Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


արկն ավարտում են և անցնում սարքի նախագծմանը։

Կառավարման բարդ համակարգեր կառուցում են նաև մոդելավորման միջոցով՝ կիրառելով անալոգային ու թվային հաշվողական մեքենաներ, որոնցով վերարտադրվում են ողջ համակարգը նկարագրող հավասարումները և որակի անհրաժեշտ ցուցանիշը ձեռք բերելուց հետո որոշվում է կառավարման համակարգի կառուցվածքը։ Հաշվողական մեքենաների կիրառությունը հնարավորություն է տալիս ազատվելու հաշվարկման դժվարություններից։ Դրանք միաժամանակ օգտագործվում են ԱԿՀ–ի կազմում՝ կառավարման բարդ ալգորիթմների կատարման համար։ ԱԿՀ–ի սինթեզի լուծումը նպաստեց կառավարման նոր, արդյունավետ սկզբունքների բացահայտմանը և ԱԿՏ–ի այնպիսի կարևոր ինքնուրույն ուղղությունների զարգացմանը, ինչպիսիք են օպտիմալ կառավարումը, վիճակագրական դինամիկան, որն առավելապես կիրառվում է հարմարվող համակարգերը հետազոտելիս, և կառավարման համակարգի զգայունությունը (տես Զգայունություն ավտոմատ կառավարման համակարգի)։ ԱԿՏ–ի ուղղություններից է նաև ադապտացիայի ընդհանուր տեսությունը, որն ինտենսիվ զարգացում է ստացել վերջին տարիներին՝ հիմնվելով վիճակագրական մեթոդի և մաթեմատիկայում գծային ծրագրավորման մեթոդի կիրառության վրա։ Ընդհանրապես ԱԿՏ–ի համար բնորոշ է սերտ, անընդհատ ուժեղացող և փոխադարձաբար ներգործող կապը ոչ միայն մաթեմատիկայի, այլև ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների հետ, որի շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել ավտոմատ կառավարման օրեցօր բարդացող խնդիրների լուծման համար անհրաժեշտ դինամիկ մոդելներ։

ՀՍՍՀ–ում կան խոշոր գիտական կոլեկտիվներ, որոնք զբաղվում են ավտոմատ կառավարման կոմպլեքսների հետազոտությամբ ու մշակմամբ, հաշվողական և կառավարման մեքենաների («Նաիրի», «Հրազդան» ևն) ստեղծմամբ։

Գրկ. Фельдбаум А. А., Бутковский А. Г., Методы теории автоматического управления, М., 1971.

ԱՎՏՈՄԱՏ ԿՐԿՆԱԿԻ ՄԻԱՑՈՒՄ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և բարձր լարման էլեկտրասարքավորման արագ ավտոմատ հետադարձ միացումը էլեկտրական ցանցին՝ վթարի պատճառով նրանց ավտոմատ անջատումից հետո։ Էերգահամակարգի առանձին տարրեր ցանցից անջատվում են տեղակայումների հոսանքատար մասերի կարճ միացումների հետևանքով, որոնք առաջանում են կայծակի հարվածներից, երկրաշարժներից, մոտակա պայթյուններից ևն։ Ա. կ. մ. հակավթարային ավտոմատիկայի ամենաէֆեկտիվ միջոցներից է. բարձրացնում է էլեկտրամատակարարման հուսալիությունը և վերականգնում էներգահամակարգի աշխատանքի նորմալ ռեժիմը։ Այն կատարվում է ավտոմատ սարքերի միջոցով, որոնք բանում են ռելեային պաշտպանությունից և ազդում ավտոմատ անջատիչների վրա։ Ա. կ. մ–ման էֆեկտիվությունը բարձր է, եթե այն արագ է կատարվում, այսինքն՝ կարճ է տևում էլեկտրամատակարարման ընդհատումը։ Էներգահամակարգերում կիրառում են միապատիկ (մեկ ցիկլով), երկպատիկ (առաջին անհաջող ցիկլի դեպքում) և եռապատիկ (երեք հաջորդական ցիկլերով) Ա. կ. մ–ներ։ Ա. կ. մ–ման մեկ ցիկլի (ռելեային պաշտպանության բանումից մինչև Ա. կ. մ.) տևողությունը կախված է կարճ միացման տեղում մեկուսացման վերականգնման, ավտոմատ սարքերի և անջատիչների բանելու ժամանակից։ Միապատիկ Ա. կ. մ–ման ցիկլի տևողությունը 0,5–1,5 վրկ է, երկպատիկինը՝ 10–15, իսկ եռապատիկինը՝ 60–120։ Շատ տարածված է միապատիկ Ա. կ. մ., որն ապահովում է բարձր լարման (110 կվ և ավելի) օդային գծերի մինչև 86% , իսկ կաբելային գծերի (3–10 կվ)՝ մինչև 55% հաջող միացումներ։ Էլեկտրահաղորդման հեռավոր բարձր լարման եռաֆազ գծերի համար կիրառվում են եռաֆազ և միաֆազ Ա. կ. մ–ներ։ Ա. կ. մ–ման կիրառումը տնտեսապես շահավետ է, քանի որ նրա սարքերի ու շահագործման արժեքը անհամեմատ փոքր է այն վնասից, որն առաջանում է էւեկտրամատակարարման ընդհատումների հետևանքով։ Հ․ Ադոնց


