Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԵԼԵՆ (Selenium), Se, տարրերի պարբերական համակարգի IV պարբերության VI խմբի քիմ․ տարր։ Կարգահամարը՝ 34, ատոմական զանգվածը՝ 78,96։ Ս․ p– տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 4s2 4p4, K,L և M թաղանթները լրացված են։ Ատոմները պարունակում են երկուական չզույգված էլեկտրոններ։ Բնական Ս․ բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են Ս–ի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T½=121 օր)։ Ս․ հայանաբերել է Յա․ Բերցելիուսը (1817) ծծմբական թթվի արտադրության թափոններում և անվանել Լուսնի անունով (հուն․όελἠνη)–լուսին)։ Ս․ հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։ Պարունակությունը երկրակեղևում՝ 5•10-6% ըստ զանգվածի (տարածվածությամբ 68-րդ տարրն է)։ Առաջացնում է 38 հազվագյուտ հանդիպող միներալ։ Ուղեկցում է ծծմբին։ Ս․ են պարունակում (6-10-5 %) կավերը և թերթաքարերը։ Կենսոլորտում արագ տեղաշարժվող տարր է։ Հատկություններով նման է ծծմբին։ Պինդ Ս․ առաջացնում է բյուրեղական (α, β, γ) և ամորֆ ալոտրոպային ձևափոխություններ, որոնք կիսահաղորդիչներ են։ Ամենից կայուն է՝ հեքսագոնային, մուգ մոխրագույն ձևափոխությունը, հալ․ ջերմաստիճաՆը՝ 217°С, եռմանը՝ 685°С, խտությունը՝ 4807 կգ/մ³։ Լուսազգայուն է, էլեկտրահաղորդականությունը (10-2- 10-12 օհմ-1 սմ-1, 20°C մթության մեջ) լուսավորելիս՝ աճում է մինչև 1000 անգամ։ Սովորական պայմաններում Ս․ քիմիապես կայուն է՝ թթվածինը, ջուրը, չօքսիդացնող թթուները և մյուս քիմ․ տարրերը (բացառությամբ F2) նրա հետ չեն փոխազդում։ Ս․ լուծվում է ազոտական թթվում, արքայաջրում։ Արժեքականությունը՝ II, IV և VI, միացություններում ցուցաբերում է մինչև +6 օքսիդացման աստիճաններ, ոչ մետաղ է։ Առավել բնորոշ է քառարժեք վիճակը։ Տաքացնելիս Ս․ այրվում է օդում՝ առաջացնելով հեշտ ցնդող (317°C) SeO2, որը լուծվում է ջրում և ալկալիներում (ստացվում են H2SeO3 և սիլենիաներ)։ Հայտնի են նաև SeO, Se2O3 և SeO3 օքսիդները։ Սելենական թթուն՝ H2SeO4 հատկություններով նման է ծծմբական թթվին (ավելի թույլ է), խոնավածուծ է։ Ս․ տաքացնելիս (500°C) միանում է ջրածնի հետ․ սելենաջրածինը՝ H2Se տհաճ հոտով, ջրում լուծելի, խիստ թունավոր գազ է և ուժեղ վերականգնիչ, լուծույթը թույլ թթու է (սելենաջրածնական թթու)։ Ս․ հալոգենների հետ առաջացնում է հեշտ ցնդող հալոգենիդներ, ծծմբի և տելուրի հետ՝ պինդ լուծույթներ, ազոտի հետ՝ Se4N4, ածխածնի հետ՝ CSe2, ֆոսֆորի հետ՝ P2Se3, P4Se3, P2Se5։ Տաքացնելիս Ս․ միանում է մետաղների հետ՝ առաջացնելով սելենիդներ։

Ս․ ստանում են ծծմբական թթվի, թաղանթանյութի–թղթի արտադրության թափոններից և պղնձի էլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։ Կիսահաղորդչային տեխնիկայում օգտագործվող Ս․ մաքրում են վակուումային թորումով, զոնային հալմամբ (99,9999%)։ Ավելի մաքուր Ս․ ստանում են սելենաջրածնի ջերմային քայքայմամբ։ Ս․ օգտագործում են կիսահաղորդչային ուղղիչներ (դիողներ), ֆոտոէլեկտրական սարքեր, ամորֆ Ս․՝ էլեկտրալուսանկարչական պատճենահանող սարքեր պատրաստելու համար։ Սելենիդները օգտագործվում են թերմոռեզիստորներում և որպես լյումինաֆորներ՝ հեռուստացույցներում, օպտիկական և ազդանշանային սարքերում։ Ս․ օգտագործվում է նաև կանաչ ապակին գունազրկելու, սուտակապակի ստանալու, պողպատի մեխանիկական հատկությունները լավացնելու համար և որպես կատալիզատոր։ Ս․ և հատկապես նրա միացությունները թունավոր են։ Կենդանի հյուսվածքները պարունակում են 0,01–1 մգ/կգ Ս․։ Մարդու, կենդանիների և որոշ բույսերի համար Ս․ անհրաժեշտ միկրոտարր է, մեծացնում է աչքի ցանցաթաղանթի լուսազգայնությունը, որպես հակաօքսիդիչ ներգործում է ֆերմենտային ռեակցիաների վրա։ Ս–ի մեծ պարունակությունը սննդում (2 մգ/կգ) առաջացնում է սուր և քրոնիկական թունավորում։

