սկզբին Ա–ում հիմնվեցին հայկական մի շարք կրթական, բարեգործական և մշակութային հաստատություններ։ Այդ ժամանակ էլ Ա–ում ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունը։ Ռուսական կապիտալը Ա–ի տնտեսության մեջ մեծ ազդեցություն էր նվաճել։ Թավրիզում նստում էր ռուսական հյուպատոսը, որի պաշտպանությանն էին հաճախ դիմում հայերը՝ թուրք և քուրդ ցեղերի կողոպտչական հարձակումներին ենթարկվելիս։ Ա–ի մի շարք հայկական, հատկապես «Արամյան» և «Հայկազյան–Թամարյան» դպրոցներում ավանդվում էր ռուսերեն լեզու։ Ա–ի հայությունը սերտորեն կապված էր ռուսական, մասնավորապես՝ Կովկասի շուկաների և արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ 1907-ի օգոստոսի 31-ին կնքած անգլո–ռուսական պայմանագրով Ա. ճանաչվեց Ռուսաստանի «ազդեցության ոլորտ»։ Ա. նվաճելու մտքից չէին հրաժարվում օսմանյան թուրքերը։ Թուրքիայի իշխողները կարևոր նշանակություն էին վերագրում Ա–ին, որն իբր հենակետ պիտի դառնար՝ «համայն մահմեդական ժողովուրդներին միասնական իսլամական աշխարհակալության մեջ միավորելու համար»։ Օգտվելով ռուսական բանակի ճակատի մերկացումից՝ թուրքական զորքերը 1918-ին մտան Ա., ուր նահանջել էր Վանի պաշտպանների մեծ մասը։ Վասպուրականի ուժերին միացան Սալմաստի, Ուրմիայի հայ աշխարհազորայինները և մի քանի ամիս անհավասար, բայց հերոսական կռիվներ մղեցին թուրքերի դեմ։ Հայերին աջակցում էին Ա–ի ասորիները։ Թուրքերի ճնշման տակ Ա–ի հայերի զգալի մասը նահանջեց Իրանի խորքերը՝ կրելով մեծ կորուստներ։ Խոյի, Մակվի, Ղարադաղի, Դզմարի գյուղերում մնացած հայերը բնաջնջվեցին։ Ա–ում 5-ամսյա տիրապետության ժամանակ թուրքերը ոչնչացրին շուրջ 7000 հայ, տեղահանեցին հազարավոր հայերի։ Մուդրոսի զինադադարից (1918, հոկտ. 30) հետո, երբ Թուրքիայի զորքերը հեռացան Ա–ից, գլուխ բարձրացրին տեղի պանիսլամիստ թուրքերը՝ ծրագրելով ստեղծել «անկախ Ա.»։ Կենտրոնական իշխանությունը բոլոր ելույթները դաժանորեն ճնշեց։ Ա–ից արտագաղթած հայերի զգալի մասը 1920-ական թթ. վերադարձավ իր նախկին բնակավայրերը։ 1971-ին Ա–ի Ռեզայիե քաղաքում և համանուն գավառի 22 գյուղերում բնակվում էր շուրջ 4000 հայ։ Քաղաքն ունի հայկական եկեղեցի և դպրոց։ Դպրոցներ կան նաև 10 գյուղերում։ 1946-ի ներգաղթից հետո Շահփուր (Սալմաստ) քաղաքում և նույնանուն գավառի Փայաջուկ, Հավթվան, Մահլամ, Խոսրովա գյուղերում ապրում է շուրջ 80 տուն հայ։ Հավթվան և Մահլամ գյուղերն ունեն հայկական դպրոցներ։ Մարաղայում և շրջակա Մահաբադ, Միանդուաբ, Թաղիաբադ գյուղերում ապրում են 20 տուն հայեր։ 1946-ի ներգաղթից հետո խիստ նվազեց նաև Ղարադաղի հայերի թիվը, նախկին (1930-ի տվյալներով) 22 գյուղերում ապրող 510 տան համեմատությամբ այժմ միայն 5 գյուղերում (Վինա, Քարագլուխ, Հյուժ, Նորաշեն, Զիագահ) ապրում են հայեր (շուրջ 800 մարդ)։ Հայաշատ Թավրիզը մնում է Ա–ի Հայոց թեմի առաջնորդանիստը։ Թեմը բաժանված է 4 գործակալությունների՝ Ռեզայիեի, Շահփուրի, Մարաղայի և Ղարադաղի։ Թեմը ղեկավարում է 4 տարի ժամանակով ընտրված Թեմական Պատգամավորական ժողովի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ բաղկացած 17 անդամից։ Սա ընտրում է 7 անդամից կազմված Թեմական խորհուրդ՝ իբրև գործադիր մարմին։ 1966-ին Թեմական խորհուրդը