Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 85

մշակություն, շերամապահություն), Շամախի֊Իսմայիլի (անասնապահություն, խաղողագործություն, պտղաբուծություն, հացահատիկի մշակություն), Լաչին֊Քյալբաջարի (անասնապահություն, անտառային տնտեսություն, ծխախոտագործություն, լեռնահանքային արդյունաբերություն), Նախիջևանի (լեռնահանքային և սննդի արդյունաբերություն, այգեգործություն, խաղողագործություն, շերամապահություն, հացահատիկի մշակություն, բամբակագործություն, անասնապահություն), Լեռնային Ղարաբաղի (այգեգործություն, շերամապահություն, անասնապահություն, հացահատիկի մշակություն)։

Պատկերազարդումը տես աղ. III, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Նկարում` «Նավթալան» առողջարանի լոգանքների շենքը։

X. Առողջապահությունը

1970-ին Ա֊ում կար 49 հզ. հիվանդանոցային մահճակալ (93 մահճակալ՝ 10 հզ. բնակչին), 1913-ի 1,1 հզ. փոխարեն (5 մահճակալ՝ 10 հզ. բնակչին)։ 1970-ին գործում էր 1075 պոլիկլինիկա և ամբուլատորիա, 133 հակատուբերկուլոզային, 152 մաշկա֊վեներոլոգիական, 51 օնկոլոգիական հիմնարկ (դիսպանսեր, բուժկետ, բաժանմունք)։ 1970-ին աշխատում էր 13 հզ. բժիշկ (25 բժիշկ՝ 10 հզ. բնակչին)։ Բժշկական կադրեր են պատրաստում Բաքվի Ն. Նարիմանովի անվ. ադրբեջանական բժշկական ինստիտուտը և 17 միջնակարգ բժշկական ուսումնարաններ։ Վերացվել են բնական ծաղիկը, խոլերան, ժանտախտը, մալարիան, տրախոման և այլ հիվանդություններ։ Մահացությունը 1970-ին կազմել է 1000 բնակչին 6,7 (1913-ին՝ 25,5), ծնունդը՝ 29,2 մարդ։ 1971-ի բյուջեով, առողջապահության և ֆիզիկական կուլտուրայի հատկացումները կազմել են մոտ 153 մլն. ռ.։ 1970-ին գործել են 60 սանատորիա, 9 հանգստյան տուն։ Հանրածանոթ առողջարաններից են՝ Նավթալանը, Իստիսուն, Մարդաքյանը։

XI. Ժողովրդական կրթությունը և կուլտուր֊լուսավորական հիմնարկությունները

Ադրբեջանական ժողովրդի լուսավորության ու մշակույթի զարգացման, մայրենի լեզվով դասավանդումը վարելու, կուլտուր-լուսավորական հիմնարկներ ստեղծելու գործում մեծ դեր են խաղացել XIX–XX դդ. ադրբեջանական մտավորականության նշանավոր դեմքեր Մ. Ֆ. Ախունդովը, Մ. Շ. Վազեհը, Ա. Ա. Բաքիխանովը, Ս. Ա. Շիրվանին, Գ. Ս. Զարդաբին, Մ. Ա. Սաբիրը, Ջ. Մամեդկուլիզադեն, Ն. Նարիմանովը, Ու. Հաջիբեկովը, Ս. Մ. Գանիզադեն, Ա. Շաիկը, Ա. Ս. Ահմեդովը և ուրիշներ։

Նախահեղափոխական Ա֊ում թույլ էր զարգացած ժող. կրթությունը, ազգային լեզվով ուսուցման խնդիրը մնում էր չլուծված։ 1914–15 ուս. տարում տարբեր տիպի դպրոցներում սովորել է 73 հզ. երեխա, սակայն ադրբեջանցիների թիվը տարրական դպրոցներում 36,1, իսկ միջնակարգ դպրոցներում 11% էր։ Գրագիտությունը կազմում էր 9,2%։ 1921-ին բարձրագույն կրթությամբ ընդամենը 62 ադրբեջանցի կար։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո Ա֊ում վերացվել է անգրագիտությունը։ 1970-ի տվյալներով ամեն 100 բնակչից բարձրագույն և միջնակարգ (լրիվ և ոչ լրիվ) կրթություն ուներ 471-ը։ Ցերեկային հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը 1443 հզ. էր, իսկ կրթության բոլոր ձևերում ընդգրկված էր 1830 հզ. մարդ կամ Ա֊ի յուրաքանչյուր 3-րդ բնակիչը։ Ուսուցիչների թիվը անցնում էր 70 հազարից։ 1970-ին Ա֊ում գործում էին պիոներների և դպրոցականների պալատ՝ Բաքվում, 84 պիոներտուն, պատանի բնասերների, տեխնիկների և տուրիստների 18 կայան, 59 սպորտդպրոց, 1600 նախադպրոցական հիմնարկություն (110,6 հզ. երեխա)։

