Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(1856) երգիծական երկը։ Նա հեղինակ է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի (1860), «Համառօտ բսագրքակ հայերէն–տաճկերէն–գաղղիերէն» (1860) և մի քանի այլ գրքույկների՝ «Վաւերագիրք–խնդիր ազգային եկամտի» (1864), «Ռուսիա և Ընդհանուր ժողով հայոց ի Կոստանդնուպոլիս» (1866), «Դիտողութիւն ի վերայ Տեղեկագրի կաթողիկոսական Յանձնաժողովոյ» (1866), «Զեյթունցիք ու լուսավորչական հսւյք» (1867)։ Որպես գծանկարիչ, Ա. կատարել է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի նկարազարդումների մի մասը («Հայկի պատերազմը», «Վահեի մահը», «Տիգրան Բ–ի պատերազմը հռոմեացիների դեմ», «Ավարայրի ճակատամարտը» են)։

Գրկ. Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912, էջ 92–95։ Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 203–08։ Ռ. Իշխանյան

ԱՐԱՄՅԱՆ Ռաֆայել Գևորգի (ծն. 1921), հայ սովետական գրող։ Ծնվել է նոյեմբերի 29-ին, Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, 1941–43-ին մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1954-ին լույս է տեսել Ա–ի «Ռուբինյան եղբայրները» վեպը, ուր պատկերված է սփյուռքահայության ներգաղթր հայրենիք։ Ա. գրում է կարճ պատմվածքներ։ Հեղինակն է «Չթամբած ձիեր» (1963) ժողովածուի։ Քնարական շնչով են տոգորված «Ո՜վ զարմանալի» (1969, Կոմիտասի մասին) և «Մեռած քաղաքի պարիսպների տակ» (1970) ժողովածուները։


ԱՐԱՄՅԱՆ Վալտեր Գևորգի (ծն. 1909), հայ սովետական գրող։ Ծնվել է հուլիսի 15-ին, Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ 1932-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Գրել է 1930-ական թթ. սկզբներից։ Պատմվածքների առաջին ժողովածուն («Տայգայի օրենքը») լույս է տեսել 1955-ին։ 1957-ին հրատարակվել է «Ռուսա որդի Արգիշտի» վիպակը։ Ա–ի նախասիրությունը հուշապատումի նմանվող ակնարկն է։ Հեղինակն է «Մարդը» (1959), «Մարդու սերը» (1962), «Ընկած ծառը» (1964), «Միթե բոլորը հող դարձան» (1970) ժողովածուների։

(նկ․) Ք. Արամյան։


ԱՐԱՄՅԱՆ Քեթևան (1845–1877), հայ դերասանուհի։ Հայ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի առաջին գործիչներից։ 1862–73-ին խաղացել է Գ. Չմշկյանի թատերախմբում (Թիֆլիս)։ Ա–փ արտիստական անհատականությունը ձևավորվել է մելոդրամաներում («Դոն Սեզար դը Բազան», «խաղամոլի կյանքը», «Սեր և նախապաշարմունք» ևն) և վոդևիլներում (հիմնականում՝ Ս. Տեր–Գրիգորյանի պիեսներում)։ Դերասանահու խառնվածքը կատարելապես դրսևորվել է Սունդուկյանի կատակերգությունների դերերում՝ Քեթևան, Մարքրիտ («Խաթաբալա»), Բարբարե («Էլի մեկ զոհ»), Շուշան («Պեպո»)։ 1873–77-ին խաղացել է Քութայիսի վրացական բեմում։

Գրկ. Չմշկյան Գ., Քեթևան Արամյանց, «Թատրոն», 1895, № 62։ Զարյան Ռ., Քեթևան Արամյան, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1956, № 1։


ԱՐԱՄՅԱՆ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է 1851-ին, Թավրիզում, Սահակ եպիսկոպոս Սաթունյանի կողմից։ Գործել է մինչև 1936։ 1851–1875-ին կոչվել է Ներսիսյան (Ներսես Շնորհալու անունով), այնուհետև՝ Ա. դ.։ Երկսեռ, ծխականից բարձր, նոր տիպի ուսումնական հաստատություն էր, ուներ 2 նախապատրաստական և 4 հիմնական դասարան (ուսման տևողությունը՝ 8 տարի)։ Դասավանդվում էին. հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն և հանրակրթական առարկաներ։ 1909-ին, թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցի հիմնադրումից հետո, Ա. դ. դարձավ նրա նախապատրաստականներից մեկը։ Ա. դ. մեծ գործ է կատարել պարսկահայերի լուսավորության ասպարեզում։ Մինչև 1936 վարժարանը տվել է շուրջ 1300 ընթացավարտ։ Ավարտողները հնարավորություն են ունեցել ուսումը շարունակել Թավրիզի թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցում։ Ա. դ–ում դասավանդել են Րաֆֆին և Հ. Աճառյանը։ Ա. Իգնատյան


«ԱՐԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆ», հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոն–կրկես։ Հիմնադրվել է 1846-ին, Կ. Պոլսում, Հովհաննես Գասպարյանի (1826–67) ջանքերով։ Գործել է 1846–66-ին։ «Ա. թ.» միակն էր Մերձավոր Արևելքում, որ համատեղել է միջնադարյան սինկրետիզմի և XIX դ. եվրոպական դրամատիկական թատրոնի առանձնահատկությունները։ Նրա ելույթներում առանձին երկու բաժիններ են կազմել՝ ազգային կրկեսի բոլոր ժանրերը եվրոպական երանգավորումով և մնջկատակը, բալետը, ինտերմեդիան, Հին կտակարանի թեմաներով միստերիա–մորալիտեի տիպի պիեսները, ժամանակակից վոդևիլներն ու մելոդրամաները, հայ և օտար պատմության թեմաներով դրամաները։ Պիեսների լրիվ խորագրերն ու հեղինակների անունները մեզ չեն հասել, բացառություն է Լամարտերիերի «Ռոբերտ ավազակապետ» մելոդրաման։ «Ա. թ.» պրոֆեսիոնալ կատարելության է հասել կրկեսային ժանրերում և մրցակցել Կ. Պոլիս այցելող եվրոպական կրկեսների հետ։ Թատերախմբի ղեկավար Հ. Գասպարյանը եղել է լարախաղացության, ակրոբատիկայի, աթլետիկայի բացառիկ վարպետ, կատարել է նաև ծաղրածուի, պատմական դրամաներում՝ գլխավոր հերոսների դերեր։ Առաջատար դերասանները՝ Միքայել Բամպուքճյան, Մելքոն Գասպարյան, Ալիքսան Սվաճյան, Գևորգ Չիլինկիրյան (Զեննե Գևորգ), Աղասի Մինասյան (նաև ռեժիսոր), Հարություն Պաղտատլյան (նաև ձևավորող–նկարիչ), Հարություն Հեքիմյան (նաև աֆիշներ, ծրագրեր ձևավորող), Գրիգոր Թերզյան և ուրիշներ համատեղել են պարը, ակրոբատիկան, ծաղրածուությունը և դրամատիկական դերասանի վարպետությունը։ Թատերախումբն ունեցել է հայ դերասանուհիներ՝ Թագուհի, Անտիկ և Մառի, իտալացի և ֆրանսիացի պարուհիներ, երգչուհիներ, երաժշտախումբ, որ ղեկավարել է առաջին հայ կոմպոզիտոր–դիրիժոր Կարապետ Փափազյանը։ Թատրոնը Կ. Պոլսում ունեցել է մշտական շենք։ 1849–51-ին հյուրախաղերով այցելել է հայաբնակ քաղաքները՝ Թիֆլիս (ուր կառուցվել է թատրոնի հատուկ շենք ու ներկայացումները տևել են մի ամբողջ թատերաշրջան), Նախիջևան, Թավրիզ և այլուր. եղել է նաև Երևանում ու Էջմիածնում (1850)։

Գրկ. «Ազգասեր», 1847, 13 նոյեմբ., № 118։ «Արևելք», 1899, 13 մարտի № 3962–7 ապրիլի № 3983։ Լևոնյան Գ., Թատրոնը հին Հայաստանում, Ե., 1941։ Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962։ Гоян Г., 2000 лет армянского театра, т. 2, М., 1952. Հ․ Հովհաննիսյան


ԱՐԱՄՅԱՆ ՏԱՌԵՐ, հայկական տպատառի տեսակ։ Ստեղծել է Ճանիկ Արամյանը 1855-ին, Փարիզում։ Ա. տ. իրենց մի քանի հատկանիշներով տարբեր են մինչ այդ հայկ. տպագրության մեջ ամենից ավելի գործածական բոլորգիր տպատառերից։ Ա. տ. ուղղահայաց են, ունեն գծագրումների ճաշակավոր լուծումներ, զերծ են երկար ծայրագծերից։ Բոլորգրի համեմատ միևնույն թվով Ա. տ. ավելի քիչ տարածաթյուն են զբաղեցնում։ Ա. տ. տպագրությունից դուրս չմղեցին ավանդական բոլորգիրը։ Գործածվում են մի շարք կետաչափերի (6, 8, 10, 12 ևն) Ա. տ.՝ գլխագիր և հասարակ։ Ա. տ. հիմք դարձան հայկական տպատառերի ուրիշ տեսակների ստեղծման։


ԱՐԱՄՈ, Արամին, գյուղ Հյուսիսային Սիրիայում, Անտիոք քաղաքի մոտ։ XX դ. սկզբին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ (զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ)։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Ստեփանոս) և արական ուսամնարան։ Ա–ի շրջակայքում գտնվում էին Ս. Գևորգ, Ս. Աստվածածին եկեղեցիները և Ս. Թումաս վանքը։ Ա–ում հայերը բնակվել են հին ժամանակներից։ Տեղական ավանդությամբ գյուղը Ա. է կոչվել ոմն Արամ քահանայի անունով։ Ա–ի բնակիչները խոսում էին Արամոյի բարբառով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի հայերի մեծ մասը զոհվել է, մյուս մասը գաղթել զանազան երկրներ։


ԱՐԱՄՈՅԻ ԲԱՐԲԱՌ, խոսվում է Հյուսիսային Սիրիայի Արամո գյուղում։ Ձայնավորները ենթարկվել են անճանաչելի փոփոխման. շեշտի տակ պարզ հնչյունները վերածվել են երկբարբառների կամ երկար ձայնավորների՝ ա>օու, էու, ի, ու…., ե>էյ, ա, ի, ըէ, ըիյ․․․․, ի>այ, ա..յ, ա, էյ…., ո>աու, օո՛ւ, օու.., էու..…., ու>աու,