Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության բաժին, որի նպատակն է օդագնացության անվտանգության բժշկական ապահովումը։ Ա. բ–յան կազմի մեջ մտնում են՝ ավիացիոն ֆիզիոլոգիան, ավիացիոն հիգիենան, ավիացիոն թունագիտությունը, ավիացիոն հոգեբանությունը, ավիացիոն կենսաքիմիան, թռչող անձնակազմի բժշկական փորձաքննությունը։ Ուսումնասիրման առարկան է. 1. օրգանիզմի բացառիկ վիճակները՝ թռիչքային հոգնածությունը և գերհոգնածությունը, քրոնիկական հոգնածությունը, բարձունքային, օդային հիվանդությունները, 2. թռչող անձնակազմի գործունեությունը, 3. մասնագիտական յուրահատուկ պայմանները։ Խնդիրներն են. թռչող անձնակազմի աշխատունակության բարձր մակարդակի, առողջության, «թռիչքային երկարակեցության» ապահովումը, օդաչուների աշխատանքի, կենցաղի, սննդի և հանգստի ֆիզիոլոգա–հիգիենային նորմաների, ինչպես նան օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցառումների մշակումը, օդային ծառայության մեջ ընդունվողների բժշկական ընտրությունը, տարբեր վնասակար գործոններից մարդու օրգանիզմը պաշտպանելու միջոցների ապահովումը (ինքնաթիռի հերմետիկ խցիկներ, թթվածնա–շնչառական գործիքներ)։ Ուսումնասիրում է նաև օդային աղետների պատճառները, մշակում թռչող անձնակազմին և ուղևորներին բժշկական օգնություն ցույց տալու կոնկրետ միջոցառումներ։ Ա. բ–յան տարածված մեթոդներից են. զանազան սարքերի օգնությամբ (բարոխցիկներ, ցենտրիֆուգա և այլն) յուրահատուկ պայմանների մոդելավորումը, ինքնուրույն կամ հեռավորությունից ղեկավարվող սարքերի օգնությամբ օրգանիզմի գործունեության մասին ինֆորմացիայի ստացումը և մշակումը, բարձունքային կլիմայավարժեցման օգնությամբ օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացումը։ Ա. բ–յան բազմաթիվ պրոբլեմներ և մեթոդներ սերտորեն առնչվում են տիեզերական բժշկագիտության պրոբլեմների և մեթոդների հետ։ Ա. բ–յան զարգացման ժամանակակից բնորոշ գծերն են. 1. թռիչքի գիտական կազմակերպումը, 2. ավիացիոն տեխնիկայի աճող պահանջներին համապատասխան հատուկ ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների զարգացումը, 3. օրգանիզմի և միջավայրի փոխհարաբերության նոր, ընդհանուր օրինաչափությունների որոնումները, 4. մաթեմատիկական մեթոդների և կիբեռնետիկայի ներդրումը, 5. թռիչքի պայմաններում «մարդ–մեքենա»համակարգի ուսումնասիրումը, 6. ստացված արդյունքների ընդհանրացումը։

Ա. բ–յան միջազգային կազմակերպությունը Ավիացիոն և տիեզերական բժշկագիտության ինտերնացիոնալ ակադեմիան է (կենտրոնը՝ Փարիզ)։ ՍՍՀՄ–ում Ա. բ–յան մասնագետներ պատրաստում են բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստ.–ի Ա. բ–յան ամբիոնը (Մոսկվա) և Ս. Մ. Կիրովի անվ. ռազմա–բժշկական ակադեմիան (Լենինգրադ)։

(նկ.) Նկ. 1. Տուրբառեակտիվ ավիացիոն շարժիչի սկզբունքային սխեմա. 1 – մուտքի հարմարանք, 2 – կոմպրեսոր, 3 – այրման խուց, 4 – շարժիչի իրան, 5 – ծայրափողակի ապարատ, 6 – տուրբին, 7 – ռեակտիվ ծայրափողակ։

(նկ.) Նկ. 1. Տուրբապտուտակավոր շարժիչի սկզբունքային սխեմա. 1 – մուտքի հարմարանք, 2 – կոմպրեսոր, 3 – այրման խուց, 4 – տուրբին, 5 – ռեակտիվ ծայրափողակ, 6 – օդապտուտակ։


