«Կարմիր բանվոր» (1919) հայկական լրագրերը։ 1918–20-ին Հայկական գործերի կոմիսարիատի Ա–ի բաժանմունքի մշակույթի բաժնին կից (վարիչ՝ Հ. Գյուլիքևխյան) գործել է գեղարվեստա-թատերական ստուդիա (ղեկ. Վ. Վարդանյան), 1925-ին՝ Հայկական թատրոն։ Ա–ի հետ են կապված XVIII – XIX դդ. հայ հասարակական, քաղաքական և մշակութային մի շարք գործիչների կյանքն ու գործունեությունը (Հովսեփ Արղության, Եփրեմ Ա Զորագեղցի, Գաբրիել Պատկանյան, Հարություն Ալամդարյան, Մարգար Խոջենցի, Նադեժդա Պապայան)։
Ա–ում պահպանվել են միջնաբերդի աշտարակն ու պատերը (1587–89), Ուսպենսկու (1698–1710) և Տրոիցկու (XVII դ. վերջ) տաճարները։
Գրկ. Յուխտ Ա., Աստրախանի հայկական գաղութի բնակչության սոցիալական կազմը 18-րդ դարի առաջին կեսում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1957, № 7։ Հարությունյան Բ., Սովետահայ թատրոնի տարեգրություն, գիրք 1, Ե., 1961։ Սանթրոսյան Մ. Հ., Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Ե., 1964։ Фильгус В. Е., Астрахань (краткий исторический очерк), Астрахань, 1958; Хачатурян В. А., Адмнинстративно-правовое положение астраханских армян во второй половине XVIII века, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1963, № 12։ Նույնի, Население армянской колонии в Астрахани во второй половине XVIII в., նույն տեղում, 1965, № 67։
ԱՍՏՐԱԽԱՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի ում ճյուղի բարբառ։ Պատկանում է երկաստիճան ձայնեղազուրկ խմբին (պ, փ)։ Չունի քմային ձայնավորներ, երկբարբառները պարզվել են (ծէն<ձայն, լուս<լոյս, հարուր<հարիւր)։ Ա. բ–ի բացառականը կազմվում է ից||իծ մասնիկով (տունից, կատուքից), հավասարապես գործածական են սա, տա, նա և էս, էտ, էն ցուցական դերանունները, որոնք հոլովվում են (տա, տրա, տրան…, էս, էստուր, էստուն…)։ Հարցական ո՛վ դերանունը և անորոշ դերբայը ենթարկվում են ի հոլովման (հօ՛վ, հօվի՛, հօվի՛ց…, հօ՛վեր, հօ՛վերի…, տնիլ, տնէլի)։ Օժանդակ բայի ներկայի և անցյալի ձևերն են՝ էմ, էս, ա, էնք, էք, էն, իիմ, իիր, էր, իինք, իիք, իին։ Անցյալի ձևերի առաջին դեմքն ստանում է մ (ինգնիիմ, խաղայիմ, կնայիմ, պերամ)։ Ա. բ. ուսումնասիրված չէ։
Գրկ. Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951, էջ 333-34։
«ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՅՈՑ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ», ֆեոդալական հայ իրավունքի Օրենսգիրք, որով կարգավորվում էին հարավային Ռուսաստանի հայ գաղութների (Աստրախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար) բնակչության իրավահարաբերությունները։ Ռուսաստանի Սենատը 1746-ի սեպտ. 17-ին ընդունեց հայերի և մյուս օտարերկրացիների տնտեսական, իրավական ու կրոնական դրությունը որոշող հրամանագիր։ Դրա հիման վրա հայերը ստեղծեցին իրենց սեփական դատարանը (Ռատհաուզ), որից հետո դատաստանագիրք ունենալը դարձավ խիստ անհրաժեշտություն։ «Ա. հ. դ.»–ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 1747–48-ին, բայց վերջնականապես ավարտվեցին 1765-ին։ Կազմողներն էին Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր դի Սաֆար Կամպանյանը և Օհանի որդի Սարգիսը՝ ժամանակի կրթված և առաջավոր գաղափարների տեր անձնավորություններ: Դատաստանագիրքը բաղկացած էր 3 բաժնից՝ դատարանակազմություն և դատավարություն, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք, 52 գլխից՝ 1135 հոդվածով։ Աղբյուրներ են ծառայել հայ սովորութական իրավունքի նորմերը, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, Ռուսական կայսրության 1649-ի օրենքների ժողովածուն, հունա–հռոմեական օրենքները։ Դատաստանագրքով կարգավորվում էին քրեական, քաղաքացիական և ամուսնա–ընտանեկան իրավահարաբերությունները։ Մեծ թիվ էին կազմում պարտավորական իրավունքի, հատկապես՝ գրավի և առուծախի վերաբերյալ նորմերը։ Դատաստանագրքի հոդվածներից երևում է, որ հայկական դատարանին է վերապահված եղել բնակչության վրա հարկերը բաշխելու և ժողովելու գործը։ Ըստ դատաստանագրքի, դատարանը կատարել է ֆինանսական մարմնի և ոստիկանատան դեր։ Սահմանել է ծառաների իրավական դրությունը, նրանց գնելու և վաճառելու, ծառաների ու տերերի միջև եղած հարաբերությունները ևն։ Դատաստանագրքում նշված են պետական, տնտեսական, անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված ու այլ բնույթի հանցագործություններ։ «Ա. հ. դ.» ունեցել է ընդգծված դասակարգային բովանդակություն. նույն հանցանքի համար տարբեր պատիժ էր նախատեսվում ազատ քաղաքացու և ծառայի նկատմամբ։ Պատժատեսակներից էին՝ մահապատիժը, անդամահատումը, բանտարկությունը, աքսորը, ծեծը, տուգանքը ևն։ Դատաստանագիրքը վկայում է, որ Ռուսաստանի հայ գաղութների