Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՐԱՔՍ (իսկական անունը՝ Ավետիսյան Արաքսյա Մուրադի, ծն. 1903), հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1967)։ Ծնվել է դեկտեմբերի 25-ին, Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1930)։ Առաջին գիրքը՝ «Պատմվածքներ» խորագրով, լույս է տեսել 1926-ին։ 1954-ին և 1965-ին հրատարակվել են Ա–ի ժողովածուները՝ «Երկեր» խորագրով։ Գրել է նաև մանուկների համար («Զվարթ ձայներ», 1951, «Բիբի», 1956, «Պատանիներ», 1960)։


ԱՐԱՔՍ (պատմական Երասխ), գետ Հայկական լեռնաշխարհում։ Հայոց «մայր գետը»։ Հին կտակարանում կոչվել է Գիհոն (դրախտի չորս գետերից մեկը), հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, Արագ, հունական և հռոմեական աղբյուրներում՝ Արախես, Արախիս, պարսկ., արաբ., ադրբ. և թուրք.՝ Արագ, Նյախրի–Արազ, Ռազ, Ռոս, վրաց.՝ Ռախսի, Արեգի, Արես։ Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ. «Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968, էջ 91)։ Գեհոն կամ Ճեհոն եբրայերեն նշանակում է հարձակմամբ հոսել։ Արաքս բառը Հ. Աճառյանը ստուգաբանում է խփել, խլել բայով։ Հին աշխարհի հեղինակները Ա. անունը կապել են նրա աղմկոտ լինելու հետ, որովհետև արաքս հունարեն նշանակում է աղմկել։ Բրոշ մասնագետներ էլ Ա. մակաբերում են արագ բառից։ Ա. անունը կապ ունի Արմավիր, Արարատ, Արածանի, Արագած, Արմեն, Արցախ և նման հայկական այլ բառերի հետ, որոնց առաջին ար մասնիկը ամենայն հավանականությամբ կապված է Արա կամ Արամ անունների հետ։ Ա. անվանել են «բուն, գերազանց հայկական գետ» (Ռեկլյու Է., Ռուսական Հայաստան կամ Արաքսի ավազանը…, Վաղ–պատ, 1890, էջ 29)։ Ա–ի երկ. 1072 կմ (որից 568 կմ սահմանային), ավազանը՝ 102 հզ. կմ²։ Պատկանում է Կասպից ծովի ավազանին, միանում է Կուր գետին Սաբիրաբադ քաղաքի (Ադրբեջանական ՍՍՀ) մոտ։ Ըստ Ստրաբոնի վկայությունների, հնում Ա., հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու։ Ա. վերին հոսանքում անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանային գետ է ՀՍՍՀ ու Թուրքիայի (150 կմ), Նախիջևանի ԻՍՍՀ և Իրանի, ՀՍՍՀ և Իրանի (40 կմ), ապա նաև Ադրբեջանական ՍՍՀ և Իրանի միջև, ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանական ՍՍՀ–ով։ Ա–ի ավազանին է պատկանում ՀՍՍՀ տարածքի մոտ 76%։ Ա. սկիզբ է առնում Բյուրակնի բարձրավանդակի (մոտ 3000 մ բարձր.) աղբյուրներից։ Հոսում է դեպի հս., այնուհետև արլ., ապա հս–արլ. և, ճեղքելով Հայկական պար լշ., դուրս է գալիս Բասենի դաշտ, այստեղ ձախից ընդունելով Մուրց (Հասանղալա) վտակը, թեքվում է դեպի արլ. և արագընթաց անցնում Կարսի սարահարթի և Հայկական պարի միջև գտնվող խոր (մինչև 1000 մ) կիրճով։ Դուրս գալով կիրճից ընդունում է ամենախոշոր վտակը՝ Ախուրյանը, և մտնում Արարատյան դաշտ՝ մինչև վերջ պահպանելով արլ. ուղղությունը։ Ա–ի հունը այստեղ աստիճանաբար լայնանում է, հոսքը դանդաղում, առաջացնում է գետոլորաններ, ծանծաղուտներ, կղզյակներ, տեղ–տեղ հոսում է դաշտի մակարդակից բարձր՝ իր բերվածքների վրայով։ Ա–ի հովիտը լայն է ու հարթ, դարավանդները (2–3) մեծ մասամբ քողարկված են ձախ վտակների՝ Քասաղի, Սևջրի, Հրագդանի, Ագատի, Վեդու, Արփայի արտաբերման կոներով։ Հրազդանի գետախառնուրդից հետո Ա. մտնում է աստիճանաբար խորացող ձորի մեջ, որի ամենախոր և ամենանեղ տեղամասը Օրդուբադ–Մեղրի հատվածն է. այստեղ գետը հոսում է սրընթաց, քարքարոտ հունով՝ առաջացնելով բազմաթիվ սահանքներ (հնում՝ «քարավազ»)։

Ա–ի վրա շատ կամուրջներ են եղել։ Դրանցից ամենանշանավորները հինգն էին՝ Բասենի, Երվանդակերտի, Արտաշատի, Նախիջևանի և Ջուղայի։ Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական։ Այս կամրջից է սկսվել Արտաշատ–Տիգրանակերտ արքունի պողոտան։ Ջուղայի հոյակապ կամուրջը, որի շինությունը ավանդաթյունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն, 1605-ին ավերվեց Աբբաս I հրամանով, որպեսզի և՛ հայերը մոռանան տունդարձի ճամփան, և՛ թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան։ Արարատյան դաշտում Ա. աջից ընդանում է նաև Մակու (Զանգիմար) և Կարմիր (Կոտուր) վտակները։ Որոտանի գետախառնուրդից հետո դուրս է գալիս լեռներից և դանդաղ հոսում Մուղանի ու Միլիի դաշտերով՝ ընդունելով Կարասու (աջից) և Կենդելանչայ (ձախից) վտակները։ Ա–ի սնումը խառն է, հորդացումը՝ մարտից հունիս, առավելագույնը՝ մայիսին։ Առաջին հորդացումը՝ մարտ–ապրիլ, կապված է ցածրադիր վայրերի ձնհալքի և գարնանային անձրևների հետ,