավանաբար. այժմյան Քարվանք գյուղի մոտերքը։ Ս. Երեմյան


ԱՍԵԵՎ Նիկոլայ Նիկոլաևիչ (1889-1963), ռուս սովետական բանաստեղծ։ Ծնվել է հունիսի 27 (հուլիսի 7)–ին, Լգով քաղաքում։ Տպագրվել է 1913-ից։ Նույն թվականին ծանոթացել է Վ. Վ. Մայակովսկու հետ, եղել է նրա գլխավորած «Լեֆ» գրական խմբակի անդամ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գիշերային սրինգ» (1914), կրել է սիմվոլիզմի, հատկապես՝ ֆուտուրիզմի ազդեցությունը։ Հեղափոխական–ռոմանտիկական պաթոսով են համակված «Սվերդլովյան փոթորիկը» (1924), «Սեմյոն Պրոսկակով» (1928) պոեմները, «Քսանվեց» (1925)՝ նվիրված Բաքվի կոմիսարներին, «Չերնիշևսկի» (1929) բանաստեղծությունները։ Վ. Ի. Լենինի կերպարը Ա. վերստեղծել է «Ռուսական հեքիաթ»–ում (1926)։ «Մայակովսկին սկսվում է» (1940) պոեմը արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941)։ Հայրենական պատերազմի իրադարձություններն արձագանք են գտել Ա–ի «Առաջին դասակ» (1941), «Հաղթանակի բոցը» (1946) ժողովածուներում։ Զբաղվել է նաև գրականագիտական հարցերով՝ «Ինչո՞ւ և ու՞մ է հարկավոր պոեզիան» (1961)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալով։ Մահացել է հուլիսի 16-ին, Մոսկվայում։

Երկ. Կապույտ հուսարներ։ Չերնիշևսկի։ Պահակ խաղաղության, Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի, Ե., 1963։ Собр. Соч. т. 1-5, М., 1963-64.

Գրկ. Молдавский Д. М., Николай Асеев, М.-Л., 1965


ԱՍԵՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում, Քղիի գավառում։ 1913-ին ուներ մոտ 225 տուն՝ 1570 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ: Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Ա. տեղական ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։ Ա. ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա բնակիչներից փրկվել է շուրջ 200 մարդ, որոնք գաղթել են տարբեր երկրներ։


ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ, Ագուլիյաշ (պորտուգ. Agulhas), Աֆրիկայի ամենահարավային ծայրակետը (հարավային լայնության 34°52, արևելյան երկայնության 19°59)։ Գտնվում է Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում, Բարեհուսո հրվանդանից 155 կմ հվ–արլ.։ Հայտնագործել է պորտուգալացի ծովագնաց Բ. Դիասը, 1488-ին։


ԱՍԵՂՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ակուպունկտուրա, բուժման մեթոդ, մարմնի որոշակի կետերը (որոնց թիվը մոտ 600 է) հատուկ ասեղներով ծակելու միջոցով։Չինական ժողովրդական բժշկության հանրահայտ մեթոդներից, որը հայտնի է մոտ 2000 տարի: Կիրառվում է նաև ժամանակակից բժշկությունում (որպես գրգռող թերապիա) նևրոզների, ծայրամասային նյարդային համակարգի, հենաշարժական ապարատի, ալերգիական և այլ հիվանդությունների բուժման ժամանակ։ Ա–յան ընթացքում կարևոր նշանակություն ունեն ասեղների քանակը և հյուսվածքներում նրանց մնալու տևողությունը։


ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, դեկորատիվ–կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա թելերով (հաճախ գունավոր), զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար)։ Ասեղնագործելիս օգտագործվում են նաև ուլունքներ, մարգարիտ, թանկագին քարեր, թոթռներ, ոսկեթելեր, արծաթաթելեր, փայլուններ, դրամներ ևն։ Կտորը կտորի վրա դրվող՝ վերադիր ասեղնագործության ժամանակ օգտագործում են գործվածքներ, մորթի, թաղիք, կաշի։ Ա. կիրառվում է հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու համար։ Ա–ները բաժանվում են երկու մեծ խմբի՝ կտորի վրա կատարվող Ա. և թելքաշ կտրտովի Ա.։

