Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌՈՒՍԱ Գ (ծն․և մահ․ թթ․անհնտ․), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 617–609։ էրիմենայի որդին և հաջորդը։ Անունը հիշատակված է Թոփրախ–կալեի պեղումներից հայտնաբերված վահանների և այլ առարկաների վրա։ Ռ․ շին․ աշխատանքներ է ծավալել էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։

ՌՈՒՍԱ Դ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Ուրարտուի թագավոր (մ․ թ․ ա․ մոտ 609–590)։ Ռուսա Գ–ի որդին և հաջորդը։ Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ Գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել։

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ, ռուսերենի գրային համակարգը, որն ստեղծվել է սլավոնական գրի (կիրիլիցա) հիման վրա։ Ժամանակակից Ռ․ ա․ բաղկացած է 33 տառից, որոնցից քսանը նշանագրում են բաղաձայն, 10-ը՝ ձայնավոր հնչյուններ․

Ժամանակակից ռուսական այբուբենը Տառերի անունները Ժամանակակից ռուսական այբուբենը Տառերի անունները
А а ա Р р էր
Б б բե С с էս
В в վե Т т տե
Г г գե У у ու
Д д դե Ф ф էֆ
Е е ե Х х խա
Ё ё յո Ц ц ցե
Ж ж ժե Ч ч չե
З з զե Ш ш շա
И и ի Щ щ շչա
Й й ի կիսաձայն Ъ կոշտության նշան
К к կա Ы ըի
Л л էլ Ь փափկության նշան
М м էմ
Н н էն Э э է շրջուն
О о օ Ю ю յու
П п պե Я я յա

սրանցից я, ю, ё, е (վերջինը միայն որոշակի դիրքում) երկհնչյուններ են։ Й տառը վանկարար չէ․ ъ (կոշտության նշան) և ь (փափկության նշան) տառերն ինքնուրույն հնչյուններ չեն նշանագրում. ь ցույց է տալիս նախորդ բաղաձայնի փափկությունը և երբեմն իմաստատարբերիչ դեր է կատարում (кров «կտուր, օթևան, տուն», кровь «արյուն»), իսկ ъ օգտագործվում է որպես, այսպես կոչված, անջատիչ նշան (արտասանությամբ անջատվում են երկու հարևան վանկերը «суб-ъект»)։ Կիրիլիցայի առաջին բարեփոխումը կատարվել է 1710-ին, Պետրոս Մեծի հրամանով, իսկ երկրորդը՝ 1917-ի դեկտ․ 23-ին, լուսավորության ժող․ կոմիսարիատի դեկրետով։ ժամանակի ընթացքում Ռ․ ա․ համալրվել է նոր տառերով, իսկ որոշ տառեր հանվել են գործածությունից։ Ռ․ ա․ ընկած է ՍՍՀՄ շատ լեզուների, ինչպես նաև ԲԺՀ–ի, ՀՍՖՀ–ի, ՄԺՀ–ի այբուբենների հիմքում։

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐ 1813–14, ռուս, բանակի մարտական գործողությունները Գերմանիայում և Ֆրանսիայում՝ պրուս․, շվեդ․, 1813-ի օգոստոսից՝ ավստր․ բանակների հետ համատեղ ընդդեմ նապոլեոնյան զորքերի։ Հայրենական պատերազմում (տես Հայրենական պատերազմ 1812) նապոլեոնյան բանակի ջախջախումից հետո ռուս. կառավարությունը որոշեց վերջնական հաղթանակի հասնելու համար ռազմ. գործողությունները տեղափոխել Արմ․ Եվրոպա։ Ռուս. բանակի ռազմ. գործողությունները սկսվեցին 1812-ի դեկտեմբերին, իսկ 1813-ի փետրվարին ռուս. զորքերը (100 հզ․ մարդ) ֆելդմարշալ Մ․ Կուտուզովի գլխավորությամբ մաքրեցին Լեհաստանի տարածքը (մինչև Վիսլա) ֆրանս․ բանակի մնացորդներից։ Այնուհետև գլխ․ ուժերը շարժվեցին Կալիշ, իսկ Պ․ խ․ Վիտգենշտեյնի և Ֆ․ Վ․ Սակենի կորպուսները՝ Բեռլին։ Փետր․ 20-ին (մարտի 4-ին) ռուս. զորքերը ազատագրեցին Բեռլինը։ Ապրիլի կեսին Նապոլեոնին հաջողվեց 92 հզ-անոց ռուս–պրուս․ միացյալ բանակի դեմ կենտրոնացնել 200 հզ․ մարդ։ Կուտուզովի մահից հետո ռուս–պրուս․ զորքերի հրամանատարն էր Վիտգենշտեյնը, իսկ մայիսի 17 (29)-ից՝ գեն․ Մ․ Բ․ Բարկլայ–դը–Տոլին։ Ապրիլի 20 (մայիսի 2)-ին Լյուտցենի և մայիսի 8–9 (20–21)-ին Բաուցենի մոտ Նապոլեոնը պարտության մատնեց դաշնակիցներին։ 1813-ի աշնանն արդեն դաշնակիցների զորքերի թիվը հասավ 492 հզ–ի, իսկ Նապոլեոնի բանակը՝ 440 հզ–ի։ Հարձակման անցնելով հոկտ․ 4–7 (16–19)-ին դաշնակից զորքերը Լայպցիգի (տես Լայպցիգյան ճակատամարտ 1813) մոտ ջախջախեցին Նապոլեոնի բանակը։ 1813-ի կամպանիան ավարտվեց ֆրանս․ զորքերի ջախջախումով և Գերմանիայի ազատագրումով։