պետական պաշտոնագրով ճանաչվեց Ա–ի հայկական լքյալ գույքերի ու եկեղեցական կալվածների իրավատերը։ 1967-ին Իրանի իշխանությունը Ա–ի Հայոց Առաջնորդարանն ու Թեմական խորհուրդը ճանաչեց իբրև կրոնա–մշակութսւյին բարեգործական կազմակերպություն՝ «Ատրպատականի համայն հայության Առաջնորդարանի խորհուրդ» անունով («Շորայե Իսսլիֆագարինե քոլլը արամնեյե Ազերբայջան», համառոտ՝ «Շորա»)։ Ա. այժմ բաժանված է Արևելյանի՝ Թավրիզ կենտրոնով, և Արևմտյանի՝ Ռեզայիե (Ուրմիա) կենտրոնով՝ կազմելով Իրանի երրորդ և չորրորդ ոստանները։ Ընդհանուր տարածությունը 110 հզ. կմ² է, բնակչությունը՝ շուրջ 3700 հզ.։
Գրկ. Ֆրանգյան Ե., Ատրպատական, Թ., 1905։ Մամյան.Ն., Ատրպատականի հայոց թեմը, Րաֆֆի տարեգիրք, Ա տարի, 1969, Թեհրան, 1968։ Дьяконов И. М., История Мидии, М.–Л., 1956.
(նկ․) Ատրպետ։
ԱՏՐՊԵՏ (իսկական անունը Մուբայաջյան Սարգիս Մկրտչի) (1860–1937), հայ գրող, հասարակական գործիչ։ Ծնվել է հունվարի 31-ին, Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ. Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880-ից ուսուցիչ էր արևելահայ գյուղաքաղաքներում։ Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ էր (1893-ից)։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ա–ի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային–ազատագրական շարժման հարցերում Ա. ունեցել է յուրօրինակ դիրքավորում. անհրաժեշտ է համարել հայ–թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ա. ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ա. թողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ («Հողատիրությունը Կովկասում», 1906, «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ», 1913 ևն)։ Մահացել է Լենինականում։
Երկ. Երկ. ժող., հ. 1–10, Թավրիզ–Ալեքսանդրապոլ–Թիֆլիս, 1904–11։ Երկ., Ե., 1964։
(նկ․) Ատրուշան Նակշ–ի–Ռուստեմում (Իրան)։
ԱՏՐՈՒՇԱՆ (<պահլ. ātur – կրակ և san – տեղ, կրակարան, կրակատուն, մեհյան), հեթանոսական շրջանի կրակապաշտամունքային շինություն, որտեղ «սուրբ» կրակը պահվում էր անշեջ։ Ինչպես երևում է Նակշ–ի–Ռուստեմի (Իրան) օրինակից, Ա–ները ունեցել են քառակուսի հատակագիծ և եղել են աշտարակաձև։ III–IV դդ. կառուցվել են գմբեթավոր Ա–ներ, Որոնց գմբեթները բարձրացել են քառակուսի հիմքի վրա տրոմպների օգնությամբ (Չուր–Կապու, Իրան)։ Կրակապաշտությունը տարածված է եղել նաև Հայաստանում, սակայն քրիստոնեության տարածման և մեհյանների կործանման ժամանակ Ա–ները ավերվել են և ներկայումս դժվար է պարզել նրանց կառուցվածքային բոլոր առանձնահատկությունները:
«ԱՏՐՈՒՇԱՆ», գրական, գիտական և գեղարվեստական կիսամսյա հանդես։ Լույս է տեսել Զմյուռնիայում, 1919-ն։ Տնօրեն–խմբագիր՝ Մ. Բարթիկյսւն, խմբագիրներ՝ Ռ. Մինասյան, Անտոն Կագել։ «Ա.» զգալի տեղ է հատկացրել Մեծ եղեռնի հետ կապված դեպքերին։ «Գրական հորիզոն» խորագրի տակ գրախոսել է Հ. Ալփիարի, Տ. Սյուրմեյանի և ուրիշների ստեղծագործությունները։ Տպագրել է նաև թարգմանություններ ֆրանս. գրողների գործերից։
ԱՐԱ, մեռնող և հարություն առնող աստվածություն հայ դիցաբանության մեջ։ Համանման է Թամմուզի և Ադոնիսի պաշտամունքին։ Ա. մարմնավորում է գարնան, զարթոնքի, արգասավորության, ռազմի