ԱՎՏՈՄԱՏ ՄԻՋՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆ (ԱՄԿ), տիեզերական թռչող ապարատ, որ նախատեսված է դեպի այլ երկնային մարմիններ թռիչք կատարելու և միջմոլորակային տիեզերական տարածությունը, Լուսինը, մոլորակներն ուսումնասիրելու համար։ ԱՄԿ–ում տեղակայվում են համապատասխան գիտական ապարատներ։ Չափումների արդյունքներն ԱՄԿ–ից Երկիր հաղորդվում են ռադիոհամակարգերի միջոցով, ներառյալ հեռուստատեսային համակարգերը՝ երկնային մարմինների մակերնույթների պատկերների հաղորդման համար; ԱՄԿ–ները, սովորաբար, հանդերձվում են աստղակողմնորոշման համակարգերով, ինչպես նաև ռեակտիվ շարժիչով՝ թռիչքի հետագծի ճշտման համար։ ԱՄԿ–ի ապարատների էներգասնումը կատարվում է արևային մարտկոցներով։ Մինչև 1970-ի մայիսի մեկը արձակվել են ավելի քան 67 ԱՄԿ–ներ. «Լունա», «Վեներա», «Մարս», «Զոնդ» սերիաների սովետական և «Մարիներ», «Ռեյնջեր», «Պիոներ» և այլ սերիաների ամերիկյան ԱՄԿ–ներ։ Տես նաև Տիեզերական թռչող ապարատ։


ԱՎՏՈՄԱՏԻԿԱ, գիտության և տեխնիկայի ճյուղ, որն ընդգրկում է առանց մարդու անմիջական մասնակցության գործող կառավարման համակարգերի տեսությունն ու կառուցման սկզբունքները, մեթողներն ու տեխնիկական միջոցները։ Ա. որպես տեխնիկայի ինքնուրույն ճյուղ ճանաչում է ստացել Համաշխարհային II էներգետիկական կոնֆերանսում (Բեռլին, 1930)։ ՍՍՀՄ–ում «Ա.» տերմինը տարածվել է 30-ական թթ.։ 1940-ին վերջնականապես ձևավորվել է որպես ինքնուրույն գիտատեխնիկական դիսցիպլին։ Ա–ի պատմությունը սերտորեն կապված է ավտոմատների, ավտոմատ սարքերի ու ավտոմատացված կոմպլեքսների զարգացման հետ։ Կազմավորման փուլում Ա. հենվում էր տեսական մեխանիկայի և էլեկտրական շղթաների ու համակարգերի տեսության վրա և լուծում էր այնպիսի հարցեր, որոնք կապված էին շոգեկաթսաների ճնշումը և շոգե– ու էլեկտրական մեքենաների ընթացքը կանոնավորելու, ավտոմատ հաստոցների, աբոնենտային հեռախոսային կայանների, ռելեային պաշտպանության սարքերի աշխատանքը կարգավորելու հետ։ Դրան համապատասխան էլ այդ շրջանում Ա–ի տեխ. միջոցներն օգտագործվում էին ավտոմատ կարգավորման համակարգերում։ XX դ. 2-րդ կեսը նշանավորվեց Ա–ի տեխ. միջոցների հետագա կատարելագործմամբ և կառավարման ավտոմատ սարքերի լայն տարածմամբ։ Արդյունաբերության մեջ կիրառել սկսեցին բարդ ավտոմատ համակարգեր՝ առանձին ագրեգատների ավտոմատացումից անցնելով արտադրամասերի ու զործարանների կոմպլեքսային ավտոմատացմանը (տես Արտադրության ավտոմատացում, Ավտոմատ կառավարում)։ Ա–ի համար հատկանշական է նրա օգտագործումն այնպիսի օբյեկտներում, որոնք տեղավորված են միմյանցից հեռու, օր. արդյունաբերական ու էներգետիկական խոշոր կոմպլեքսներում, տիեզերական թռչող ապարատների կառավարման համակարգերում ևն։ Առանձին սարքերի միջև կապ ստեղծելու համար նման համակարգերում կիրառում են հեռուստամեխանիկայի միջոցներ, որոնք կառավարման սարքերի կառավարող օբյեկտների հետ համատեղ առաջացնում են հեռուստամեխանիկական համակարգեր։ Մեծ նշանակություն են ստանում ինֆորմացիայի հավաքման ու ավտոմատ մշակման տեխնիկական (այդ թվում՝ հեռուստամեխանիկական) միջոցները։ Ա–ի բոլոր տեսական ասպեկտները միավորվում են ավտոմատ կառավարման տեսության մեջ։ ՀՍԱՀ–ում Ա–ի գծով ինժեներական կադրեր պատրաստում են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ) և Երևանի պետական համալսարանը (կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)։


«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ», ինստիտուտ Հայկ. ՍՍՀ Կիրովական քաղաքում։ Ստեղծվել է 1956-ին, ենթարկվում է ՍՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի մինիստրությանը։ Ինստ–ը զբաղվում է ավտոմատ կարգավորման ու կառավարման համակարգերի ստեղծման գիտահետազոտական և կոնստրուկտորական–փորձարարական աշխատանքներով, նաև այդ համակարգերի տեխնիկա–տնտեսական հետազոտությամբ։ Ինստ–ի հիմնական բաժիններից են՝ արդյունաբերական ձեռնարկությունների ավտոմատ կառավարման տիպային համակարգերի, քիմիական արդյունաբերության, գունավոր մետալուրգիայի արտադրական պրոցեսների կառավարման համակարգերի, ավտոմատացման միջոցների, կիրառական մաթեմատիկայի , նախագծային–կոնստրուկտորական բաժինները ևն։ «Ա.» ինստ–ը նաև տեխնիկական օգնություն է ցույց տալիս ձեռնարկություններին՝ արտադրության մեջ ավտոմատ կառավարման համակարգերի