1813-ի դեկտեմբեր –1814-ի հունվարին դաշնակիցների բանակները (900 հզ․ մարդ՝ Նապոլեոնի 300 հզ–ի դիմաց) անցան Հռենոսը և սկսեցին հարձակումը դեպի Ֆրանսիայի խորքը։ Մարտին նրանք ջախջախեցին նապոլեոնյան բանակը և շարժվեցին Փարիզ, որը համառ պաշտպանությունից հետո մարտի 18 (30)-ին հանձնվեց։ Մարտի 25 (ապրիլի 6)-ին Նապոլեոնը հրաժարվեց գահից և աքսորվեց էլբա կղզին։ 1814-ի մայիսի 18 (30)-ին դաշնակիցների և Ֆրանսիայի միջև ստորագրվեց Փարիզի հաշտությունը։ Նապոլեոնյան լծից Արմ․ Եվրոպայի ժողովուրդների ազատագրման գործում գլխ․ դերը կատարեց ռուս, բանակը։ Չնայած ազատագրված երկրներում հաստատվեցին հետադիմական վարչակարգեր, այդուհանդերձ Եվրոպայի ազատագրումը նապոլեոնյան Ֆրանսիայի տիրապետությունից՝ առաջադիմական էր։ Կ․ Մարքսի գնահատմամբ՝ բոլոր պատերազմները, որոնք մղվել են Նապոլեոնի դեմ, կրել են երկակի բնույթ՝ ազատագրական և հետադիմական։

Նապոլեոնի դեմ ռուս. բանակի արտասահմանյան արշավանքին մասնակցել են նաև շատ հայ զինվորականներ․ Վ․ Մադաթով, Դ․ Դելյանով, Դմ․ Ախշարումով, Ա․ Լազարև (Լազարյան), Պ․ Մելիքով, Դավիթ, Պյոտր և Ալեքսանդր Աբամելիքները, Գ․ Մելիք–Օսիպով, Բարսեղ և Դավիթ Բեհբութովները և այլք։

ՌՈՒՍԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ (ՌՍԴԲԿ ԿԵՆՏԿՈՄԻ), Կենտկոմի անդամներից ստեղծված համակուսակցական մարմին, որն իրականացրել է բուն Ռուսաստանում գործող տեղական կուսակցական կազմակերպությունների պրակտիկ գործունեության ղեկավարումը։ Ստեղծվել է 1903-ի ամռանը՝ Կիևում, 1904-ին գործել է Մոսկվայում, 1905-ից՝ Պետերբուրգում։ Ռուս. բյուրոյի առաջին կազմում եղել են Գ․ Մ․ Կրժիժանովսկին, Վ․ Ա․ Նոսկովը, կոոպտացվել են Ֆ․ Վ․ Գուսարովան, Ռ․ Ս․ Զեմլյաչկան, Լ․ Բ․ Կրասինը, Մ․ Մ․ էսսեն։ Հետագայում տարբեր ժամանակներում բյուրոյի անդամներ են եղել Ա․ Ա․ Բոգդանովը, Ի․ Ֆ․ Դուբրովինսկին, Մ․ Ի․ Կալինինը, Վ․ Մ․ Մոլոտովը, Գ․ Կ․ Օրջոնիկիձեն, Ցա․ Մ․ Սվերդլովը, Ս․ Ս․ Սպանդարյանը, Ի․ Վ․ Ստալինը, Ե․ Դ․ Ստասովան և ուրիշներ։ Բյուրոյում ստեղծվել էին կազմակերպչական, տեխ․, ֆինանսա–ինտենդանտական, ռազմ, խմբեր և նրանց գործունեությունը կոորդինացնող գործադիր հանձնաժողով։ 1905-ի նոյեմբերին, Վ․ Ի․ Լենինի Ռուսաստան վերադառնալուց հետո, որը մինչև այդ ղեկավարում էր ՌՍԴԲԿ Կենտկոմի արտասահմանյան մասը, բյուրոյի ֆունկցիաներն անցել են ՌՍԴԲԿ Կենտկոմի ձեռքը։ Ռուս. առաջին հեղափոխության պարտությունից հետո բյուրոյի գործունեությունը վերսկսվել է 1907–10-ի ռեակցիայի տարիներին, որը, սակայն, նրա անդամներից շատերի ձերբակալության և բյուրոյի շարքերը խցկված մենշևիկլիկվիդատորների սաբոտաժի պատճառով շուտով դադարել է։ ՌՍԴԲԿ VI (Պրագայի) կոնֆերանսում (1912) ընտրված բոլշևիկյան Կենտկոմը կազմում է նոր բյուրո,որի գործունեությունը Վ․ Ի․ Լենինը ղեկավարում էր արտասահմանից։ 1914–1918-ի առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռուս. բյուրոյի անդամների մեծ մասը ձերբակալվում է, որի հետևանքով այն ժամանակավորապես դադարել է գործելուց։ Վերականգնվել է 1915-ի աշնանը։ Պատերազմի տարիներին բյուրոն մեծ աշխատանք է տարել իմպերիալիստական պատերազմի դեմ պայքարի լենինյան լոզունգների շուրջը բոլշևիկների համախմբման և բանվ․ շարժման ղեկավարման ուղղությամբ։ 1917-ի Փետրվարյան բուրժ․ հեղափոխության շրջանում բյուրոն Պետրոգրադի բոլշևիկների հետ ղեկավարել է աշխատավորության հեղափոխական ելույթները։ 1917-ի փետր․ 27-ին (մարտի 12-ին) բյուրոն հրապարակել է