Ա–յան ծագումը շատ հին է։ Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա փայտից, փղոսկրից, այնուհետև մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակներից սկսել են գործածել ոսկյա թելը, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելը։ Ա–յան մեջ բրդյա թելը օգտագործվել է Չինաստանում մ. թ. 1200 տարի առաջ։ Մետաքսաթելը հայտնի էր Պարսկաստանում և Եգիպտոսում մ. թ. քիչ առաջ։ Հին աշխարհում Ա–ով զբաղվել են ասորեստանցիները,հ րեաները, պարսիկները, հույները, էտրուսկները և հռոմեացիները, իսկ առավել հայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը։ Ամենահին նմուշների մասին գաղափար են տալիս ասուրա–բաբելական արձանների,եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորանկարների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտական պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները։ Բյուզանդիայում ես Ա–ով զարդարում էին քաղաքացիական և եկեղեցական զգեստները, նույնիսկ ձիու սարքերը։ Մինչև XIIդ. գլխավորապես ասեղնագործում էին ծանր կտորներ՝ հաստ թելով, պարզունակ պատկերներով, միապաղաղ գույներով, քիչ տարբերվող կետերով։ Խաչակիրների ներմուծած ասեղնագործված աշխատանքների ազդեցությամբ՝ Ա. դարձավ ավելի նուրբ (կրոնական լեգենդների կամ ասպետական կյանքի պատկերներ, զինանշաններ դրոշների վրա, բոցանման դրոշներ, քսակներ)։ Պահպանված ամենավաղ սյուժետային Ա–ներից են սկյութական բնորոշ կենդանազարդերով թամբածածկոցները (Պազիրիկյան կուրգանի V–III դդ. մ.թ.ա. և Նոին–Ուլա դամբարանի I դ. մ.թ.ա. - I դ. մ. շ թ. Ա–ները, բոլորն էլ Էրմիտաժում, Լենինգրադ) և մարդ–յագուարի ոճավորված ֆիգուրներով ասեղնագործված հին պերուական պատմուճանները (Պարակասայի գերեզմանատուն, մ.թ. առաջին դարեր, Մարդաբանության և հնագիտության ազգային թանգարան, Լիմա)։ Չինաստանին բնորոշ ասեղնագործ պաննոները, հատկապես՝ «սյուխուա»–ները («ասեղով գեղանկարչություն») ոճով մոտ են մետաքսի վրա տուշով կատարված չինական բնանկարներին։ Եկեղեցական զգեստների, ծածկոցների ևն վրա XII դարից պահպանված հին ռուսական սյուժետային Ա. (կարը) աղերսվում է բյուզանդական սրբանկարչության ավանդույթներին, իսկ XIV–XVII դդ. կարերն օժտված են ռուսական սրբանկարին բնորոշ հատկանիշներով։ Ռոմանական մանրանկարչությունը յուրօրինակ դրսևորում է գտել ասեղնագործ ֆրիզում, այսպես կոչված Բայիոյի գորգում (մոտ 1080, Մաթիլդ թագուհու թանգարան, Բայիո, Ֆրանսիա), ուր միամիտ անմիջականությամբ անընդմեջ շարքերով տեղադրված են նորմանների կողմից Անգլիայի գրավման պատմության դրվագները։ Գոթական բազմագույն Ա. իր ձևերով մոտ էր վիտրաժներին, նաև կիրառում էր ժամանակի մանրանկարչության արտահայտչամիջոցները, իսկ միագույն՝ «սպիտակով սպիտակի վրա» Ա. ի հայտ եկավ XIII–XIV դդ., Գերմանիայում և Անգլիայում։ XV– XVI դդ. վենետիկյան ժանյակում այն հասավ բարձրագույն ծաղկման։ Վերածննդի շրջանի Ա–ներին բնորոշ է տեխնիկական բարձր կատարելությունն ու գեղարվեստական նրբությունը, որոնք երբեմն կատարվում են նշանավոր գեղանկարիչների (Պերուջինո, Բոտտիչելլի և ուրիշներ) էսքիզներով։ Բարոկկոյի շրջանում և վաղ կլասիցիզմի ժամանակ սյուժետային Ա. հետզհետե հետադիմում է՝ XIX դ. կեսին գլխավորապես դառնալով հանրահայտ նկարների վերարտադրման միջոց։ Սյուժետային Ա–յան նվաճումները ներդրվեցին ու մշակվեցին զարդանկարային գունավոր Ա–ում (հատկապես՝ XVII–XVIII դդ. բարդ ու նրբաճաշակ հանդիսազգեստներ կարելիս)։ժողովրդական Ա. զարգացել է ուրույն ճանապարհով։

Հին հայկական Ա–յան զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալները (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և ուրիշներ)։ Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ (ձեռագրերի կազմաստառներ, Անի քաղաքի պեղումներից հայտնաբերված XII–XIII դդ. զգեստների, ծածկոցների մնացորդներ են), եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ XV դարից սկսած։ Հայկական Ա. հիմնականում զարգացել է երեք խոշոր ճյուղերով՝ ա. ժողովրդական՝ կապված գեղջկական տարազի և կենցաղի հետ, բ. քաղաքային՝ առևտրա–արհեստավորական և գ. եկեղեցական։ Ա. տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում՝ կենտրոնանալով Վան–Վասպուրականի, Շիրակ–Կարինի, Սյունիք–Արցախի, Արարատյան երկրի,Կիլիկիայի և հայ մշակույթի երկու խոշոր կենտրոնների՝ Թիֆլիսի ու Կ. Պոլսի, ինչպես և գաղթավայրերի դպրոց–օջախնե–