ՍԵԼԵՆԳՍ, գետ ՄԺՀ–ում և ՍՍՀՄ–ում (Բուրյաթ․ ԻՍՍՀ–ում)։ Կազմվում է Իդեր և Մուրեն գետերի միախառնումից, թափվում Բայկալ լիճը։ Բայկալ թափվող գետերի ջրերի 1/2-ը բաժին է ընկնում Ս–ին։ Երկարությունը 1024 կմ է, ավազանը՝ 477 հզ․ կմ²։ Գլխ․ վտակներն են էգին Գոլը, Օրխոնը, Խիլոկը, Ուդան։ Հիմնականում հարթավայրային գետ է։ Վարարում է ամռանը և աշնանը, սառցակալում նոյեմբերից ապրիլ: Ջրի միջին ծախսը գետաբերանում 1000 մ³/վրկ է։ Նավարկություն կա մինչև Սուխե Բատոր (ՄԺՀ)։ Ս–ի ափին է Ուլան Ուդեն։

ՍԵԼԵՆԵ, Սելենա (հուն․ Σελἠνη– Լուսին), լուսնի աստվածուհին հին հուն, դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեյայի դուստրը, Հելիոսի (Արեգակ) և էոսի (Արշալույս) քույրը։ Ըստ առասպելի, Ս․ սիրահարվել է գեղեցիկ պատանի Ենդիմիոնին, որին Զևսը հավերժական քնի է դատապարտել Կարիայի Լատմոս քարանձավում։ Ս․ իբր գիշերներն այցելելով սիրած պատանուն՝ նրանից ծնել է 50 դուստր։ Ս․ նույնացվել է Արտեմիսին և Հեկատային, իսկ Հռոմում՝ Դիպնային։

ՍԵԼԵՎԿԻԱ (հուն․Σελεύκεια), բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանի Իսավրիա նահանգում, Կալիկադնոս (Սելևկիա) գետի ստորին հոսանքի աջափնյա լեռնահովտում (Միջերկրականի ծովեզրից 10–12 կմ հս․)։ Ըստ անտիկ հեղինակների, Սելևկյան արքայատան հիմնադիր Սելևկոս I Նիկատորը (մ․թ․ ա․ 305–280) միացրել է Ուլբիա և Հիրիա կից քաղաքները, հիմնովին վերակառուցել և իր անունով կոչել է Ս․։ Ի զանազանություն համանուն մյուս քաղաքների, Ս–ին տրվել են Տրաքյան (Քարուտ), Կալիկադնոսյան կամ Իսավրյան մակդիրները։ Հելլենիստական դարաշրջանում Ս․ ունեցել է ինքնավար քաղաքի արտոնություն, եղել առևտրի, ուսման և գիտության խոշոր կենտրոն։ Այդ դերն ու նշանակությունը Ս․ չի կորցրել նաև հռոմ․ և բյուզ․ տիրապետության ժամանակ։ IV դ․ սկզբից եղել է Իսավրիայի եպիսկոպոսապետի աթոռանիստ կենտրոնը։ Հնում հիմնական բնակիչները եղել են հույները, իսկ X–XI դդ.՝ հայերը։ XI դ․ կեսին Թորոս Բ, Իսավրիան միավորելով իր իշխանապետությանը, վերակառուցել է Ս․ և դարձրել ռազմ. կարևոր հենակետ հվ–արմ․ սահմանում։ Լևոն Բ Մեծագործը (1187–1219) Ս–ի հսկողությունը հանձնել է Չորտվանել Սասնեցու որդի Շահնշահին, այնուհետև՝ Կոստանց իշխանին, իսկ 1210-ից՝ Հայոց բանակում կռվող Երուսաղեմի Հիվանդապահ օրդենի խաչակիր ասպետներին։ XIII դ․ կեսին Ս․ նվաճել են թուրքմեն–կարամանները։ Վենետիկցի ճանապարհորդ Բարբարոն 1471-ին Ս․ հիշատակում է դեռևս կանգուն, նկարագրում հոյակապ շինությունները, ջրամբարը, ամրությունները, դժվարամատույց դղյակը ևն։ Ս–ի կործանման պատճառները և ժամանակը դեռևս չեն պարզաբանված։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին լեռան գագաթին պահպանվում էին դղյակի աշտարակավոր պարսպի, վիմաֆոր ջրամբարի փլատակները, դարպասի կամարի բարձրաքանդակ հայկ․ արձանագրությունը (XIII դ․), իսկ լեռան լանջին՝ հին ամֆիթատրոնի, սյուների, սրահների, տաճարների, եկեղեցիների, վեցկամարանի կամրջի և գերեզմանոցի ավերակները։

Հին Ս–ի ավերակներից ոչ հեռու հետագայում հիմնվել է նոր Ս․ ավանը (թուրք․ Սիլիֆքե կամ Ջելեֆքե, Իչ–իլ գավառի կենտրոնը), որտեղ XX դ․ սկզբին ապրում էր շուրջ 2000 հայ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հատկապես ձմերուկի, սեխի, կիտրոնի, ձիթենու մշակությամբ), մեղվաբուծությամբ, արհեստներով ու առևտրով։ Ս–ի հայերը բռնությամբ տեղահանվեցին 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց զգալի մասը զոհվեց գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։

ՍԵԼԵՎԿԻԱ, հելլենիզմի դարաշրջանում Սելևկոս I Նիկատորի հիմնած կամ նրա անունով կոչված մի շարք քաղաքների անվանումը։ Նշանավոր էին Տիգրիսի Ս․ և Պիեռիայի Ս․։ Տիգրիսի Ս․ հիմնադրվել է մ․ թ․ ա․ 312-ին՝ որպես Սելևկյանների