Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1908), ֆրանսիական կինոյի, թատրոնի և էստրադայի հայազգի դերասան։ Ծնվել է մարտի 28-ին, Կ. Պոլսում։ Դերասանական գործունեությունն սկսել է Փարիզում՝ իբրև էստրադային նվագախմբի երգիչ։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1938-ին, «Ուրախության կրակ» ֆիլմում։ 1938–48-ին ֆրանսիական և անգլիական կինոնկարներում Ա. ավելի շատ էստրադային երգերի կատարող էր, քան դերասան։ Նրան կինոդերասանի մեծ համբավ բերեցին Կ. Օտան–Լարայի «Զբաղվեցեք Ամելյատով» (1949), «Կարմիր պանդոկը» (1951) ֆիլմերի դերակատարումները։ Այնուհետև Ա. նկարահանվել է ֆրանսիական ականավոր շատ ռեժիսորների և հոլիվուդյան ու անգլիական կինոնկարներում։ Մասնակցել է 70-ից ավելի ֆիլմերի և շուրջ 40 թատերական բեմադրությունների ստեղծմանը։

ԱՍԼԱՆ (Aslan) Ռաուլ (Ասլանյան Տիգրան) (1886–1958), ավստրիական թատրոնի հայազգի դերասան և ռեժիսոր։ Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։ Ծնվել է հոկտեմբերի 16-ին, Սալոնիկում (հայրը հայ էր, մայրը՝ իտալուհի)։ Նախնական կրթությունն ստացել է հայերեն, ապա սովորել Վիեննայի համալսարանում և դերասանական վարպետության դասեր առել Ա. Զոնենթալից։ Դերասանական գործունեությունն սկսել է 1906-ին, Համբուրգի Գերմանական դրամատիկական թատրոնում։ Խաղացել է նաև Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոններում։ 1920-ից աշխատել է Վիեննայի «Բուրգթեատրում» (1945–48-ին՝ դիրեկտոր)։ Ստեղծել է խորամիտ, ողբերգական կերպարներ՝ Համլետ, Անտոնիոս, Կորիոլան, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Կորիոլան», «Օթելլո»), Ֆիլիպ II, Ֆրանց Մոոր, Օկտավիո (Շիլլերի «Դոն Կարլոս», «Ավազակներ», «Պիկկոլոմինի»), Նաթան (Լեսսինգի «Նաթան Իմաստուն»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպը Կոլոնոսում»)։ Խաղացել է նաև կատակերգություններում։ 1926-ից եղել է նաև ռեժիսոր, բեմադրել անտիկ դրամատուրգների թատերգություններ, Լեսսինգի, Գյոթեի («Իֆիգենիան Տավրիսում», 1940, 1948, «Սթելլա», 1947), Իբսենի, Շեքսպիրի պիեսները։

Գրկ. «Նավասարդ», 1923, հ. 1, պր. 3, էջ 90։ Aslan D., Nichts Menshliches ist mir fremd, Lebensbericht über R. A., Wien, 1953; Beschbeck E., Raoul Aslan und das Burgteater, Wien, 1946.


«ԱՍԼԱՆ ԱՂԱ», հայ ժողովրդական վիպերգ։ Ունի հին հավատալիքների և միջնադարյան կենսահայեցողության դրոշմ։ Ասլան աղան, իմանալով մի աղքատի մահվան մասին, վրդովվում, մենամարտի է հրավիրում Գաբրիել հրեշտակին, բայց պարտվում է և ծանր հիվանդանում։ Հոգեառն ուզում է նրա կամ դրա փոխարեն հարազատներից մեկի հոգին։ Հայրն ու մայրը չեն համաձայնում, պատրաստակամություն է հայտնում կինը՝ Մարգարիտը։ Աստված սիրո այդ անձնազոհության համար երկար կյանք է տալիս երկուսին էլ։ Ա. ա. «իդեալական տիրակալի» կերպար է, «ժողովրդի պաշտպան», որի համար էլ ժողովուրդը սիրում է նրան։ Վիպերգը արժեքավոր գեղարվեստական ստեղծագործություն է, երգվել է ամբողջովին կամ հատվածաբար, ունի տարբերակներ։

Գրկ. Հովսեփյան Գ., Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, Թ., 1892։ Ընտիր էջեր հայ գրականության, Ե., 1946։ Աբեղյան Մ., Երկ., հ. 1, Ե., 1966։


ԱՍԼԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Հայկական պար լեռների կենտրոնական մասում, Գայլատու լճից 7–8 կմ արևելք։ Բարձրությունը 2617 մ է, ունի զառիթափ, դժվարամատչելի վերելք։ Ձմռանը փակվում է։ Ա. լ–ով անցնող արահետային ճանապարհը Արարատյան դաշտը կապում է Կոգովիտ գավառի հետ։


