առագաստային։ Թմբուկը բարձր է, բոլորաձև, ունի չորս լուսամուտ։ Եկեղեցու արմ․ կողմում է համալիրի առավել նշանակալից կառույցը` չորս կենտր․ սյուներով գավիթը, որը 1215–35-ին կառուցել է Վաչե Վաչուտյանը։ Կենտր․ քառակուսի տարածությունը ծածկված է 12 նիստ ունեցող քարե վրանաձև ծածկով, փոխանցումը գմբեթատակ քառակուսուց դեպի 12 նիստավոր վրանածածկի հիմնատակը իրականացված է եռանկյունաձև քարերից կազմված գոտու միջոցով։ Ծածկը ունի բոլորաձև երդիկ, որի վրա կառուցված է նրբագեղ ռոտոնդա։ Գավթի ծածկի համակարգը նման հորինվածքների մեջ եզակի օրինակներից է․ յուրօրինակ են հվ․ պատի մեծ լուսամուտները։ Ուշագրավ է արմ․ շքամուտքի հարդարանքը։ Ս․ Սիոն եկեղեցուց և գավթից հվ–արլ․, օգտագործելով նրանց միջև ընկած տարածքը, որի արլ․ կողմում Ս․ Աստվածածին եկեղեցին է, իշխան Քուրդ Վաչուտյանը 1255-ին կառուցել է գրատունը։ Տարածքը առավել ռացիոնալ օգտագործելու նպատակով ճարտարապետը մշակել է փոխհատվող կամարների վրա հենվող ծածկի կառուցվածքային բարդ հորինվածք։ Սաղմոսավանքի գավիթն ու գրատունը հայկ․ միջնադարյան ճարտ․ աշխարհիկ շինությունների առավել ուշագրավ օրինակներից են։ Համալիրից հս․ վանքի հին գերեզմանատունն է՝ XIII–XIV դդ․ մի շարք ուշագրավ խաչքարերով և խաչքար–կոթողներով։ Համալիրը շրջապատված է եղել պարսպապատերով։ Պատկերազարդումը տես 113-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է՝ բաղկացած 150 գլխից (ըստ հուն, և սլավ․ Աստվածաշնչի՝ 151 գլուխ)։ Գիրքը եբրայերեն կոչվել է Թեհիլլիմ, որ նշանակում է փառաբանություն: Քնարական այս օրհնությունները եբրայեցիք երգել են քնարի կամ տավղի նվագակցությամբ, այստեղից էլ՝ Ս․ բառի երկիմաստությունը․ նախ՝ սաղմոսներ պարունակող գիրք և, երկրորդ, նվագարան (հուն․ ψαλτήριοv)։ Աստվածաշնչի 12 մարգարեները նկարներում միշտ պատկերվել են քնարով, որը սաղմոս է խորհրդանշել։
Միջին դարերից սկսած Ս․ հայերն օգտագործել են իբրև դասագիրք։ Ս–ի մեկնությամբ շատերն են զբաղվել։ Հայերից Ս–ին անդրադարձել են Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին։ Իսկ, ըստ էության, Սաղմոսաց գրքի մեկնությամբ զբաղվել է առաջինը Ներսես Լամբրոնացին, ապա՝ Վարդան Բարձրբերդցին։ Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին, Նահապետ Ագուլեցու խնդրանքով, 1686-ին ի մի հավաքելով Ս–ի հայերեն մեկնությունները, հրատարակել է բնագրի հետ մեկտեղ։ Ս–ի ամենածավալուն մեկնությունը կատարել է Մ․ Չամչյյանը՝ Մ․ Սեբաստացու հանձնարարությամբ («Մեկնութիւն սաղմոսաց», հ․ 1–10, 1815–23)։ Միջին դարերում Ս․ իբրև առանձին գիրք ընդօրինակել են բազմաթիվ հայ գրիչներ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահվում է ավելի քան 150 ձեռագիր Ս․, որոնցից հնագույնը № 6473 ձեռագիրն է՝ գրված 1298-ին, Գրիգոր գրչի կողմից։
1565-ին Աբգար Թոխաթեցին Վենետիկում առաջինն է տպագրել հայերեն Ս․։ Այնուհետև մինչև 1800-ը Ս․ ունեցել է 115 հայերեն հրատարակություն։
ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ (հուն․ ψαλμωδἱα, որ նշանակել է քրիստոնեական արարողության ընթացքում սաղմոսների կատարման կանոնների հավաքականությունը), մոնոդիայի տեսակ (ծագումով հին-հրեական), որի բնորոշ հատկանիշը ասերգային ոճն է (տես Ասերգ), կանխադրում է շարահյուսական և երաժշտ․ շեշտերի խիստ համաձայնեցվածություն։ Մեղեդիական նյութի կառուցվածքը՝ մեղեդիի վերելքները, վայրէջքները, արտասանական տոնի կրկնություններն ու ցեզուրները լիովին ենթարկվում են բանաստեղծական տեքստի բովանդակությանը և կառուցվածքի համապատասխան տարրերին։
ՍԱՂՅԱՆ Գրիգոր Միքայելի [10․3(27․2)․ 1880, Շուշի –1937], հայ սովետական ֆթիզիատոր։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1904)։ Բժշկ․ կրթությունն ստացել է Բեռլինի, ապա՝ Ենայի համալսարանների բժշկ․ ֆակուլտետներում (ավարտել է 1903-ին), մինչև 1909-ը Բեռլինի տարբեր կլինիկաներում մասնագիտացել է մանկաբուժության, տուբերկուլոզի և թերապիայի գծով, այնուհետև աշխատել Բաքվի քաղաքային հիվանդանոցներում։ 1918-ից Ս․ նախաձեռնել է հայ որբ ու անօթևան երեխաների բուժօգնության գործը։ Եղել է Հայաստանի որբանոցային գործերի գլխավոր լիազոր և գաղթականներին ու որբերին տեղավորելու համար մասնավոր շենքերի գրավման հանձնաժողովի նախագահ։ Դիլիջանում կազմակերպել է առաջին մանկական հակատուբերկուլոզային դիսպանսերը, 1925–27-ին՝ երկու առողջարաններ և երկրորդ տուբերկուլոզային հիվանդանոցը (1965-ից՝ Գ․ Սաղյանի անվ․ 2-րդ տուբերկուլոզային հիվանդանոց), 1928-ին՝ հանրապետական հակատուբերկոաոզային դիսպանսերը (Երևան), 1931-ին՝ «Նորք» մանկական առողջարանը, 1935-ին՝ Երևանի տուբերկուլոզային ԳՀԻ–ն (Ս․ եղել է այդ ինստ–ի դիրեկտորը)։ Գիտական աշխատանքները վերաբերում են Դիլիջանում թոքերի, հոդաոսկրային տուբերկուլոզի արդյունավետ բուժման միջոցների ուսումնասիրություններին։