ԱՎԻԱՑԻՈՆ ՇԱՐԺԻՉ, թռչող ապարատները (ինքնաթիռները, ուղղաթիռները և այլն) շարժման մեջ դնող ջերմային շարժիչ։ Առաջին Ա. շ. Մոժայսկու ինքնաթիռում տեղադրված շոգեշարժիչն էր (1885)։ Հետագայում Ա. շ–ները նախագծվում էին մխոցային ներքին այրման շարժիչների հիման վրա։ XX դ. 40-ական թթ. մխոցային Ա. շ–ները հասան իրենց հնարավորությունների սահմանին։ Ինքնաթիռի շարժման արագության բարձրացմանը խոչընդոտում էր ձայնային արգելքը, որի հաղթահարումը պահանջում էր կտրուկ բարձրացնել Ա. շ–ների հզորությունը։ Այսպիսի թռիչքը հնարավոր դարձավ գազային տուրբինի և ռեակտիվ շարժիչի ստեղծման շնորհիվ։ Ա. շ–ներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները, առավելագույն հզորություն (կամ քարշուժ)՝ փոքր արտաքին չափերի և կշռի դեպքում, թեթևություն, հուսալիություն, ծառայության մեծ ժամկետ և այլն։ Ա. շ–ները լինում են պտուտակային և ռեակտիվ։ Պտուտակային Ա. շ–ներում քարշուժն ստեղծվում է օդապտուտակի պտտման միջոցով, իսկ ռեակտիվներում՝ ռեակտիվ ծայրափողակից աշխատանքային գազերի մեծ արագությամբ արտահոսման հետևանքով (նկ. 1)։ Համակցված Ա. շ–ներ են տուրբապտուտակային շարժիչները, որոնցում հիմնական քարշուժն ստեղծվում է օդապտուտակով, իսկ լրացուցիչը (8–12%)՝ այրման արգասիքների արտահոսմամբ (նկ. 2)։ Ամենակատարելագործված մխոցային Ա. շ-ներն ապահովում էին մինչև 750 կմ/ժ արագություն։ Ավելի մեծ արագություն ստեղծելուն խանգարում էր մեծ տեսակարար զանգվածը (մեկ միավոր հզորությանն ընկնող զանգվածը) և օդապտուտակի ցածր օ. գ. գ–ը։ Մխոցային Ա. շ–ները (տեսակարար զանգվածը՝ 540–680 գ/կվտ) տեղադրվում են փոքր արագությամբ (200–500 կմ/ժ) թռչող ինքնաթիռներում, ինչպես նաև ուղղաթիռներում։ Տուրբապտուտակային Ա.շ–ները (տեսակարար զանգվածը՝ 140-400 գ/կվտ) տեղադրվում են 500–800 կմ/ժ թռիչքի արագություն զարգացնող ինքնաթիռներում և ուղղաթիռներում։ Հայրենական մեծ պատերազմի վերջին տարիներին ստեղծվեցին մինչև 960 կմ/ժ արագությամբ առաջին տուրբառեակտիվ շարժիչները։ 1965–67-ին Երևան եկան ուղղաձիգ վերաթռիչքի ու վայրէջքի ինքնաթիռներում օգտագործվող շատ թեթև տուրբառեակտիվ Ա.շ–ներ (տեսակարար զանգվածը՝ 6–7 գ/ն): Տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչների հիման վրա նախագծվել են երկեզրագծային տուրբառեակտիվ շարժիչներ, որոնք կիրառվում են մինչձայնային արագություններ զարգացնող ինքնաթիռներում։ Ա. շ-ների հետագա զարգացումը նախատեսում է թռիչքի մեծ արագությունների ու բարձրությունների ապահովում,ինչպես նաև ինքնաթիռների բեռնունակության անընդհատ բարձրացում։

Գրկ. Теория реактивных двигателей, М., 1958; Скубачевский Г. С., Авиационные газотурбинные двигатели. Конструкция и расчёт деталей, 3 изд., М., 1969; «Авиация и космонавтика», 1963, № 3, с. 6-13; 1966, № 2, с. 60-64; 1967, № 7, с. 57-61.


ԱՎԻԶ (իտալ. avisso), ծանուցագիր փոխադարձ հաշվարկներում կատարվող փոփոխությունների մասին։ Կիրառվում է բանկային գործում։


ԱՎԻՆՅՈՆ, քաղաք Ֆրանսիայի հարավում, Պրովանսում, Ռոն գետի և Դյուրանս ջրանցքի ափին։ Վոկլյուզ դեպարտամենտի կենտրոնն է։ 90 հզ բն. (1973)։ Տրանսպորտային հանգույց է, գինու, խաղողի, մրգերի ու բանջարեղենի վաճառատեղի։ Ունի մետաղամշակման, տեքստիլ (գլխավորապես մետաքսի), սննդի, կոշիկի արդյունաբերություն։ Ա. շրջապատված է XIV դ. կեսերին կառուցված պարիսպներով։ Ճարտարապետական կառույցներից նշանավոր են Նոթր Դամ դե Դոմ տաճարը (XII դ.)՝ պապերի դամբարաններով, պապական պալատի վիթխարի համալիրը (XIV դ.)՝ XIV–XV դդ. որմնանկարներով։ Պահպանվել են նաև Սեն–Բենեզե (XII–XIII դդ.) կամրջի մի մասը, XV–XVIIIդդ. հյուրանոցներ և եկեղեցիներ։ Կալվե թանգարանում (հիմնվել է 1810-ին) ցուցադրված է XIV–XVI դդ. ավինյոնյան դպրոցի գեղանկարչությունը։ 1946-ից Ա–ում կազմակերպվում է արվեստի ամենամյա փառատոն։

XIV դ., Հռոմի պապերի նստավայրը Ա. տեղափոխվելուց հետո, Կիլիկիայի Հայոց թագավորների և կաթողիկոսների պատգամավորները բազմիցս այցելել են այդ քաղաքը՝ պապերի հետ բանակցելու համար (տես Ավինյոնյան գերություն պապերի)։ Ա–ի հետ կապված է նաև հայազգի նշանավոր գյուղատնտես Հովհաննես Ալթունյանի (Ժան Ալթըն) գործունեությունը, որն առաջին անգամ տորոնի կուլտուրան ներմուծել է Ֆրանսիա։ Ֆ. Մակլերի վկայությամբ Ա–ի պապերի պալատում պահվել են հայերին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր, որոնք մասամբ