ԱՍԼԱՆՅԱՆ Աշոտ Տիգրանի (ծն. 1919), հայ սովետական երկրաբան։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1965), պրոֆեսոր (1960), գիտության վաստ. գործիչ (1961)։ Ծնվել է փետրվարի 7-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան քաղաք)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ում (1944–1955), ապա ՀՍՍՀ Մինիստրների սովետի երկրաբանական վարչությունում որպես գլխ. ինժեներ (1954–61) և պետ (1961–65)։ 1965–66-ին եղել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ–ի ռեկտոր, 1966-ից ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրն է։ Ա. դասախոսում է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանում և Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստ–ում (1950-ից)։ Նա հեղինակ է տեսական և գործնական նշանակություն ունեցող աշխատությունների, որոնք հիմնված են առավելապես ճշգրիտ գիտությունների հետազոտման աքսիոմատիկ մեթոդի վրա։ Աշխատություններում լուսաբանված են ՀՍՍՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները, ինչպես նաև երկրաբանության և երկրաֆիզիկայի ընդհանուր տեսական հարցերը։ 1968-ից Հայկական երկրաբանական ընկերության նախագահն է, 1970-ից՝ Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի անդամ։ Ընտրվել է ՀՍՍՀ VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է «Կարմիր դրոշի» երկու, «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով և մեդալներով։

Երկ. Стратиграфия юрских отложений Северной Армении, Е., 1949; Исследование по теории тектонической деформации Земли, Е., 1955; Региональная геология Армении, Е., 1958; Основы количественной теории иагнитного поля Земли, 1962; Квантовое представление внутреннего строения Земли, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Երկրբ. գիտ.», հ. 16, 1963, № 6։


ԱՍԼԱՆՅԱՆ Գարեգին Խաչիկի (ծն. 1906), հայ սովետ. կինոօպերատոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է ապրիլի 14-ին, Վանում։ 1935-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստ–ի (Մոսկվա) օպերատորական ֆակուլտետը։ Նկարահանել է «Գեներալ Բաղրամյան», «Թամանյան դիվիզիայի վերադարձը» (1945), «Պոեմ Հայաստանի մասին» (1961, համատեղ), «Մեսրոպ Մաշտոց» (1962), «Թանգարան բաց երկնքի տակ» (1963), «Նելսոն Ստեփանյան» (1965), «Ղուկաս Ղուկասյսւն» (1970) և այլ փաստագրական ֆիլմեր ու կինոակնարկներ։


ԱՍԼԱՆՅԱՆ Գուրգեն Շաքարի (1904–1960), հայ սովետ. ագրոքիմիկոս։ Գյուղատնտ. գիտ. դ–ր (1956)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է սեպտ. 23-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստ–ը (1931)։ Եղել է ՀՍՍՀ Երկրագործության գիտահետազոտական ինստ–ի դիրեկտորի տեղակալ (1944–52, 1955–60)։ Աշխատությունները նվիրված են ագրոքիմիայի և պարարտացման տարբեր հարցերին, հատկապես կարևոր են բույսերի վրա միկրոտարրերի ֆիզիոլոգիական ազդեցության վերաբերյալ հետազոտությունները։ Մահացել է հոկտ. 8-ին, Երևանում։

Երկ. Հացահատիկային կուլտուրաների պարարտացումը, Ե., 1951։ Դաշտային կուլտուրաների պարարտացումը Հայկական ՍՍՀ–ում, Ե., 1959։


ԱՍԼԱՆՅԱՆ Հայկազ (Հայկ) Գաբրիելի (ծն. 1903), հայ սովետական փիլիսոփա։ Փիլ. գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1967), գիտության վաստ. գործիչ (1963)։ Ծնվել է ապրիլի 22 (մայիսի 5)–ին, նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1926-ին ավարտել է 26 կոմիսարների անվան անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (Թիֆլիս)։ Ա. 1928–53-ին դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ է դասավանդել Երևանի և Թբիլիսիի բուհերում, աշխատել որպես ամբիոնի վարիչ (Երևանում)։ 1948–53-ին գլխավորել է բաժանմունք ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական մասնաճյուղում։ 1956–69-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի վարիչ, 1969-ից փիլիսոփայության և իրավունքի ինստ–ի պատմական մատերիալիզմի բաժնի վարիչն է։ Գրել է «Դիալեկտիկական մատերիալիզմ» հայերեն առաջին դասագիրքը (1930), մասնակցել է Վ. Ի. Լենինի երկերի հայերեն հրատարակությունր նախապատրաստելուն։

Երկ. Մարքսիզմ–լենինիզմը անհրաժեշտության և ազատության մասին, «Աշխատություններ ՀՍՍՀ ԳԱ Փիլիսոփայության սեկտորի», 1950, № 1։ ՍՄԿԿ XXIV համագումարը և արդի գաղափարախոսական պայքարը, Ե., 1972։ Идея прогресса в буржуазной философии истории, Е., 1965.


ԱՍԼԱՆՅԱՆ Հովհաննես (մոտ 1802–մահ. թ. անհտ.), 1826–28-ի ռուս–պարս–