1970–71 ուս. տարում 70 պրոֆ֊տեխնիկական ուսումնարաններում սովորել են մոտ 46,1 հզ., 79 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 71 հզ. սովորող, 13 բուհերում՝ ավելի քան 100 հզ. ուսանող։ 1966–70-ին Ա֊ի բուհերն ավարտել են 52,5 հզ., իսկ միջնակարգ մասնագիտական ուս. հաստատությունները՝ մոտ 80 հզ. մասնագետ։ Խոշոր բուհերն են՝ Ա֊ի Ս. Մ. Կիրովի անվ. պետական համալսարանը, Մ. Ազիզբեկովի անվ. նավթի և քիմիայի, պոլիտեխնիկական, Վ. Ի. Լենինի անվ. մանկավարժական, Մ. Ֆ, Ախունդովի անվ. օտար լեզուների, Ն. Նարիմանովի անվ. բժշկական ինստիտուտները, Ու. Հաջիբեկովի անվ. կոնսերվատորիան։ 1970-ին Ա֊ում գործել են 7242 մասսայական, դպրոցական և գերատեսչական գրադարան, ավելի քան 2000 ակումբ, կուլտուրայի պալատ և տուն, 2000 կինոսարք և 37 թանգարան։ Ա֊ի մշակույթի կարևոր օջախներից են՝ Մ. Ֆ, Ախունդովի անվ․ հանրապետական, Ադրբ. ՍՍՀ ԳԱ հիմնակազմ գրադարանները, Ադրբեջանի պատմության, Նիզամիի անվ. ադրբեջանական գրականության, Ռ․ Մուստաֆաևի անվ. արվեստի թանգարանները և Վ. Ի. Լենինի կենտրոնական թանգարանի մասնաճյուղը։

XII. Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Ա. բազմադարյան մշակույթի երկիր է։ Ժամանակակից Ա֊ի տերիտորիայում ապրող ցեղերը հնագույն ժամանակներից տիրապետել են մետաղաձուլության և մետաղից իրեր ու զենքեր կռելու հմտությանը։ Մետաղամշակման, ինչպես նաև նավթը որպես վառելիք և դեղանյութ օգտագործելուն զուգընթաց կուտակվում էին տեխնիկական գիտելիքներ։ Ա֊ում գտնվել են մինչև մ. թ. ա. 4-րդ հազարամյակը պղնձյա և պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից պատրաստված իրեր։ Միջին դարերում գիտական միտքն առավել զարգացում ապրեց աստղաբաշխ և մաթեմատիկոս Նասիրեդդին Թուսիի գործերում (XIII դ.)։ Փիլիսոփայական միտքը բարձր զարգացման հասավ Նիզամի Գյանջևիի ստեղծագործություններում։ Ա. Ռուսաստանին միացնելու շնորհիվ հնարավոր դարձավ հաղորդակից լինել ռուսական գիտությանը։

Ռուսական գիտության հետ է կապված Կազանի և Պետերբուրգի համալսարանների պրոֆեսոր, լեզվաբան֊արվեստագետ Միրզա֊Քյազիմ֊բեկի (1802–70) գործունեությունը։ Ռուս առաջավոր մտքի ազդեցությամբ ձևավորվեցին մի շարք առաջադեմ գործիչների, այդ թվում Ա. Բաքիխանովի և Հ. Ջարդաբիի հայացքները։ Առաջադեմ դեմոկրատական գաղափարախոսությունը և մատերիալիստական փիլիսոփայությունը իրենց զարգացումը գտան Մ. Ֆ. Ախունդովի գործերում։ XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբներին Ա֊ի ընդերքի, հատկապես նավթի ուսումնասիրման հետ կապված գիտական գործունեություն ծավալեցին ռուս գիտնականներ Դ․ Ի. Մենդելեևը, Վ. Վ. Մարկովնիկովը, Ի. Մ. Գուբկինը և ուրիշներ։ Հ. Աբիխը դրեց Ա֊ի երկրաբանական հետազոտման հիմքերը։ Նավթի հանույթի և մշակման կատարելագործման մեջ զգալի դեր խաղացին ինժեներներ Վ. Գ. Շուխովը, Ա. Ա. Լետնին, Ս. Ա. Լեբեդևը։ XIX դ. 80–90-ական թթ. են գրվել ադրբեջանցի առաջին քիմիկոս, Ստրասբուրգի համալսարանի դ֊ր Մ. Խանլարովի գիտական աշխատությունները։ Նա եղել է Ռուսական ֆիզիկա֊քիմիական ընկերության անդամ։ XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին ստեղծվեցին Ռուսական տեխնիկական ընկերության Բաքվի բաժանմունքը, Գյուղատնտեսության կովկասյան ընկերության մասնաճյուղը, նավթամշակման գործարանների քիմիական լաբորատորիաները։ Սակայն ադրբեջանցիների համար մուտքը այդ գիտական կազմակերպությունները և ընկերությունները կապված էր մեծ բարդությունների հետ։ Անդրկովկասում բարձրագույն դպրոց ստեղծելուն ցարական կառավարության